Չորրորդ Հայքի Գրադարան . ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ . Չորրորդ Հայքի Գրադարան . ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ . Չորրորդ Հայքի Գրադարան . ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ . Չորրորդ Հայքի Գրադարան . ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ . Չորրորդ Հայքի Գրադար

Ջալալէդդին

(ՄԻ ՊԱՏԿԵՐ ՆՐԱ ԱՐՇԱՒԱՒԱՆՔԻՑ)

ԳԼՈՒԽ Ե

Հեղինակ՝ Րաֆֆի (1878)

Ամփոփելով հօր մարմինը իր անշուք գերեզմանի մէջ, երիտասարդը կրկին շարունակեց իր ճանապարհը: Նա այժմ գնում էր բոլորովին խելագարի նման, ընկած դառը մտածութիւնների մէջ: Կորցնելով հայր, մայր, եղբայր եւ քոյրեր, նա այժմ սարսափելի կասկածի մեջ էր՝ կորցնել եւ նրան, որին սիրում էր: Այս պատճառով շտապում էր նա: Բայց դեռ բաւական ճանապարհ կար, մինչեւ կը հասնէր այն գիւղը, ուր բնակվում էր նա: 

Նա գնում էր այնպիսի անանցանելի շաւիղներով, որոնց շրջակայքում ժայռերի, մացառների եւ թփերի մէջ մի ամբողջ բանակ կարող էր թաքչիլ եւ ուղեւորի աչքից անյայտ մնալ: Եւ այս պատճառով մեծ եղաւ նրա զարմանքը, երբ մի քանի անգամ նրա ականջներին զարկեցին անորոշ ձայներ, յետոյ պարզ լսելի եղաւ իր անունը՝ «Սարհատ, Սարհատ:» Ո՞վ կարող էր լինել դա: Նոյն շրջակայքում հազիւ թէ մի մարդ կարող էր ճանաչել նրան. թէեւ նա ուներ ընկերներ, բայց նրանց մի քանի օր առաջ, զանազան յանձնարարութիւններով ուղարկել էր դէպի զանազան կողմեր: Մտածեց, գուցէ նրանցից մէկը լինի եւ մատը բերանին դնելով, խորհրդական ձայնով շվացրուց: Նրան պատասխանեցին բաւական մօտաւոր տեղից, բայց ձայնը շատ օտարոտի երեւաց: «Նրանցից եւ ոչ մէկը լինել չէ կարող» մտածեց ինքնիրան, եւ հրացանը ուսից վերբերելով կանգնեց, իր շուրջը նայելով: Նոյն միջոցին «Սարհատ» անունը կրկին զարկեց նրա ականջներին, երկու թեւքեր փաթաթվեցան նրա վզովը, եւ մի մարդ սկսեց ջերմ համբոյրներ սփռել նրա երեսի վրա: 

—Երեւի իմ տերը չէ ճանաչում իր ծառային, ասաց նա քրդերեն լեզուով: 

—Ճանաչեցի, Մըստօ, պատասխանեց երիտասարդը եւ ուրախութեամբ համբուրեց նրան: 

Մըստօն ազգով քուրդ էր, եզիդիների աղանդից. նա երիտասարդի հօր հովիւն էր եւ նրա մանկութեան ընկերը: Մի կլորիկ պատանի էր Մըստօն խիստ աշխոյժ եւ հաւատարիմ, երբ թողեց նրան երիտասարդը, իսկ այժմ գտնում էր նրան հասակն առած եւ բոլորովին այրական դէմք ստացած: Նա զինւորված էր թեթեւ կերպով. ունէր միայն հրացան, թուր եւ ատրճանակներ: Երիտասարդը շատ ուրախացաւ, որ հանդիպեցաւ իր հօր տան հաւատարիմ ծառային, եւ աւելի այն պատճառով, որ նրանից կարող էր քաղել այն տեղեկութիւնները, որ իրան շատ հարկաւոր էին: 

—Ա՜խ, որքա՜ն յիմար եմ ես, Սարհատ, ասաց Մըստօն իր սովորական ծիծաղով.—քիչ էր մնում, որ չը ճանաչէի քեզ. հէնց որ տեսայ, մտայ թփի ետեւը, հրացանս ուղղեցի… հէնց տրըխկացնելու վրա էի, մէկէլ աչքիս ընկաւ ճակատիդ սպին. ինձ ու ինձ ասացի, դա աղան է, էլ չարձակեցի…։—Ա՜խ, ինչպէ՜ս փոխվել ես դու, սատանան չի ճանաչի: 

Մըստօն կրկին փաթաթվեցաւ եւ կրկին սկսեց համբուրել իր տէրին:

—Դու ուզում էիր ինձ սպանե՞լ, Մըստօ, հարցրեց երիտասարդը:

—Պա՛: Ուզում էի նիզակդ խլել. իմը կոտրվեցաւ: Առանց նիզակի քուրդին ամօթ է ման գալ: 

—Ե՞րբ կոտրվեցաւ: 

—Կռիւ ունեցայ քրդերի հետ, երբ մեր ոչխարները թալանում էին: Բոլորը տարան անհաւատները, մի հատ էլ չը թողեցին: Քո քուռակն էլ տարան, Սարհատ, այն կապոյտ քուռակը. մի տեսնէի՜ր, ի՜նչ լավ ձի էր դարձել.—ամեն օր լավ ուտացնում, չաղացնում էի, մի օր աղան կը գայ, կը նստի. տարան անհաւատները… այնքան ոչխարներից մէկն էլ չը թողեցին: 

—Մե՞ր ոչխարները:

—Ձերը. բա ո՞ւմը. Մըստօն խո ոչխար չունի: Ոտքիս էլ գնդակ դիպաւ: Բայց ես էլ մի քանիսին գլորեցի…

—Հիմայ ո՞ւր էիր գնում այսպէս կաղլիկ ոտով:

—Գնում էի այս կողմը… բան կար…

—Ի՞նչ կար:

—Ա՜խ, լեզուս չէ բռնում, որ ասեմ… անիծուի՜ն քրդերը… աղայինըս… 

Մըստօն չը կարողացաւ իր խօսքը վերջացնել, նրա աչքերը լցվեցան արտասուքով եւ սկսեց երեխայի նման հեկեկալ: 

—Սպանեցին… իմանում եմ, ասաց երիտասարդը:—Գնում էիր ի՞նչ անես: 

—Թաղեմ: Խօ այսպէս չէի թողնելու: Իմ աղան լավ աղայ էր: 

—Ես թաղեցի, պատասխանեց երիտասարդը տխուր ձայնով:—Դու էն ասա՛, Մըստօ, թէ մի բան գիտես մօրս, քոյրերիս եւ եղբօրս մասին: 

—Մըստօն ամեն բան գիտէ. գիժ չէ՞, որ չը գիտենայ:—Գլխի՞ցը պատմեմ: 

—Ո՛չ, կարճ կապի՛ր: Ի՛նչ կհարցնեմ, էն ասա:

—Լաւ, հարցրու:

—Ե՞րբ եկան քրդերը: 

—Քրդերը եկան երկու օր առաջ. գիշեր էր, երբ եկան նրանք. մարդիկ բոլորն էլ քնել էին: Նրանք շատ չէին, հարիւր ձիաւոր հազիւ կը լինէին, որ եկել էին մեր գիւղի վրա. միւսները գնացել էին ուրիշ գիւղերի վրա: Բայց հայի գիւղը թալնելու համար տասը ձիաւոր էլ բաւական է: Ի՞նչու հայերը ղօչաղ չեն, աղայ, դա լաւ չէ, դա շա՛տ վատ է:—Լացն ու աղաղակը բարձրացաւ, երբ նրանք խրճիթների դռները կոտրատեցին եւ ներս մտան: «Տօ՛, խանիխարաբնե՛ր, ասում էի ես հայերին, խօ կնիկ չէք, մարդ էք, թէ որ թուր ու թուանք չունէք, քարով, փայտով, կացինով խփէք ու դուրս արէք էդ շներին։» Բայց ով էր իմ ձէնը լսողը: Առաջ նրանք սկսեցին դուրս տալ, ինչ որ տանելու էին, թէ ապրանք, թէ կին եւ թէ աղջիկ. բայց մնացած անպիտան ապրանքները՝ ծերերի, պառաւների, երեխաների հետ՝ թողեցին խրճիթներում, դռները կրկին փակեցին, յետոյ կրակ տուեցին, այրեցին: Իսկ տղամարդերին կոտորում էին: 

—Ոչ ոք չազատվեցա՞ւ: 

—Ազատվեցան նրանք միայն, որ առաջուց բանը գիտէին ու փախել գնացել էին, սարերում թաք էին կացել: Բայց շատերը չէին հաւատում, թէ քրդերը այնպէս կանէին. նրա համար, որ գայմակամը գրում էր ժողովրդին՝ իրանց տեղումը հանգիստ մնան, չը վախենան: Խաբում էր անիծածը: 

—Մեր տան հետ ի՞նչ պատահեց: 

—Հայրդ տանը չէր, գնացել էր Բաշ-Կալայ, ինձ ասաց.—Մըստօ, տունը պահիր, մինչեւ ես կը դառնամ: Ես արթուն էի, երբ քրդերը եկան, հրացանը ձեռիս կտուրի վրա կանգնած էի: Բայց, ի՛նչ կարող էր անել մենակ Մըստօն այնքան գազաններին. մի տասը տղամարդ եթէ հետս ունենայի, նրանց չէի թող տալ, որ գիւղն էլ մտնեին, բայց մենակ էի: Ես ձեռք էլ չը բարձրացրի, նրա համար, որ քուրդի խասեաթը լաւ էի իմանում, հէնց որ մեկին դիպչէի, ոչ մի հոգի կենդանի չէին թողնի: Ես աշխատում էի մի կերպով ընտանիքը ազատել. մնացածը, ասում էի, գլուխը քարը, թո՛ղ տանեն: Առանց ժամանակ կորցնելու, ես տնից դուրս հանեցի մօրդ, եղբօրդ եւ երկու քոյրերիդ. բայց այնքան յիմար էի, որ չը մտածեցի, թէ տանը օրօրոցի մէջ տղայ մնաց: «Երեխա՛ս, երեխա՛ս» բոռաց մայրդ եւ վազեց դէպի տուն: Ես մնացի երկու սրի մեջտեղում, չէի իմանում, դէպի ո՛ր կողմը դառնամ: Եթէ աղջիկներին թողնէի, քրդերը կը տանէին.—լաւ է, ասացի, դրանց տանեմ մի տեղ թաքցնեմ, յետոյ դառնամ դէպի մայրը: Եղբօրդ եւ քոյրերիդ թաքցրի գիւղից հեռու գարու արտի մէջ եւ շուտով վազեցի դէպի մայրդ: Երբ հասայ, տեսայ, տունը վառվում էր բոցերի մէջ. բայց խեղճ կինը ոչ իմ կանչելուն ականջ դրեց, եւ ոչ էլ բոցերին մտիկ տուեց, մտաւ կրակի մէջ… այն րօպէում փուլ եկաւ կտուրը, եւ նա էլ դուրս չեկաւ…: 

Քարացածի նման լսում էր երիտասարդը այս բոլորը. նա գունաթափվել էր մարմարիոնի պէս, եւ բարակ շրթունքները դողդողում էին տենդային անհանգստութեամբ: Արտասուք նրա աչքերում չէր երեւում: 

—Հայրս ի՞նչու գնաց Բաշ-Կալայ, հարցրեց նա դողդոջուն ձայնով: 

—Երբ լսեցին, թէ Շէյխը հրամայել է գաւուրներին կոտորել, ամենի վրա երկիւղ ընկաւ, չէին իմանում, թէ ինչ անեն, ո՜ր կողմը փախչեն, որ ազատվեն: Այն ժամանակ հայրդ հավաքեց գիւղերի տանուտերներին երկու քահանայի ու մի վարդապետի հետ գնացին Բաշ-Կալայ, որ մուդուրին, գայմագամին ասեն, որ նրանք ասկար (զինուոր) ուղարկեն երկիրը պահպանելու: Մուդուրն ու գայմակամը առաջ խոստացել էին, թէ ասկար կուղարկեն, յետոյ այսօր էգուց գցելով, այնքան ուշացրել էին, մինչեւ քուրդը եկաւ, իր բանը տեսաւ…: Յետոյ գնացողներն տեսնելով, որ գայմակամը խաբում է, յոյսը կտրած ետ էին դարձել: Բայց քուրդերը իմանալով, որ գայմակամի մօտ էին գնացել, ճանապարհին բռնել էին եւ այնպէս էին արել, որ դու ինքդ քո բարի աչքով տեսար… 

—Հիմայ ո՞րտեղ են քոյրերս, եղբայրս, հարցրեց երիտասարդը, երկչոտ վստահութեամբ, մի՛ գուցէ նրանց էլ մի փորձանք պատահած լինի: 

—Նրանք հիմայ լաւ տեղում են. ես տարայ նրանց մեր էլի (ցեղի) մէջ, մեր չադրումն են կենում կնոջս մօտ: Դու չէ՞ս իմանում, Սարհատ, ես ախար հիմայ կին ունեմ, մի երեխայ էլ ունեմ, մի սիրուն երեխայ: Հայրդ (Աստուած նրա հոգին լոյսի բաժին անէ) ինձ պսակեց, մի լաւ աղջիկ բերեց, եւ հարիւր ոչխար էլ տուեց, ասում էր. «Մըստօ, բաւական է ինչ որ ծառայեցիր, գնա՛ դրանից յետոյ քեզ համար ապրիր, տուն ու տեղի տէր դարձիր:» Բայց ես ձեր տան հացը կերել էի, նրանով էի մեծացել, ասում էի,—չէ, աղայ, քո տան մէջ պէտք է մեռնեմ, եւ քանի Սարհատը չի եկել, ես քո մեծ որդին կը լինեմ: 

Երիտասարդի սիրտը չը դիմացաւ այս խօսքերին, նա գրկեց Մըստօին, եւ ճակատիցը համբուրեց, ասելով. 

—Դարձեալ դու իմ եղբայրը կը լինես, բարի Մըստօ, ես քեզանից չեմ բաժանվի:—Բայց դու այն ասա՛, կարծում ե՞ս, որ եղբայրս եւ քոյրերս ձեր չադրում ապահով կը մնան: 

Պատանի քուրդը ինքնավստահ պարծենկոտու-թեամբ պատասխանեց. 

—Շէյխ Ջալալէդդինը իր բոլոր աւազակներով Մըստօի  չադրը   մտնել չէ   կարող: Դու  ինքդ լաւ ես իմանում եզիդիների ղէյրաթը (նախանձախնդրութիւնը). մի մարդ, ինչ ազգից էլ որ լիներ նա, երբ մտնում է եզիդիի չադրի տակը, այն ցեղի բարի հիւրն է համարվում. այն ժամանակ բոլոր ցեղը իր արիւնը կը թափի եւ իր հիւրին թշնամու ձեռքը չի տայ: 

Յանկարծ նա խօսքը կտրեց եւ սկսեց ուշադրութեամբ ականջ դնել: 

—Լսում ե՞ս, հարցրեց նա, այդ ձայները: 

—Ի՞նչ ձայներ, հարցրուց երիտասարդը, որովհետեւ նա այն աստիճան խռովված էր, որ ոչինչ ձայն չէր լսում: 

—Երգում են…: Այսպէս երգում է քուրդը, երբ թալան եւ գերիներ է տանում: 

—Ուրեմն գնանք, ասաց երիտասարդը:

—Գնանք, կրկնեց պատանին:

Երկուքն էլ դիմեցին դէպի այն կողմը, որտեղից լսելի էին լինում ձայները: