ԱՌԱՋԻՆ ՄԱՍՆ
ԳԼՈՒԽ Դ
Հեղինակ՝ Րաֆֆի (1874)
Երբ Մարջանը հեռացավ իւր տիրուհու սենեակից արեգակի բոցերը սաստիկ այրում էին դրսումը: Հարեմների հանգստութեան ժամն էր: Նոքա արդէն քնած էին: Միայն մանկահասակ աղախիններն, ազատ միջոց գտնելով, քաշուել էին սրահակների հովութեան մէջ, խոսումէին, ծիծաղումէին եւ զվարճանումէին փոքրիկ սենեկասպաս մանկլաւիկների հետ:
Խափշիկը տեսավ մալայուհի Ֆերուզին գեղեցիկ Սալմանի հետ ման էր գալիս բակի ճեմելիքով, որ կամարած էր խաղողենի որթերով:
—Ֆէրուզ, Սալման, ձայն տուեց նա:
Նոքա կանգնեցան: Մարջանը մօտեցավ: Նորա միտքն այն է` կրկին անգամ խոսեցնել Ֆերուզին, նրա տիրուհու գաղտնիքներից խոսք քաշել եւ իւր տիկնոջ նպատակին ծառայելու միջոցներ հնարել:
—Սոխակները նիրհում են վարդի թփերի մեջ, նախշուն թիթեռները հանգստանում են կանաչ տերեւի տակ, բայց Ֆերուզն ու Սալմանը հանգստութիւն չունեն…
Մալայուհին եւ շիրազցի պատանին երկուսն էլ ժըպտեցան: Նոքա մտան ավազանի մօտ գտնվող հովանոցն, որ հիւսած էր եասի պատատուկ ոստերով, որոնց սպիտակ ծաղիկներն ավելի անուշ բուրումէին կէսօրվա տաքութիւնից:
—Ի՛նչ լաւ է այստեղ ծխել, ասաց Մարջանը, գնա՜ մի դէյլան բեր, Սալման:
Փոքրիկ Սալմանն ուրախութեամբ վազեց կատարել երկու աղախինների հաճոյքը:
—Դու էլ այսօր չես քնել, Մարջան, երեւի մի «փորացավ» ունես, ասաց Ֆերուզը պատանու գնալուց հետոյ:
—Ի՞նչ փորացավ:
—Դու իմանում ես, ես ինչ եմ ասում…: Այս ժամուն երկու արարածներ չեն կարող քնել, ոչ հարեմխանայի աղախինները եւ ո՜չ դրսի տան մանկլաւիկները…
—Ի՞նչ օգուտ, Ֆէրուզ ջան: Մենք նմանումենք երկաթի վանդակի մեջ դրած թռչունին, որոյ շուրջը խեղճ կատուն պտիտ է գալիս, միա՛ու, միա՛ու է անում, իւր թաթիկները մեկնում է ճեղքերից… բայց ոչինչ բավականութիւն չէ ստանում…
—Այդ ուղիղ է, բայց գիտէ՞ք, ի՜նչ է ասում առածն՝ «երկու սրտեր երբ միացան, շուտ են գտնում ծածուկ տեղը։»
—Ինչպէս դու եւ այդ շիրազցի պատանին: Այնպես չէ՞, Ֆերուզ:
—Նա դեռ երեխայ է, ոչինչ չէ հասկանում…
—Բայց դու դարձեալ սիրում ես նորան:
—Սիրում եմ…։ Պատասխանեց մանկահասակ մալայուհի աղջիկը եւ նորա մոյգ–դեղնապղնձի գույն դեմքն ընդունեց խիստ տխուր արտահայտութիւն:
—Բայց մեր տիկիններն աւելի բախտաւոր են մեզանից, խափշիկը փոխեց իւր խոսքը:
—Բախտաւոր են, Մարջան: Գիտէ՞ք ի՜նչ էր պատմում Խուրշիդ-խանումի աղախինը՝ Հուսնին:
—Ի՞նչ էր պատմում:
—Նա ասումէր, իմ տիկինը մի օր թոյլտվութիւն խնդրեց իւր քրոջ տունն երթալու: Երկու ձի պատրաստեցին մինը տիկնոջ համար, մյուսն՝ ինձ համար: Մեզ հետ վեր առանք խանումի արաբին, բայց փոխանակ նորա քրոջ տունն երթալու, մենք քաղաքից դուրս եկանք, արաբը մեզ տարաւ մի այգի: Այնտեղ սպասում էր խանումին մի երիտասարդ զօրապետ: Խանումն երկու օր անցրուց նորա հետ:
—Բայց ի՞նչպէս հաւատումէ Խուրշիդ-խանումն արաբին իւր գաղտնիքը. հարցրուց Մարջանը զարմանալով:
—Արաբը մեզ նման ստրուկ է, խանումը խոստացել է նորան ազատութիւն, եթէ մինչեւ հինգ տարի կը պահէ նորա գաղտնիքն: Ասումեն, նա արաբին էլ է սիրում…
Այդ խոսակցութեանը վերա հասավ Սալմանն, որ բերում էր արծաթի գլխով մինա արած ղեյլանը: Նա մատոյց ղեյլանը Մարջանին, բայց ուրախ պատանու երեսը չէր դադարում ժպտելուց:
—Ի՞նչ պատահեց քեզ, Սալման, հարցրուց Ֆերուզը:
—Ես լսեցի ինչ էիք խոսում:
—Սո՜ւս կաց, դու դեռ փոոքր ես, քեզ պէտք չէ այդպիսի խոսքերին ականջ դնել:
—Ես թեեւ փոքր եմ, բայց շատ բան գիտեմ:
—Ի՞նչ գիտես, հարցրուց Մարջանը:
—Ես առաջ սպասավոր էի Կ…—Միրզայի հարեմխանայում: Իմ խանումը գեղեցիկ էր, ինչպէս հրեշտակ: Բայց մեր իշխանն ատում էր նորան: Տարիներով նորա երեսը չէր տեսնում: Շատ անգամ իմ խանումը զարդարվումէր գոհարներով եւ թիրմաներով: Հոնքերը ներկում էր բասմայով, աչքերը սեւացնում էր սուրմայով եւ ձեռքերը ներկում էր խինայով: Նա այնպես սիրուն էր դառնում, որ ուզում էիր միշտ նայել նորա վերա: Յետոյ այդ բոլոր զարդարանքը նա ծածկում էր մի հին կարկատած չարսաւի տակ, երեսին ձգում էր նոյնպես հին րուբէնդ: Եվ որպէս մի աղքատ կին նա դուրս էր գալիս հարեմխանայից եւ ձեւացնում էր իւրեան կոյր մուրացկան: Ես նորա ձեռքիցը բռնած, ման էի ածում բազարումը: նա խանութպաններից ողորմութիւն էր խնդրում: Բազարի տղամարդերից որին հաւանումէր նա, ես կանչում էի նրան մի պառաւի տուն, ուր սովորաբար գնում էր տիրուհին իւր շրջանը կատարելուց յետոյ:
—Դու կատարեալ դեւիկ ես, Սալման, ճըչացին երկու աղախինները, չկարողանալով զսպել իւրեանց ծիծաղը:
—Մի անգամ, յառաջ տարավ Սալմանն, իմ տէրն իմացաւ այդ բանն, իմ խանումին խեղդեցին եւ գիշերով թաղեցին քաղաքի խրամատի մէջ: Ես փախայ այն տեղից:
Երկու աղախինները բոլոր մարմնով դողացին:
Սոյն միջոցին սենեակների մինի լուսամուտի ետքից լսելի եղավ մի քնքուշ կանացի ձայն՝—Ֆերուզ, Սալման:
—Տիկինը զարթնեց, ասացին մալայուհին եւ շիրազցի պատանին, եւ երկուսն էլ շտապով հեռացան Մարջանից:
Մարջանը հովանոցի մէջ միայնակ նստած մտածում էր, երբ նորա մօտ եկավ եթովպացի Սայիդը: Դա մի պատանեակ էր ուղիղ եւ վայելուչ կազմուածքով, որոյ էբենոսի նման սեւ՝ մանկական դէմքի զվարթութիւնից կարելի էր նկատել, թէ նորա տարիքն ոչ աւելի են քան տասն եւ եօթը: Սայիդը Զեյնաբ-խանումի սենեկասպաս ծառան էր:
—Քնե՞ց խանումը. հարցրեց Մարջանը սպասաւորից:
—Ես մատուցի երրորդ անգամ ղեյլան, նա տակաւին ծխում էր:
—Նստի՜ր, Սայիդ, ես խոսելու բան ունեմ քեզ հետ:
Պատանին նստեց, եւ նրա փայլուն աչքերն անհամբերութեամբ նայումէին Մարջանի երեսին, որ նոյն ժամուն աւելի հրապուրիչ կերպով կախարդումէր պատանու սիրտը:
—Ես այլ եւս ստրուկ չեմ, Սայիդ, իմ տիրուհին այսօր շնորհեց ինձ ազատություն:
— Աստուած, քեզ փառք. բացականչեց պատանին զգացմունքով լի ձայնով, եւ նորա կրակոտ աչքերի սպիտակուցքն ապելի շլացուցիչ կերպով նկարուեցան սեւ շրջանակների մէջ:
—Լսիր, Սայիդ, յառաջ տարավ Մարջանը: Դու նույնպես ստրուկ չես լինի, եթէ ինչ ասելու լինեմ քեզ դու իմ խօսքը պահես:
—Սայիդը սիրումէ քեզ, նա չէ կարող քո խօսքը կոտրել: Թող անիծուած լինի Սայիդը, թոդ քո գիսակներն արիւնի մէջ տեսնէ նա, եթե քո խօսքը չը լսէ:
Լսելով այդ սարսափելի երդումը, Մարջանը մանրամասնաբար պատմեց Սայիդին իւր տիկնոջ «հէքեաթը,» յայտնեց նորա նպատակը, թէ պետք էր աշխատել նորա սիրած տղամարդին հարեմխանան մտցնելու:
—Այդ գործի մեջ, Սայիդ, աւելացրեց խափշիկը, դու ոչ միայն պիտի գաղտնիք պահես, բայց եւ պէտք է օգնես Մարջանին իւր տիկնոջ կամքը կատարելու: Այն ժամանակ մեր տիկինը կը տայ քէզ ազատութիւն:
—Ես ամեն բանի պատրաստ եմ, եթէ ինձ սպանեին եւս:
—Ուրեմն ամեն ինչ վերջացած է: Մեր տիկինը հասնելով իւր նպատակին, մենք նոյնպես կհասնենք մերին…
—Այսինքն կը պսակվեինք. ա՞յդ ես ուզում ասել:
—Այո՜:
Պատանու աչքերը վառուեցան, նա գրկեց իւր սիրուհին եւ մի տաք համբոյր քաղեց նորա թըշերէն: