Չորրորդ Հայքի Գրադարան . ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ . Չորրորդ Հայքի Գրադարան . ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ . Չորրորդ Հայքի Գրադարան . ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ . Չորրորդ Հայքի Գրադարան . ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ . Չորրորդ Հայքի Գրադար

Ջալալէդդին

(ՄԻ ՊԱՏԿԵՐ ՆՐԱ ԱՐՇԱՒԱՒԱՆՔԻՑ)

ԳԼՈՒԽ Ը

Հեղինակ՝ Րաֆֆի (1878)

Աղբակայ ամբողջ գաւառում ոչ մի հայ չէր մնացել. 24 գիւղեր բոլորովին աւերակ եւ դատարկ էին. բնակիչներին մասամբ կոտորել էին եւ մասամբ գերի էին տարել քրդերը, իսկ մնացածները փախել էին Պարսից սահմանակից Սալմաստ եւ Սօմայի գաւառները, ապաստանելով տեղային հայերի մօտ: Արշաւանքը այն աստիճան անակնկալ եւ յանկարծակի էր եղել, որ փախստականներն հազիւ կարողացել էին ազատել իրանց թշուառ գլուխը, իսկ տուն, տեղ, կայք եւ անասուն, բոլորը թողել էին թշնամուն: 

Ջալալէդդինի արշավանքը նման էր մի սարսափելի հեղեղի, որ միանգամով չէր վերջանում, որ գալիս է, յետոյ ընդհատվում է, եւ կրկին կատաղի հեղեղը սաստկանում է նոր եւ նոր յորձանքներով: Նա սկզբում իր հետ ունէր հինգ հազար ձիաւոր միայն, որոնցմով դուրս եկաւ Աղբակից, դիմում էր դէպի Բայազէդ, որ կողմով եւ անց էր կենում, թողնում էր իր ետեւից աւերակներ եւ ամայութիւն: Եվ այնուհետեւ, նրա արշաւանքի ձայնը լսելով հեռաւոր տեղերի քրդերը, խումբերով դուրս էին գալիս, եւ դիմում էին դէպի իրանց առաջնորդի բանակը: Այս վերջինները լրացնում էին, ինչ որ պակաս էր թողել Ջալալէդդինը: Հեղեղի յորձանքը այսպէսով կրկնվում էր, եւ մի եւ նոյն երկիրը մի քանի անգամ ենթարկվում էր ասպատակութիւնների: 

Ջալալէդդինը, որպէս շէյխ եւ զօրավար, միայն էր, որ յանձն առեց քրդերի գլխաւորութիւնը, առաջնորդելու նրանց դէպի պատերազմի դաշտը: Բայց քրդերին առաւելապէս գրգռող եւ նրանց կատաղութիւնը ոգեւորող էր մի ուրիշ շէյխ, որն իր տեղից չէր շարժվել, որն ամբողջ Քուրդիստանի հոգեւոր գլուխն էր համարվում, եւ ներգործում էր իր սրբազան թղթերով քրդերի գարայբէկիների, ղազիների եւ մուֆթիների վրա: Դա Շէյխ Իբադուլլահն էր: Այդ քրիստոնէութեան երդուեալ թշնամին թոյլ էր տուել ամեն տեսակ անգթութիւններ, եւ հրամայել էր ամենեւին չը խնայել…: 

Պատերազմի ժամանակ որպէս քրդերի, նոյնպէս եւ բոլոր մահմետական ցեղերի սպառազինութեան պատճառը լինում է՝ կոյր մոլեռանդութիւնը մի կողմից եւ կողոպուտի ու հափշտակութեան ծարաւը, միւս կողմից: Նրանց մէջ խաղ են առնում երկու կրքեր՝—հոգեւոր եւ նիւթական. առաջինը լցուցանում է նա ոչ-մահմետականներին մորթելով, իսկ երկրորդին բաւականութիւն է տալիս նրանց կայքը եւ հարստութիւնը յափշտակելով: Եւ այս պատճառով Ջալալէդդինի զօրքը խիստ դանդաղ էր ընթանում. նա մի կողմից պէտք է հնձեր, բայց իր հունձքը իր հետ տանել չէր կարող,—միւս կողմից, հարկաւոր էր հունձքը տանել, հասցնել իրանց բնակութեան տեղերում, եւ նորից վերադառնալ ու միանալ բանակի հետ եւ շարունակել ընթացքը դէպի Բայազէթ: Այս էր նրա զօրախումբի անդադար բաժանման եւ կրկին միաւորութեան պատճառը: Ջալալէդդինը իր ճանապարհը մաքրելով էր առաջ ընթանում դէպի Բայազէթ: 

