Չորրորդ Հայքի Գրադարան . ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ . Չորրորդ Հայքի Գրադարան . ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ . Չորրորդ Հայքի Գրադարան . ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ . Չորրորդ Հայքի Գրադարան . ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ . Չորրորդ Հայքի Գրադար

Հարեմ

ԱՌԱՋԻՆ ՄԱՍՆ

ԳԼՈՒԽ Գ

Հեղինակ՝ Րաֆֆի (1874)

Տիկինը վերջացրուց իւր հէքեաթը:

Խափշիկն, որ բոլոր ժամանակը խորին համազգացութեամբ լսումէր, կտրեց նորա խոսքն ասելով՝

—Քո աղախինը հասկացավ բոլորը… Մարջանը քո դարդին մի ճար կանէ… 

—Ի՞նչպէս, Մարջան. հարցրուց Զեյնաբ-խանումն ուրախանալով: 

—Շուտով իմ տիկինը կտեսնէ իւր Մեխակին այս սենեակումը… 

Ուրախութեան լոյսը փայլեց տիկնոջ տխուր դէմքի վերա, եւ նա, մոռանալով իւրեան, բռնեց ստրկուհու ձեռքից հարցնելով՝ 

—Մի՞թէ…

—Իմ տիկինը դեռ չէ ճանաչել իւր աղախնին, նա ջիններից դաս է առել եւ շեյթանից ավելի գիտէ. պատասխանեց Մարջանը:

—Ուրեմն ես կարո՞ղ եմ նրան այստեղ տեսնել. հարցրուց Զեյնաբ-խանումն անհամբերութեամբ:

—Դու միայն շնորհիր քո ստրկուհուն իւր արձակման թուղթը, քո կամքը կատարուած կը լինի:  

Խորամանկ խափշիկը, յարմար միջոց գտնելով իւրեան ազատելու, մտածեց օգուտ քաղել այդ առիթից:  

Տիկինն, որ ամեն բան պատրաստ էր զոհել միայն իւր սիրածին կրկին տեսնելու համար, համաձայնուեցավ: 

—Թո՜ղ Քաբայի աստուածը վկայ լինի ես խոստանում եմ, Մարջան, քեզ արձակել, ասաց նա: 

Խափշիկի կոկ եւ Փայլուն թըշերը ցնցուեցան ուրախութեան ժպիտով եւ նորա սադաֆի նման սպիտակ ատածներն աւելի գեղեցիկ կերպով երեւացին փոքր ինչ ուռած շրթունքի միջից:

—Թո՜ղ Լեյլիի եւ Շիրինի աստուածը քեզ օգնական լինի, ասաց նա խորին հրճվանքով: 

Իսկ Զէյնաբ-խանումը, չը նայելով իւր բոլոր հոգեկան բերկրանքի՜ն, անհանգիստ մտատանջութեան մէջ էր: 

—Բայց դու երդուի՜ր, Մարջան, որ այդ բանը գաղտնիք կը մնայ մեր մէջ:

—Թո՜ղ իմամ-Յուսէյնի խենջար զարկողներից մինը լինի, թո՜ղ Օմարի դասումը դասվի Մարջանն, եթէ իւր տիկնոջը հավատարիմ չը մնայ. երդուեց խափշիկը:

—Այժմ ասա՜, ի՞նչ հնարքով կարող ես նորան այստեղ բերել: 

Խափշիկը դարձեալ ծրծաղել սկսեց, կարծես նորանից հարցնում էին մի ամենահասարակ բան:

—Իմ տիկինը դեռ չգիտէ հարեմխանայի գաղտնիքներն, ասաց նա. բայց Մարջանը կատուի նման, ամեն ծակ ու ծուկ մտնումէ եւ ամեն բան իմանումէ: Նա գիտէ, թէ ի՜նչպես պէտք է բերել:

—Բայց դու ճանաչումես Հեյդարին,—այդպէս էր ներքինապետի անունը.—այդ հին դեւն ավելի խորամանկ է, քան Իբլիսը, Նորա աչքերէն ոչինչ բան չէ կարելի թաքցներ: Այդ անկարելի է, Մարջան, նա հարեմխանան չէ՜ կարող մտնել… ասաց Զեյնաբ-խանումը կրկին հուսահատվելով:

—Բայց ի՞նչ կասէ իմ տիկինն, երբ Մարջանն նրան նույնիսկ Հեյդարի առջեւից կբերէ, եւ Հեյդարն իւր աչքերով կտեսնէ, երբ նա կմտնէ քո սենեակը եւ ոչինչ չի հասկանայ: 

Խափշիկն այդ խոսքերն ասելու միջոցի այնպես հանդարտ էր, մինչեւ նա գրգռեց Զեյնաբ-խանումի սնահավատությունը.—Դու կատարեալ կախարդ ես, Մարջան… երեւի դու ծանո՞թ ես Իսմ-ազամին.1 հարցրուց նա ծիծաղելով:

—Թող իմ տիկինն իւր ստրկուհու վերա չը ծիծաղի։—Պատասխանեց խափշիկը, փայլուն աչքերրը դարձնելով դէպի իւր տիրուհին:—Հարեմխանայի մէջ տղամարդիկ ներս բերելու համար հարկաւոր չէ ծանոթ լինել Իսմ-ազամին: 

—Էլ ի՞նչ հնար կա:

—Գիտե՞ք, տիրուհի՜, ի՞նչ էր պատմում մի օր Բագիմ-խանումի աղախինը՝ մալայուհի Ֆերուզը:

—Ի՞նչ էր պատմում:

—Նա ասում էր, թե իւր տիրուհին ունի մի սիրող: 

—Յետո՞յ:

—Թէ սիրողը շատ անգամ գալիս է տիրուհու մօտ: 

—Հարեմխանայի մէ՞ջ:

—Այո՜, հարեմխանայում:

—Ի՞նչպես է ներս մտնում: 

—Ֆերուզն ասումէր, իմ տիրուհին ինձ ուղարկում է այն տղամարղի մօտ: Ես տալիս եմ նորան իմ հագուստը` իմ րուբենդը, չարսաւը եւ չախչուրները: Նա հագնվումէ եւ այնպես գալիս տիրուհուս մօտ, որպէս նորա աղախինը՝–Ֆերուզը… 

—Այդ զարմանալի է, Մարջան: Ի՞նչպէս ներքինիքը չեն ճանաչում նորան:

—Սատանան ինքը չէ կարող ճանաչել արդեոք չարսաւի մէջի փաթաթուածը կին է, թէ տղամարդ: 

Տիկինը սկսեց ուրախութիւնից ծիծաղել, եւ նորա սիրտն այդ հույսերով ավելի վառուեցավ:

—Ինչո՞ւ եք ծիծաղում, տիրուհի, շարունակեց Մարջանը. շատ անգամ Բագի-խանումն ինքն իւր աղախնի հագուստով դուրս է գնում ամրոցէն եւ շաբաթներով կորչումէ, սատանան գիտե, թէ ուր… Իհարկե, իւր սիրողի—Շաֆիի մօտ: 

—Միթէ Հեյդարը չէ՞ նկատում այդ բոլորը:

—Հեյդարն ի՞նչով կարող է գիտենալ, ծպտյալ կինն աղախինն է, թէ տիրուհին: 

—Բայց ի՞նչպես չէ հասկանում խանը:

—Խանն, եթէ հարեմներից մինը կորչի էլ, չի գիտենա, այնքան որ շատ են: Մին էլ՝ իմ տիրուհուն յայտնի է, որ հարեմները գիտեն իւրյանց հերթն, թէ երբ խանի հետ պէտք է տեսնուին: Բացի դրանից՝ խանը շատ անգամ շաբաթներով որսի է գնում ու յետ չի դառնում: 

Զէյնաբ-խանումի սեւորակ աչքերում կրկին փայլեցավ ուրախութեան լույսն.—ուրեմն մեզ համար աւելի լաւ է, որ այժմ խանը մի շաբաթով որսի է գնացած: 

—Յայտնի բան է: 

—Եվ դու, Մարջան, պէտք է գործ դնես նո՞յն հնարն, ինչ որ անում է Ֆերուզն իւր տիրուհու համար: 

—Չէ, ես մի այլ հնար պետք է մտածեմ: 

—Ի՞նչ հնար, ասա՜, Մարջան: 

—Մարջանն այժմ ասել կարող չէ, նա պէտք է մտածէ դրա վերա։ Բայց թող իմ տիկինն այժմ քնի, հանգստանայ, երբ որ զարթնի, Մարջանը կասէ նորան: 

Խափշիկը թողեց իւր տիրուհուն միայնակ իւր սենյակում: Բայց նա ամենեւին չկարողացավ քնել: 

Ծանոթագրություններ

  1. Իսմ-ազամ նշանակումէ գերագոյն անուն—Բարձրագոյն էակի իսկական անունը, որին ծանօթ եղողն, եթէ յիշէ, կարող է մարդկանց տեսութիւնից աներեւոյթ մնալ։