Չորրորդ Հայքի Գրադարան . ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ . Չորրորդ Հայքի Գրադարան . ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ . Չորրորդ Հայքի Գրադարան . ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ . Չորրորդ Հայքի Գրադարան . ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ . Չորրորդ Հայքի Գրադար

Ջալալէդդին

(ՄԻ ՊԱՏԿԵՐ ՆՐԱ ԱՐՇԱՒԱՒԱՆՔԻՑ)

ԳԼՈՒԽ Է

Հեղինակ՝ Րաֆֆի (1878)

Սարհատի հետ բաւական ծանօթ է ընթերցողը, հարկաւոր է փոքր ինչ ծանօթանալ եւ նրա ընկերների հետ, որոնցից կազմված էր նրա հրոսակը: Չը նայելով, որ Սարհատը էր պետը եւ գլխաւորը իր խումբի, բայց բոլորին «եղբայր» էր կոչում. եւ իրավ, այս կոչմանը արժանի էին նրանք, միացած լինելով եղբայրական խիստ սերտ կապերով: Նրա խումբը հաւաքված էր զանազան տեղերից զանազան ժամանակներում, որոնց թիւը տասն եւ երկուսից խիստ հազիւ էր անցնում: Նրանց մէջ կային սասունցիք, զէյթունցիք, շատաղցիք, դիարբէքիրցիք, նրանց մէջ կային՝ մի քահանայ Խարբերդի քրդախօս հայերից եւ մի վարժապետ: Այս վերջինը Կ. Պօլսում բարեգործական նպատակով կազմված մի ընկերութեան անդամ էր, որ ուղարկվել էր Վանայ կողմերի գիւղօրայքում կրթութիւն տարածելու, բայց ռուս-թիւրքական պատերազմի խռովութիւնների ժամանակ նա միացաւ Սարհատի խումբի հետ, երբ քրդերը նրան իր գիւղական դպրոցի մէջ աշակերտների առջեւ սաստիկ ծեծեցին, եւ նրա սանիկներից մի քանիսը առեւանգեցին, եւ մի քանի օրից յետոյ կրկին բաց թողեցին: 

Սարհատի խումբը կազմված էր քուրդի կերպարանքով եւ գործում էր քուրդի անունով: «Հայ» անունից խորշում էր նա, ոչ թէ այն պատճառով, որ այդ անունը ատելի էր նրան, այլ ընդհակառակն, սիրում էր նա հայութիւնը,—բայց այդ անունը անհամապատասխան էր գտնում թէ իր պաշտօնին եւ թէ նպատակներին: Իր թափառական կեանքոմ, թէ նա ինքը, եւ թէ իր խումբը անդադար զարկվում էին քրդերի հետ, եւ անդադար որ եւ իցէ թշնամական հաշիւ էին վերջացնում այս եւ այն մահմետական ցեղի հետ, բայց եթէ ցոյց տային, թէ իրանք հայեր են, այն ժամանակ իրանց հակառակորդները կարող էին վրէժխնդիր լինել այն ողորմելի եւ անպաշտպան հայերից, որոնք գուցէ Սարհատի գոյութեան մասին ամենեւին տեղեկութիւն եւս չունէին: 

Սարհատը իր խումբի հետ Դիարբեքիրի կողմերումն էր, երբ լսեց քուրդերի կատաղի շարժումը, երբ իմացաւ Ջալալէդդինի սարսափելի դիտաւորութիւնը եւ երբ յայտնի եղաւ նրան Շէյխ Իբադուլլահի դժոխային խորհուրդը: Նա իսկոյն իւրայիններով շտապեց դէպի Աղբակայ կողմերը: Երկու ցանկութիւն նրան քաշեց դէպի իր հայրենիքը, որին վաղուց մոռացել էր. առաջինը, Աղբակը քուրդերի արշաւանքի գծի վրա գտանվելով, աւելի պէտք է ենթարկվեր նրանց ասպատակութիւններին, մտածում էր իր հայրենակիցներին օգնութեան ձեռք հասցնել. երկրորդ, որ աւելի գլխաւորն էր, այստեղ կար «մէկը», որին նուիրուած էր իր բոլոր սրտով…։ 

Սարհատի այն խօսքերը, որ նա արտայայտում էր իր հայրենիքի աւերակների վրա շըրջելու ժամանակ, այն խօսքերը, որ նա այնքան անգութ կերպով դուրս թափեց հօր առջեւ նրա հոգեվարքի րօպէներում,—այս բոլորը յուսահատ սրտից դուրս բղխած հառաչանքներն էին, այս բոլորը դամբանական ողբեր էին, որ նա կարդում էր իր հայրենիքի գերեզմանական անշարժութեան վրա: Նա զայրանում էր, նրա վրդովմունքը կատաղութեան եւ խելագարութեան էր հասցնում նրան, երբ տեսնում էր, որ իր հայրենիքը այն չէր, ինչ որ ինքը ցանկանում էր որ լիներ: Նա շատ լաւ էր հասկանում իր վիճակի բոլոր վատթարութիւնը, նա ինքը սարսափում էր իր արիւնոտ ձեռքերից, թէեւ այն ձեռքերը միշտ թշուառների պաշտպան են եղել, եւ երբէք չեն թափել մի անմեղ արիւն, բայց նրա անձնասիրութիւնը վիրաւորվում էր, տեսնելով, որ ինքը իր բոլոր արժանավորութիւններով ստիպված էր լինել մի աւազակային հրոսակի գլխաւոր, մինչդեռ կարող էր ամբողջ գունդերի հրամայել եւ իր հայրենիքը մաքրել աւազակներից…։ 

Դեռ Աղբակ չը հասած, նա իր ընկերներին առաջարկեց այնտեղ, պատուիրելով հարկաւորած օգնութիւնը մատուցանել տեղային բնակիչներին, իսկ ինքը մենակ ուղեւորվեցաւ դէպի Վան քաղաքը: Այնտեղ նա ներկայացաւ փաշային, եւ յայտնելով այն վտանգը, որ սպառնում է Աղբակայ հայերին, խնդրեց, որ իրան թոյլ տան՝ տեղային բնակիչներից կազմել մի գունդ՝ երկիրը քրդերի եւ բաշիբօզուկների ասպատակութիւններից պաշտպանելու համար: Բայց նրա խնդիրը չընդունվեցաւ, նրան պատասխանեցին, թէ «կառավարութիւնը ինքն ամեն խընամքներ գործ է դրել երկրի հանգստութիւնը պահպանելու համար:» 

Նա ինքը շատ լաւ էր հասկանում այս խօսքերի նշանակութիւնը եւ վերադարձաւ Վանից առանց բաւականութիւն ստանալու: Եւ այս էր պատճառը, որ մենք առաջին անգամ հանդիպեցինք նրան Խօշաբայ ձորում, միայնակ Վանից դառնալիս, տխուր եւ յուսահատ: 

Բայց նրա եռանդը դեռ բոլորովին չէր թուլացել: Երբ մտաւ Աղբակ, կրկին փորձեց իրագործել իր նպատակը: Նա դիմեց մի քանի քահանաների, վարդապետների եւ տանուտէրների, աշխատում էր նրանց համոզել, թէ պէտք է զինւորել ժողովուրդը գալոց վտանգի առաջը առնելու համար: Ջալալէդդինը դեռ այն ժամանակ չէր սկսել իր արշաւանքը, բայց ամեն տեղ սկսվել էին նկատելի լինել քրդերի բարբարոսութիւններն: Նա օրինակ էր բերում իրանց դրացի Ջօլամէրիկի ասօրիներին, որոնք զինուորված էին եւ ոչ մի քուրդ նրանց երկիրը ոտք կոխել չէր կարողանում, եւ ոչ ինքը կառավարութիւնը կարողացաւ նրանց զինաթափ առնել. որովհետեւ պատասխանում էին, թէ մենք պէտք է որ մեր գլուխը պահենք, երբ որ կառավարութիւնը մեզ պահպանելու շնորհք չունի: Նա այսպիսի շատ օրինակներ էր բերում, քաջալերական խրախոյսներ էր տալիս, յորդորում էր եւ ուրիշ շատ բաներ էր ասում…։ Բայց քահանաները, վարդապետները եւ ժողովրդի իշխանները նրան յիմարի եւ խելագարի տեղ էին դնում…: Այս աւելի վշտացրեց նրան, քան թէ փաշայի խաբէութիւնը, եւ այն ժամանակ նա աւելի համոզվեցաւ, թէ այդ ժողովուրդն ինքն է դատապարտել իրան մի ցած ստրկութեան, թէ նա ինքն է պատրաստել իր համար մի այնպիսի թշուառ ներկայ… 

Այն օրից, որ բաժանվել էր նա իր ընկերներից, նրանց մասին տեղեկութիւն չունէր, եւ չը գիտէր, թէ ո՞րտեղ մնացին կամ ի՞նչ շինեցին: Միայն այն օրը մի պայմանեալ օր էր, որ նրանք ամեն կողմից պէտք է հաւաքվէին «քանդված մատուռի» մօտակայքում, եւ ինքն այնտեղ գնալով, պէտք է տեսնուէր իր ընկերների հետ: Բայց գերեվար քարաւանի անակնկալ հանդիպումը նրան ստիպեց ուղարկել իր հաւատարիմ Մըստօին նրանց կանչելու Սախկալ-Թութան կիրճի մօտ, որտեղ գուցէ կարողանային ազատել թըշուառ գերիներին: 

Մըստօի ձեռնարկութիւնը անպտուղ չը մնաց. նշանակած ժամում Սարհատի ամբողջ խումբը պատրաստ էր Սախկալ-Թութանի մօտ, Ինքը նոյնպէս հասաւ այնտեղ: Տեսնելով իր ընկերներին, նա համբուրվեցաւ բոլորի հետ, ասելով. 

—Ուրախ եմ, որ ամենիդ մարմնով առողջ եմ գտնում, թէեւ համոզված եմ, որ սրտով ձեզանից ամեն մէկը վիրաւորված է, վշտացած է, տեսնելով այնքան աւերածներ եւ կոտորածներ, որ գործել է բարբարոս ձեռքը: Բայց այսօր մի գեղեցիկ դէպք առիթ կը տայ ձեզ գործ դնել ձեր քաջութիւնը, եւ դրա համար էլ կանչեցի ձեզ: Մենք 14 հոգով գործ պէտք է ունենանք աւելի քան յիսուն հոգի վայրենի Հարտօշիների հետ: 

—Մըստօն բոլորը պատմել է մեզ, պատասխանեց քահանան, որին այժմ կոչում էին Դալի-Բաբայ:1

—Այս խաչով (նա ցոյց տուեց իր սուրը) Հարտոշիների գլխին մի լաւ «պահպանիչ» կը կարդամ: 

—Դէպքը, իրաv, գեղեցիկ է, այս կիրճի մէջ մի զուարճալի խաղ կունենանք Հարտշիների հետ, ասաց ոգեւորված վարժապետը, որին այժմ կոչում էին Քիթաբ-Դալիսի:2

—Հարտօշիների հետ լա՛ւ է գործ ունենալ նեղ ծակերում. այդ անիծվածները իրանց բերաններից էլ են կրակ փչում, ասաց սասունցի Յարօն, որին կոչում էին Սասուն Այըսը, այսինքն՝ Սասունի արջ: 

—Այդ դատարկախոսութիւններով ժամանակ ենք կորցնում, Հարտօշիները հեշտ ուտելու պատառ չեն… նկատեց զէյթունցի Ներսօն, որին կոչում էին Զէյթուն-Քայասը, այսինքն՝ Զէյթունի Ժայռ: 

—Իրաւ, ժամանակը թանկ է մեզ, խօսեց Սարհատը.—մտածենք գործի վրա: Հարտօշիները ձեզ յայտնի են իրանց քաջութեամբ, նրանց հետ երեխայի խաղ ունենալ անմտութիւն է: Մեզ կը նպաստէ միայն տեղը եւ դիրքը, եւ այս պատճառով ես ընտրեցի այս կիրճը: Ձեզանից ամեն մէկը թաքնված կը լինի քարաժայռերի ետեւում եւ այնքան կը սպասէ, մինչեւ ամբողջ քարաւանը կը լցվի կիրճի մեջ. այն ժամանակ դուք պէտք է բաժանվեք երկու մասն, եօթ հոգի պէտք է փակէ կիրճի մուտքը, իսկ եօթ հոգի՝ նրա ելքը: Մենք 14 հոգի ենք: Ես կը տամ յարձակողական նշանը բազէի ձայնով: Աշխատեցեք, որքան կարելի է, հեռու մընալ արիւնհեղութիւնից: Խօսեցէք միշտ Ռաւանդների բարբառով, որովհետեւ Ռավանդները Հարտօշիների հետ մի թշնամի ցեղ են. թող նրանք կարծեն, թէ գործ ունեն Ռավանդների հետ: Եթէ անձնատուր եղան, պայմանների մասին կը խօսեմ ես: Յարձակումները միշտ մի տեղից կամ մի կողմից չը պէտք է լինեն, շուտ շուտ փոխեցէք ձեր դիրքը, որ թշնամին կարծէ, թէ բազմաթիւ էք: Փախչելու աշխատողներին իսկոյն ծակեցէք, որ ուրիշ տեղ խաբար չը տանեն: 

Սախկալ-Թութանը այն սարսափելի կիրճերից մէկն էր, որի նմանը շատ անգամ հանդիպում է Հայաստանի լեռներում. նրա աջ եւ ձախ կողմերից սեպացած ժայռերը պարսպաձեւ բարձրանում էին, մեջտեղում թողնելով մի նեղ անցք, որի միջով քարաւանը անցնելու համար հարկաւոր էր, որ բոլոր գրաստները մինը միւսի ետեւից շարուած լինէին, որովհետեւ մօտեմօտ գնալու համար բաւական նեղ էր ճանապարհը: 

Նրանք գտան քարաւանը այս դրութեան մէջ շարված կիրճի մուտքից սկսյալ մինչեւ նրա ելքը: Հոգնած քարավանը խիստ դանդաղ էր ընթանում: Սարհատը գործն այնքան ետ ձգեց, մինչեւ արեւը մտավ եւ բոլորովին մթնեց: Բայց լուսնյակ գիշեր էր: Այնուհետեւ նա, վեց հոգի իր հետ առնելով, կտրեց կիրճի ելքը. իսկ վեց հոգի Դալի-Բաբային յանձնելով, պատվիրեց կտրել կիրճի մուտքը: Քարավանը մնաց մեջտեղում նեղ փապարում լցված: Քարաւանը նո՛յն դրութեան մեջ էր գտնվում, որպէս թէ ածած լիներ մի հսկայական խողովակի մէջ, որի երկու ծայրերը փակված էին: 

Բազէի սուր եւ ձգական ձայնը հնչեց, որպէս թէ մօտենում է իր որսին: Զանազան տեղերից լսելի եղան հրացանների որոտմունքներ: Կիրճի մէջ սկսվեց մի աղմկալի իրարանցում եւ բարձրացաւ խուլ դղրդիւն: Հարտօշիները կատաղած գազանների նման սկսեցին այս կողմ եւ այն կողմ վազվզել. բայց ամեն տեղ հանդիպում էին որոտացող կրակների: Առիւծը ընկած էր երկաթի վանդակի մէջ: 

Քուրդը վտանգի րոպէներում ցոյց է տալիս իր բնաւորութեան բոլոր վսեմութիւնը: Նա վիշապ է դառնում եւ կամենում է լեռները, ժայռերը կլանել: Կիրճի ահագին պարսպաձեւ շղթաները եւս ոչինչ էին թւում կատաղած Հարտօշիի աչքին. նա վագրի նման մագլցում էր սեպացած ժայռերը, որ վեր բարձրանայ եւ դէմ առ դէմ հանդիպի թշնամուն: Բայց բնութիւնը հաղթող էր հանդիսանում. վագրը սարսափելի բարձրութիւնից կրկին գահավիժվում էր, կրկին գլորվում էր ցած: 

Կիրճի մէջ քրդերի կատաղի աղաղակը, գերիների լացն ու կոծը, աջ եւ ձախ որոտացող կրակների բոմբիւնը, միախառնվելով, կազմում էին խիստ սոսկալի ներդաշնակութիւն: Կռիւը երկու կողմից եւս շարունակվում էր գազանային համառութեամբ: Քրդերը վճռել էին մինչեւ վերջին շունչը ընդդիմանալ: Այն ժամանակ բազէի խորհրդական ձայնը նորից երեք անգամ հնչվեցաւ. դա նշան էր, թէ պետք չէ գթալ: Գնդակները կարկուտի արագութեամբ սկսան թափվել կիրճի մէջ: 

Պարզ-լուսնային գիշերը բաւական նպաստում էր կռւին. եւ մեր քաջերը չէին վրիպում իրանց նետումներից, եւ կարողանում էին նշանի դնել քրդերին միայն եւ գերիներին չը վնասել: 

Մի ամբողջ ժամ եւս յուսահատական-յանդգնութեամբ կռուելուց յետոյ, քրդերի միջից լսելի եղաւ մի ձայն՝ «անձնատուր ենք լինում:» Այն ժամանակ Սարհատը բարձրացաւ մի քարի վրա եւ սկսեց վերեւից խօսել: 

—Աւելի լաւ կը լիներ, որ շուտ անձնատուր լինէիք, այն ժամանակ գոնե ձեր մեծ մասը կենդանի մնացած կը լինէր. դուք ձեր յամառութեամբ շատերին կոտորել տուիք: Վընասը մեծ չէ. քաջերի ճակատագիրն է այդ. գովում եմ ձեր յանդգնութիւնը: Հիմայ լսեցէք պայմանները.—դուք ամենքդ կմնաք կիրճի մեջ, բայց աւարը եւ գերիները բաց կը թողնէք իրանց գրաստներով: Մենք ձեզանից չենք խլի ձեր զենքերը եւ ձիերը. դրանք պէտք են ձեզ. միայն կողոպուտից ոչինչ չը պէտք է պահէք ձեզ մօտ: Դուք կը մնաք կիրճի մէջ եւ չէք շարժվի մինչեւ առաւօտեան լուսաբացը. այն ժամանակ ազատ էք, որ կողմ կամենաք, գնացէք:—Համաձա՞յն էք: 

