Չորրորդ Հայքի Գրադարան . ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ . Չորրորդ Հայքի Գրադարան . ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ . Չորրորդ Հայքի Գրադարան . ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ . Չորրորդ Հայքի Գրադարան . ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ . Չորրորդ Հայքի Գրադար

Ջալալէդդին

(ՄԻ ՊԱՏԿԵՐ ՆՐԱ ԱՐՇԱՒԱՒԱՆՔԻՑ)

ԳԼՈՒԽ Ա

Հեղինակ՝ Րաֆֆի (1878)

1877 տարվայ մայիս ամիսը մօտենում էր իր վախճանին: Աղբակայ1 Լիանա դաշտերից մէկի վրա, առաւօտեան մառախուղի միջից, հազիւ երեւում էին մի քանի վրաններ, սեւ կապերտից պատրաստված, որոնք բոլորաձեւ շարված էին մինը միւսի մօտ, թողնելով իրանց մէջտեղում բաւական ընդարձակ հրապարակ: Տեսնողը առաջին անգամից կը կարծէր, թէ դրանք մի խաշնարած ցեղի չադրներ են, որ զետեղվել էին այդ կանաչազարդ հովտի մէջ, իրանց անասունների համար արօտ գտնելու: Բայց քանի որ արեւը բարձրանում էր, լեռներին պատած մառախուղը աւելի եւ աւելի նօսրանում էր, վրանների տարածութիւնը ընդարձակ հովտի մէջ հետզհետէ մեծ քանակութիւն էր ներկայացնում: Այս կասկածելի երեւույթը այն ժամանակ նրան բանակի ձեւ էր տալիս:

Եվ իրաւ, վրանների առջեւ ցցված երեւում էին եղեգնեայ երկայն նիզակներ, որոնց ծայրերը զարդարած էին սեւ փետուրներով, իսկ հրապարակի վրա անբացատրելի խռովութեան մէջ շարժվում էին զինուորված տղամարդիկ, որոնց երեսները արտահայտում էին կատաղի անհամբերութիւն: Բանակից հեռու, դալար խոտերի մէջ, արածում էին բոլորովին պատրաստ թամքած ձիաներ, որոնց առջեւի եւ ետեւի ոտներից մէկը շղթայած էին բխովներով չը փախչելու համար: 

Վրաններից մէկի առջեւ,—որ իր մեծութեամբ եւ փառահեղութեամբ որոշվում էր մյուսներից,—ցցած էր մի կարմիր դրօշակ, որի չորս անկիւնների վրա կարդացվում էին, արաբական տառերով դրօշմված, չորս անուններ՝—Ալի, Օսման, Օմար եւ Աբուբէքր: Իսլամի նախկին խալիֆաների այս չորս պատկառելի անունների մէջտեղում նշմարվում էր մի սպիտակ ձեռք, որպէս օրինակ մի աներեւոյթ աջի, որ իր հովանաւորութեան ներքոյ պէտք առաջնորդէր զինւորված ամբոխը դէպի պատերազմի դաշտը: 

Այս իսկ վրանի շուրջը հաւաքված էր մարդիկների բազմութիւն, որոնք անդադար ել եւ մուտ էին գործում նրա մէջ: 

Այնտեղ թանձր թաղիքի վրա նստած էր միջահասակ մի մարդ կրակոտ աչքերով եւ ալեխառն մօրուքով: Նա ոտքից ցգլուխ հագնված էր սպիտակ գունով, որ արեւելքում նշան է բարեպաշտութեան եւ մարդու անձնազոհութեան, որ իր կենդանութեան ժամանակ զգեցել էր մահվան պատանքը: Ծերունու հաստ գօտիի աջ կողմից քարշ էր ընկած մի երկայն թասբէկ (տէրողորմեա) խոշոր հատիկներով, որոնք բաժանված էին որոշեալ թւով իւրաքանչիւր աղօթքի կարգը եւ համարը պահպանելու համար: Իսկ գոտիի ձախ կողմից երեւում էին կեռ խէնջարի եւ մի զոյգ ատրճանակի ծայրերը, որոնց փողերն թաքնված էին հալէբեան վերարկուի տակ, որ անփույթ կերպով ձգած էր նրա ուսերի վրա: Գլուխը փաթաթած էր սպիտակ ապարոշով (չալմայ), որի վրա երեւում էին մետաքսեայ դեղին թելերով ասեղնագործած արաբական տառեր: Նա նստած էր ծալապատիկ կերպով եւ ծնկների վրա դրած ուներ մի կեռ թուր Դամասկոսի շենքով: 

Այս պատկառելի ծերունին իր արտաքին կերպարանքով ներկայացնում էր մի անձնաւորութիւն, որ կրում էր իր մէջ կրօնի ջերմեռանդութիւնը, որպէս մի բարձր հոգեւորական, եւ պատերազմողի քաջազնական ոգին, որպէս հզօր զինուոր.—Նա եւ շէյխ էր, եւ՛ զօրավոր: 

Նա նստած էր վրանի բարձր եւ պատւաւոր մասնում, որպէս նահապետ եւ իշխան, իսկ իր աջ եւ ձախ կողմերում կարգով շարված էին մի քանի աղաներ հնադարեան զէնքերով: Դրանց մերձաւոր ընտանութիւնը Շէյխի հետ արդէն ցոյց էր տալիս, թէ հասարակ մարդիկ չեն, այլ գըլխաւորներն են այն ամբոխի, որ դրսում զետեղված էին վրանների մէջ, կամ հաւաքված էին հրապարակի վրա: Աղաները լուռ էին եւ խօսում էին այն ժամանակ, երբ Շէյխը խօսեցնում էր: 

Շէյխի մօտ մի քաշքուլի2 մէջ ածած էին թղթերի մանր կտորտանք, որոնք միաչափ կերպով ծալած էին եռանկիւնի ձեւով: Այս փոքրիկ ծրարները նման էին այն թիլիսմաններին, որ ջադուկները տալիս են մարդկանց զանազան խորհրդաւոր նպատակներով: Բայց իսկապէս կախարդական ոչինչ չը կար նրանց մէջ, այլ նրանց վրա դրված էին մի-մի տող Ղօրանի այն այէթներից, որոնց զօրութեամբ մարդ ազատ է մնում ամեն տեսակ չարից եւ փորձանքից:

Վրանի մուտքը բաց էր: Դրսում գտնված բազմութիւնից մի-մի մարդ անդադար ներս էր գալիս. նա դեռ շէմքի վրա չը հասած, չօքում էր, երկրպագութիւն էր տալիս, եւ այնպէս չօքեչօք մօտենում էր Շէյխին, իր սուրը դնում էր նրա ոտքերի մօտ եւ ձեռքը համբուրում էր: Յետոյ ծերունին առնում էր քաշքուլի միջից եռանկիւնի ձեւով ծալած թղթերից մէկը եւ տալիս էր համբուրողին: Նա առանց ոտքի վրա բարձրանալու, նոյնպէս չօքէչօք յետ էր դառնում եւ դուրս էր գալիս վրանից: 

Այսպէս այցելուները անդադար մինը միւսի ետեւից, նոյն ծէսը կատարելով, ներս էին գալիս ու դուրս գնում:—Ամեն մի քաջ, իր սուրը Շէյխի ոտների մօտ ձգելով, նվիրում էր նրան, եւ փոխարէնը ստանում էր խորհրդական թըղթերից մէկը, որ անխոցելի պէտք է պահէր նրան թշնամու զէնքերից: Եւ այս պատճառով, վրանից դուրս եկածին պէս, նա իսկոյն մի շորի կտորի մէջ դնելով, կարում էր իր աջ թեւքի վրա: 

Երբ թղթերի բաժանման գործը վերջացաւ, դրսում լսելի եղավ մի թմբուկի ձայն, եւ զինւորված բազմութիւնը ամեն կողմից շտապով սկսեց մօտենալ սրբազան զօրավարի վրանին: Իսկ երբ բոլորը հաւաքված էին, այն ժամանակ դուրս եկաւ Շէյխը: Ամբողջ բազմութիւնը աջ ձեռքը երեսին քաշեց եւ լուռ օրհնութիւն կարդաց (սալաւաթ): Այս գործողութիւնը մահմեդականների մէջ նոյն նշանակութիւնն ունի, որպէս քրիստոնյաների մէջ երես խաչակնքելը: 

Որովհետեւ ուրիշ բան չը կար, ձիերի թամքերը միմեանց վրա դարսվելով, վրանի առջեւ կազմվեցաւ մի ամպիոն: Շէյխը բարձրացաւ նրա վրա: Նա իր ձեռքում չուներ գաւազան, որ սովորաբար կրում էր քարոզի ժամանակ, այլ նրա փոխարեն բռնած ուներ կարմիր դրօշակը, որի գլխին փողփողում էր սպիտակ աջը չորս խալիֆաների անուններով:—Այս դիրքը յիշեցնում էր այն հրաշալի երեւոյթը, երբ Արաբիայի մարգարէն անապատի մէջ առաջին անգամ բարձրացաւ ուղտերի թամքերից կազմված ամբիոնի վրա եւ խօսեց իր ոգելից ճառը: 

Շէյխի քարոզը սկսվեցաւ օրհնություններով, որոնց մէջ խիստ ջերմեռանդ արտասանութիւններով փառաբանվում էին Ալլահի, Մուհամմէտի եւ նրա գլխաւոր յաջորդների՝ Օմարի, Օսմանի եւ Աբուբէքրի անունները: Յետոյ սկսվեցաւ մի քաջալերական ճառ հետեւեալ խօսքերով։ 

«Ո՛վ Իսլամի որդիք, մեծ մարգարէն—փա՜ռք իր զօրութեանը—կոչում է ձեզ մի սուրբ գործի համար, կոչում է ձեզ պատերազմել իր կրօնի թշնամիների դէմ, որոնք սկսել են թափել Աստուծոյ ծառաների արիւնը: (Եվ թո՛ղ նզովեա՜լ լինին նրանք): 

«Վհատութիւնը, երկչոտութիւնը եւ կասկածը թո՛ղ հեռու լինին ձեզանից, որովհետեւ երկիւղը Աստուծոյ զինւորների համար չէ: Տէրը ինքը կը տայ ձեր բազուկներին զօրութիւն, եւ թշնամու պարանոցները ձեր սրերի առջեւ կը կտրատվին, որպէս չորացած հասկը հնձողի մանգաղի առջեւ: Դուք ձեր ձեռքով կբռնեք նրանց գնդակները եւ դէպի իրանց յետ կը դարձնէք: Ձեր անձերը պաշտպանված կը լինեն երկաթեայ պարիսպներով, որոնք ձեր աչքերը չեն տեսնի: Զեզ աջակից կը լինեն կոտորող հրեշտակների աներեւոյթ գունդերը, որոնց մարգարէն ձեզ օգնութեան կուղարկէ: Մեծ է Իսլամի Աստուածը եւ բացի նորանից ուրիշը չը կայ: 

«Բոլո՛ր գաւուրները պիղծ են Աստուծոյ առջեւ: Նրանց կայքը, կեանքը, ընտանիքը եւ ամեն ինչ, որ պատկանում է անհաւատներին, Աստուած մատնում է ձեր ձեռքը: Յափշտակեցէ՛ք, կողոպտեցէ՛ք, այրեցէ՛ք եւ կոտորեցէ՛ք, որքանով կը լիանայ ձեր սիրտը: Աւարը եւ իր կրօնի թշնամիների արիւնը Աստուած հալալ3 է անում սուրբ պատերազմի զինուորներին:

«Ձեզանից կընկնին նրանք միայն, որոնց սըրտերը կը մոլորեցնէ սատանան եւ որոնց հոգիները կը սառչին: Երկչոտները ատելի են Տէրի առջեւ: Եվ աւելի ատելի կը լինեն նրանք, որ կը փախչեն կռուի դաշտից: Ձեր թիկունքը չը պիտի տեսնի թշնամին: Նա՛, որ Աստուծոյ համար է պատերազմում, սուրը ձեռքում պիտի մեռնի: 

«Երբ որ ձեզանից մէկը թողնելու լինի պատերազմի դաշտը, այն ժամանակ Աստուած կը զայրացնէ կնոջ սիրտը, որը կանգնած չադրի մուտքի առջեւ, կընդունէ իր տղամարդին այս խօսքերով. «Գնա՛, հեռացի՛ր, դու իմ այրը չես: Ի՞նչու չեն տեսնվում քո վէրքերը, ի՞նչու դու մենակ դարձար, ո՞ւր են քո ընկերները.—հեռացի՛ր, նա իմ այրը լինել չէ կարող, որ անպատւեց իր զէնքերը»: Չը կայ մի աւելի դառն բան, քան կնոջ յանդիմանութիւնը. բայց Աստուծոյ զզվանքը սարսափելի՜ է… 

«Սուրբ կրօնի թշնամիների արիւնի հոսումը հաճելի է Տէրի առջեւ: Անհաւատների աւերակների ծուխը Նա ընդունում է, որպէս մի ողջակէզ, որից մուխը ուղիղ բարձրանում է դէպի Յավիտենականի աթոռը: Կոտորեցէ՛ք, որքան կը զօրեն ձեր բազուկները, այրեցէ՛ք, որքան կարող եք դուք: Եւ ձեր կոտորածների արիւնի իւրաքանչիւր կաթիլի համբարքով դուք կը ստանաք մի-մի հուրի4 Աստուծոյ ջէննաթի մեջ:

«Մե՛ծ է ուղղափառների Աստուածը եւ բացի նրանից չը կայ մի ուրիշը: 

«Եթէ ձեր վեր առած գերիներից՝ ձեր սրտերին հաճելի կը լինի ընտրել կնիկներ կամ աղջիկներ հարճ անելու մտքով,—եթէ դուք ծառայացնելու համար կընտրէք պատանի ստրուկներ ձեր ձեռքը ընկած գաւուրներից,—Աստուած չէ արգելում ձեզ, միայն այն ժամանակ, երբ նրանք կընդունեն Իսլամը: Իսկ եթէ հաստատ մնացին իրանց մոլորութեան մէջ, ձեզ թոյլ է տրվում սպանել: Զուգաւորութիւնը ուղղափառի մի անհավատի հետ արգելում է Աստուած: Իսկ ծերերին, թէ նրանք կին լինէին եւ թէ այր, խնայել չը կայ: Անհաւատութիւնը նրանց մէջ ամրացած է իրանց ցամաք ոսկորների նման: 

«Արդար եղէ՛ք աւարի բաժանման մէջ եւ ձեզանից ամեն մէկը թող չը զրկէ իր ընկերին: Մի՛ մոռանաք Աստուծուն բաժին հանել ձեր կողոպուտից, որովհետեւ նրա հրեշտակները նոյնպէս պատերազմելու են ձեզ հետ: Խնամք տարէք, եթէ մէկը ձեզանից հիւանդ կը լինի կամ վիրաւոր, որովհետեւ դուք ամենքդ եղբայրներ եք այդ սրբազան դրոօշի տակ:» 

Դեռ եւս երկար խօսում էր Շէյխը, կանգնած իր ամբիոնի վրա, որպէս Իսլամի մարմնացած ոգին, որպէս հալածասիրութեան եւ մոլեռանդութեան մի կենդանի օրինակ: Նրա ձայնը ազդու էր եւ սուր, իսկ բարբառը զուրկ չէր ոգեւորող պերճախօսութենից: Ղօրանի աշակերտը,—որի մէջ այնքան բանաստեղծական յափշտակութեամբ երգվում է սրբազան պատերազմը (ջահաթ) իր բոլոր արիւնային գոյներով,—Ղօրանի աշակերտը միայն կարող էր այսպէս ոգեւորել մի վայրենի բազմութիւն մարդկանց մորթելու համար: 

Շէյխի ճառը մի համառօտ եզրակացութիւն էր այն աստուածեղէն գրքի բովանդակութիւնից, որին հետեւում է ամբողջ մահմետական աշխարհը: 

Երբ վերջացրեց նա, կրկին դարձաւ դէպի բազմութիւնը այս խօսքերով. 

«Աստուած ձեզանից ուխտ է պահանջում, եւ թո՛ղ ձեզանից ամեն մէկը կատարէ իր երդումը:» 

Նոյն միջոցին ամբողջ բազմութիւնը վեր առաւ գետնից մի-մի քար եւ ձգեց հրապարակի վրա, ուր բարձրացաւ մի ահագին բլուր, որպէս արձան մի սոսկալի ուխտադրութեան: Եվ այս գործողութեան ժամանակ օդը թնդաց հազարաւոր ձայներից, որոնց խառնակութեան միջից պարզ որոշվում էր այս խօսքը. «Եվ թող մեր թալախը5 այս քարի նման ձգված լինի, եթէ հաւատարիմ չը մնանք սուրբ գործին:»

Երբ բոլոր արարողութիւնները վերջացան, Շէյխը կրկին կարդաց օրհնութեան մաղթանք եւ իջաւ իր բեմից: Նա կրկին մտաւ իր վրանը: 

Նոյն միջոցին կրկին լսելի եղաւ թմբուկի ձայնը: Ամեն մարդ վազեց իր ձին նստելու, վրանները հավաքվեցան, եւ մի քանի ժամից յետոյ ամբողջ բանակը պատրաստ էր ճանապարհ ընկնելու: Նա շարժվեցաւ, երբ Շէյխը իր ձին նստած, կարմիր դրօշակը ձեռին, առաջ ընկաւ: 

Այն Ժամանակ նրա դէմքը ծածկված էր մի սպիտակ երեսկալով, որ անհաւատների աչքերը չը տեսնէին նրա սուրբ երեսը: Աւելի քան տասն հազար քուրդեր հետեւում էին այդ սարսափելի ծերունուն: Գունդերի ետեւից տանում էին մի շարք ուղդեր, որ բարձած էին փոքրիկ թնդանօթներով: 

Այսպէս սկսվեցաւ Շէյխ Ջալալէդդինի արշաւանքը դէպի տաճկական Հայաստանը: 

Ծանոթագրություններ

  1. Աղբակը տաճկական Հայաստանի գաւարներից մէկն է, որ սահմանակից է Պարսկաստանի Խօյ եւ Սալմաստ գաւառներին։
  2. Մի անօթ, որ կրում են դէրվիշները եւ պատրաստվում է հնդկական ընկուզի կեղեւից, կամ մի տեսակ ծովային խեցիից, որ սեխի ձեւ ունի։
  3. Հալալ համարվում են այն բաները, որոնք օրէնքով սուրբ են եււ չեն արգելված։
  4. Հուրի նշանակում է յաւերժական կոյսեր, որ ոտանում են Իսլամի արդարները Աստուծոյ դրախտի մէջ, որպէս վարձատրութիւն. այս հրաշագեղ նիմֆաներից աւէլի մեծ բաժին ունեն նահատակները։
  5. Թալախ նշանակում է բաղդ կամ ամուսնական կապ. նա քանդված է համարվում, երբ քուրդը նրա անունով երդվելուց յետոյ ուխտազանց է լինում. «Թո՛ղ իմ կինը ինձ հարամ (արգելված) լինի, ասում է քուրդը, եթէ չը կատարեմ խոստմունքս։» Ամուսնական կապը նոյնքան յարգելի է քուրդի համար, որքան մի քաջի համար, ուր ունի ասպետական զգացմունքներ։