Բայց չէ կարելի միանգամայն ուրանալ քրդերի մէջ ազնիւ մարդիկ. նրանց մէջ կային եւ այնպիսիներն, որոնք զուրկ չէին բարի զգացմունքներից, որոնք չէին մասնակցում վատ գործի: Այս տեսակ մարդերից մէկն էր Օմար-աղան, իր հօտերով եւ երամակներով հարուստ քուրդը, որը մի փոքրիկ ցեղի գլխաւորն էր: Նա չը մասնակցեց Ջալալէդդինի արշաւանքին: Եւ լսելով անգութ ծերունիի դիտաւորութիւնը, նա յառաջագոյն եկավ Բարդուղիմէոս առաքեալի վանքը, եւ յայտնեց վանահայր Եղիազար վարդապետին. թէ մի քանի օրից յետոյ ի՜նչ դառն վիճակ էր սպասում Աղբակայ հայերին: Նա խորհուրդ տուեց վանահօրը, օգուտ քաղել վանքի անմատչելի ամրութիւններից, եւ այդ նուիրական բերդը ընտրել որպէս մի պաշտպանողական դիրք, եւ այնտեղ հաւաքելով շրջակայ հայոց գիւղօրայքի հարստութիւնները,—այնտեղից ընդդիմանալ թշնամուն: Օմար-աղան խոստացաւ, ինքն էլ միանալ վանահօր հետ եւ իր խոստմունքը կատարեց գործով. որովհետեւ նա էլ երկիւղ ուներ Ջալալէդդինից, եւ նրա արշաւանքին չը մասնակցելու համար, վախենում էր ենթարկվել շէյխի վրեժխնդրութեանը: Եւ այս պատճառով իր տան հարստութիւնը նա հաւաքեց վանքի մէջ, եւ իր մարդիկներով պատրաստ էր հարկաւորած ժամանակ, միանալով հայերի հետ, ընդդիմանալ թշնամուն: 

Եղիազար հայր սուրբը ընդունեց իր վաղեմի բարեկամի՝ Օմար-աղայի խորհուրդը, որի հավատարմության վրա կատարյալ վստահություն ուներ, եւ Բարդուղիմեոս առաքյալի վանքի շրջակա հայոց գյուղորայքի թե՛ բնակիչներին եւ թե՛ նրանց կայքը ու անասունները հավաքել տվեց վանքի մեջ: 

Բարդուղիմեոս առաքյալի վանքը այն հնադարյան վանքերից մեկն էր, որ իր գոյությունը պահպանում էր Լուսավորչի ժամանակներից: Ամբողջ տասն եւ վեց դար, պատերազմելով բնության խստությունների եւ բարբարոս ձեռքերի դեմ, այդ վանքը կանգնած էր, որպես մի հսկայական հիշատակարան կրոնասեր հայի նախկին ճարտարապետության: Նա վկա է եղել բազմաթիւ եղեռնական անցքերի. նա տեսել էր կրակապաշտ պարսիկների, արաբների եւ մոնղոլների բոլոր անգթութիւնները: Նա իր հոյակապ կողքերի վրա կրում էր բազմաթիւ հիշատակարաններ, թէ քանի՜քանի՜ անգամ կործանուած է եղել, եւ կրկին հայկական ջերմեռանդութիւնը նորոգել է նրան: 

Այդ վանքը բաւական ամուր դիրք ունի. նա կառուցուած է մի բլուրի բարձրաւանդակի վրա, որի գագաթը արհեստական բանուածքով ավելի եւս բարձրանալով, նրա վրա դրած է վանքի հիմնարկութիւնը: Բլուրի երեք կողմից շրջապատում է ահագին խորութեամբ մի ձոր, որի միջով հոսում է Տիգրիսի վերին ճյուղերից մէկը, որ սովորաբար կոչվում է «Վանքի գետ:» Բլուրի չորրորդ կողմը միանում է մի լեռնային թեւքի հետ, որի վրա դրած է մի հայոց գիւղ, որը վանքի սեփականութիւնը լինելով, կոչվում է «Վանքի գիւղ» եւ նա հարիւր քայլ հազիւ հեռու կը լինի վանքից: 

Վանքը պատած է պարիսպներով եւ աշտարակներով. նա ունի իր մէջ, բացի հոյակապ տաճարից, շատ խուցեր միաբանութեան համար եւ շատ ուրիշ ծածկոցներ վանքային տնտեսութեան, մշակների եւ անասունների համար: Երբ որ Ջալալէդդինի արշաւանքի ձայնը հասաւ այս կողմերը, վանքի օթեւանները լիքն էին Աղբակայ բնակիչներով, իսկ նրանց թանկագին հարստութիւնները պահված էին տաճարի գաղտնի պահարաններում: Եւ «Վանքի գիւղում» հաւաքել էին նրանց անասունները: 

«Վանքի գետը» որ հոսում էր ձորի միջով, իր եզերքում թողնում էր բաւական ընդարձակ եւ հարթ տարածութիւն, որ պատած էր խոտով, եւ ներկայացնում էր մի կանաչազարդ հովիտ, որ գարնան սկզբում վառվում էր դեղնագոյն ծաղիկներով: Այս մարգագետինների վրա արածում էին վանքին պատկանող ձիաների երամակները: 

Մի առաւօտ սարսափելով նկատեցին, որ յիշեալ հովտի վրա, գետի ափերի մօտ, կազմված էին բազմաթիւ վրաններ: Քրդերի խաշնարածները իրավունք չունեին վանքի մօտ, նրա կալվածների վրա զետեղել իրանց չադրները. ուրեմն դրանք լինելու էին այն ինքնակոչ հիւրերը, որոնց սոսկալի երկիւղով սպասում էին վանականները: Ամենքը մեծ տագնապի մէջ ընկան: Ամեն կողմից ոչխարներ, կովեր եւ երկրագործական անասուններ սկսեցին քշել դէպի գիւղը: Տագնապը աւելի մեծացաւ, երբ մի հովիւ լուր բերեց վանահօրը, թէ Ջալալէդդինը բազմաթիւ քրդերով իջեւանել է վանքի մարգերի վրա: 

Վանահայր Եղիազար վարդապետը մի վիթխարի մարդ էր, Թէեւ ծերացած, թէեւ նրա ականջները ծանր էին լսում, բայց անդադար գործ ունենալով քրդերի հետ, որպէս ասում են, նա «կէս քուրդ» էր դարձել, այսինքն՝ աներկիւղ այրական սիրտ էր ստացել: Երբ լսեց հովիւի բերած լուրը, նա ամենեւին չը զգաց այն յուսահատական երկիւղը, որ տիրում է թուլասիրտ մարդերին վտանգի րոպե՚էներում: Վանահայրը նոյն միջոցում նստած էր իր փոքրիկ խուցի մէջ եւ նրա մօտ գտանվում էր մի քուրդ իշխան բաւական համակրական դէմքով: Վերջինը Օմար-աղան էր: Երկուսն էլ դուրս գնացին, երբ լսեցին հովիւի խօսքերը: Նրանք դիմեցին դէպի վանքի արեւելեան պարսպի կողմը, որտեղից երեւում էր շէյխի բանակը: Թէ վանահայրը եւ թէ քուրդ ազնուականը, դիտակները ուղղելով դէպի բանակը, մի քանի րօպէ շարունակ նայում էին: 

—Նա է, ասաց Օմար-աղան վրդովված ձայնով.—ծերունի աւազակը բաւական բազմութիւն է հաւաքել իր շուրջը: 

—Ի՞նչ պէտք է արած, հարցրուց վանահայրը ոչ սակաւ խռովութեամբ: 

—Ուրիշ հնար չը կայ, պատասխանեց քուրդը այժմ աւելի սառն կերպով.—դուք պատվիրեցէք ժողովրդին հավաքվել վանքի պարիսպների մէջ, դռները փակել տուէք. վանքը բաւական ամուր է պաշտպանվելու համար: 

—Ես էլ այսպես եմ մտածում, պատասխանեց վարդապետը.—ես վանքի պահարաններում բաւական հրացաններ եւ վառօդ ունեմ թաքցրած, զգուշութեան համար վաղուց պահում էի ինձ մօտ. հիմայ հանել կը տամ. պէտք է բաժանել, որոնք նետելու շնորք ունեն. ես ճանաչում եմ շատերին մերիններից, որ այդ գործին ընդունակ են: 

—Իմ մարդիկներն էլ շուտով կը գան, ասաց քուրդը.—ժամանակ կորցնել պէտք չէ, ինչ որ անելու էք, մի՛ ուշացրէք: 

Վանահայրը հեռացաւ հարկաւորած պատրաստութիւնները կարգադրելու: Բայց Օմար-աղան դեռ կանգնած էր առաջվայ տեղում եւ դիտակը ձեռին նայում էր: Քրդերի մէջ շատ աղանդներ կան. այդ մարդը պատկանում էր մի աղանդի, որ հակառակ էր շէյխի դաւանութեանը: Աղանդների տարբերութիւնը նոյն ազդեցութիւնն ունի քրդերի վրա եւ նոյն խտրութիւններն է ձգում նրանց մէջ, որպէս ցեղական տարբերութիւնները, մանաւանդ երբ յարաբերութիւնները կըտրված են լինում թշնամական հանգամանքներով: Օմար-աղայի ցեղը այսպիսի պատճառներով բաժանված էր այն ցեղերից, որ հաւաքվել էին շէյխի շուրջը: 

Բայց վանահօր դիտաւորութիւնը սաստիկ արգելքների հանդիպեցաւ ժողովրդի կողմից. ոչ ոք չը ցանկացաւ համաձայնվել նրա հետ.—«Մեզ ամենիս կը կոտորեն, ասում էին նրանք,—ո՞ւմ վրա ենք ձեռք բարձրացնում. քրդի մի մազին դիպչել անկարելի է. մեզ կենդանի կայրեն, մեր որդիքը, մեր կանայքը կը կոտորեն: Մենք նըրանց չենք ընդդիմանայ, թո՛ղ գան, ինչ որ ուզում են թո՛ղ տանեն, միայն մեզ եւ մեր որդիներին խնայեն…:

—Կը գան, ձեր բոլոր ունեցածը կը տանեն եւ ձեզ ու ձեր որդիներին չեն խնայի… ասում էր վարդապետը արտասուքը աչքերում:—Ինձ ականջ դրէ՛ք. մեր սուրբ վանքը կը պահպանե մեզ. մեր հոյսը թող նրա վրա դնենք…: Մեր մէջ շատ տղամարդեր կան… Օմար-աղան էլ մեզ հետ կը լինի…: 

Բայց ոչ ոք չէր ուզում լսել նրան: 

—«Անկարելի բան է, գոռում էր ամբոխը.—եթէ դու ուզում ես մեզ փրկել, վեր առ քեզ հետ տէրտէրներին եւ տանուտէրներին, գնա՛ շէյխի մօտ, նրա ոտները համբուրի՛ր, աղաչիր, պաղատիր, ասա՛, ինչ որ ուզում է, կը տանք, միայն թէ մեզ կենդանի թողնէ…: 

Քաջասիրտ վարդապետը շատ խօսեց, երկար յորդորում էր եւ խրախուսում էր, բայց թուլասիրտ եւ ստրկացած ամբոխը չընդունեց նրա խորհուրդը: Վերջը նա ստիպված եղաւ առնել իր հետ մի քանի ծերունիներ եւ քահանաներ, ու դիմել շէյխի մօտ: 

Այն ժամանակ Օմար-աղան մօտեցաւ նրան, եւ ասաց այս խօսքերը. 

—Ես գիտէի, որ այսպէս կը լիներ…բայց դու զուր ես գնում. քեզ կը բռնեն կը պահեն, եւ գուցէ կը սպանեն…: 

—Պիտի գնամ, ճար չունեմ, թող սպանեն…ասաց վշտացած վարդապետը:—Ժողովուրդը ինձ հանգիստ չէ թողնում…։ 

—Ինձ այսուհետեւ աւելորդ է այստեղ մնալ…ասաց քուրդ ազնուականը: 

—Ես էլ խորհուրդ չէի տայ մնալու համար, պատասխանեց վանահայրը.—գնացէք, Տէր ընդ ձեզ. միայն ընդունեցէք կատարել իմ վերջին խնդիրքը. առէք այդ բանալին, նոյն պահարանի մէջ, ուր թաքցրել եմ ձեր կայքը, այնտեղ երկու արկղներում պահված են վանքի սրբութիւնները. տարէք ձեզ հետ, թող աւազակների ձեռքը չընկնեն:—Դուք միշտ այնքան հավատ էք ունեցել դեպի մեր վանքը, որ ոչ մի քրիստոնեայ չէ ունեցել: 

—Կը տանեմ, միամիտ կացեք, պատասխանեց քուրդը:—Բայց դուք վեր առեք ձեզ հետ իմ մարդերից մէկը. նա հեռուից կը հետեւի ձեզ. եւ եթէ ձեզ բռնելու կամ պահելու լինեն, նա ինձ իմացում կը տայ: 

Վանահայրը համբուրվեցաւ իր բարեկամի հետ եւ սկսեց դիմել շէյխի բանակը: Նա ամենեւին յոյս չունէր, թէ կը վերադառնայ այնտեղից եւ միւս անգամ կը տեսնի իր բարեկամին: 

Նոյն միջոցում հասան Օմարի մարդիկը, բերելով իրանց հետ երեսունի չափ աւելորդ ձիաներ, եւ նա բարձել տուաւ իրան պատկանող իրեղենները, որ քանի օր առաջ ապահովութեան համար բերել էր այնտեղ. նա չը մոռացաւ իր հետ վեր առնել եւ այլ երկու արկղներ, որոնց մասին խնդրել էր վանահայրը: Երբ նա բոլորովին պատրաստ էր, դռնապանը բացեց պարսպի գաղտնի դռները, եւ ազնիւ քուրդը խիստ տխուր սրտով համբուրեց տաճարի սուրբ սեղանը, եւ հեռացաւ վանքից: 

Վանահայր Եղիազար վարդապետը գնաց շէյխի բանակը, եւ այլ եւս չը վերադարձաւ այնտեղից… 

Մի քանի ժամից յետոյ քրդերը խումբ-խումբ մտան նախ «Վանքի գիւղը», առաջ սկսեցին անասունները դուրս քշել, յետոյ տները դատարկեցին, եւ նրանց մէջ գտնված իրեղենները բառնալով գրաստների վրա, ճանապարհ դրին: Երբ գիւղի հետ իրանց հաշիւը վերջացրել էին, մտան վանքը. այնտեղ էր ամբարված շրջակայքի բոլոր հարստութիւնը.—սկսեցին դուրս կրել: Ողորմելի ժողովրդի լացն ու կոծը, նրանց դառն աղաղակները ամենեւին չէին ազդում յափշտակիչների անգութ սրտերին… ամենափոքր ընդդիմադրութիւնը պատասխանվում էր սրով եւ ատրճանակով…: 

Ահա՛ այս սարսափելի անցքը անցել էր, որ Սարհատի խումբը, Սախկալ-Թութանի քաջագործութիւնից յետոյ, մի գիշեր դիմեց դէպի Բարդուղիմէոս առաքեալի վանքը: 

Ի՞նչ էր որոնում թշուառ երիտասարդը այն կիսով չափ կործանված եւ դատարկված վանքի մեջ…: