Չորրորդ Հայքի Գրադարան . ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ . Չորրորդ Հայքի Գրադարան . ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ . Չորրորդ Հայքի Գրադարան . ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ . Չորրորդ Հայքի Գրադարան . ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ . Չորրորդ Հայքի Գրադար

Ջալալէդդին

(ՄԻ ՊԱՏԿԵՐ ՆՐԱ ԱՐՇԱՒԱՒԱՆՔԻՑ)

ԳԼՈՒԽ Զ

Հեղինակ՝ Րաֆֆի (1878)

Կէս ժամից յետոյ նրանք գտնվում էին մի լեռան բարձրավադակի վրա, որտեղից նկատեցին ձորի մէջ մի ընթացող քարաւան, որը հեռաւորութեան պատճառով թէեւ պարզ չէր նշմարվում, բայց նրա օտարոտի երեւոյթը խիստ կասկածաւոր ձեւ էր տալիս նրան: 

—Մենք քարաւանի առաջը չը կտրենք, թէ որ այս կողմով գնանք, ասաց Մըստօն ցոյց տալով հազիվ նկատելի շաւիղը, որ միայն որսորդներին էր մատչելի: 

—Բայց ես չեմ ուզում, որ նրանք տեսնեն մեզ, ասաց Սարհատը խորհրդաւոր ձայնով:

—Տեսնել չեն կարող, հազար աչք էլ ունենան տեսնել չեն կարող. այս լեռները ես ճանաչում եմ որպէս իմ հինգ մատը: Գնա՛նք: 

Մըստօի ընտրած ճանապարհը, թէեւ շատ դժուարին էր եւ անդադար սարսափելի ելեւէջներով էր գնում, բայց այնքան կարճ եւ կտրուկ էր, որ շուտով նրանք անցան քարաւանը, եւ անտեսանելի կերպով թաքչելով թփերի մէջ, սկսեցին հեռուից դիտել նրան: Սարհատը մի հարեւանցի հայեացք ձգելով քարաւանի վրա, տեսաւ, որ դա քուրդ ասպատակների մի մեծ խումբ էր, որ տանում էին աւար եւ գերիներ: Նա դարձաւ դէպի իր ընկերը այս խօսքերով. 

—Կարո՞ղ ես, Մըստօ, մի կերպով մտնել այս քարաւանի մէջ եւ իմանալ, թէ գերիները ո՞ր տեղից են բերում, ուր են տանում եւ այս գիշեր ո՞րտեղ կիջեւանեն կամ իրանք քրդերը ի՞նչ ցեղից են: 

—Բոլորը կարող եմ գիտենալ: 

—Ի՞նչպէս կմտնես նրանց մեջ:

—Ինչպէս պետք է մտնել, ինձ խօ չեն ուտի. կը գնամ, բարեւ կը տամ, քէֆները կը հարցնեմ, յետոյ ես գիտեմ, թէ ինչ կասեմ…: 

—Լա՛ւ, գնա՛, չուշանա՛ս: 

Մըստօն սատանայի նման աներեւութացաւ: Իսկ Սարհատը այժմ սկսեց աւելի հետաքրքրութեամբ նայել քարաւանին: Ի՞նչ էր տեսածը: Ձիաւոր քրդերի մի բազմութիւն, եզների, աւանակների եւ սայլերի վրա բարձած, քշում էին խառնիճաղանճ քարաւանը, որ տանում էր տնային կարասիք եւ զանազան տեսակ իրեղէններ: Բեռների վրա կապել էին մի-մի կամ երկու-երկու կին, աղջիկ եւ մանկահասակ պատանիներ: Աւարը եւ գերիները միասին մի բեռն էին կազմում եւ քշում էին առաջ ամենայն սաստկութեամբ: Նրանք տարվում էին այն անասունների վրա, որ պատկանում էին թշուառ գերիների ծնողներին: Տէրը իր անասունի վրա նստած, գերի էր գնում: Քարաւանի ընթացքը շտապեցնելու համար քրդերը ցցած ունէին իրանց նիզակների ծայրերին մարդկային կառափներ. ծնողների կտրած գլուխը ցոյց էին տալիս որդիներին, որպէս մի խրտուիլ, որ վախենան, որ փորձ չը փորձեն փախչելու, շուտ-շուտ գնան, ուր որ տանում են նրանց եւ ձայն չը հանեն…: 

Սարհատը երկար նայել չը կարողացավ, նրա գլուխը պտտվեցավ, եւ քարաւանը անցաւ: 

Նրան այնպես էր թւում, որ աշխարհս փոխվել է, Նեռը յայտնվել է, եւ մարդը, Աստուծու պատկերը, կատաղի գազան դարձած իր նման մարդերի արիւնը ծծում է, նրանց միսը ուտում է: Նա շատ էր ցանկանում ինքն էլ նոյն գազաններից մէկը լինել, եւ դրա համար այրական սիրտ եւ բաւական քաջութիւն ուներ. բայց ափսոսում էր, որ մենակ է, շատ ընկերներ չունի…։ 

Յուսահատութիւնը շատ անգամ ակամայ կերպով ձգում է մարդուն ծայրահեղ մտածութիւնների մէջ: Սարհատը բնութեամբ բարի էր, բայց հանգամանքները նրան չար էին շինել: Նա տեսնում էր մի ամբողջ ժողովուրդ եւ այն ժողովուրդը, որին ինքն էլ էր պատկանում, հաւի նման մորթում են, տունը աւերակ են դարձնում, կայքը յափշտակում են, որդիքը գերի են տանում,—եւ այդ ժողովուրդը ոչինչ միջոցներ չունի պաշտպանվելու: Նա գիտեր, որ այս սոսկալի պատահարները դարերով կրկնվում են նոյն ժողովրդի հետ եւ տակաւին նա չէ մտածել ընդդիմադրութեան մի զօրութիւն կապելու: «Եթէ կարիքը, ասում էր նա, մարդու վարպետ է անում, եղանակների խստութիւններից պաշտպանվելու համար նա հագուստ է հնարում, գազաններից պաշտպանվելու համար զէնքեր է հնարում, ինչու չէ մտածում նա մի եւ նոյն խելքը բանացնել մարդակերպ գազանների ձեռքում զոհ չը դառնալու համար:» Այսպէս մտածելով, Սարհատը այն եզրակացութեան էր հասնում, թէ այն ժողովուրդը ինքն էր մեղաւոր, որ կեանքի պահանջները չէր հասկացել, եւ չէր մտածում թէ ինքը երկրի վրա է բնակվում, մարդիկների հետ գործ ունի եւ ոչ թէ հրեշտակների հետ…։ 

Սարհատը երկար էր թափառել երկրի վրա, շատ ազգեր եւ շատ աշխարհներ էր տեսել, բայց իր կեանքում ոչ մի լաւ մարդու չէր հանդիպել, եւ այդ պատճառով, նա մարդկանց վրա կազմել էր խիստ վատ գաղափար: Բոլոր մարդերին նա աւազակներ էր համարում, այն զանազանութեամբ միայն, որ մէկը կոպիտ սրով է յափշտակում. միւսը խելքով, երրորդը արհեստով, չորրորդը մարդասիրութեան եւ քաղաքակրթութեան անունով եւ այլն: 

Այս տեսակ մտքեր բացատրելու համար Սարհատը իր առանձին լեզուն եւ արտասանութեան ձեւերն ունէր. «աւազակութիւնը, ասում էր նա, մարդկանց մէջ զանազան գոյներով եւ շատ անգամ գեղեցիկ ծրարներով է յայտնւում. դու պատառիր արտաքին կեղեւը, եւ կը տեսնես միջուկը աւազակութիւն է, եւ աւելի ոչինչ:» 

Սարհատը ինքն էլ աւազակ էր, մի արիւնահեղ եւ սոսկալի աւազակ. նա եթէ ծնված լինէր մի ուրիշ երկրի վրա եւ մեծանար մի ուրիշ շրջանում, գուցէ ուրիշ տեսակ մարդ, կամ այլ տեսակ աւազակ կը դառնար, որովհետեւ ամեն մի աւազակի գործունէութիւնը համապատասխանում է նոյն հասարակութեան, որի միջից նա յայտնվում է: Աւազակը մի սարսափելի բողոք է հասարակութեան անկարգ կազմակերպութեան դէմ: Հայաստանի լեռների վրա, ուր երկու հակառակ ծայրերի վրա կանգնած են երկու հակառակ ազգութիւններ,—մէկը՝ վերջին ստրկութեան հասած հայը, միւսը՝ վերջին բարբարոսութեան հասած մահմեդականը,—եւ եթե ստրուկների կողմից բողոք է բարձրանում դէպի բռնակալութիւնը, դա բնականաբար պիտի ընդուներ ոչ այլ կերպարանք, բայց միայն Սարհատի աւազակային կերպարանքը…: 

Բայց զարմանալին այն էր, թէ ի՞նչու այնքան փոքր էր Սարհատների թիւը. նրա ամբողջ հրոսակը կազմված էր տասներկու քաջերից, որոնց նա կոչում էր «աւազակների առաքելութիւն:» —Այս հարցը բացատրելու համար պէտք է երկար ու բարակ քննութիւնների մէջ մտնենք. մենք թողնում ենք այդ, ահա՛ Մըստօն կրկին յայտնվեցաւ, տեսնենք, նա ինչ է ասում: 

—Ամեն բան իմացա, ասաց նա:

—Մէկ-մէկ ասա՛, ինչ որ կը հարցնեմ, խօսեց Սարհատը:—Ձիաւորները քանի՞ հոգի էին:

—Համբարեցի, յիսունից աւել չեն:

—Ո՞ր ցեղից են:

—Հարտօշի են:1

—Գերիները եւ թալանը ո՞ր կողմից են բերում:

—Շատախու կողմերից:2

—Ո՞ւր պիտի տանեն:

—Դէպի Սօմայի:3

—Այս գիշեր ո՞րտեղ միտք ունեն իջեւանելու:

—Հասպիստանի հովիտների մէջ, Խանա-Սօրի մօտ: 

Սարհատը թողեց իր հարց ու փորձը եւ սկսեց մատներով լուռ մի բան հաշուել. յետոյ նա կրկին դարձաւ դէպի պատանին. 

—Ի՞նչ ես կարծում, Մըստօ, դրանք ե՞րբ կը հասնեն Սախկալ-Թութան4 կիրճին:

Մըստօն րոպէական մտածութիւնից յետոյ պատասխանեց.

—Սախկալ-Թութան կիրճին կը հասնեն, երբ արեւը մտնելու մօտ կը լինի:

—Ես էլ այսպէս եմ կարծում, ասաց Սարհատը: 

—Հիմայ լսի՛ր, Մըստօ, աւելացրեց նա.—ի՞նչքան ժամանակում կը հասնես մինչեւ Բիժինկերտ գիւղը:—Ճանաչում ե՞ս: 

Մըստօն նայեց արեւին եւ պատասխանեց. 

—Ուղիղ կէսօրին այնտեղ կը լինեմ: 

—Շատ լաւ, շարունակեց Սարհատը.—դու տեսել ե՞ս Բիժինկերտից փոքր ինչ հեռու ձորի մէջ մի մատուռ: 

—Տեսել եմ, երկուսն է, մէկը քանդված է: Ո՞րն ես ասում: 

—Հենց այն քանդվածն եմ ասում: 

—Ճանաչում եմ: Մի գիշեր այնտեղ թաք եմ կացել, երբ մի ձի էի գողացել: Լաւ թաքնվելու տեղ է: 

Սարհատը յետոյ ուրիշ հարց առաջարկեց:

—Ի՞նչ տեսակ կենդանիների ձայնին նմանեցնել կարող ես: 

—Շատերի.—շան նման հաչել գիտեմ, աքլորի նման խօսել գիտեմ, էշի նման կ զըռամ, գայլի նման կը ոռնամ, գառան նման կը մըռամ, կատուի նման միայո՞ւ կանեմ, հօպօպի նման բի՜-բո՛ւ կանեմ, էլ ի՞նչ ես ուզում: Ուրիշ շատերն էլ գիտեմ: 

— Այդ վերջինը բաւական է: Հիմայ լսիր: Ուղիղ կը գնաս դէպի այն քանդված մատուռը, որտեղ գողացած ձին թաքցրիր: Դեռ չը հասած մատուռին մի բլուր կայ… 

—Որի գլխին տնկած է մի ծակ քար, աւելացրուց Մըստօն: 

—Այո՛: Այն ծակ քարի մօտ կը կանգնես, երեք անգամ հօպօպի ձայն կը հանես. քեզ կը պատասխանեն նոյն ձայնով: Յետոյ ձայնդ կը փոխես. երկու անգամ բուի ձայնով կը կանչես: Այն Ժամանակ քեզ մօտ կը յայտնվի մի մարդ: Դու նրան կասես, դեռ արեւը մայր չը մտած պատրաստ լինեն Սախկալ-Թութան կիրճի մօտակայքում: 

—Կարելի է նա հարցրուց, թէ քեզ ո՞վ ուղարկեց: 

—Իմ անունը կը յայտնես:

—Կարելի է, նա չը հավատայ:

—Այս մատանին ցոյց կը տաս:

Սարհատը հանեց իր մատից մատանին եւ տուեց Մըստօին: 

—Կարելի է նա հարցրեց, թէ ի՞նչ գործի համար է: 

—Դու կպատմես այդ գերիները տանող քարաւանի մասին բոլորը, ինչ որ տեսար, եւ կասես, թէ քարաւանը Սախկալ-Թութան կիրճի մէջ մտածին պէս, պէտք է նրա առաջը կտրենք, որ գերիները ու թալանը խլենք քուրդերից: 

—Իմացայ: Նրանք քանի՞ հոգի են: 

—Տասն եւ երկու:

—Ո՞վքեր են:

—Իմ ընկերները: 

—Տասն եւ երկու հոգին բաւական է յիսունի դէմ Սախկալ-Թութան կիրճում, նկատեց Մըստօն. ես էլ նրանց հետ տասն եւ երեք կը լինենք: Բայց 13 թիւը նաս5 է:

—Ինձ էլ հաշւելու լինես, 14 հոգի կը լինենք, ասաց Սարհատը, 14-ը նաս չէ:

—Մեզանից չորս հոգի բաւական է, որ կիրճի դուռը կտրէ, էլ ինքը սատանան չէ կարող այնտեղից դուրս գալ, նկատեց Մըստօն։—ի՜նչ լաւ տեղ ընտրեցի՜ր, աղայ, բայց դու ո՞ւր կը մնաս:

—Ես ծածուկ կը հետեւեմ քարաւանին, մինչեւ կիրճին հասնելը:—Բայց դու այն ասա՛, ոտքդ քեզ խօ չի նեղացնի, մինչեւ Բիժինկերտ բաւական հեռու է:

—Ո՛չ, չի նեղացնի, անիծուած գնդակը մսի միջովն է անցել, ոսկորին չի դիպել. մահլամ եմ դրել ու պինդ կապել:

—Վէրքը քանի՞ օրվայ է:

—Երեք օրվայ, այսպիսի վէրքեր շատ է տեսել Մըստօն. վնաս չունի: 

—Դէ՛հ, հիմայ գնա: 

Սարհատը եւ Մըստօն բաժանվեցան, մէկը սկսեց գնալ դէպի քանդված մատուռը, միւսը սկսեց զարտուղի ճանապարհներով հետեւել գերիվարներին: 

Ծանոթագրություններ

  1. Քրդերի մի կիսավաիրենի ցեղ է, որ բոլորովին հաստատաբնակ կեանք չէ վարում։
  2. Մի գաւառ է Վասպուրականում։
  3. Մի գաւառ է Պարսկաստանի Ուրմի նահանգի մօտ։
  4. Սախկալ-Թութան նշանակում է մօրուքից բռրնող. այսպէս կոչվում են առհասարակ այն նեղ եւ դժուար անկանելի կիրճերը, որոնց մէջ աւազակներն աւելի հեշտութեամբ են որսում ճանապարհորդներին։
  5. Նաս նշանակում է անբարի կամ չարակուշակ։ 13 թիւը նաս է համարվում մահմետականների մէջ. համբարելու միջոցին 13 թւին հասնելու ժամանակ մահմետականը միշտ անց է կացնում, ասելով. «13 չէ։»