Չորրորդ Հայքի Գրադարան . ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ . Չորրորդ Հայքի Գրադարան . ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ . Չորրորդ Հայքի Գրադարան . ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ . Չորրորդ Հայքի Գրադարան . ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ . Չորրորդ Հայքի Գրադար

Ջալալէդդին

(ՄԻ ՊԱՏԿԵՐ ՆՐԱ ԱՐՇԱՒԱՒԱՆՔԻՑ)

ԳԼՈՒԽ ԺԲ

Հեղինակ՝ Րաֆֆի (1878)

Ղանլի-Դարան, որ նշանակում է արիւնոտ ձոր, արժանի է իր կոչմանը իր մեջ գործված բազմաթիւ արիւնահեղութեանց պատճառով: Այդ աւազակաց որջը վկայ է եղել հազարաւոր սարսափելի եղեռնագործութիւնների. այնտեղից ոչ մի քարաւան եւ ոչ մի ճանապարհորդ չեն վստահում անցկենալ, այնտեղ միայն աւազակները առանձնանում են յափշտակութիւններից յետոյ: Այնտեղ էր դրել եւ շէյխը իր բանակը Բայազէդի դժբախտ անցքից յետոյ, երբ նա հեռացաւ պատերազմի դաշտից: 

Այդ ձորի միջով հոսում էր Տիգրիսի վերին ճիւղերից մէկը, որին տեղացիք կոչում են Նըհել. դա բաժանում է Աղբակայ գավառը Ջօլամերիկից: Գետի ափի մօտ, մի կանաչազարդ տափարակի վրա, մի գիշեր հարիւրաւոր տեղերում վառվում էին փոքրիկ խարոյկներ, որոնց շուրջը նստոտել էին զինուորված քրդեր, խօսում էին, ծխում էին, ծիծաղում էին, երգում էին, եւ երբեմն նայում էին կերակուրի կաթսաներին, որ դրած էին խարոյկների վրա, կամ դարձնում էին մսի մեծ-մեծ կտորները, որ ձգել էին կարմրած ածուխների վրա խորովելու համար: Ամեն տեղ երեւում էր ուրախութիւն, որ արտահայտվում էր կատաղի զվարճութիւններով: Վրանների մէջ ճրագներ չէին երեւում, ամբողջ բանակը լուսաւորված էր խարոյկների լույսով: Բայց մի վրանում միայն ճրագներ կային. դա Ջալալէդդինի փառավոր վրանն էր: 

Բանակից հեռու, մի նեղ ձորի մէջ, որ գոգաւորվելով բաժանվում էր Ղանլի-Դարայից, թմբուկի ձայն էր լսվում, եւ քրդի զուռնան հընչում էր «ջանիմանի» եղանակով: Նոյն ժամուն մի խումբ ձիաւորներ անցնում էին այն կողմից, որտեղից լսելի էր լինում վայրենի նվագածութիւնը: 

—Այստեղ մի բան կայ, ասաց նրանցից մէկը հազիւ լսելի ձայնով: 

—Ես էլ այսպէս եմ կարծում, պատասխանեց մի ուրիշը:

—Գնանք, տեսնենք:

—Գնանք: 

Ձիավորները դարձրին իրանց ձիերի գլուխները դէպի այն կողմը: Նեղ շաւիղը, որ տանում էր այն կողմը, տեղ-տեղ կորչում էր մացառների եւ մինը միւսի հետ հիւսված պատատուկ թփերի մէջ: Ձիով անհնար էր անցնել: Նրանք ցած իջան ձիերից, տուեցին մէկին պահելու, եւ միւսները առաջ գնացին: Մի քանի րօպէից յետոյ նրանք գտնվում էին մի փոքրիկ բլուրի գագաթի վրա, որտեղից բացվեցաւ նրանց առջեւ մի այսպիսի տեսարան. — 

Մի սարսափելի պարահանդէս էր այդ, որի նմանը երբէք Դիոնիսիոսը չէ երեւակայել իր բաքոսական բոլոր անբարոյականութեամբ: Մի կողմում թմբուկները եւ զուռնաները ածում էին, մի կողմում պար էին բռնել այն ձեւով, որ մեզանում կոչվում է եալլի, իսկ քրդերը կոչում են գուանդ: Պարում էին կանայք: Նրանք բազմաթիւ էին, եւ մինը միւսի ձեռքից բռնած, կազմել էին մի երկայն շարք, որ շղթայի նման պտտվելով, ձեւացնում էին մի մեծ բոլորակ: Բոլորակի մէջ տեղում ցցած էին երկայն ձողեր, որոնց գլուխների վրա վառվում էին ջահեր: Նաւթի մէջ թաթախած ցնցոտիքը բոցավառվում էին եւ իրանց ծիրանի շառաւիղներով լուսաւորում էին պարող կանանց գունաթափված երեսները: Ջահերի մօտ, բոլորակի միջնավայրում, նստած էին տղամարդիկ եւ դժոխային ոգեւորութեամբ նայում էին կանանց մերկ շղթայակապի վրա, որ անդադար շրջում էր նրանց շուրջը: 

Երեւում էր, որ այդ ողորմելի արարածները ակամայ եւ ստիպմամբ յանձն էին առել այդ խայտառակ պարահանդէսը: Ամօթը, անպատվութիւնը նրանց այն աստիճան մոլեգնութեան մէջ էին ձգել, որ իրանց կատաղութիւնը խելագարութեան էր հասնում: Նրանց աչքերում վառվում էին բարկութեան բոցեր, շրթունքները դողդողում էին տենդային անհանգստութեամբ եւ գունաթափ երեսների վրա երեւում էին սոսկալի ցնցումներ: Շատերը նրանցից այնքան թուլասիրտ էին, որ չէին դիմանում անտանելի ցավին, եւ ուշաթափ լինելով, ցած էին գլորվում:—Իսկ այդ բոլորը, որ մարդկային խղճի վրա կարող էր ազդել գութ, որ կարող էր ամեն մի սիրտ, որքան եւ քարացած լինէր նա, մեղմացնել եւ լցնել նրան առաքինական զգացմունքներով դէպի տկար եւ գեղեցիկ սեռը,—ընդհակառակն, աւելի բորբոքում էր գերիչների վայրենի կրքերը եւ աւելի գրգռում էր նրանց անասնական ոգեւորութիւնը: 

Պարը շարունակվում էր իր բոլոր դժոխային խաղարկութեամբ: Մերկ կանանց շարքը անդադար պտըտվում էր թմբուկների եղանակով: Տըղամարդիկ նրանց բոլորակի միջնավայրում նըստոտած, երգում էին, ծափահարում էին, գոռում էին եւ գոչում էին, եւ հերոսներից ամեն մէկը երբեմն իր թաշկինակը ձգում էր հաւանած կնոջ վրա, եւ իսկոյն սրտերի հակառակ մի զոյգը—մի հրեշտակ եւ մի դեւ—առանձնանում էր մերձակայ թփերի մէջ: 

Մարդկային անգթութիւնների մէջ չը կայ մի աւելի սարսափելի բան, քան թէ այն, երբ անմեղ ողջախոհութիւնը զոհվում է կատաղի բռնաբարութեան: Այսպիսի անգթութեան մէջ ընդունակ է մարդը միայն, բայց գազանները եւ անասունները աւելի բարոյական են իրանց էգերի վերաբերութեամբ: 

Մինչ գիշերային մթութեան մէջ, ջահերի լուսաւորութեան հանդէպ կատարվում էին այդ անամօթ զվարճութիւնները, բլուրի գագաթից անհյայտ մարդերի մի խումբ խորին զզվանքով դիտում էր բոլորը: Ընթերցողը արդէն գուշակեց, թէ ովքեր էին դրանք: 

—Պէտք է վրատալ, ասաց Սարհատը:

—Շատ են անիծածները, ասաց Դալի Բաբան: 

—Մի եւ նոյն է, եթէ մեզ պէտք էր մի օր մեռնել, լաւ է, որ այստեղ լինէր, պատասխանեց Սարհատը: 

—Բայց դու կը կորցնես Ասլին, որի համար եկել ես, ասաց Դալի-Բաբան:

—Այս կնիկներից ամեն մէկը նոյնքան մեր ցավակցութեանը արժանի է, որքան Ասլին,պատասխանեց Սարհատը: 

Ազնիւ երիտասարդը մոռացաւ իր անձնական սէրը, նրան գրաւումէր այժմ կնիկների վիրաւորված եւ անարգված պատիւը: 

—Պէտք է յանկարծ վրատալ, ասաց Դալի-Բաբան, եւ աշխատել առաջ ջահերը խորտակել. խավարի մէջ աւելի հեշտ կը լինի գործը: 

—Երկինքն էլ մեր բախտից ամպում է, ահա լուսինը այլ եւս չէ երեւում, նկատեց Քիթաբ-Դալիսին: 

—Կռւեցէք սրերով միայն, խորհուրդ տուեց Սարհատը, հրացան գործիքներով աղմուկ կը բարձրացնէք, բանակը շատ հեռու չէ այստեղից. թող ձայնը այնտեղ չը հասնի: 

Քրդերի մօտ էլ չը կային հրացան գործիքներ. նրանք, որպէս իրանց տանը, վեր էին առել թրեր եւ դաշոյններ միայն, եւ այնպէս հեռացել էին բանակից, ամեն մինը իր հետ բերելով իր զոհը: 

Այդ միջոցում Մըստօյի դրութիւնը անտանելի էր. նա տեսաւ, որ Սարհատը բոլորովին մոռացաւ Ասլիին, բոլորովին թողեց այն նպատակը, որի համար եկել էր: Նա տեսաւ, որ այժմ իր սիրելի տերը ձեռնարկում էր մի այնպիսի յանդուգն եւ վտանգավոր գործի, որից հազիւ կարող էր ողջ դուրս գալ: Ի՞նչ անել. մնալ նրա մոտ, նրա հետ միասին կռվել եւ նրա հետ մեռնել.—այդ շատ էր ցանկանում բարի Մըստօն: Բայց միւս կողմում, մի աղջիկ, մի նազելի հրեշտակ, որին այնքան սիրում էր Սարհատը, որին ինքը վաղուց էր ճանաչում, որ այժմ գտանվում էր շէյխի բազմաթիւ գերի հարեմականների մէջ,—եւ այդ թշուառը նոյնպէս օգնութեան կարօտ էր, նոյնպէս պէտք էր ազատել նրան: Դէպի ո՞րը դիմել: Մի կողմում կանգնած էր իր մանկութեան ընկերը, մյուս կողմում—նրա սիրուհին: Նա ընտրեց վերջինը, եւ առանց յայտնելու Սարհատին, միայնակ դիմեց դէպի շէյխի բանակը: 

Նրա գնալուց յետոյ անակնկալ յարձակումը կատարվեցաւ կայծակի արագութեամբ: Ջահերը իսկոյն խորտակվեցան: Ձորի մէջ տիրեց ընդհանուր խաւարը խորին զարհուրանքի հետ: Սարսափելի կոտորածը սկսվեցաւ: 

Խիստ ահռելի բան է ձեռնամերձ կռիւը, մանաւանդ նեղ տեղում, այն եւս գիշերային խաւարի մէջ: Մի այնպիսի օրհասական կռւում սուր երկաթը սոսկալի գործ է կատարում մարդկային մարմնի հետ:—Կենդանի մարդը մահ զգեցած, կռւում է մահ գործելու համար: 

Մի քանի ժամ կռիւը երկու կողմից եւս շարունակվում էր գազանային յամառութեամբ: Ընդհանուր խռուութեան մէջ շատ անգամ ընկերը իր սուրը ընկերի կողքն էր մխում: Յուսահատական դա՜ռն աղաղակները խառնվել էին զէնքերի շաչիւնի հետ: Թէ սպանողը եւ թէ սըպանվածը շաղախված էին տաք արիւնի մէջ: Դիակները ոտքերի տակ աւելի ու աւելի խորտակվում էին: 

Ձորը կրկին լուսաւորվեցաւ: Լուսինը դուրս եկավ մոխրագոյն ամպերի ետեւից, կարծես, ցանկանում էր ականատես լինել մի գեղեցիկ գործի: Նոյն միջոցում հանդիսացաւ մի սրտաշարժ տեսարան: Մերկ կանանց խումբը բաւական էր, որ հասկացաւ, թէ կռիւը իրանց ազատութեան համար է.—նրանք կատաղի ֆուրիաների նման իրանք էլ խառնվեցան կռւի մէջ: Սարսափելի բան է կնոջ մոլեգնութիւնը, երբ առաջ է գալիս անձնական վրէժխնդրութենից: Այսպիսի րօպէներում կինը մոռանում է իր կնութիւնը. նա դառնում է մահվան հրեշտակ եւ սկսում է իր ձեռքը մխել այն սրտի մէջ որը անարգաբար ոտքի տակ տուեց իր պատիւը: Այն կանայքը, որ մի քանի ժամ առաջ, բռնութեան կոպիտ ձեռքից ստիպված, յանձն էին առել ցած պաշտօն, այժմ, երբ ականջներին հնչեց ազատութեան ձայնը,—խլեցին իրանց ոտքերի տակ ընկած գերիչների զէնքերը եւ սկսեցին կոտորել կենդանի մնացած գազաններին: Պատուի զգացմունքը սկսեց պատերազմել անասնական կրքերի հետ. հրեշտակը դեւերի հետ…։ 

Լուսինը կրկին մտաւ ամպերի տակ եւ գիշերային խաւարը քաշեց իր սեւ վարագոյրը: Տեսարանը ծածկվեցաւ մթութեան մէջ…: 

Վանայ ծովակի արեւմտեան ափերի մօտ, Սիփան լեռան ստորոտներում, մի փոքրիկ վտակի կանաչազարդ եզերքի մօտ, երեւում էին խաշնարածների մի քանի չադրներ, որոնց արտաքին աղքատ կերպարանքը ցոյց էր տալիս, թէ այդ ողորմելի հովիւները չեն պատկանում քրդերի բախտաւոր որ եւ իցե ցեղին:—Դրանք, հայերից աւելի հալածված, եզիդիների վրաններ էին, որ պատերազմի խռովութիւնների ժամանակ քաշվել էին այն լեռնային խուլ առանձնութեան մէջ իրանց կեանքը եւ փոքրաթիւ անասունները պահպանելու համար: 

Յիշեալ վրաններից մէկի մեջ, որ իր վիճակով չէր զանազանվում միւսներից, Ղանլի-Դարայի սոսկալի կոտորածից մի շաբաթ յետոյ, կարելի էր տեսնել մահճի մէջ պառկած մի տղամարդ, մահվան պէս գունաթափված դէմքով, եւ խորն ընկած մթին աչքերով: Նա հազիւ կարողանում էր շունչ առնել եւ խիստ դժուարութեամբ էր կարողանում շարժվել մի կողքից դէպի միւսը. երեւում էր, ծանր կերպով վիրաւորված էր նա:—Հիվանդը Սարհատն էր: Նրա բարձի մօտ նստել էր մի օրիորդ մաշված, վշտահար դէմքով, եւ արտասուքով լի աչքերով.—դա Ասլին էր, որին Ղանլի-Դարայի անցքի ժամանակ Մըստօին յաջողվել էր գողանալ: Հիւանդի աջ եւ ձախ կողմերում, որպէս տխրութեան երկու հրեշտակներ, նստած էին երկու ուրիշ աղջիկներ, եւ նոյնպես լաց էին լինում.—դրանք նրա քոյրերն էին: Վրանի մի կողմում, աչքերը բռնած, կուչ էր եկել նրա փոքրիկ եղբայրը: Իսկ դրսում, վրանի մուտքի մօտ նստած հեկեկում էր ինքը Մըստօն: Մի մանկահասակ կին գեղեցիկ սեւորակ աչքերով ոտքի վրա պտըտվում էր.—դա Մըստօի կինն էր: 

Հիվանդը գտանվում էր հոգեվարքի ճգնաժամի մէջ…: 

Ղանլի-Դարայի կռւի մէջ Սարհատի ընկերներից ազատվեցան երեք վիրաւորվածներ միայն. միւսները բոլորը ընկան: Ընկան եւ այն քաջազնուհիներից շատերը, որոնք բռնաբարութեան բարոյական մահը սրբեցին իրանց արեամբ…: 

Վիրաւոր առիւծը վերջին անգամ բաց արեց աչքերը, նայեց Ասլիի վրա, նայեց քոյրերի եւ եղբօր վրա, եւ փակեց նրանց…: Մի «ա՜խ» եղաւ նրա վերջին խօսքը…: 

«Դու իմ վրանիս տակն ես մեռնում, ո՛վ քաջ, եւ իմ վրա ես թողնում վրեժխնդիր լինել քո մահվան համար—Մըստօն կը կատարէ այդ…» ասաց նա հառաչելով եւ գրկեց մեռանողի գլուխը: