Չորրորդ Հայքի Գրադարան . ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ . Չորրորդ Հայքի Գրադարան . ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ . Չորրորդ Հայքի Գրադարան . ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ . Չորրորդ Հայքի Գրադարան . ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ . Չորրորդ Հայքի Գրադար

Ջալալէդդին

(ՄԻ ՊԱՏԿԵՐ ՆՐԱ ԱՐՇԱՒԱՒԱՆՔԻՑ)

ԳԼՈՒԽ Ժ

Հեղինակ՝ Րաֆֆի (1878)

Յուլիս ամիսը վերջանալու մօտ էր: Դժբախտ Բայազէդը քրդերից, բաշիբօզուկներից պաշարվելով, քանդվելով, կողոպտվելով, եւ իր թշվառ բնակիչները սրի բերնում ու գերութեան մէջ կորցնելուց յետոյ,—կրկին ռուսաց ձեռքն էր անցել: Սուլէյման փաշան ետ էր մղվել: Ջէլալէդդինի հրոսակը ցրված էր, եւ հարուստ աւարով ամեն մարդ իր տեղը դառնալու վրա էր: Հին Բագրեւանդի ամբողջ գաւառը եւ պատմական Վաղարշակերտը բոլորովին դատարկացել էին իրանց հայ բնակիչներից: Ալաշկերտցի գաղթականները Երեւանի նահանգում մուրացկանութիւն էին անում եւ նրանց թողած աւերակները դեռ ծխում էին մոխիրի միջից…: 

Երեկոյեան վերջալոյսը դեռ ճառագայթում էր սարերի գագաթների վրա: 

Մի տղամարդ միայնակ եւ դանդաղ քայլերով գնում էր լեռնային անձուկ ճանապարհով եւ խուլ մելամաղձական ձայնով երգում էր մի տըխուր մեղեդի: Նա գնում էր անվճռական ընթացքով, կարծես, ակամայ ընտրել էր այն ուղին եւ բոլորովին վստահ չէր, թէ նա կը հասցնէր այն նպատակին, որին դիմում էր ամենայն անձնվիրութեամբ: Յանկարծ նրա ետեւից լսելի եղաւ մի ձայն. 

—Ո՞վ ես. յետ քաշվի՛ր:

Ճանապարհորդը դադարեց երգելուց, հրացանը ուսից վեր բերեց, եւ յետ նայելով, տեսաւ, որ գալիս էր մի ձիաւոր: Նա պատասխանեց. 

—Անցի՛ր: 

Ձիաւորը մօտեցաւ, ողջունեց եւ ապա հարցրուց. 

—Բարի լինի. ո՞ւր այդպէս: 

—Բարի է, փառք Աստուծոյ, պատասխանեց ճանապարհորդը: —Ես Ջաֆար-բէկի հովիւն եմ, մեր չադրները շատ հեռու չեն այստեղից. մեր մատակներից մէկը այս երեկոյ կորաւ, պտռում եմ: 

Յետոյ նա հարցրեց ձիաւորին. 

—Դու ո՞ւր այդպէս, Աստուած յաջողի, գընում ես: 

—Շէյխի բանակը, նամակ եմ տանում: 

—Ումի՞ց: 

—Սուլէյման-փաշայից: Բաները վատ են գնում Ղարսի մոտ: Փաշան կանչեց ու ասաց.—ո՞վ կը լինի, որ այս նամակը երկու օրում հասցնի շէյխին, կստանայ մի լաւ փէշքաշ ու խալաթ: Ես մօտեցայ, գլուխ տուեցի, ու ասեցի. ձեր ոտքի հողը լինե՜մ. ես կը հասցնեմ, իմ արաբացի նժոյգը ծտի նման է թռչում: Նա ձեռքը քսեց մէջքիս, էֆէրի՜մ ասաց եւ տուեց նամակը: 

—Հիմայ ո՞րտեղ է շէյխը:

—Ես հարցրի, ինձ ասեցին, այստեղ մօտիկ Ղանլի-Դարայում (արիւնոտ ձոր) է իջեւանել,  պատասխանեց ձիաւորը:—Ի՞նչպէս է, որ դու չես իմանում:

—Սարի հովիւը ո՞րտեղից կարայ իմանալ այս բաները. տեսնում ես, ամեն օր գալիս են, գընում են, մարդ չէ իմանում ի՛նչ խաբար է:

—Կրակ ունե՞ս, հարցրուց ձիաւորը. չախմախիս քարը կորել է, ամբողջ օր չեմ ծխել, գլուխս դդում է դարձել:

—Կը գտնվի, պատասխանեց առաջինը, եւ ծոցից դուրս բերելով հրահան ու աբէթ, սկսավ զարկել կայծքարին: 

Ձիաւորը կռացավ, մօտեցրեց չիբուխը, եւ նա վառած աբէթը դրեց ծխախոտի վրա: Նոյն միջոցին նա առիթ ունեցաւ լաւ զննել ձիաւորի դէմքը: Նա շնորհակալութիւն յայտնեց, եւ ծխելով, քշեց իր ձին: 

Տասը քայլ հազիւ հեռացել էր ձիաւորը, նրա ետեւից գոռաց հրացանը եւ ողորմելին գլորվեցաւ ձիուց ցած: Ձին խրտնեցաւ եւ ճանապարհից դուրս եկաւ, իր հետ քարշ տալով դիակը, որի մի ոտը մնացել էր ասպանդակի մէջ: Ձին երկար վազվզում էր, աւելի եւ աւելի կատաղելով, մինչեւ թամքը շուռ եկաւ փորի տակը, եւ նա կանգնեց: Այն ժամանակ եղեռնագործը մօտեցաւ, բռնեց ձիուն եւ սկսեց որոնել սպանվածի ծոցերը, գրպանները, որի մարմինը սաստիկ զարկվելով քարերին, բոլորովին ջարդուփշուր էր եղել: Նա գտաւ նամակը, որի հասցէն դրած էր շէյխի անունով, թաքցրեց իր ծոցի գրպանում, դիակը ձգեց մի փոսի մէջ, յետոյ ուղղելով սպանվածի ձիու թամքը, նստեց վրան, եւ սկսեց վազեցնել դէպի Ղանլի Դարայ, ուր գտնվում էր Ջալալէդդինի բանակը: 

Նա հասաւ շէյխի բանակը, երբ արեւը մտել էր, բայց մութը դեռ բոլորովին չէր պատել աշխարհը: Նամակը նա հանեց իր ծոցից եւ խրեց գլխի չալմայի փաթեթի մէջ, այնպէս, որ նամակը կիսով չափ երեւում էր: Նա, որպես սովորաբար ծրարում են նամակները արեւելքում, մի երկայն խողովակաձեւ գալարված թուղթ էր, որի մէջտեղից գօտիի նման փաթաթել էին մի ուրիշ թղթի կտոր եւ կնքել էին: 

—Ի՞նչ մարդ ես, հարցրուց նրանից բանակի պահնորդներից մէկը: 

—Սուրհանդակ, պատասխանեց նամակաբերը եւ համարձակ քշեց իր ձին դէպի շէյխի վրանը: 

Այդ մարդը Մըստօն էր: