Չորրորդ Հայքի Գրադարան . ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ . Չորրորդ Հայքի Գրադարան . ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ . Չորրորդ Հայքի Գրադարան . ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ . Չորրորդ Հայքի Գրադարան . ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ . Չորրորդ Հայքի Գրադար

Ջալալէդդին

(ՄԻ ՊԱՏԿԵՐ ՆՐԱ ԱՐՇԱՒԱՒԱՆՔԻՑ)

ԳԼՈՒԽ Դ

Հեղինակ՝ Րաֆֆի (1878)

Արուսեակը դեռ նոր էր բարձրացել հորիզոնի վրա, դեռ նոր արշալոյսի եզերագիծը սկսել էր կարմրել, երբ նա արթնացաւ: Երիտասարդը ամբողջ մարմնով դողաց, երբ նկատեց, որ կորցրել է գիշերի մեծ մասը, երբ կարող էր բաւական ճանապարհ կտրել: Նա շտապով վերցրեց հրացանը եւ նիզակը, շարունակեց իր ուղին: 

Անցնելով Աղբակայ լեռնադաշտերը, նա տեղ-տեղ նկատում էր հայոց գիւղօրայք, որ դեռ ծխում էին վաղորդեան մառախուղի միջից: Այս ծուխը նման չէր այն ծուխին, որ առաւօտները վեր է բարձրանում խաղաղասեր շինականի խրճիթի երդիքից. դա մի չարագուշակ ծուխ էր, որ երբեմն խառնվում էր հրեղեն բոցերի հետ: Նա անցաւ գիւղերից մէկի մօտով եւ տեսաւ, որ գետնափոր տնակները բոլորովին մոխիր էին դարձել եւ այստեղ ու այնտեղ ընկած էին արիւնով ներկված, կամ սարսափելի կերպով այլանդակված դիակներ: Նա զգաց բոլոր զարհուրանքը այն երեւոյթների, որ նոյն գիշերային իր համար մնացել էին անբացատրելի:—Կրակները, որ նըրան գիշերային խաւարի մէջ սարսափեցնում էին, հայոց հրդեհված գիւղօրայք էին: 

Այս սոսկալի տեսարանները, որ ամեն մարդու վրա կարող էին ունենալ կայծակի ներգործություն, նրան շատ հասարակ երեւացին. կարծես, նա գիտէր, թէ այսպէս պէտք է լինէր, կարծես նա առաջուց գուշակել էր եւ որպէս մարգարե հոգվոյ աչքերով տեսել էր բոլոր գալոցը իր արիւնալի պատկերներով: Եվ նա առաջուց երկար կարդալով իր երեմիականը, նրա սիրտը կոշտացել էր, նրա աչքերում արտասուք չէր մնացել այժմ կատարված իրողութեան վրա ողբալու: Եվ այս պատճառով նա, կարծես, անտարբերութեամբ էր նայում այն աւերակներին, այն կոտորածի կոյտերին, ուր կին, աղջիկ, երեխայ, ծեր եւ տղամարդ ընկած էին մինը միւսի վրա: 

Զարմանալի բան է մարդկային սիրտը. շատ անգամ նմանում է մի անսահմանութեան, որ ամփոփում է իր մէջ ամբողջ տիեզերքը, շատ անգամ նմանում է մի լիքը անօթի, որի մէջ գտնված նիւթը ընդդիմահարում է, տեղիք չէ տալիս մի ուրիշին զետեղվելու: Եւ աւելի բացասական է լինում նա, երբ լցված է լինում սիրով: Ամեն մի նոր ներմուծութիւն դատարկ տեղ է որոնում, բայց նրա սիրտը դատարակ չէր…: 

Նա կրկին եւ կրկին նայեց ծխացող աւերակներին եւ անցաւ: Իր ճանապարհի վրա շատ անգամ հանդիպում էին այնպիսի ծխացող աւերակներ, շատ անգամ երեւում էին նրան մոխիր դարձած գիւղեր եւ շատ անգամ նա տեսնում էր՝ կամ բոլորովին անշնչացած, կամ իրանց տաք արեան մէջ թաւալվող դիակներ,—եւ այդ բոլորը նրա վրա միայն րօպէական ազդեցութիւն էր անում: 

Արշալոյսը այժմ սկսել էր աւելի պայծառ բոցավառվիլ եւ արեւի կարմիր-ծիրանագոյն շառավիղները դեռ նոր ցոլանում էին ձիւնի պէս սպիտակ ամպերի վրա, տալով նրանց քրքումի գոյն: Բայց ձորերի մէջ տակաւին լոյս չը կար: Երիտասարդը դեռ շարունակում էր իր ճանապարհը զարտուղի շաւիղներով: Սարի այծը միայն կարող էր անցնել այն սարսափելի ելեւէջները, այն նեղ կիրճերը եւ այն ժայռոտ գահավէժները, որոնց միջով գնում էր նա: Նա դիմում էր ուղղակի դէպի Երեսան գիւղը: Վերջապէս հասաւ այնտեղ: Կրակը եւ սուրը ոչնչացրել էր թէ՛ մարդ եւ թէ՛ բնակութիւն: Այստեղ նա երկար շրջում էր ընկած դիակների մէջ, եւ կարծես, մի բան որոնում էր նրանց մէջ: Յետոյ նա կանգ առեց մի ծխացող խրճիթի առջեւ, խորին լռութեամբ նայում էր նրա վրա: Այս տնակի մէջ անցել էր նրա մանկութիւնը, այստեղ էին բնակվում նրա ծնողքը, քոյրերը եւ եղբայրները, որոնք այժմ չը կային…: Այս ցավալի տեսարանը քամեց նրա աչքերից մի քանի կաթիլ արտասուք, որոնք գլորվեցան գունաթափ երեսի վրա: 

Արտասուքը մի զարմանալի արտահայտութիւն է հոգեկան կրքերի: Որպէս տխրութիւնը, նոյնպես եւ ուրախութիւնը արտասուք ունեն: Բայց սարսափելի է լինում այն արտասուքը, որ դուրս է ցայտում բարկութենից,—երիտասարդինը այդ տեսակիցն էր: Այդ տեսակ արտասուքը նման է երկնքի արտասուքին, որ խառն է լինում մըրրիկի որոտման եւ կայծակների հետ… 

Նա նկատեց այրվող խրճիթի մօտ մի քանի իրեղեններ, որոնց, գուցէ աւարառուն անձեռնհաս լինելով, թողել էր այնտեղ: Իրեղենները բոլորը ծանօթ էին նրան: Ահա այն գորգի վրա շատ անգամ նստում էր իր ծերունի հայրը…: Ահա այն վերմակի տակ շատ անգամ քնել էր ինքը…: Ահա այն տաշտի մէջ խմոր էր հունցում իր մայրը…: Ահա այն մեծ թասը, որի մէջ իր քոյրը կթում էր ոչխարները…: Մի խօսքով նրանց ամեն մէկը զարթեցնում էր իր մէջ հին հին յիշատակներ: Նա մօտեցաւ եւ սկսեց մին մին վեր առնել եւ ձգել խրճիթի այրվող կրակի մէջ, կարծես, նրա բոցերը սաստկացնելու մտքով: 

Նոյն միջոցին վրա հասան երկու զինվորված քուրդ ձիավորներ, որոնք իրանց ետեւից քարշ տալով բերում էին մի քանի ուրիշ ձիաներ: 

—Ինչո՞ւ ես այրում, ասաց նրանցից մէկը, մենք եկել ենք տանելու. առաջ գրաստներ չունէինք, հիմա բերել ենք: 

—Էլի կը տանէք, պատասխանեց երիտասարդը սառն կերպով.—դեռ շատ է մնացել: Իջէ՛ք ցած: 

Քուրդերը ձիերից ցած իջան եւ կամենում էին իրանց բեռները պատրաստել: 

—Մի՛ մօտենաք, ես պէտք է այրեմ դրանց, գոռաց երիտասարդը:

—Ի՞նչու:

—Ձեզ էլ դրանց հետ կայրեմ, եթէ թոյլ չը տաք: 

—Դո՞ւ: 

—Ես: 

Նոյն րոպէում երիտասարդի ծանր սուրը իջաւ քրդերից մէկի գլխին, իսկ միւսի կուրծքի մէջ որոտաց նրա ատրճանակը: Երկուսն էլ ընկան: Երիտասարդը խլեց դիակները եւ ձգեց կրակի մէջ: Այնուհետեւ նա բռնեց նրանց ձիերից մէկը, որն աւելի լաւն էր, նստեց եւ սկսեց քշել: 

Յայտնի չէ, թէ ի՞նչու, երբ նա մի փոքր հեռացաւ, կրկին ցած իջաւ ձիուց, նրան արձակեց եւ ինքն դարձեալ սկսեց ոտով գնալ: Երեւի այդ այն պատճառով էր, որ ձիով չէր կարող անցնել այնտեղի նեղ եւ դժուարին ճանապարհներով, որ ընտրել էր իր համար: 

Բաւական հեռանալով իր հայրենական գիւղից, մի լեռնադաշտի վրա նրա ուշադրութիւնը գրաւեց մի մթին կէտ, որ ազատ կերպով նշմարվում էր նոր բարձրացող արեգակի ճառագայթների միջով: Նա շատ հեռու էր: Որքան մօտենում էր երիտասարդը, այնքան յիշեալ առարկան աճում էր եւ ավելի մեծ ծաւալ էր ստանում: Կարծես նա կախ էր ընկած օդի մէջ եւ բաւական բարձր էր երկրի մակերեւոյթից: Նա ծռեց իր ուղին դէպի այն կողմը: Երբ փոքր ինչ եւս մօտեցավ, նրանց թիւը բազմացաւ, որոնք այժմ նման էին այն խրտուիլակներին, որ ցցում են երկայն ձողերի գլխին եւ տնկում են հասունացած արտերի կամ սեխանոցների մօտ, որ թռչունները, խոզերը եւ արջերը չը փչացնեն նրանց: 

Բայց յիշեալ խրտվիլակներից ոչ թռչունները եւ ոչ գազանները չէին վախենում: Նա տեսնում էր, թէ որպէս գիշակեր ագռաւները, անգղները եւ մինչեւ անգամ երկչոտ կաչաղակը ուրախ-ուրախ թռիչքներ էին գործում, ճախրում էին, պտոյտներ էին անում, իջնում էին նրանց վրա, եւ կրկին բարձրանում էին օդի մէջ: Այնտեղ եւ շնագայլն ու բորենին ուրախական ձայներ էին հանում: Երեւում էր, որ այդ անասունները բոլորել էին մի ճոխ սեղանի շուրջը: 

Տեսարանը պարզվեցաւ, երբ նա բոլորովին մօտ գնաց. երկայն ձողերի գլխին շամփրած մարմինները մարդկային դիակներ էին, որոնց կենդանի բարձրացրել էր այնտեղ բարբարոս ձեռքը, իսկ այժմ մեռած էին: Նրանք թւով երեք էին, որոնց մի կողմ թեքված գլուխներից սարսափած ճանապարհորդը ճանաչեց երկու քահանայի եւ մի վարդապետի երեսները: Եղեռնագործության ամենասոսկալի օրինակն է այդ, որ ստեղծել է մահմեդականի անգթութեան հանճարը,—կենդանի մարդիկ ղազուխի զարկելու… Ձողերի շուրջը ածած էին կոտորած դիակներ, որոնք գազանների գիշատելուց աւելի այլանդակվելով, սարսափ էին ձգում նայողի վրա: 

Յանկարծ երիտասարդը լսեց մի խուլ մրմունջ, որ նման էր այն դառն հառաչանքին, որ արձակում է մարդ մահվան տագնապի մէջ տանջված րոպէներում: Նա շտապեց դէպի ձայնը: Գետնի վրա նշմարվում էին արեան կաթիլների հետքեր, որոնք հազիւ տեսանելի շաւիղի նման տանում էին դէպի այն կողմը: Տասը քայլ հազիւ փոխել էր նա, յանկարծ ծնկները թուլացան, գետնին փռվեցաւ եւ գրկեց մի ալեզարդ ծերունի: Մի քանի րոպէ մեռանողը եւ կենդանին մնացին անմռունչ: 

Մեռանողը աւելի շուտ ոգի առաւ, քան թէ կենդանին, եւ առաջինը խօսեց իր թոյլ, դողդոջուն ձայնով. «Հիմայ, Տէ՛ր, ա՛ռ հոգիս, որովհետեւ մեռնում եմ որդուս գրկի մէջ»: 

Երիտասարդը դեռ անշարժ էր: 

Ծերունին աւելացրուց. 

«Տասը տարի կորած որդիս այժմ կը փակէ հօր աչքերը»: 

Երիտասարդի գլուխը դեռ այնպէս ընկած էր ծերունի հօր կուրծքի վրա: Հայրը իր թոյլ ձեռքով բարձրացրեց այն սիրելի գլուխը եւ ասաց. 

«Սարհա՜տ, աննման Սարհա՜տ, թող օրհնեմ քեզ, յետոյ մեռնեմ:» 

—Բայց առաջ դու լսի՛ր որդուդ անեծքը եւ յետոյ մեռիր, ասաց երիտասարդը զայրացած ձայնով:—Այո՛, տասը տարի կորած որդիդ այժմ պէտք է փակե հօր աչքերը, որին գտնում է արեան մէջ շաղախված: Բայց ո՞վ եղաւ որդուդ կորչելու պատճառը, եթէ ոչ ինքը հայրը: Ես անառակ որդի չէի, ես փչացնող եւ արբեցող չէ՛ի, —ես միայն սիրում էի զէնքեր, սիրում էի ձի, սիրում էի որսալ: Իմ զուարճութիւնները համեստ էին: Իսկ այդ բոլորը ատում էիր դու: Ինձ դու ձգեցիր վանքը եւ կամենում էիր ինձանից ճգնաւոր, աղօթող պատրաստել: Այնտեղից ես փախայ: Այնուհետեւ խոփն ու բահը, գերանդին ու մանգաղը,—այդ բաները առաջարկեցիր ինձ: Ես ընդունեցի, բայց առանց հրացանս թողնելու, որովհետեւ տեսնում էի, որ քուրդը յափշտակում էր մեր վարուցանքը. մի բանով պէտք է պահպանել նրան: Բայց դու ինձ խրատում էիր բարի լինել եւ բարութեամբ պատասխանել չարին. դու ինձ ասում էիր. «Մպենք հայեր ենք, մեր գլուխը պէտք է միշտ ցած ծռած լինի, մեր լեզուն միշտ մունջ պէտք է լինի եւ մեր ձեռքը պէտք չէ, որ բարձրանայ օտարի գլխի վրա…:»—Դրանք էին քո քարոզները: Բայց ես տեսնում էի, քանի որ գլուխս ծռում եմ, աւելի շատ են ծեծում. քանի որ լեզուս մունջ եմ պահում, աւելի շատ են հայհոյում.—ես տեսնում էի, երբ ձեռք չեմ բարձրացնում, եղած-չեղածս խլում տանում են, եւ ես մնում եմ աղքատ ու քաղցած: Բայց դու ամեն ինչ Աստուծու վրա էիր ձգում, եւ պատւիրում էիր ինձ համբերել… Ես սկսեցի չը հավատալ աստուծուն, երբ տեսնում էի, որ Նրա աչքերի առջեւ ամեն տեսակ չարագործութիւններ կատարվում են, եւ նա միշտ մնում է անտարբեր: Իսկ քո բարկութեան չափն անցաւ. դու արտաքսեցիր հօր տընից անառակ որդուն, որ իր պապերի սովորութիւններով չէր գնում, որ ատում էր ստրկական խոնարհութիւնը, որ չէր սիրում իր հալածողի ոտները լիզել… 

—«Բայց դու ո՞ւր գնացիր նրանից յետոյ եւ ի՞նչ էիր շինում, հարցրեց վշտացած հայրը: 

—Ես այնուհետեւ դարձայ մի թափառական որսորդ: Բայց անասուններ սպանելու եւ մարդիկ մորթելու մէջ մի քայլ միայն կայ,—որդիդ յետոյ դարձաւ աւազակ եւ սկսեց մարդիկ կոտորել…։ Եւ ի՞նչու չը կոտորէի, ի՞նչու չը յափշտակէի, երբ տեսնում էի, այն մարդիկը, որ նոյնն են գործում, աւելի բախդաւոր են, աւելի յարգելի են: Եւ որի ընդհակառակն, տեսնում էի, այն մարդիկը, որ բարի են, որ մի մրջիմ անգամ սպանելու սիրտ չունեն, որ աւազակ չեն,—նրանք թշուառ են, եւ ո՛չ իրանց ընտանիքի, եւ ո՛չ իրանց կայքի, եւ ո՛չ իրանց գլուխների տէրը չեն…: 

Երիտասարդը լռեց եւ փոքր ինչ շունչ առնելուց յետոյ դարձեալ շարունակեց. 

—Տեսնում ե՞ս, հա՛յր, դու էլ բարի մարդ էիր, գառան պէս խոնարհ էիր դու, բայց քո բարութիւնը քեզ չօգնեց: Եւ այդ քահանաները, որ բարձրացած են ձողերի գլխին, եւ այդ դիակները, որ ընկած են նրա շուրջը,—բոլորն էլ բարի մարդիկ էին. ես ճանաչում եմ նրանց: Բայց չարի առջեւ ընկան, բարութիւնը չօգնեց նրանց…: Չարի հետ պէտք է չար լինել, բարիի հետ բարի. այս է պահանջում անարդար մարդկութիւնը…: 

—Մի՛ տանջիր ինձ, որդի, թո՛ղ հանգիստ մեռնի անբախտ հայրդ, ասաց ծերունին նուաղած ձայնով: Քո լեզուն աւելի խոր է խոցում իմ վէրքը, քան քուրդի նիզակը…: 

—Ո՛չ, դու հանգիստ մեռնել չե՜ս կարող: Նա չէ կարող հանգիստ մեռնել, որ հանգիստ չէ ապրել: Հանգստութիւնը մեզ համար չէ, ո՛չ մեր խրճիթներում եւ ո՛չ գերեզմանի խորքում…: 

—«Դու գնացի՞ր, տեսա՞ր մեր խրճիթը, հարցրեց հայրը: 

—Տեսայ, այրվում էր նա:

—«Իսկ մա՞յրդ… քույրե՞րդ… եղբա՞յրդ…:

—Ոչ ոք չը կար. գիւղումը միայն դիակներ գտայ: 

—Եւ չը շտապեցի՜ր մի օր առաջ ձեռք հասցնել անօգնական հօրը եւ ազատել նրա ընտանիքը: 

—Ես դրա վրա չէի մտածում, թեեւ գիտէի, որ այս երկիրը այս օրերում կրակի եւ սրի կերակուր պիտի դառնայ: Եւ ինչ կարող էի անել ես. մի ձեռքը բիւրաւոր ձեռքերի դէմ ոչինչ անել չէ կարող:—Եւ ո՞վ կարող է օգնել մի ժողովրդի, որ ինքն իր ձեռքովն է սրում թշնամու սուրը: Աւելի քան բռնակալը, մենք ինքներս մեզ համար պատրաստեցինք ստրկութեան շղթաները… նրանց դարբնեցին մեր պապերը եւ կաշկանդեցին զավակներին…: Եւ թո՛ղ անի՜ծեալ լինին նրանք… որ խլեցին մեզանից ամեն մի երկաթի կտոր եւ մի դանակ էլ չը թողեցին մեզ մօտ…: Եւ թո՛ղ անի՜ծեալ լինին նրանք, որ խլեցին մեզնից մեր սիրտը եւ նրա տեղը մի կտոր մեռած միս դրեցին…: Եւ թո՛ղ անիծեա՜լ լինին նրանք, որ սովորեցրին մեզ բարի լինել, հնազանդ լինել, համբերող լինել…: 

Այսպէս անագորոյն որդին կարդում էր իր սարսափելի անեծքները ողորմելի հօր գլխին, այսպէս նզովում էր նա պապերի սուրբ յիշատակը, մի այնպիսի րոպէում, երբ ծերունին մարելու վրա էր: Այսպէս մի չար դեւի նման, կարծես աշխատում էր խլել նրանից իր վերջին շունչը, նրանից, որ իրան շունչ եւ կեանք էր տուել: 

—Բաւական է, խօսեց ծերունին մեծ դժուարութեամբ:—Դու եկար մեր գլխին անէծքնե՞ր թափելու: 

—Ո՛չ, ես դրա համար չեկայ: Մեր հայրերը այդ պատուին էլ արժան չեն:—Ինձ քաշեց դէպի հայրենիքը մի սիրտ, որը սիրում էր ինձ: Ես եկայ նրան ազատելու: Հօրից, մօրից եւ ազգականներից անարգված որդուն սիրում էր նա: 

Նա սիրում էր աւազակին, որից դժողքը սարսափում է. նա սիրում էր եղեռնագործին, որին հրեշտակները եւ սատանաները ատում են:—Ես եկայ նրան փրկելու…: 

Ծերունու գլուխը կրկին թեքվեցաւ որդու բազուկների վրա, եւ նա վերջին խօսքերը չը լսեց: «Դու անիծեցիր, բայց ես օրհնում եմ քեզ»… ասաց նա եւ աչքերը փակվեցան: Բայց շըրթունքները դեռ շարժվում էին, եւ նա մրմնջում էր աղօթքի նման մի բան, որ վերջացրուց այս խօսքերով. «Աստուած, ների՜ր որդուս»… 

Այդ նրա վերջին խօսքն եղաւ: 

Երիտասարդը երկար բաց չէր թողնում հօր անշնչացած մարմինը իր գրկից. երկար նրա աչքերից արտասուքը թափվում էր ծերունու ձիւնի պէս սպիտակ, բայց արիւնով ներկված ալիքների վրա: .Այդ երկրորդ արտասուքն էր, որ թափում էր նա սիրելի հայրենեաց հողի վրա ոտք կոխելէն յետոյ: 

Երբ բոլորովին հանգստացած էր ծերունին, նա վեր առաւ մարմինը եւ այնպէս արիւնաթաթախ դրեց մի փոսի մէջ. յետոյ իր դաշոյնի ծայրով փորեց հողը եւ ծածկեց նրան: Եւ ապա մօտաւոր լեռան ժայռերի բեկորներից բերեց մի քանի կտորներ եւ դրեց գերեզմանի վրա, ասելով.—Հանգստացի՜ր, ո՞վ բարի մարդ, եւ թող այս գերեզմանը մօտ լինի այդ զոհարանին, ուր մորթվեցան մեր հայրենիքի երեւելիները: Այս սպանդանոցը կը լինի մի յավիտենական խրատ ապագայ սերնդին, որոնց կը տայ իրանց թշուառ անցեալը… որոնց մտածել կը տայ հիմնել ներկան աւելի հաստատուն պայմանների վրա… եւ այն ժամանակ գուցէ պապերի արիւնը որդիների փրկութեան ճանապարհը կբաց անէ՛…: