Չորրորդ Հայքի Գրադարան . ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ . Չորրորդ Հայքի Գրադարան . ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ . Չորրորդ Հայքի Գրադարան . ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ . Չորրորդ Հայքի Գրադարան . ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ . Չորրորդ Հայքի Գրադար

Ջալալէդդին

(ՄԻ ՊԱՏԿԵՐ ՆՐԱ ԱՐՇԱՒԱՒԱՆՔԻՑ)

ԳԼՈՒԽ ԺԱ

Հեղինակ՝ Րաֆֆի (1878)

Բարդուղիմէոս առաքեալի վանքի սարսափելի անցքից յետոյ, գիշերը վանքում մնալով, իսկ առաւօտեան դեռ արեւը չը ծագած այնտեղից հեռանալու ժամանակ, Սարհատը նոր նկատեց, որ Մըստօն չը կար: Նրա ընկերները կասկածանքի մէջ ընկան, մի՛ գուցէ պատանի քուրդը մատնէր նրանց: Նա այնքան խորամանկ էր եւ յանդուգն, որ ամեն բան սպասելի էր նրանից: 

—Ես Մըստօի ազնւութեան վրա կասկածել չեմ կարող, ասաց Սարհատը. եւ աւելի այն պատճառով, որ նա քուրդ է: Քուրդը կեղծ մարդ չէ. թէ թշնամութեան մէջ, թէ բարեկամութեան մէջ նա իր գոյնը չի փոխում: 

Բայց Մըստօն ամբողջ երեք օր չերեւաց: Յետոյ յայտնվեցաւ նա:

—Գտայ, եղավ նրա առաջին խօսքը, փաթաթվելով Սարհատի վզին:

—Ո՞ւմը գտար, հարցրուց Սարհատը շփոթվելով: 

—Ասլիին. նրան, որ դու սիրում ես: 

Սարհատը ուրախութենից մի տեսակ արբեցութեան մէջ ընկաւ: 

Մըստօն մի ըստ միոջէ սկսեց պատմել իր հանդիպելը փաշայի սուրհանդակի հետ, նրան սպանելը, յետոյ նամակն առնելով, եւ ինքն սուրհանդակ ձեւանալով, շէյխի բանակը մտնելը, եւ այնտեղ գերի աղջկանց թւում Ասլիին գտնելը: 

—Դու հաստատ գիտե՞ս, որ նա շէյխի բանակում է, հարցրեց Սարհատը վրդոված ձայնով: 

—Ինչպէս չը գիտեմ, աչքովս տեսայ, հետը խօսեցի, պատասխանեց Մըստօն ուրախ կերպով: 

—Նա ճանաչե՞ց քեզ:

—Հենց որ տեսաւ, իսկոյն ուզում էր վազել ինձ մօտ, ես նշան արեցի, նա զգուշացաւ: 

—Ինչպէս կարողացար տեսնել նրան: 

Մըստօն պատմեց, թէ երբ նամակը տուեց շէյխին նա հրամայեց մի օր սպասել, մինչեւ ինքն իր իշխանների հետ խորհուրդ կանի եւ պատասխանը կը գրի: Նրան տեղ տուեցին շէյխի վրանի մօտ եւ հրամայեցին կերակրել: Այն ժամանակ նա գտաւ «իրանցից» մէկին, որը կրօնով եզըդի է, որին առաջուց ճանաչում էր: Նա այժմ շէյխի մերձաւոր սպասաւորներից մէկն է, որ նրա համար չիբուխ է լցնում: Այդ մարդը Մըստօին տարաւ իր մօտ, եւ որպէս իր կրօնակցին ու հայրենակցին, սկսեց հիւրասիրել: Մըստօն կարող էր նրան հաւատալ, որպէս իր վաղեմի բարեկամին եւ խնդրեց ցոյց տալ իրան գերիները, եւ նրանց մէջ գտաւ Ասլիին: Յետոյ նրան յայտնեց իր խորհուրդը, ասելով, թէ եկել է գողանալու այն աղջկան, թէ այն աղջիկը իր տիրոջ նշանածն է, որին շատ սիրում է: Մըստօի հայրենակիցը խօստացաւ ինքը ծածուկ դուրս բերել աղջկան բանակից եւ հանձնել ում որ կասի նա: 

Սարհատը խորին ապշութեամբ լսում էր այս պատմութիւնը, դժուարութեամբ հաւատալով իր ականջներին: Նա հարցրուց. 

—Դու հաւատո՞ւմ ես, որ քո հայրենակիցը կը կատարէ՞ իր խոստմունքը:

—Եզիդին շուտ չէ խոստանում, բայց երբ խօսք տուեց, կատարում է իր խօսքը, պատասխանեց Մըստօն մի առանձին հպարտութեամբ: 

Յետոյ նա աւելացրուց, թէ մի գաղտնիք, որ իրան առաջուց հայտնի էր այն մարդու վերաբերութեամբ, աւելի առիթ է տալիս հաւատալ նրա խօստմունքին: Այդ մարդու եղբօրը, ասաց Մըստօն, մի քանի տարի առաջ սպանել տուեց շէյխը. հիմայ նա մտել է շէյխի մօտ որպէս սպասաւոր, որ կարողանայ իր եղբօր վրէժը առնել: Շէյխը չէ ճանաչում, թէ նա սպանվածի եղբայրն է կամ կրօնով եզիդի է: 

—Այսպիսի մարդուն հաւատալու է, համոզվեցաւ վերջապէս Սարհատը: —Բայց նա ի՞նչպէս կարող է նրան դուրս բերել բանակից: 

—Նա կը հագցնի Ասլիին տղամարդի շորեր, եւ Ասլին ինքը դուրս կը գայ բանակից:—Մըստօն քիչ խելք չունի, ամեն բան կարգադրել է, ինչ որ պէտք է: Մենք այս գիշեր պէտք է պատրաստ լինենք բանակից փոքր ինչ հեռու մի ձորի մէջ, այնտեղ մի հին տանձենի կայ, նրա մօտ: Ասլին կը գայ այնտեղ եւ մեզ կը գտնի: 

—Գերիների թիւը շա՞տ է, հարցրուց Սարհատը մի փոքր մտածելուց յետոյ:

—Հարիւրի չափ կնիկներ ու աղջիկներ ինքը շէյխը ընտրել է իր համար. մի քանի վրաններ լիքն են, որ կազմված են իր վրանի մօտ: 

—Միւս քրդերը նո՞յնպէս ունեն: 

—Մարդ չը կայ, որ մի քանի հատ բերած չը լինի. շատերին վաճառում են. ուշնեցի հրէաները գնում են, որ տանեն կրկին հայերի վրա ծախեն: Շատ էժան է, մի աղջիկը մի արծաթ մէջիդիայով (1 րուբլի 20 կօպէկ) կարելի է առնել: 

Սարհատի մի փոքր պայծառացած դէմքը կրկին մթնեց, կրկին տիրեցին նրա սրտին դա՜ռն ցավերը…։ 

Այս խօսակցութիւնները Մըստօի եւ իր տիրոջ մէջ անց էին կենում առանձին, հեռացած մի փոքրիկ աղբիւրի մօտ, որ բխում էր լեռնային ապառաժի ճեղքից: Նոյն ժամուն նրա ընկերները պառկած էին աւելի հեռու, խոտերի վրա, գիշերային արշաւանքից հանգստանալու համար: Սարհատը մօտեցաւ նրանց, զարթեցրուց եւ հաղորդելով Մըստօի բերած լուրերը, յայտնեց, թէ ինքը պէտք է գնայ դէպի Ջալալէդդինի բանակը: 

—Մենք քեզանից չենք բաժանվի, պատաս-խանեցին ընկերները: