Չորրորդ Հայքի Գրադարան . ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ . Չորրորդ Հայքի Գրադարան . ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ . Չորրորդ Հայքի Գրադարան . ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ . Չորրորդ Հայքի Գրադարան . ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ . Չորրորդ Հայքի Գրադար

Ջալալէդդին

(ՄԻ ՊԱՏԿԵՐ ՆՐԱ ԱՐՇԱՒԱՒԱՆՔԻՑ)

ԳԼՈՒԽ Գ

Հեղինակ՝ Րաֆֆի (1878)

Արեւը մտնելու մօտ էր, երբ մեր յոգնած ճանապարհորդը հասաւ մի տեղ, ուր ճանապարհը ճյուղաւորվում էր. աջ ճիւղը տանում էր դէպի Բաշ-Կալա, իսկ ձախը դէպի Բարդուղիմէոս առաքեալի վանքը: Նա ընտրեց վերջինը: 

Արեւի վերջալոյսը ոչ մի ժամանակ այնպէս գեղեցիկ չէր զարդարել ամպերը, որպէս այն երեկոյ. եւ լեռնային օդը իր փափուկ թարմութեամբ ոչ մի ժամանակ այնքան կազդուրիչ չէր եղել, որպէս այն գիշեր: Բայց երիտասարդը ոչինչ չէր զգում, որովհետեւ իր սրտի եւ արտաքին աշխարհի մէջ ամենեւին առընչութիւն չը կար: Նա շարունակում էր գնալ, ինքն իր մէջ կենտրօնացած, եւ մի աներեւոյթ զօրութիւն մղում էր նրան առաջ… 

Մութը սկսել էր փոքր առ փոքր թանձրանալ եւ գիշերային աստղերը վառվում էին հիանալի զվարթութեամբ: Օդը անշարժ եւ խաղաղ էր: Այդ այն ժամն էր, երբ նոյն լեռների վրա սովորաբար լսելի էին լինում արօտից դարձող ոչխարների բառաչմունքը, որոնց խուլ արձագանքը զարթեցնում է այնքան գեղեցիկ յիշողութիւններ հովվական կեանքից: Իսկ այն գիշեր ոչինչ չէր լսվում. ամեն տեղ տիրում էր մեռելային անդորրութիւնը: 

Բաւական ճանապարհ անցել էր նա, երբ սկսեց նշմարել տեղ-տեղ հրեղէն կէտեր. նրանք երեւում էին խաւարի մէջ շատ հեռուից, երբեմն ընդարձակվում էին, երբեմն փոքրանում էին եւ երբեմն դէպի վեր էին բարձրացնում վիշապների նման գալարվող բոցեղեն սիւներ: Յանկարծ բոլորովին հանգչում էին, եւ աւելի զօրութիւն ստանալով, հրային հոսանքը տարածվում էր դէպի ամեն կողմ: 

Նա կանգնեց եւ մի քանի րոպէ անշարժ նայում էր այս սարսափելի տեսարանին: Ի՞նչ էր պատահել: Նա մտածում էր, թէ այրվում են խոտի դէզեր: Բայց նրան այնքան ծանօթ էին իր շրջակայքը, որ ինքն եւս կասկածում էր իր կարծիքի մէջ. նա գիտեր, որ խոտը այդպէս վաղ չէ հնձվում այս կողմերում: Նա գիտեր, որ այն ձորերում, ուր այնպէս կատաղի կերպով ճարակում էր հրդեհը, կային միայն շատ թւով հայոց փոքրիկ եւ մեծ գիւղորայք…: 

Երիտասարդը չը մօտեցավ ոչ մեկին. նա գտնվում էր մի այնպիսի իրան կորցրած դըրութեան մէջ, որ երազի պէս բոլոր սարսափելի տեսարանները գալիս ու անցնում էին նրա աչքերի առջեւից: 

Նա դուրս եկաւ մեծ ճանապարհից եւ բարձրացաւ մի բլուրի վրա, որ պատած էր փոքրիկ թուփերով ու մացառներով: Կէս գիշեր էր: Նա առաջին անգամից նայեց դէպի աստղազարդ երկինքը եւ տեսաւ, որ «Տրդատի խաչը»1 ուղիղ կանգնած էր զենիթի վրա: Նա նստեց մի քարի վրա, որ փոքր ինչ հանգստանայ: Մի կողմից քաղցը, միւս կողմից յոգնածութիւնը, բոլորովին սպառել էին նրա ուժերը: Բլուրի բարձրութիւնից հրեղէն կոյտերը այժմ աւելի պարզ երեւում էին լեռնային տարածութեան վրա: Նա դեռ նայում էր առաջին սառնասրտութեամբ:

Նրա ականջին դիպան մի քանի անորոշ ձայներ. երեւում էր, բլուրի ստորոտից անցնում էին մարդիկ: 

—Ո՞ւր գնանք… Տէ՛ր Աստուած…: 

—Գնանք… մի տեղ կը հասնենք… 

—Ծնկներս դողում են…երեխաս մարելու վրա է… 

—Տուր ինձ երեխան:

—Աղջի, ի՞նչու յետ մնացիր:

—Մայրիկ, քարերը ծակում են ոտներս: 

Ձայները լռեցին:

Րոպէական լռությենից յետոյ ընդհատված խօսակցութիւնը կրկին շարունակվեցավ։

—Դեռ այրվում է… ա՜խ, ինչպէս այրվում է…

—Կնի՛կ, երեխերքիդ հոգսը քաշիր… լաւ է, որ պրծանք…

—Գլխիդ արիւնը էլի սկսեց գնալ… դու օրորվում ես, ա՜յ մարդ…:

—Վնաս չունի… փաթոթը արձակվեցաւ…

—Բե՛ր, կապեմ:

—Գնա՛նք… փախչե՛նք… ժամանակը չէ…

Ձայները կրկին լռեցին: 

Մերձակայ հրդեհը այնպէս սաստիկ բոցավառվեցաւ, որ փայլակի արագութեամբ լուսաւորեց բլրի ստորոտը: Լոյսը բաց արեց մի ցաւալի տեսարան: Խօսողը մի գիւղացի էր իր կնոջ հետ. նա տանում էր իր գրկում մի փոքրիկ երեխայ. արիւնը նրա ճակատից թափվում էր երեսի վրա, եւ այնտեղից կաթկաթում էր երեխայի գլխին: Նրա կողքին գնում էր կինը եւ ձեռքից բռնած տանում էր մի փոքրիկ աղջիկ: Ամուսինները երկուքն էլ ուժաթափված, հազիւ կարողանում էին ընթանալ: 

Խաւարը կրկին տիրեց շրջակայքը: Ձայները կրկին լսելի եղան. 

—Ա՜խ, ինչպէս կոտորում էին…

—Ա՜խ, ի՜նչպէս այրեցին…

—Ոչինչ չը թողեցին… 

—Հիմայ ո՜ւր գնանք… Աստուա՛ծ… 

—Մայրիկ, ես հաց եմ ուզում…

—Մի՛ լար, հիմայ… 

—Մայրի՜կ… 

Ձայները լռեցին: 

Շատ անգամ, շատ մարդկանց վրա, մի թշվառ երեւոյթ, որ պէտք է յարուցաներ տխուր զգացմունքներ,—ընդհակառակն զզուանք է պատճառում, զարթեցնում է խիստ դառն ատելութիւն: Նոյն տպավորությունը ունեցաւ մեր ճանապարհորդի վրա իր տեսածը: —Մի կողմում հրդեհը լափում էր խաղաղասեր շինականի խրճիթները, մարդիկ կենդանի թաղվում էին իրանց հրային գերեզմանի մէջ, եւ կրակից ազատվածը իր բնակարանի մօտ ընկնում էր բարբարոսի սրից,—միւս կողմից, նա լսում էր մի արիւնաթաթախ հօր եւ կիսաշունչ մօր ցավալի խօսակցութիւնը, լսում էր զավակի լացը եւ մրմունջը, տեսնում էր անբախտացած ընտանիքի յուսահատական փախուստը, եւ ինքը մի դիւական սառնասրտութեամբ բլուրի բարձրութենից նայում էր, եւ կարծես նրա դժոխային շրթունքից դուրս էին թռչում այս ճակատագրական խօսքերը. «դուք արժանի՜ էք ձեր վիճակին, որ ինքներդ եք պատրաստել ձեզ համար… նա մեղաւոր չէ, որ այրում է եւ մորթում է…:» 

Դա ատելութեան ամենասարսափելի ձայնն է, որ բխում է սիրելուց, դա եղբօր ատելութիւն է, որ ծագում է եղբօրը ուղղելու զգացմունքից, թէ ինչո՞ւ նա պատրաստ չէ կեանքի եւ գոյութեան համար մրցելու: 

Այս տեսակ ատելութիւնից առաջ է գալիս այն ազնիւ բարկութիւնը, որով մարդ, ծայրահեղութեան է հասնում, եւ նա մի խիստ պատգամախօսի նման որոշում է մի ժողովրդի վիճակի սահմանը, երկու հակառակ կետերի վրա դնելով նրան.—կամ մահ եւ կամ կեանք: «Ով չէ հասկացել, կամ չէ ուզում հասկանալ ապրելու պայմանները, ասում է նա, կեանքի իրաւունք չունի: Այս պայմանները այնքան փոխվում են, որքան փոխվում են նրանց պահանջները.—երբ հարկաւոր է խելք բանեցնել, խելքին զօռ տալու է, իսկ երբ պէտք է սուր, մարդ պիտի պատրաստ ունենայ նրան իր ձեռքում: Մարդկային կեանքը ներկայացնում է մի սարսափելի կռւի հանդիսարան, ով որ ընդդիմադրութեան շընորք չունի, նա պիտի ընկնի, անհետանայ, ոչնչանայ…:» 

Բայց մեր ճանապարհորդի վրդովմունքը առաջ չէր գալիս այս տեսակ խորին քննութիւններից. նա կեանքի փիլիսօփայութեան հետ ծանօթ չէր: Նա բացատրում էր մարդկային կեանքը, հիմնվելով բնութեան ամենապարզ երեւոյթների վրա: Նա մտածում էր, երբ գառին վիճակվել է գայլի հետ միասին կենցաղավարել, ինքն էլ պէտք է աշխատէ գայլի ատամներ ունենալ, եթէ չէ ցանկանում կատաղի գազանին կերակուր դառնալ: 

Հանգամանքները ձգել էին նրան մի այնպիսի վիճակի մէջ, որ ինքն յակամայից դարձել էր գայլ, գայլի բոլոր անգթութեամբ: Մանկական հասակում ընտանիքը հալածեց նրան. նա արտաքսվեցավ հայրենական տնակից, որպէս անառակ որդի: Իր համազգի հասարակութեան մէջ նոյնպէս նա ընդունելութիւն չը գտաւ. ամեն մարդ սկսեց խորշիլ նրանից, որպէս ժանտախտից: Այնուհետեւ մնում էր նրան անձնատուր լինել դէպքերի բերմունքին, եւ նա դարձաւ մի արկածախնդիր թափառական, իսկ վերջը՝—մի անգութ աւազակ, որ ուխտել էր պատժել մարդկանց, որովհետեւ մարդիկ պատժեցին նրան: 

Որպէս աւազակ նա դարձեալ մնաց միշտ ազնիւ: Նա չը կորցեց իր առիւծի վեհութիւնը, որ չէ սիրում յարձակվիլ տկար կամ վատուժ կենդանիների վրա, որ իր որսածի մեծ մասը թողնում է մանր գազաններին ուտելու համար…: 

Ամբողջ տաս տարի հայրենիքից հեռացած այդ թշուառականը, կրկին վերադարձաւ այնտեղ, երբ լսեց նրա վտանգը: Նա չեկավ հայրենիքը փրկելու համար, որովհետեւ գիտեր, որ իր նման շատերը նրան փրկել չէին կարող, երբ ինքը իրան փրկելու ընդունակութիւն չունէր: Նա եկաւ փրկելու մի գեղեցիկ արարած, որին միայն սիրում էր, եւ որը միայն էր ամբողջ աշխարհի մէջ, որ սիրում էր այն մարդուն, որին բոլորը ատում էին:—Այդ էր նրա մխիթարութիւնը: Բոլոր աշխարհի մէջ հանգստութիւն, դադար եւ իր գլուխը դնելու մի անկիւն չունեցավ անբախդը՝ ուներ մի կնոջ ջերմ սիրտ, ուր ապրում էր նա, շնչում էր եւ այնտեղ մոռանում էր իր կեանքի դառնութիւնները, թէեւ տաս տարուց աւելի էր, որ չէր տեսել նրան: 

Ահա՛ ինչ էր պատճառը, որ նա այնքան անզգայ էր դարձել դէպի իր շրջակայքը կատարվող գործողությունները, եւ որպէս մի չար դեւից հալածվելով, ակամայ մղվում էր դէպի առաջ, ոչ մի տեղ հանգիստ չառնելով: Բայց բնութիւնը պահանջում է իրը. քանի օր էր, որ նա ամենեւին քնած չէր, մի քանի օր շարունակ նա ճանապահի վրա էր գտնվում. նրա ուժերը սպառվել էին եւ նա սկսել էր թուլանալ: Եվ երբ նա բարձրացաւ բլուրի վրա, նստեց այնտեղ, որ մի փոքր հանգստանա, յանկարծ ակամայ կերպով նրա գլուխը ծանրացավ, աչքերը փակվեցան եւ ընկավ փափուկ խոտերի վրա:—Դա քուն չէր, այլ մի տեսակ թմրութիւն, որ տիրում է մարդուն եւ արթնութեան ժամանակ, երբ սաստիկ տանջված է լինում, թէ բարոյապէս եւ թէ ֆիզիկապէս: 

Ծանոթագրություններ

  1. Մի համաստեղութեան անուն է։