Չորրորդ Հայքի Գրադարան . ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ . Չորրորդ Հայքի Գրադարան . ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ . Չորրորդ Հայքի Գրադարան . ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ . Չորրորդ Հայքի Գրադարան . ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ . Չորրորդ Հայքի Գրադար

Ջալալէդդին

(ՄԻ ՊԱՏԿԵՐ ՆՐԱ ԱՐՇԱՒԱՒԱՆՔԻՑ)

ԳԼՈՒԽ Թ

Հեղինակ՝ Րաֆֆի (1878)

Մութ գիշեր էր: Ամպամած երկնքի վրա ոչ մի աստղ չէր երեւում. երկինքը ու գետինքը, կարծես, միացած էին թանձր-սեւաթոյր զանգուածով: Ամեն ինչ լուռ էր. միայն գիշերային սառն քամին գուշակում էր մրրիկ եւ անձրեւ: Հեռաւոր լեռների վրա կայծակը երբեմն փայլատակում էր, եւ որոտման խուլ ձայնը մանր դղրդիւններով տարածվում էր խաւարի մէջ թաքնված սարերում: 

Գիշերային այս սոսկալի պահուն մի քանի ստուերներ, թափառաշրջիկ ու թուականների նըման, խաւարի մէջ շարժվում էին. նրանք միացան, մի փոքրիկ խումբ կազմեցին, կարծես, մի բանի վրա խորհելու համար. յետոյ կրկին բաժանվեցան եւ առանձին-առանձին սկսեցին դիմել դէպի Բարդուղիմէոս առաքեալի վանքի գիւղը, որ համարեա թէ վանքի մօտումն էր: 

Գիւղը նոյն ժամուն խաւար եւ լուռ էր, եւ մի ընդարձակ գերեզմանատան նման, ամեն շարժում, ամեն կենդանություն հանգչել էր այնտեղ: Բայց մի տեղից միայն երեւում էին լոյսի նշոյլներ. դա վանքի հսկայական շինվածքն էր, որ կանգնած էր բարձր բլուրի գլխին, որի շուրջը բացվում էր մի խորին անդունդ, որ կորած էր մթութեան մէջ. միայն այնտեղից հոսող գետը իր զայրացած գոռում-գոչումներով վրդովում էր տիրող լռութիւնը: 

Եթէ մի մարդ նոյն ժամում մտնելու լինէր յիշեալ շինութեան մէջ, որտեղից լոյս էր նշմարվում, նրա աչքերի առջեւ ներկայանալու էր մի այսպիսի տխուր տեսարան.—գեղեցիկ տաճարը բոլորովին մերկացել էր իր փառահեղ զարդարանքից, նրա հոյակապ կամարների ներքոյ տիրում էր դատարակութիւն միայն. ոչ խաչեր, ոչ գրքեր, ոչ պատկերներ, ոչ ջահեր, ոչինչ չէր երեւում. սուրբ սեղանը ներկայացնում էր սպանդանոցի նման մի բան, որ շաղախված էր արիւնով…: 

Տաճարի մի կողմում կապած էին ձիաներ, որ խոտ էին ուտում. իսկ միւս կողմում նստած էին մի խումբ քրդեր: Մէջտեղում վառվում էր մի ահագին խարոյկ: Տաճարի մէջ գտնված փայտեղենները—աթոռները, գրակալները, դռները—հետզհետէ ջարդում էին եւ ձգում խարոյկի վրա, բոցերը սաստկացնելու համար: Կրակի մէջ դրած էին մի քանի շամփուրներ եւ պղնձէ թասեր, որոնք այն աստիճան շիկացել էին, որ հազիւ որոշվում էին կարմրած ածուխներից: 

Կրակից ոչ այնքան հեռու, թեւքերը եւ ոտները չվաններով կապկապած մերկ սալահատակի վրա, ընկած էին մի քանի մարդիկ, եւ սարսափելի խռովութեան մէջ սպասում էին մի դառն ճըգնաժամի: Եթէ մի մարդ կը ցանկանար տեսնել գեհենի դատապարտեալների յուսահատական երեսները, —այդ թշուառների դէմքը նոյն օրինակն էր կրում: 

Նրանցից փոքր ինչ հեռու, խառնիխուռն կերպով, դիզված էին զանազան իրեղեններ, որ կացուցանում էին վանքի անոթեղենները եւ նրա նուիրական կարասիքը: 

Քրդերից մէկը վերկացաւ եւ մօտեցաւ կապվածներին այս խօսքերով.

—Ասացէ՛ք, անհաւատներ, էլ ի՞նչ ունէք թաքցրած. ասացէ՛ք, մի պահէք, թէ չէք ուզում շան նման սատկել: Տեսնում է՞ք այն կարմրած շամփուրները.—ձեզ համար են պատրաստված: 

—Աղայ, քո ոտներին մատաղ լինե՜նք, պատասխանեցին կապվածները ողորմելի ձայնով.—հենց էն էր, ինչ որ կար. էլ ուրիշ ոչ ինչ չէ մնացել. եթէ մի բան պահած լինենք, թո՛ղ Աստուած մեր աչքերը քոռացնէ, թո՛ղ մեր հոգին դժոխքի բաժին լինի: 

—Սո՛ւտ եք ասում, անիծված շներ, գոռաց քուրդը.—այդ վանքում մի թագաւորի հարստութիւն կար. ի՞նչ եղաւ: 

—Աղայ, քո ոտների հողը դառնանք, խղճա՜ մեզ, մի՛ սպանիր… Թո՛ղ Աստուած մեզ փչացնէ, եթէ մեր լեզուից սուտ խօսք դուրս գայ:—Այս էր, ինչ որ մնացել էր. բոլորը տարան, ոչինչ չը թողեցին…: Դուք լաւ գիտէք, այս մի քանի օրում այս վանքը քանի՜ քանի՜ անգամ կողոպտվեցաւ… ծով լինէր կը ցամաքէր, սար լինէր կը հալվէր…: 

Խօսող քուրդը, որ իր խմբի գլխաւորն էր երեւում, դարձաւ դէպի ընկերներից մէկը.

—Այս գաւուրները մինչեւ շամփուրների համը չը տեսնեն, ուղիղը չեն ասելու: Բերեցէ՛ք: 

Քրդերից մի քանիսը մօտեցան կապվածներին եւ սկսեցին մերկացնել նրանց, իսկ մի քանիսն էլ կրակից դուրս բերեցին կարմրած շամփուրները: 

—Սկսեցէ՛ք, հրամայեց առաջին խօսողը.—միայն խաչի ձեւով, դրանք շատ են սիրում խաչը: 

Դահիճները սկսեցին կարմրած շամփուրներով խաչաձեւ դաղել կապվածների մերկ կուրծքը եւ նրանց մարմինի ուրիշ մասերը: Կրակի նման շիկացած երկաթը այրում էր եւ ջըզ-ջըզալով խրվում էր կենդանի մսի մէջ… եւ մուխը ճենճային խանձահոտութեամբ վեր էր բարձրանում: Մի փոքր սառած երկաթները կրկին կըրակի մէջն էին դնում եւ վեր էին առնում նորերը: Դժոխային գործողութիւնը շարունակվում էր: Թշուառները հառաչում էին, մրմնջում էին, եւ ցավալի ձայներ էին հանում…: 

—Մի՛ անգամով մորթեցէ՛ք, սպանեցէ՛ք, ի սեր Աստուծոյ, թո՛ղ շուտ մեռնենք, գոռում էին նըրանք: 

Այսպէս անդադար մրմնջում էին ողորմելիները, բայց գործողութիւնը դեռ շարունակվում էր, մինչեւ այլեւս հասկանալի չէին լինում նրանց խօսքերը, միայն լսելի էին լինում խուլ հառաչանքներ…: 

—Բաւական է, հրամայեց խմբի գլխաւորը եւ դարձաւ դէպի կապվածներից մէկը, որին դեռ ձեռք չէին տուել: 

Այս թշվառականը քահանայ էր:

—Քեզ պահեցինք վերջումը, որ քո տանջանքը աւելի փառաւոր լինի, ասաց քուրդը հեգնական եղանակով:

—Տեսնում ես կրակի մէջ այն կարմրած պղնձե թասը. նա թագի շատ նմանութիւն ունի. նրանով պիտի պսակեմ քո գլուխը, որովհետեւ քահանայ ես: 

Քահանան, շարժված կրօնական զգացմունքով, պատասխանեց. 

—Իմ Տէրը փշեայ պսակ կրեց, իսկ նրա ծառան սիրով կընդունի պղնձէ թասը…: Բայց միտքդ բեր, աղայ, որ վերեւումը Աստուած կայ, որն այս բոլորը տեսնում է, որ մեր ամենիս տէրն է. նա անպատիժ չի թողնի այն մարդուն, որը թափում է անմեղ արիւն: Ի՞նչու ես իզուր տանջել տալիս մեզ: Իմ ընկերները սուտ չասեցին, վանքումը ուրիշ ոչինչ չէ մնացել. ինչ որ կար, բոլորը տուեցինք ձեզ: Բոլոր գաղտնի պահարանները բաց արեցինք ձեր առջեւ: Եւ դուք այնքան անգութ եղաք, որ Բարդուղիմէոս առաքեալի սուրբ գերեզմանն էլ քանդեցիք, կարծելով թէ այնտեղ գանձ կայ թաքցրած:—Ինչ որ կար տարաւ Ջալալէդդինը, նրանցից յետոյ տասն անգամից աւելի քրդերը մտել են այս վանքը… դուք վերջինն էք…: 

—Սո՛ւտ ես խօսում, կեղծաւոր շո՛ւն, գոռաց գազանը.—բերէ՛ք թասը: 

Քրդերից մէկը ունելիքով դուրս հանեց կրակի միջից կարմրած թասը. քահանայի ալեզարդ գլուխը բաց արին, եւ պատրաստվում էին հրաշէկ արախչինը նրա գլխին դնել: Աստուծոյ սեղանի սպասաւորը նահատակի համբերութեամբ սպասում էր բարբարոսական գործողութեանը: Նա անմռունչ էր եւ լուռ. միայն նրա շրթունքները շարժվում էին, եւ օրհասական տագնապի մէջ խուլ կերպով աղօթում էր…: 

Յանկարծ որոտացին ատրճանակներ, եւ սուրբ տաճարը վառոդի ծխով լցվեցաւ: Սարսափը տիրեց բոլորի վրա: Քրդերից մի քանիսը գլորվեցան, ընկան, իսկ միւսներին բռնեցին զօրեղ բազուկներով եւ սկսեցին կապկապել: Այս բոլորը կատարվեցաւ մի քանի րոպէում եւ խորին լռութեան մէջ: Միայն քահանայի ձայնն էր լսելի լինում, որ ասում էր. 

—Ի սեր Ասաուծոյ, է մի՛ սպանէք, թողէ՛ք, ինչ որ կամենում են թո՛ղ անեն մեզ հետ. դրանց ձեռք մի՛ դիպցնէք. կը կոտորեն հայերին…: 

Ողորմելի քահանան, թէեւ չը գիտէր, թէ ովքեր էին այն յանկարծահաս փրկիչները, բայց վախենում էր, որ հայոց վանքի տաճարում կատարվելով այսպիսի սպանութիւններ, տեղային քուրդերի վրեժխնդրութիւնը կը հրաւիրէին ամբողջ հայերի վրա,—թէեւ քրդի սրտում մի այսպիսի կասկած երբէք ծնվել չէր կարող, թէ երկչոտ հայը կարող է մարդ սպանել…: 

Նոր եկաւորների երեսները բոլորովին կապած էին, միայն աչքերն էին երեւում: Նրանք հագնված էին քրդի հագուստով եւ խօսում էին քրդի լեզուով: Թւով շատ չէին նրանք, բայց այնպէս անակընկալ վրա տալով, կարողացան առաջիններից մի քանիսին սպանել եւ մնացածներին կապելով դուրս տանել: Ո՞ւր տարան յայտնի չէր: Միայն քառորդ ժամից յետոյ երկուսը կրկին վերադարձան, եւ արձակելով քահանայի ու նրա կիսակենդան ընկերների կապանքները, ասեցին նրանց. 

—Դեռ բաւական գիշեր կայ. մինչեւ արեւի ծագելը դուք կարող էք մօտենալ Պարսկաստանի սահմանին. այնտեղ ապահով կը լինեք: Այստեղ կան պատրաստի ձիաներ. բարձեցէ՛ք, ինչ որ հաւաքված է այստեղ, որ պէտք է քրդերը տանէին. եւ դուք նստեցէք նրանց ձիաները, շուտով ճանապարհ ընկէ՛ք: 

—Իմ ընկերների մեջ կեանք չէ մնացել, ասաց քահանան:

—Մեզանից երկուսը ձեզ հետ կը գան, պատասխանեցին անծանօթները:

Քահանան խոնարհվեցաւ եւ կամենում էր գրկել նրանց ոտքերը:

—Այդ հարկաւոր չէ, ասաց նրանցից մէկը, պատրաստվեցէք շուտ հեռանալու այստեղից: 

—Ես չը պէտք է գիտենամ ո՞վ է ազատում մեզ, հարցրուց քահանան: 

—Ո՛չ, դու չը պէտք է գիտենաս, ասացին նըրան: 

—Եւ ձեր ինչ ազգից լինե՞լը:

—Այս էլ պէտք չէ գիտենալ: 

Մի քանի րօպէի մեջ անծանոթները պատրաստեցին քրդերի ձիաները, որ կապած էին տաճարի մէջ եւ այնտեղ դիզված իրեղենները լցնելով խուրջինների մէջ, կապեցին նրանց վրա: Յետոյ կարմրած շամփուրներից վիրաւորված թըշուառներին նստացրին բեռների վրա եւ ճանապարհ դրին: 

Քահանան դեռ իր ձին չը հեծած, կրկին անգամ մօտեցաւ անծանոթներին եւ ասաց. 

—Գոնէ թոյլ տվեցէք, օրհնեմ ձեզ: 

—Այդ եւս հարկավոր չէ, ասաց նրանցից մէկը.—միայն դու պատասխանիր, ինչ որ կը հարցնեմ քեզ: 

—Հարցրէ՛ք: 

—Այս վանքի գիւղումը ոչ ոք չէ՞ մնացել: 

—Մի հոգի էլ չը կայ: 

—Ի՞նչ եղան: 

—Մի մասը գաղթեցին դէպի Պարսկաստան, մի մասը կոտորեցին, մի մասն էլ գերի տարան: 

—Դու ճանաչո՞ւմ էիր այս գիւղում ռես Յ… անունով մէկին, որ տանուտէր էր: 

—Ճանաչում եմ. ես ինքս Վանքի գիւղի քահանան եմ: 

—Գիտե՞ս ինչ եղաւ նրա ընտանիքը: 

—Տանուտերին սպանեցին. որդիքը տանը չէին, ազատվեցան, բայց աղջկան տարան քրդերը: 

Վերջին խօսքը կայծակի նման դիպաւ անծանօթի սրտին. նա մի քանի րօպէ շփոթութեան մէջ մնաց, յետոյ հարցրուց. 

—Եթէ ասէիր ինձ՝ ո՛ւր տարան, կամ ի՛նչ ցեղից էին քրդերը, քեզանից շնորհակալ կը լինեի: 

—Թէ ուր տարան, այս ես ասել չեմ կարող. բայց տանողները շիշակների ցեղիցն էին.— Չօլախ-Ահմէի մարդիկը: 

—Բաւական է, վերջացրուց անծանօթը:—Հիմայ կարող եք գնալ: 

Քահանան իր ընկերների հետ հեռացան: Երկու հոգի անծանօթներից տարան նրանց ճանապարհ դնելու մինչեւ պարսից սահմանը: Վանքի տաճարի մէջ մնացին տասներկու հոգի անծանօթներից: Այն ժամանակ նրանցից մէկը բաց արեց իր կապած դէմքը, երեւի, փոքր ինչ ազատ շունչ առնելու համար: Եվ դեռ վառվող խարոյկի լույսով կարելի էր տեսնել Սարհատի մեռելի նման գունաթափված երեսը…: 

Նա նստեց կրակի մօտ մի փոքր հանգստանալու համար իր հոգեկան խռովութիւններից: Նրա միւս ընկերները կտրատում էին ահագին վայրենի խոզի մարմինը, անց էին կացնում իրանց հրացանների սումբաների վրա, եւ խորովում էին, որ ընթրիք պատրաստեն: Նրանք ուրախ էին. միայն Մըստօն իր կարեկցական աչքերը չէր հեռացնում իր տիրոջ երեսից, եւ կարծես, աշխատում էր կարդալ այն սպանված դէմքի վրա ինչ որ ալեկոծում էր նոյն ժամին նրա վշտահար սիրտը: 

Անբախտ երիտասարդ. նա ուներ մի մխիթարութիւն միայն, նրանից եւս զրկվեցաւ: Նա յոյս ուներ այստեղ, այս վանքի մօտակայքում գտնել այն նազելի արարածին, որին պատկանում էր իր սիրտը, որին միայն սիրում էր իր համար ատելի աշխարհի մէջ: Բայց նա չը կար, մի դառն վիճակով անհետացել էր նա…։ 

Քաջերի սրտում, կանանց վերաբերեալ, բացի սերից կայ եւ մի ուրիշ զգացմունք, որին բաւական անհամապատասխան բառերով կոչում ենք նախանձ, խանդ, ղէյրաթ.—դա այն զգացմունքն է, որ ցամաք խօսքերով բացատրել անկարելի է:—Դա կնոջ նուիրագործութիւնը յարգելու մի կիրք է, որի համար Յելլենները ամբողջ տաս տարի կռուեցան Տրօյիայի պարիսպների տակ: 

Սարհատը չէր վշտանում այն պատճառով միայն, որ կորցրել էր իր սիրելի էակը, այլ առաւել նրա համար, որ նա այժմ գտնվում էր անհարազատ եւ անմաքուր ձեռքերում…: Բայց ո՞րքան այնպիսի անմեղ արարածներ նոյն վիճակին էին ենթարկվել. նրանց համար ո՞վ էր հոգացողը:—Գուցէ ծնողքը, անբախդ հայրն ու մայրը, եթէ կենդանի էին թողել նրանց: Բայց հոգում է՞ր ազգը, հայ ժողովուրդը: Ոչ. դրա համար պէտք է Յելլենական նախանձախնդրութիւն ունենալ…: 

Մտնելով վանքի տխուր կամարների ներքոյ, Սարհատի սրտում կրկին բաց եղան հին հին վերքերը: Այս սրբարանը խիստ խորին յիշատակներով կացված էր նրա հոգու հետ: Այստեղ անցուցել էր նա իր մանկութեան ամենաթանկագին տարիները. այստեղ յանձնել էին նրան աղօթող աբեղաների հսկողութեան ներքոյ ուսանել՝ ինչ որ կրօնը եւ սուրբ գիրքը ներշնչում է մարդու մէջ, ինչ որ հանգցնում է վառ զգացմունքը, մեռցնում է հոգին, բթացնում է միտքը…։ Եւ մի եւ նոյն վանքի պարիսպների մօտ մի գեղեցիկ հրեշտակ ոգեւորեց նրան սրբազան յափշտակութեամբ. նա կրկին կենդանացրեց վանական ժանտախտից մեռած սիրտը, եւ փրկարար ձեռքով խաւարից դուրս քաշեց նրան եւ ձգեց լոյս-աշխարհ… Իսկ այժմ չը կար այն հրեշտակը…: 

Մինչ թշուառ երիտասարդը ընկղմված էր իր տխուր մտախոհութիւնների մէջ, նրա ընկերները կազմել էին մի ճոխ սեղան, որ յիշեցնում էր Հոմերոսի հերոսներին: Գինին ահագին գաւաթներով պտըտվում էր ձեռքից ձեռք, եւ խորովածը արյունաթաթախ դուրս էին քաշում շամփուրներից: Նրանցից ոչ ոք չէր ուզում վրդովել Սարհատի ողբալի մտահուզութիւնը, եւ այս պատճառով չէին հրավիրում իրանց հետ սեղանակից լինելու: Բայց նա արթնացաւ, երբ Դալի-Բաբան, բաժակը ձեռին կանգնած եւ, երեսը դէպի տաճարի բեմը դարձած, ճառում էր այս խորհրդաւոր խօսքերը. 

«Ո՛վ հայրեր, ո՛վ պապեր, այս գաւաթը խմում եմ, բայց առանց նուիրելու ձեր ոսկրներին: Եթէ դուք այս վանքերի տեղ, որոնցմով լիքն է մեր երկիրը, բերդեր շինէիք.—եթէ դուք սուրբ խաչերի եւ անօթների փոխարէն, որ սպառեցրին ձեր հարստութիւնը, զէնքեր գնէիք.—եթէ դուք այն անուշահոտութեանց տեղ, որ խնկվում են մեր տաճարներում, վառոդ ծխէիք,—այժմ մեր երկիրը բախդաւոր կը լինէր: Այլ եւս քուրդերը մեր երկիրը չէին քանդի, մեր որդիքը չէին կոտորի եւ մեր կանայքը չէին յափշտակի…: Այս վանքերից ծագեց մեր երկրի կործանումը, նրանք խլեցին մեր սիրտը ու քաջութիւնը. նրանք ձգեցին մեզ ստրկութեան մէջ, սկսած այն օրից, երբ Տրդատը թողեց իր սուրը եւ թագը, առեց խաչը եւ մտաւ Մանիայ այրում ճգնելու համար…—Ո՛վ հայոց հին աստուածներ, ո՛վ Անահիտ, ո՛վ Վահագն, ո՛վ Հայկ, նուիրում եմ այս բաժակը ձեր սուրբ յիշատակին, դո՛ւք փրկեցէք մեզ… 

Այսպէս այս սարսափելի մարդը, որ մի ժամանակ քահանայ էր, իսկ այժմ աւազակ, դուրս էր թափում իր սրտի դառնութիւնները գինու բաժակի վրա, որով ամեն մարդ ուրախ է լինում: 

Երբ նա վերջացրուց, վեր կացավ մի ուրիշ աւազակ, որին կոչում էին Քիթաբ-Դալիսի (գըրքից խելագարված), որ մի ժամանակ մանկավարժ էր, իսկ այժմ մտել էր Սարհատի արիւնախում խումբի մէջ: Նա հետեւելով Դալի-Բաբայի ոճին, այսպէս սկսեց իր տօստը. 

«Խմում եմ այս բաժակը առանց նուիրելու ձեզ, ով գիր եւ դպրութիւն, որովհետեւ դուք չը տուեցիք մեզ այն, ինչ որ պահանջում է կեանքը եւ իրական աշխարհը: Դուք լցրիք մեր գլուխը ունայն, վերացական ցնորքներով: Դուք չը ծանօթացրիք մեզ մարդկային պահանջների հետ, եւ չը տուեցիք այն, որ պէտք էր ապրելու եւ հանգիստ ու բախդաւոր ապրելու համար: Դուք աւելի զարգացրիք մեր մէջ սեւ նախապաշարմունքը եւ փակեցիք մեր աչքերը լոյսը եւ ճշմարտութիւնը տեսնելու համար: Դուք մեզանից դիակներ պատրաստեցիք, որոնց մէջ մեռած է ամեն մարդկային բարձր եւ վսեմ զգացմունք: Դուք աւելի պնդացրիք մեր ստրկութեան շղթաները եւ վարժեցրիք տանել բըռնութեան ծանր ու անպատիւ լուծը: Ձե՜զ ենք պարտական, ով գիր եւ դպրութիւն, մեր այժմեան դժբախտութիւններով.—դուք չը տուեցիք մեզ առողջ միտք եւ առողջ գաղափար, եւ զրկելով մեզ ճիշդ եւ իրական գիտութենից, զըրկեցիք եւ կեանքից…։ Ուրեմն, թո՛ղ անիծվի՜ մեր մամուլը, որ իր մրով աւելի մրոտեց մեր սիրտը, միտքը ու հոգին…: Եվ թո՛ղ կեցցե՜ն այն գրիչները, որ նոր հոգի կը ներշնչեն մեզ, որ կը նորոգեն մեր սպառված ուժերը եւ կը ծանօթացնեն կեանքի իրական պէտքերի հետ եւ կը պատրաստեն մեզ մարդ շինել՝ մարդկային բոլոր կատարելութիւններով»: 

Այսպէս էր խօսում այն մարդը, որին կոչում էին «գրքից խելագարված» որին գրքերը յիմարութեան եւ տգիտութեան մէջ էին ձգել,—իսկ այժմ զգաստացել էր: 

Այս բոլորը լսում էր Սարհատը, տխո՜ւր համակրութեամբ էր լսում նա, եւ այս խօսքերը, կարծես, առժամանակ մի նրան մոռանալ տուին իր ցաւը, որ այնպէս սաստիկ տանջում էր նրան: Եւ նա թողեց այն նազելի անհատը, որի համար միայն մտածում էր, եւ սկսեց ընդհանուրի վրա խորհել: Սիրուհու մասնաւոր սէրը կորաւ անբախտ եւ օգնութեան կարօտ ժողովրդի սիրոյ մէջ, որի դստերքը ու կանայք նոյնպէս գերութեան մէջ էին գտնվում: Եվ այս պատճառով նա խիստ սառնութեամբ ընդունեց Մըստօի խօսքե՛րը, որ նա մօտենալով նրան, լռութեամբ ասաց. 

—Թո՛ղ իմ տէրը չտանջէ իր սիրտը. Մըստօն շան հոտառութիւն ունի. եթէ ծովի խորքումն լինի «նա», կը գտնէ նրան, եւ եթէ երկինքը բարձրացած լինի, ցած կը բերէ: 

Սարհատը ոչինչ չը պատասխանեց եւ տեսնել անգամ չը կարողացաւ, որ իր հաւատարիմ ծառան աննկատելի կերպով անհետացաւ վանքից…: