Չորրորդ Հայքի Գրադարան . ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ . Չորրորդ Հայքի Գրադարան . ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ . Չորրորդ Հայքի Գրադարան . ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ . Չորրորդ Հայքի Գրադարան . ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ . Չորրորդ Հայքի Գրադար

Հարեմ

ԱՌԱՋԻՆ ՄԱՍՆ

ԳԼՈՒԽ Ա

Հեղինակ՝ Րաֆֆի (1874)

18.. թւականն էր: 

Ամարնային արեգակը սաստիկ այրումէր դրսումը: Պարսկաստանի Թէհրան քաղաքում մի հոյակապ ապարանք էր այն բախտաւոր տներից մինն, ուր երկնքի բոցերը չէին թափանցում նույն ժամուն: Այդ բնակարանը պատկանումէր մի իշխանի, որի երակներում վազում էր երեւելի Նադիր-Շահի արյունը: 

Ապարանքը բաժանուած էր երկու մասն՝ դրսի—տուն եւ ներսի—տուն: Առաջինի մեջ զետեղուած էին՝ ՇահզադԷի դիւանխանան, հիւրանոցը, ծառաների կացարանը եւ նորա տակում՝ ստորերկրեայ մթին զնդանում—բանտը: Երկրորդ մասը պարունակումէր իւր մէջ հարեմխանան—կանանց նուիրական կացարանը: Նա բաժանուած էր զանազան բակերով, որոնց ամեն մինի մէջ բնակվումէր մի առանձին հարեմ՝ յուր աղախիններով եւ փոքրիկ մինչեւ տասն տարեկան տղա— սպասավորներով: Դրախտն իւր բոլոր չքնաղութեամբ հազիվ կարող էր մրցութիւն անել այդ բակերի ամեն մինի հետ: Նոքա հովանաւորուած էին մշտականաչ ծառերով եւ ծաղիկներով, ուր վարդենին թագավորում էր բոլորի վերա: Այնտեղ մեղմ-կուսական ժպիտով ծփումէին լճակները եւ արծաթափայլ ջուրը, մարմարյա շադրուաններից դէպի բարձր եւ բարձր արտահոսուելով, ցօղումէր մարգարտյա կաթիլները: Հարեմները ծովային ներէաղների նման, հովասուն վաղորդյան պահուն, կամ երբ երեկոյեան արեգակն ոսկեզօծումէր մինարէթների գմբէթները, խմբովին լողանում էին, թռթռում էին եւ զվարճանում էին ավազանների մեջ: Եվ հարեմխանայի իշխանը՝—միայնակ նստած իւր բալախանում (վերնատնում) բաց լուսամուտի հանդէպ, ղէյլանի ծխի անուշ արբեցութեան մէջ, իւր փառքի բարձրությունից՝—նայումէ այդ կախարդական տեսարանին: Նա հիանումէ… գրգռվումէ… բորբոքվումէ… եւ բախտավորեցնումէ մինին այն գեղեցկուհիներից… 

Ոչ մի օտար արարած համարձակ մուտք չունի այդ փակեալ դրախտի մէջ: Զգուշ ներքինին հրեղէն սրով հսկումէ նորա դռանը… 

Կեսօր էր: 

Խորին, սրբազան լռութիւնը տիրել էր հարեմխանայի վրա: Կարծես թե, այն տօթային—միջօրէական պահուն ամբողջ բնութիւնը թուլացած, թմրած, նիրհումէր հսկայական քնով։ Արթուն էր միայն մի հոգի: Շքեղազարդ սենեակում, գեղեցիկ գլուխը դըրած մարգարտեայ փունջերով զարդարուած բարձերին, կիսով չափ ծածկուած բարակ քիշմիրեան շալով, պառկել էր մի մանկահասակ կին: Թաւախիտ ծամերը, սեւ որպես ծիծեռնակի թեւքն, արձակ հիւսերով` փռուել էին կիսամերկ կուրծքի վրա: Ոսկեայ օղամանեակը վառվում էր գույնզգույն գոհարներով, որ զարդարումէր նորա գեղեցիկ պարանոցը: Նա իւր հոգեկան խռովուեան մէջ քնքուշ ձեռքով բռնել էր նարգիլէի օձապտույտ ծխաքարշն, երբեմն հպեցնումէր իւր բերնին նորա արծաթեայ ամզուկը եւ անուշահոտ ծուխը մանրիկ օղակներով դուրս էր թափվում վարդագույն շրթունքի միջից: 

Սեւամորթ աղախինը, նստած տիկնոջ բարձի մօտ, սիրամարգի փետուրներից հիւսած հովհարով, զով էր սփռում նորա երեսին եւ զվարճացնումէր նորան, պատմելով հրապուրիչ հեքիաթներ ջիներից, գեղեցիկ հուրիներից եւ փէրիներից, մինչեւ որ նա կը քըներ: Երկար առանց լռելու պատմումէր նա, երբ նշմարեց, որ տիկնոջ քունը չէր տանում, վերջացրուց աղախինն իւր հէքիաթն այսպիսի խոսքերով՝ 

—Ջէննաթի հրեշտակները թո՜ղ անուշցնեն քո նինջը քաղցրիկ երազներով, հանգստության վարդեր թո՜ղ սփռեն քո մահճի վերա: 

—Ա՛խ, Մարջան, բացականչեց տիկինը ցավալի ձայնով. — իմ մահիճը խռովեցուցիչ է ինձ, որպես Արաբիայի փշալի անապատն… ես երբէք հանգիստ լինել կարող չեմ…

Մարջանն,—այդպես էր աղախնի անունը,—մի կարեկցական հայացք ձգելով տիկնոջ երեսին, խոսեց. 

—Մարջանը քո ոտքերուն մատա՜ղ լինի, տիկին, այդ այս պատճառավ է, որ այն անապատում մաջնուններ են թափառում… 

Մի խորհրդական ժպիտ խաղաց խանումի գունատ դէմքի վերա:

—Դու շատ խորամանկ ես, Մարջան… Ասաց նա եւ ձեռքը նեցուկ տալով երեսին, գլուխը բարձրացրուց բարձի վերայից:  

—Ցավդ առնի Մարջանը, խօսեց աղախինը՝ չը դադարելով շարժել հովհարը. քանի ժամանակ է, որ քո ստրկուհին նշմարումէ, իւր տիկինը տանջվում է հոգու անհանգստութիւնից, եւ նորա դեմքը տխուր է, որպէս ձմեռուայ լուսնեակը… նա շատ քիչ է քընում…  

Զէյնաբ-խանումը—այդպես էր տիկնոջ անունն,—իւր ցավալի աչքերը դարձնելով դէպի աղախինն, ասաց՝

—Ա՛խ, ո՜րքան անուշ է մահուան քունը, Մարջան, գերեզմանի խորքումը հանգստանում են ամեն դառնությունները… բայց գերեզմանն էլ, Մարջան, խնայում է ինձանից յուր վերջին մխիթարությունը… 

Սարսափի նման մի բան փայլեց խափշիկի խոշոր աչքերում, եւ նա համբուրելով յուր տիկնոջ ոտքը, ասաց՝

—Պանդուխտների տէրն՝ Իմամ-Մուրզան, թո՜ղ մխիթարէ քո հոգին, իմ տիրուհին ինչ առիթ ունի իւր սիրտը մաշել այդպիսի ցավերով… Շահզադէն (տիկնոջ ամուսինն) իւր բոլոր հարեմներից ավելի սիրում է քեզ, նա պահում է քեզ ոսկու, արծաթի եւ թանկագին քարերի մեջ: 

—«Է՛հ, ինչ կանեմ ոսկի լագանն, երբ նորա մեջ արիւն պէտք է թքեմ։» Ասաց տիկինը պարսկական առածը եւ խօսքը փոխեց, հարցնելով աղախնից՝—Քեզ երդում եմ տալիս քո հօր ոսկերքով, ճշմարիտն ասա՜, Մարջան, դու սիրո՞ւմ ես քո տիկնոջը, դու հավատարի՞մ կը մնաս դէպի նա: 

—Այդ ի՜նչ հարցմունք է, տիրուհի. պատասխանեց աղախինը.—Մարջանը քո ոտքերի փոշին է, նա քո ստրկուհին է, ո՜րպես կարող է նա չը սիրել եւ հավատարիմ չմնալ քեզ: Թո՜ղ Ալիու ղուլֆուղարան իմ սիրտը կտոր կտոր անէ, թող ես զրկվիմ Մուհամմէդի լոյսէն, թո՜ղ Շիմրին եւ Եազիդին տուած նզովքներն իմ գլխին թափվին, եթէ ես ծուռն աչքով նայեմ դէպի քեզ:

—Ես բոլորովին հավատում եմ քեզ. յառաջ տարաւ տիկինը. բայց դու ուղիղն ասա՜, Մարջան, քո կեանքում պատահե՞լ է, որ դու սիրահարուած լինէիր: 

—Ի՞նչպէս մեղքս թաղեմ, տիկին, պատահել է… պատասխանեց աղախինն անմեղութեամբ: 

— Պատմի՜ր, ի՞նչպես է պատահել:

Աղախինը սկսեց պատմել:

—Մեր ցեղի մեջ կար մի տղամարդ, նա կոչվում էր Սադդայի որդի Բիլալ: Նորա դէմքը սեւ փայլուն էր, որպէս թուխ էբենոս: Նորա աչքերը վառվումէին, որպես Եամենի սեւ չավայ: Նորա ատամները սպիտակ էին, որպես կարմիր ծովից նոր դուրս բերած սադաֆ: Նորա ճակատը նկարուած էր զանազան գուներով, որպես կրիայի խայտաճամուկ մէջքը: Բիլալը մեր ցեղի քաջ տղամարդերից մինն էր: Սահարայի առիւծը չունէր նորա սիրտը. անապատի ջայլամն այնպես սրնթաց չէր, որսպէս Բիլալը. Նեւղոսի եղէգների մէջ օձն այնքան թեքուն եւ գալարուն չէր, որպես նա: Բիլալը մի համարձակ որսորդ էր: Նորա նետերն երբէք չէին շեղվում նպատակից: Նորա նիզակը զարհուրելի էր: Շատ անգամ հեղեղատի եզերքում ես բանջար քաղելիս` հանդիպումէր ինձ Բիլալը: Միանգամ կապեց նա իմ պարանոցից ծովային խխունջներից եւ նախշուն խիճերից մի վզանոց, որոնք նա յուր ձեռքով հավաքել էր անապատից, եւ օծեց իմ մարմինը կակոսի յուղով եւ նայեց իմ վրա, համբուրեց ու ասաց՝  «Դու այժմ գեղեցիկ ես, Յուդդի, որպես աբեսինեայի եղջերուն…։» Այն ժամանակ այդպես էր կոչվում իմ անունը: Բայց երկար չտեւեց իմ ուրախութիւնը գեղեցիկ Բիլալի հետ: Ափրիկայի խորին անապատներից վայրենիների մի բազմաթիվ խումբ հարձակվեցան մեր ցեղի վրա: Մերոնք հաղթվեցան: Նրանք գերեցին մեր ցեղի մանկահասակ զավակները եւ շատերին սպանեցին: Բիլալն ինքն էր, որ ինձ պաշտպանելու ժամանակ անցավ նորա թիկունքի միջէն թշնամու նիզակը: Նա աչքերը փակեց, ասելով ինձ իւր վերջին խօսքը. «Ես չը կարողացայ ազատել քեզ, Յուդդի…։» Ես գերի ընկայ վայրենիների ձեռքում ուրիշ շատ աղջիկների եւ տղերքի հետ. նրանք մեզ ծախեցին հնդկացի վաճառականներին, եւ մենք տարվեցանք դեպի Բօմբայ: Այնտեղից ինձ Պարսկաստան բերեց մի Բանդեր—Բուշերցի հաջի, որից դու գնեցիր ինձ, տիկին: Մինչեւ այսօր ես շատ անգամ տեսնում եմ Բիլալին, ես տեսնում եմ նորան երազումս. նա թափառում է Աբեսինեայի հեղեղատի ափերում եւ խղունջներ է հաւաքում, որ զարդարե իմ պարանոցը… 

Խափշիկը վերջացրեց իւր պատմութիւնը եւ նորա վառվռուն աչքերից գլորւեցան արտասուքի մի քանի խոշոր կաթիլներ սեւորակ թըշի վերա: 

—Քո կեանքի տխուր պատմութիւնը, Մարջան, նորա խոսքը կտրեց Զեյնաբ-խանումը. իմ միտքս բերավ հենց մի այդպիսի հէքեաթ, որ ես մի ժամանակ լսել էի պառաւ տատիցս: Նա շատ նման է քո ասածներին, լսի՜ր, Մարջան, ես կը պատմեմ քեզ: 

Խափշիկի ուռած շրթունքը շարժուեցան մի անմեղ ծիծաղով, եւ նա համբուրեց իւր տիկնոջ ոտքն, ասելով՝  

—Դու ո՜րքան բարի ես, Զեյնաբ, դու ուզում ես հեքիաթ ասել քո ստրուկին: 

—Հա՜, կասեմ, քանի քունս չէ տանում: