Չորրորդ Հայքի Գրադարան . ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ . Չորրորդ Հայքի Գրադարան . ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ . Չորրորդ Հայքի Գրադարան . ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ . Չորրորդ Հայքի Գրադարան . ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ . Չորրորդ Հայքի Գրադար

Հարեմ

ԱՌԱՋԻՆ ՄԱՍՆ

ԳԼՈՒԽ Ե

Հեղինակ՝ Րաֆֆի (1874)

Արեւը սկսել էր խոնարհվել դէպի իւր գիշերային մուտքը: Ամրոցի բարձր պատերի ստուերը յետզհետէ լայնանում էր բակերի վերա: Իսկ երեկոյեան մեղմիկ զեփիւռը ոգի էր ներշնչում ցերեկվայ տօթից թուլացած տերեւներին: 

Հարեմական ծառաների խումբը՝ սեւ ստրուկներ, ալեւոր ծերունիք, փոքրիկ պատանեակներ—բոլորը հարեմների անվտանգ մարդիք,—որը բակն էր աւելում, որն ավազաններից ջուր էր կրում եւ որը ցընցուղներով սրսկումէր սալահատակների եւ ծաղիկների վերա: Նոցա մօտ կանգնած էր մի բարձրահասակ մարդ՝ լղարիկ կազմուածքով, բոլորովին լերկ ու թառամած երեսով եւ սպառնալից աչքերով: Նա հրամաններ էր տալիս աշխատողների խմբին: Նորա պատշաճավոր հագուստը, գոտկումը խրած ղաջարեան դաշնակն որոշումէր նորան միւս ծառաներից՝—Դա ներքինապետ Հէյդարն էր: 

Մարջանը, բոլորովին կազմած գլխումը իւր տիրուհու նպատակին ծառայող գաղափարի ծրագիրը, դուրս եկավ հովանոցից, երբ նրան հանդիպեց Հեյդարը: 

—Ի՞նչ է պատահել քո տիկնոջ հետ, քանի օր է նա չէ երեւում,—հարցրուց ներքինապետը: 

—Ա՛խ, մի՜ հարցնիր, Հեյդար…—Պատասխանեց խափշիկը, տալով իւր ձայնին խիստ ցավալի արտասանություն:—Մարգարէների մեծը թող օգնէ նորան, իմ տիրուհին ողորմելի դրութեան մէջ է… 

—Ի՞նչ է, հիվա՞նդ է, հարցրուց ներքինապետը զարհուրելով:

—Երանի՜ թե հիվանդ լիներ…յառաջ տարաւ խափշիկը. նա տանջվում է չար ոգիներից: 

—Չար ոգիների՞ց։ —Կրկնեց Հեյդարն աւելի սարսափելով:—Ո՜վ գթած եւ ողորմած Ալլահ…

—Այո, բարի Հէյդար, ցերեկները հանգստութիւն չունի եւ ամբողջ գիշերը նորա աչքերին քունը մօտ չէ գալիս: Դեւերը եւ ջիններն անդադար բզըզում են նորա ականջներին, վախեցնում են ե ամենեւին չեն հեռանում նորանից: 

—Նզո՛վք, շեյթանին. բացականչեց ներքինա-պետը: —Պէտք է շուտով կանչել ջինդարին (կախարդ։) 

—Ես էլ այդպէս եմ մտածում, Հեյդար: Ես ճանաչումեմ մի պառավ վըհուկ, նա կոչվում է «Ջինների մայր:» Նա իշխում է դեւերի վերա, երկնքից աստղ է վեր բերում, ասում են, եւ փակեալ գանձերի դուռն է բաց անում: Այս առաւօտ ես նորա մօտ էի, խոստացաւ գիշերը գալ, երբ աւելի են հավաքվում իմ տիկնոջ շուրջը չար, ոգիները: 

—Ուրեմն կը գա՞յ նա: 

—Անպատճառ, այս գիշեր: Բայց գիտե՞ս, ի՜նչ ասաց կախարդը: Նա ասաց, խանումը պէտք է միայնակ լինի իւր սենեակումն. ոչ ոք չը համարձակուի ներս մտնել նորա մոտ, որ նրա հմայքները չարգելեն: 

—Ես կը հրամայեմ ամենին մօտ չը գալ այն ժամուն խանումի սենեակին: 

—Կախարդը կը բերէ իւր հետ դեւերի իշխանին, յառաջ տարավ խափշիկը, նա կհալածէ ամրոցից բոլոր չար ոգիները. մեծ պատերազմ կը լինի ոգիների մեջ եւ այդ միջոցին խանումի բակումն ոչ մի արարած պիտի չերեւայ, եթէ ոչ կը հանդիպի նոցա սրերին: Այդպես ասում էր կախարդը:

—Ես կը կարգադրեմ բոլորը, որպես պահանջումէ կախարդը. պատասխանեց ներքինապետը: Բայց նոյն րոպեին նա ամբողջ մարմնով դողում էր երկիւղից: —Միայն դու, Մարջան, այս գիշեր աշխատիր անպատճառ բերել նորան: 

Խափշիկը հեռացավ ներքինապետից լի բաւականությամբ որպէս մի մարդ, որ կիսով չափ հասել էր իւր նպատակին: Նա գտավ իւր տիրուհին նոյն գրութեան մեջ, որպես թողել էր: Զեյնաբ-խանումը, տակաւին թիկն տուած թավիշեայ բարձերին, իւր սրտի ամենաքաղցր վրդովմունքի մեջն էր: Խափշիկի պատմածները հարեմական գաղտնիքների մասին քաջալերում էին նրա սիրտը, եւ նա յոյս ուներ միւսանգամ տեսնել նրան, եւ այդ բախտաւոր րոպէին սպասումէր նա մէծ անհամբերութեամբ: Տեսնելով Մարջանի ուրախ դէմքը, նա հավատացրեց իւրեան, թէ խորամանկ խափշիկն արդէն կազմել էր իւր մեքենան: Եւ այդ կարծիքի մէջ չը սխալվեցավ նա, երբ լսեց յետագայ խոսքերը. 

—Իմ տիկնոջ աչքը թո՛ղ լուսաւոր լինի. ամեն բան արդէն կարգադրած է:

—Ո՞րպես, հարցրուց Զեյնաբ-խանումը ուրախութեամբ: 

Խափշիկը պատմեց այն ամենը, ինչ որ խօսել էր ներքինապետի հետ:

—Դու կատարեալ սատանայ ես, Մարջան, խօսեց Զեյնաբ-խանումը ծիծաղելով.— ուրեմն նա կը մտնի ինձ մօտ որպես կախա՞րդ: 

—Այո՜: Բայց լսեցէք, տիրուհի, այդ բոլորը չէ: 

—Այլ եւս ի՞նչ ունես ասելու: 

—Մենք չենք կարող այդ գաղտնիքը ծածուկ պահել Սայիդից, նա պէտք է գիտենայ բոլորը: 

—Ի՞նչպէս հավատալ նորան: 

Ես երաշխավոր եմ լինում իմ գլխով: 

Տիկինը մտածության մեջ ընկավ: 

—Դու երեւի ամենը պատմեցի՞ր նորան, հարցրուց խանումը րոպէական խռովությունից հետոյ: 

—Բոլորը: Թո՜ղ իմ տիկինը չը վրդովուի, Մարջանը լաւ գիտէ իւր գործը: Ես խոստացայ Սայիդին, թե խանումը կշնորհե քեզ ազատութիւն, եթէ դու լուռ պահես լեզուդ: 

—Նա ի՞նչ ասավ:

—Նա խոստացավ ոչ միայն լուռ մնալ, այլ եւ ամէն բանի մեջ օգնել մեզ: Եվ երղվեցավ սարսափելի երդումներով եւ իմ սիրով:

—Քո սիրո՞վ, կրկնեց տիկինը մի փոքր սիրտ առնելով: 

—Այո՜, իմ սիրով։ Պատասխանեց Մարջանը ծանրութեամբ:—Մենք մեր տիրուհուց գաղտնիք չունենք, Մարջանը եւ Սայիդը սիրում են մէկ մէկու: 

Թէ խափշիկը եւ թէ մալայեցի պատանին Զեյնաբ-խանումի սեփական ստրուկները լինելով, նա կատարեալ իրաւունք ուներ նորանց ազատութիւն շնորհելու: 

—Այս օրից Սայիդն ազատ է, խօսեց տիկինը գոհունակ կերպով. բայց լսի՜ր, Մարջան, թէ դու եւ թէ քու սիրականը չը պիտի յայտնեք ձեզ ազատուած մինչեւ մի հարմար ժամանակ, մինչեւ դուք պսակուած կը լինէիք: 

—Հասկանումեմ… ասաց խափշիկն ուրախալի ձայնով եւ համբուրեց իւր տիկնոջ ոտքերը ի նշան իւր շնորհակալութեան: 

—Ուրեմն դու մի՜ ուշացիր, Մարջան, շուտով ազանը կը կանչեն: 

—Դուք միայն ասացէք, թէ որտեղ է նորա բնակարանը: 

—Դու կգտնես նորան քաղաքիս Սար-Ասքերի տանը, նրա կալուածքներն է կառավարում: 

—Այդքանը բավական է ինձ։ Ասաց Մարջանը վեր կենալով:—Դուք կախարդին սպասեցէք գիշերի տասներկու ժամին: Այս րոպէիս գնումեմ ես: Սայիդին կասեմ ոչ ոքի չը թողնէ ձեզ մօտ. դուք էլ կը ձեւացնեք ձեզ այնպէս, որպէս ես յայտնել եմ Հէյդարին: 

—Շատ լաւ: Տերին յանձնում եմ քեզ: