Չորրորդ Հայքի Գրադարան . ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ . Չորրորդ Հայքի Գրադարան . ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ . Չորրորդ Հայքի Գրադարան . ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ . Չորրորդ Հայքի Գրադարան . ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ . Չորրորդ Հայքի Գրադար

Հարեմ

ԱՌԱՋԻՆ ՄԱՍՆ

ԳԼՈՒԽ Բ

Հեղինակ՝ Րաֆֆի (1874)

Այդպէս սկսեց Զէյնաբ-խանումն իւր հէքիաթը՝  

«Կար, չը կար, կար մի քաղաք: Այն քաղաքում նստումէր Գուրջիստանի թագավորն: Այն քաղաքը շինուած էր այն սարերի մէջ, ուր Ղափ-Դաղի գըլխին շղթայած է ջինների գլխավորը: Դրախտը շատ մօտ է այն երկրին, եւ հրեշտակների նուագածությունները դեռ լսելի են լինում այնտեղ: Դրախտէն բխած գետերից մինն անցնումէ այն քաղաքի միջից եւ ջրումէ ծաղիկներով զարդարուած դաշտերը: Այնտեղ կանայքը ջուր չեն տաքացնում լեղանալու համար, տարտարոսի բոցերն, անդունդից դուրս գալով, տաքցնում են աղբիւրները եւ նրանց ջրով լողանում են մարդիկ: 

«Ելել է, չէ՜ էլել. էլել է այն քաղաքում մի այրիկ եւ մի կնիկ. նրանք ունեցել են մի սիրուն աղջիկ, որի անունը լինում է Ալմաստ: Նա լինում է մի աղջիկ՝ այնպես վարդ թշերով, սեւ աչքերով, թուխ հոնքերով: Տասն եւ հինգ գարուն ծաղկում էին ծաղիկներր, եւ Ալմաստը տասն եւ հինգ տարի լսում էր սոխակի սիրահարական երգը: Նա էլ ուներ իւր սիրահարը, իւր սիրով այրուած, կրակուած սոխակը—դա մի պատանի էր մանկահասակ: Սավալանի նռները չունեին նրա թշերի գույնը. Շիրազի վարդերը չունեին նրա շրթունքի նրբությունը եւ կանաչազարդ սալբի—չինարին իւր շիտակությունով չէր կարող համեմատվիլ նրա վայելչահասակ բոյի հետ: Նրա բնավորությունն այնպես քաղցր էր, որպես հրեշտակի շունչը: Նա սրտով այնքան բարի էր, որքան մինարեթի աղավնին: Այդ պատանու անունը կոչվում էր Մեխակ: Հնդկաստանի մեխակը միտքն կարող էր լինել այնպես անուշահոտ եւ անմեղ, որպես նրա հոգին:  

«Մեխակը եւ Ալմաստը ծնվել էին իրանց մայրերից մի օրում եւ մի ժամում: Դեռ նրանց ականջները չէին լսել առաջին ձայնն օրորոցի երգի, երբ նորածինների ծնողքը վճռեցին նրանց ապագան—նրանք օրհնեցին Ալմաստի եւ Մեխակի ամուսնական նշանադրութիւնը: Երեխաների օրորոցի դաստակէն քարշ էին տուած ուլունքներով զարդարուած խաղալիքների մի-մի շարք, որոց մեջ անցուցած էին մի մի հատ մատանի: Այդ մատանիներն էին նշաններ նրանց ծնողաց ուխտադրությանը: Պառավ տատը շարժումէր օրորոցը եւ մեղմիկ ձայնով նանիկ էր կարդում, երեխայքը խաղում էին մատանիների հետ, մինչեւ անուշիկ քունը հանգստացնում էր նորանց: 

«Երեխայքը մեծանումեն: Մատանիներն օրորոցի խաղալիքից դառնում են նրանց մատների զարդարանք, մինչեւ պատանին եւ օրիորդը հասկանում են նրանց նշանակությունը, հասկանում են եւ սիրում են միմեանց… 

«Հանդարտ լուսնկան գիշերներում, գաղտնի ծնողներից, ծառերի խորին ստուերի տակ, երկու սիրահարներն անցկացնում էին սիրոյ քաղցրիկ րոպէքը…։ Սոխակը նախանձումէր նրանց, երբ մտածում էր, թէ իւր վարդը շատ անգամ ծակոտում էր նրա սիրտն իւր փշերով, բայց Ալմաստը եւ Մեխակը, փուշեր չունեին…: Աներեւույթ փերիները նախանձվումէին նորանց, երբ տեսնումէին, որ անմահների խմբի մէջ չը կային այնպիսի սիրականներ… 

«Բայց նրանց պարզ, հրեշտակային սերը չը տեւեց երկար: Մի սարսափելի դեպք բաժանեց նրանց մէկ-մէկուց: 

«Հեռու, արեւելքից յայտնվումէ այն քաղաքում մի ներքինի թագավոր:1 Նա ունենումէ իւր հետ զորքերի մեծ բազմութիւն: Այդ մարդիքը ջրի տեղ խմումէին ադամորդիների արիւն, իսկ հացի տեղ՝ ուտում էին նրանց միսը: Նրանց սրտումը գութ չը կար: Անտառի վագրը եւ բորենին ավելի բարեխիղճ էին, քան թե նոքա: Թագաւորի զօրքերը կրակ են տալիս այն գեղեցիկ քաղաքին, կողոպտումեն բնակիչներին, կոտորում են ալեւորներին, մորթում են ծըծկեր երեխաներին իւրեանց մոր գրկումը, իսկ մանկահասակ աղջիկները եւ տղերքը գերի են առնում: Ուղտերու ամբողջ քարավաններով տանումէին խեղճ գերիներին դէպի ներքինի թագավորի աշխարհն, որոնց հետ եւ գերի է ընկնում Ալմաստն: Այնուհետեւ նա Մեխակից ոչինչ տեղեկություն չէ ունենում:

«Երբ թագավորը հասնումէ իւր քաղաքը, բաժանում է բերած կողոպուտը եւ գերիներին իւր զորքերի մէջ: Ալմաստին վեր է առնում թագավորի գլխավոր զորապետներից մինը՝ մի Շահզադէ, որը նորա գեղեցկութեան համար, կարգումէ որպես իւր նշանաւոր տիկիններից մինը հարեմի մէջ: Զարդարումէ նրան ոսկով եւ գոհարներով, բնակեցնում է թանկագին խալիներով եւ շալերով շքեղացրած դահլիճների մէջ, կերակրում է նրան մեղրով եւ շաքարով: 

«Տիկնոջ պատուհանում դրած է փղոսկրեայ վանդակի մէջ մի թութակ, երբ տիկինն իւր տխուր—հուսահատական րոպեներում ածումէ թառի վերա, թութակը երգումէ վանդակի միջից՝— 

«Իմ տիկինը կերակրումէ

Ինձ նշերով, շաքարով,

Իմ վանդակը զարդարում է 

իւր քնքշիկ ձեռքերով:» 

«Բայց գէ՜թ մի ժամ ուրախ լինել 

Ես չեմ կարող իմ կեանքում,

Երբ յիշումեմ, թէ գերի եմ

Այդ նեղ, փակուած վանդակում…» 

«Տիկինը լսումէ թութակի խոսքերը եւ նորա սըրտում զարթնում են միեւնույն զգացմունքները: Նա յիշում է հայրենի երկիրը, նա միտն է բերում իւր հայրը, մայրը եւ ազգականները: Նա յիշում է իւր կորցրած սիրականը—քաղցրիկ, անուշահոտ Մեխակին: Նա զգումէ, որ ինքը նույնպէս մի գերի է, մի գերի հեռու աշխարհում, փակուած հարեմի վանդակի մէջ եւ կենդանի թաղուած այն տխուր գերեզմանում…: Եվ իսկոյն անցեալն իւր սարսափելի կերպարանքով պատկերանումէ նորա աչքի առջեւ:—Նա տեսնում է իւր հոր, իւր մոր եւ ազգականների դիակները թաւալուած արեան մէջ` իւր հայրենական օջախում, եւ իւր այժմեան ամուսինը սուրը ձեռքում կանգնած է նոցա մօտ…: Եվ իսկույն ծնվումէ տիկնոջ սրտում մի զարհուրելի ատելություն դէպի այդ դահիճն, որ կոտորեց իւր ծնողքը, որ խլեց իւրեան հայրենական օջախից, որ եւ այսուամենայնիւ կոչումէր նրան իւր կին…  

«Թէ քնած թե արթուն՝ միշտ տիկնոջ աչքի առջեւ էր այդ արիւնոտ տեսարանը եւ օրեցօր ավելի ու ավելի բորբոքվում էր նրա սրտի մեջ կատաղի ատելությունը դէպի իւր գերիչը… 

«Անցնում են մի քանի տարիներ:

«Միակ միտքն, որ ավելի շատ էր տանջում տիկնոջը, էր իւր Մեխակի մասին: Նա թէեւ համարում էր նորան սպանուածների թվում, բայց տակավին այդ մասին մի որոշ տեղեկութիւն չունէր: 

«Միանգամ, տիկինն իւր աղախիններով եւ ծառաներով գնում է իւրեանց մերձակայ այգին, որ գտնվումէր քաղաքին մօտ: Այնտեղ ընդարձակ լճակի ափին կանգնած էր մեծաշեն ամառանոց: Գիշեր էր: Տիկինը վերնահարկի բարձրությունից նայում էր դէպի լճակն, որի մէջ լուսնեակը խաղում էր արծաթափայլ շողքերով: Երկար նա այնպես նայումէր, եւ նորա սրտի մեջ զարթնում էին անցած, գնացած օրերի տըխուր հիշատակները…: Նա ցած իջաւ ապարանքի բարձրությունից եւ սկսեց միայնակ պտըտել ծառազարդ ճեմելիքներով եւ լսել թռչունների գիշերային ճռվռոցը: 

«Յանկարծ յայտնվումէ նորա առջեւ մի անծանոթ տղամարդ:

«Ի՞նչպես համարձակվեցար դու մտնել այստեղ.» ասում է տիկինը եւ կամենում է կոչել ծառաներին, որ բռնեն նորան:

«Անծանոթ տղամարդը չոքում է տիկնոջ առջեւ եւ ասումէ՝—«եթէ ճանաչէք ինձ, տիկին, չէք բարկանայ իմ վերա:

«Տիկինն ուրախությունից շփոթվումէ: Ծանոթ ձայնը նորա կորուած Մեխակի ձայնն էր: 

«Աստուա՛ծ իմ… կոչումէ տիկինը եւ գրկումէ նրան:

«Մի քանի րոպէ նոքա խոսք չեն գտնում միմեանց պատասխանելու: Երբ փոքր ինչ սթափվումեն իւրեանց հոգեզմայլությունից, տիկինը տանումէ երիտասարդին մերձակայ հովանոցն, այնտեղ նստումեն: 

«Ի՞նչպես դու յայտնուեցար այստեղ, հարցնումէ նորանից տիկինը:

—«Ես էլ գերիների թվումն էի, պատասխանումէ երիտասարդն, ինձ գերի անող զօրապետի բանակն անցաւ մի քանի օրու առաջ, եւ մենք բաժանուեցանք միմեանցից:  

«Իսկ այժմ ո՞րտեղ ես լինում, հարցնում է տիկինը: 

—«Ես կառավարում եմ նոյն զորապետի—քաղաքիս Սար ասքէրի կալուածներն. իմ անունը կոչվումէ այժմ Քէրիմ-բէկ:

«Ուրեմն դու ուրացա՞ր կրօնքդ: 

—«Ուրացայ, Ալմաստ, որովհետեւ ճար չունէի, ուրացա միայն առերես: Բայց մեր հօրերի կրօնքը միշտ վառ կը մնայ իմ սրտում, որպէս քո սէրը… 

«Դու դէռ սիրումե՞ս ինձ… հարցնումէ տիկինն անուշ բերկրութեամբ: 

—«Սիրումեմ, Ալմաստ…

«Նոցա խոսակցութիւնը ընդհատումեն տիկնոջ աղախիններն, որք, տեսնելով նա շատ ուշացավ, պըտրումէին նորան: Երիտասարդը տեսնելով նորանց, աներեւութանումէ ծառերի խաւարի մէջ: 

«Միւս օրը տիկինը տուն է դառնում եւ այնուհետեւ այլ եւս չէ տեսնում այն նազելի պատկերը: Նա միշտ երիտասարդի վերա է մտածում եւ միշտ նորան է տեսնում իւր երազներում…: Երբ տաք միջօրէական պահուն տիկինը պառկածէ իւր սենեակում, նորա սեւամորթ աղախինը նստած է կողքին: Աղախինը հէքիաթներ է ասում եւ հով է սփռում տիկնոջ երեսին, որ նորա քունն անուշցնէ. բայց նա չէ կարողանում քնել, որովհետեւ մտածումէ իւր Մեխակի վերա…։» 

Ծանոթագրություններ

  1. Աղայ Մամէտ խանն՝ Ախտայ-Շահ մականուանեալ։