—«Համաձայն ենք» լսելի եղաւ կիրճի միջից: 

—Ուրեմն, բա՛ց թողէք գերիներին եւ աւարը: 

Մի քանի ժամվայ մէջ կիրճը դատարկվեցաւ: Այնտեղ մնացին քսան հոգու չափ Հարտօշիներ միայն: 

—Դալի-Բաբայ, դարձաւ Սարհատը դէպի քահանան, քեզ հետ կը վեր առնես չորս հոգի եւ կը քշես քարաւանը դէպի Սալմաստ. մինչեւ արեւի դուրս գալը դուք կանցնէք Պարսկաստանի սահմանը, եւ Սալմաստում տեղային հայերի մօտ ողորմելիները ապահով կը լինեն, որովհետեւ այնտեղ են փախել բոլոր աղբակեցիք, որոնք ազատվել են քրդերի ձեռքից: Սալմաստը պարսից երկիր է, այստեղ տաճկաց քրդերը մուտք գործել չեն կարող: Լսի՛ր, ամենեւին ցոյց չը պէտք է տաս հայութիւնդ եւ գերիները չը պէտք է գիտենան, թէ ով ազատեց նրանց: Պարսից սահմանից դու կը դառնաս քո ընկերների հետ եւ մեզ կը գտնես Իրցի-ձորի մէջ, այն քարանձաւում, որ քեզ ծանօթ է: Իսկ ես այդ անպիտաններին կը պահեմ կիրճի մէջ, մինչեւ դուք բաւական կը հեռանաք, եւ արեւը դեռ չը ծագած, բաց կը թողնեմ: 

Դալի-Բաբան համբերութիւնը հատած, պատասխանեց.

—Անիծուած լինեմ, եթէ ես տէրտէր ժամանակս մի այսպիսի երկար քարոզ եմ տուել: Օրհնած, ի՞նչ ես ծանր ու բարակ ամեն բան այսչափ բըրթում. ես խօ նոր չեմ սովորում իմ գործը:

—«Ուրիշի խրատը լսիր, եւ իմացածդ էլ քեզ պահի՛ր» ասել են մեր պապերը, պատասխանեց Սարհատը ծիծաղելով:—Հիմայ գնացէ՛ք: Տէր ընդ ձեզ: 

Քարաւանը սկսեց շարժվել դէպի Սալմաստայ կողմը ազատված մարդու բոլոր արագութեամբ, որ դեռ նոր փախչում էր վտանգից: Գիշերային լռութեան մէջ լսելի էին լինում ջերմ օրհնութիւններ այն բազմաթիւ թշվառների բերաններից, որոնք արտասվալի աչքերով մերձենում էին դէպի իրանց ազատիչները…: 

Մի քանի օրից յետոյ ամբողջ Աղբակայ գավառում տարածվել էր մի այսպիսի լուր, թէ Հարտօշիները բերելիս են եղել ահագին աւար եւ գերիների մեծ բազմութիւն Շատախի կողմերից, եւ թե Ռավանդները վրա են թափվել եւ Սախկալ-Թութանի կիրճում խլել են Հարտօշիներից թէ աւարը եւ թէ գերիները, բայց ո՛ւր են տարել, յայտնի չէ։ Սարհատի եւ նրա խումբի մասին ոչինչ չէր խոսվում…: Քրդերի մէջ միմեանցից աւար եւ գերիներ խլելը այնքան սովորական էր, որ ոչ ոքին չը զարմացրեց յիշեալ լուրը, եւ հայերի վրա կասկածել անգամ չէին կարող, որովհետեւ հային անընդունակ էին համարում այդ գործին: Իսկ Սարհատի խումբը իրան ձեւացրել էր Ռաւանդների կերպարանքով, որ Հարտօշիների հետ ցեղական թշնամութիւն ունէին: 

Ծանոթագրություններ

  1. Դալի-Բաբայ նշանակում է գիժ հայր, այդ անունը յատկանիշ էր նրա տարապայման բնաւորութեանը, որ փոխել էր քրիստոնէական ներողամտութիւնը հին կտակարանի վրէժխնդրութեան հետ։
  2. Քիթաբ Դալիսի նշանակում է գրքից խելագարված։