Չորրորդ Հայքի Գրադարան . ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ . Չորրորդ Հայքի Գրադարան . ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ . Չորրորդ Հայքի Գրադարան . ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ . Չորրորդ Հայքի Գրադարան . ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ . Չորրորդ Հայքի Գրադար

Ջալալէդդին

(ՄԻ ՊԱՏԿԵՐ ՆՐԱ ԱՐՇԱՒԱՒԱՆՔԻՑ)

ԳԼՈՒԽ Բ

Հեղինակ՝ Րաֆֆի (1878)

Անցաւ մի ամբողջ շաբաթ: 

Մի տղամարդ գալիս էր Վանից դէպի Աղբակ բերող ճանապարհով: Դուրս գալով Խօշաբի ձորից, նա արդէն հասել էր Չուխայ-Գագիկ կոչված լեռնային անցքը: Տղամարդը մենակ էր: Նա գալիս էր ոտով, եւ այնքան արագընթաց, կարծես, մի բան շտապեցնում էր նրան: 

Դա մի երիտասարդ էր, որի տարիքը դեռ նոր էին մօտենում երեսունի: Դէմքը գորշ-դեղնագոյն էր, լերկ եւ բոլորովին անմազ այտերը ցամաք էին, իսկ ծնօտքը զգալի կերպով դուրս էին ցցված: Բարակ եւ նոյնպէս գորշագոյն շրթունքի միջից շատ անգամ երեւում էին ձիւնի պէս սպիտակ ատամները. այսպիսի ատամներ ունենում են միայն նեգրները: Գլուխը պատած էր սեւ գանգրաւոր մազերով, որ թափվում էին արեւից այրված մերկ պարանոցի վրա: Ճակատի վրա երեւում էր մի խոր սպի, որ տալիս էր նրա վայրենի դէմքին մի ահաւորութիւն: Բայց չը նայելով իր այլանդակութեանը, այդ այրական դէմքը ունէր իր յատուկ գեղեցկութիւնը, որ արտայայտում էր կտրչութիւն, համարձակութիւն եւ կատաղի անգթութիւն: 

Երիտասարդը բարձրահասակ էր, ցամաք եւ նիհար, բայց զարգացած ոսկրներով եւ ամուր մկանային կազմվածքով: Նա հագնված էր քուրդի ձեւով եւ գտնվում էր կատարեալ զինավառութեան մէջ: Ասիական հրացանը, կեռ թուրը, մի զոյգ ատրճանակներ, թիկունքի վրա ձգած ահագին երկաթեայ վահանը եւ երկայն նիզակը կազմում էին, կարծես, նրա մարմնի մի-մի անդամները: 

Նա գնում էր, եւ երբեմն կանգ առնելով, լի մտախոհութեամբ նայում էր իր շուրջը: Լեռների կանաչազարդ պատկերները չէին, որ գրաւում էին նրան. նա գեղասեր ճաշակ եւ բնութեան հրապուրանքը զգալու ընդունակութիւն չուներ: Բայց նա զարմանում էր, տեսնելով, որ իր ծանօթ լեռները բոլորովին դատարկ էին: Տասն օր հազիւ կը լիներ, որ նա մի անգամ եւս անցել էր նոյն ճանապարհով. այն ժամանակ այդպէս չէր, այն ժամանակ բոլորովին ուրիշ տպաւորութիւն էին գործում այն գեղեցիկ լեռները:—Խոտավէտ արօտներում արածում էին ոչխարների հօտեր, ձորերի մէջ կազմված էին խաշնարած հայերի վրաններ, եւ հովիւների սրինգը հեռուից հնչվում էր թռչունների առաւօտեան ձայների հետ: Այն ժամանակ հովիտների եւ լեռնադաշտերի վրա հողագործ հայը, իր սովորական երգը երգելով, վարում էր, եւ կամ հնձում էր: Մի խոսքով, մարդը բնութեան հետ միանալով, անընդհատ քաղցր աշխատութեան մէջ էին: Իսկ այժմ:—Այժմ ամեն գործ դադարել էր. ոչ մի հոգի եւ ոչ մի շունչ չէր երեւում. նոյն իսկ ճանապարհը, որով գնում էր նա, թափուր էր մնացած յաճախ անց ու դարձ անող քարաւաններից: Ի՞նչ էր պատճառը: Կարծես, մի չար եւ ոչնչացնող ձեռք անցել էր այն ընդարձակ տարածութեան վերայով, իր յետքից թողնելով աւերակներ եւ ամայութիւն…: 

Երիտասարդը զգաց սարսուռի նման մի բան, եւ նրա արեւից այրված գորշ դէմքը գունաթափվելով, ստացաւ մոյգ դեղնապղնձի գոյն: Երկիւղը չէր, որ այնպէս վրդովեց նրան, երկիւղ ասած բանը ծանոթ չէր նրա երկաթի սրտին: Բայց նրա մէջ վառվեց մի կիրք, որ աւելի նման էր կատաղի բարկութեան: 

Ճանապարհը այժմ ոլոր-մոլոր պտոյտներով բարձրանում էր դէպի սարի զառիվերը. գագաթից երեւացին նրան նիզակների սուր-սուր ծայրեր. եւ փոքր ինչ ցած իջնելով, տեսաւ, որ իր առջեւը գնում էին մի խումբ ձիաւորներ: Երեւի, ձիաւորներն նոյնպես տեսան նրան, որովհետեւ կանգնեցին, մինչեւ կը հասներ մենաւոր ճանապարհորդը: Բայց դեռ մեջտեղում բաւական տարածութիւն կար: 

Երիտասարդի ուշադրութիւնը գրաւեց մի բան. նա նկատեց, որ ձիաւորները քրդեր էին, նրանք երգում էին եւ ուրախ էին, որպես կռւողներ, որ վերադառնում էին հաղթանակով: Նրա աչքերը այնքան սովորած էին այս բարբարոս ժողովրդի ցոյցերին, որ ամենաչնչին երեւոյթից կարող էր շատ բաներ գուշակել: Այս պատճառով արիւնը զարկեց նրա գլխին, երբ տեսաւ, որ նրանց նիզակների ծայրերին դրօշակների նման ծածանվում էին շորի կտորներ: Հըմուտ աչքը առաջին անգամից կարող էր նկատել, թէ դրանք կնոջ հագուստներ էին, եւ այն ստորին հագուստը, որ համեստութիւնը միշտ հեռու է պահում տղամարդի աչքերից…։ 

Դա բարբարոսութեան ամենախայտառակ մի ցոյցն է, որ պարկեշտ կանանց ողջախոհութիւնը բռնաբարելուց յետոյ, դեռահաս կոյսերի անմեղութիւնը խախտելուց յետոյ, չարագործը, որպէս պարծանք իր անբարոյականութեան, որպէս հաղթանակի նշան,—նրանց ամօթոյ ծածկոյթը ցցում է իր նիզակի գլխին, ցոյը տալու համար, թէ ինքը խղճի եւ ազնվութեան դէմ մի գործ է կատարել…: 

Երիտասարդը իր վրդովմունքը զսպելով, մօտեցավ խմբին, եւ պահպանելով իր ծպտեալ դերը, տուեց սովորական ողջոյնը քրդերէն լեզուով. 

—Բարի՜ ճանապարհ: 

—Բարի՛ ճանապարհ եւ քեզ, պատասխանեցին նրան, հարցնելով. 

—Որտեղի՞ց այսպէս: 

Երիտասարդը իր նիզակը նեցուկ տալով մարմնին, կանգնեց, պատասխանելով. 

—Վանից: 

—Ի՞նչ կայ. ո՞ւր էք գնում: 

—Գնում եմ Բաշ-Կալայ:1 Փաշայից նամակ եմ տանում մուդուրին:

Քրդերը խորհրդաւոր կերպով նայեցին մինը միւսի երեսին։ 

—Դուք ո՞ւր էք գնում, հարցրեց երիտասարդը: 

—Գավուրների դէմ, ասաց նրանցից մէկը, Շէյխը կանչել է: Գնում ենք կռուելու: 

—Որպէս երեւում է, դուք ձեր առաջին քաջութիւնը փորձել էք այդ ողորմելի շորի կտորների վրա…ասաց երիտասարդը հեգնական ծիծաղով: 

—Այդ մի փոքրիկ որս էր, որ պատահեց մեզ ճանապարհի վրա. մեր եղբայրները այրել էին մի հայոց գիւղ, բայց կանայքը փախել էին մերձակայ լեռան վրա… 

—Նրանցից պրծան, ձեր ձեռքը ընկան…կտրեց երիտասարդը քրդի խօսքը: 

Քրդերից մէկը կասկածաւոր կերպով հարցրեց.

—Դու ո՞րտեղացի ես: 

—Սիպան լեռներից, Հէյդարանլի ցեղիցն եմ, ասաց երիտասարդը նոյն ցեղին հատուկ բարբառով: 

—Հէյդարանլիները չե՞ն գնում:

—Նրանք պիտի գնան իրանց Շէյխի առաջնորդութեամբ. Հէյդարանլին չէ խառնվում Շիկակների, Ռավանդների եւ Բիլբաստների2 հետ, որոնց պիտի տանէ Շէյխ Ջալալէդդինը:

Հպարտ Հեյդարանլիի խօսքերը թէեւ բաւական վիրաւորական էին իր խօսակիցներին, որոնք Ռաւանդների ցեղին էին պատկանում, բայց նայելով նրա վրա, որպէս մի պաշտօնական մարդու վրա, որ Փաշայից նամակ էր տանում Բաշ-Կալայի մուդուրին, ոչինչ չը պատասխանեցին: 

Երիտասարդը խօսքը շուռ տալով, եւ որպէս ինքն իրան խօսելով, ասաց.

—Այդ ի՞նչ վատ երկիր է, ինձ առաջին անգամն է պատահում այստեղ լինել. մի՞թէ այս սարերում հովիւներ եւ գիւղեր չը կան. սովից մարեցայ. ոչինչ չես գտնում ուտելու:

—Կային, պատասխանեցին նրան.—այս կողմեր-ում ֆլայներ (հայեր) էին բնակվում, բայց մի օր առաջ անցել են այստեղից Հարքիները3 եւ ոչինչ չեն թողել:

Երիտասարդի մթին դէմքը աւելի մռայլվեցաւ, եւ աշխատելով սառնասիրտ ձեւանալ, հարցրուց. 

—Ուրեմն դուք դատարկաձե՞ռն մնացիք: 

—Աստուած ողորմած է, ասացին նրան,—մինչեւ Բայազէթ հասնիլը որսեր շատ կը պատահեն…

—Թո՛ղ աստուած յաջողէ…պատասխանեց երիտասարդը եւ կամենում էր շարունակել իր ճանապարհը: 

Քրդերից մէկը հանեց իր ձիու թամբին կապած խուրջինից մի կտոր հաց եւ պանիր, տուեց նրան ասելով. 

— Կե՛ր, դու ասացիր, որ քաղցած ես, մինչեւ Բաշ-Կալա դեռ շատ պիտի գնաս: 

Տղամարդը շնորհակալութիւն յայտնեց: Աւազակների խումբը հեռացաւ: 

Այժմ նա հասկացաւ այն ամայութեան պատճառը, որ քանի րոպէ առաջ վրդովում էր նրան. այժմ նա գիտէր, թէ ինչ էր պատահել իր անցած երկրների վրա: 

Քրդից ստացած կերակուրը նա մի կողմ ձգեց եւ շարունակեց գնալ: Իրաւ որ նա քաղցած էր. ամբողջ օրը ոչինչ չէր կերել, բայց քաղց չէր զգում: Լինում են րոպէներ, որ մարդ կերակրվում է իր սիրտը մաշելով եւ սպառելով. —երիտասարդը այդ դրութեան մէջ էր: 

Ծանոթագրություններ

  1. Աղբակ գաւարի բերդաքաղաքն է։
  2. Քրդերի ամենաբարբարոս ցեղերի անուններ են, որ բնակվում են Պարսկաստանի սահմանների վրա։
  3. Քրդերի մի վայրենի ցեղ է, որ բնակվում է Տիգրիսի վերին ճիւղերի մօտ եւ տարածվում է մինչեւ Մուսուլ։