Չորրորդ Հայքի Գրադարան . ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ . Չորրորդ Հայքի Գրադարան . ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ . Չորրորդ Հայքի Գրադարան . ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ . Չորրորդ Հայքի Գրադարան . ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ . Չորրորդ Հայքի Գրադար

Հարեմ

ԱՌԱՋԻՆ ՄԱՍՆ

ԳԼՈՒԽ Զ

Հեղինակ՝ Րաֆֆի (1874)

Քաղաքի ազնվապետական թաղերից մինի մեջ կանգնած էր փառավոր տուն, շրջապատած բարձր աշտարակներով եւ ատամնաւոր պարիսպներով: Գըլխաւոր մուտքի հանդէպ շարած մի քանի հրացաններն եւ նոցա մօտ մի թումբի վերա նստած պահապան սարվազները՝ ցույց էին տալիս, թէ այդ ապարանքը պատկանումէր մի զինւորական աստիճանաւորի: Եւ արդարեւ, այնտեղ կենումէր զորքի Սէր-Ասքէրը: 

Առաւօտեան ժամն էր: Հոյակապ տան դահլիճներից մինի մէջ, որոյ լայն, գույնզգույն ապակիներով զարդարուած լուսամուտները բացվում էին դէպի գեղեցիկ պարտեզը, նստած էին երկու ամուսիններ իւրեանց հասակի զառամյալ եւ պատկառելի տարիքում: Կինը թէյի մեքենայի կողքին չայ էր պատրաստում, իսկ այրը նորանից հեռու իւր վաղորդեան նամազն էր կատարում: Երբ վերջացրուց նա իւր աղօթքը, մօտեցավ կնոջը եւ նստեց նորա մօտ: Կինը լցրեց մի բաժակ թէյ եւ դրեց նրա առջեւ: Երբ վերջացրեց նա խմելը, սենեկասպաս փոքրաւորներից մինը ներս բերավ ղեյլանը եւ դրեց իւր աղայի առջեւ: Նա սկսեց ծխել: Նոքա երկուքն էլ դեռ չէին փոփոխել իրանց մէջ ոչ մի խօսք: Բայց նոցա բազմահոգ դէմքերից երեւումէր, թէ երկուքի միտքն էլ զբաղուած էր մի ծանրակշիռ ընտանեկան խնդրով: 

Այրն առաջինն ընդհատեց տիրող լռութիւնը՝ 

—Կին, դու ո՞րտեղից գիտես, թե Մահին սիրում է Քէրիմ-բեկին: 

—Մէհրին ինձ պատմեց բոլորը, պատասխանեց տիկինը: 

—Բայց դու Մահիի լեզուից ոչինչ չե՞ս լսել: 

—Ես նորանից հարցրի, բայց նա ոչինչ չպատասխանեց, միայն լաց էր լինում: 

—Ուրեմն այդ հաստա՞տ բան է: 

—Նա Մեհրիից թաքուն բան չունի, նա իւր աղախնին պատմել էր բոլորը եւ աղախինը հայտնեց ինձ: 

Ալեւոր զորապետի խորշոմած, բայց միեւնույն ժամանակ պատկառելի դէմքն ընդունեց խիստ ծանր արտայայտութիւն, եւ նա առաջ տարավ իւր խոսքը՝ 

—Իւր սիրո միջ չէ սխալուել Մահին: Քերիմ-բեկն արժան է նորան:

Տիկնոջ թառամած, բայց տակաւին գեղեցիկ աչքերում փայլեցան ուրախութեան նշոյլներ: Նա գոհ էր, որ ամուսնի համազգայութիւնը համապատասխանում էր իւրեան: 

—Այդ երիտասարդին, յառաջ տարավ զորապետը, Գուրջիստանի Թիֆլիս քաղաքից ես բերեցի որպէս գերի: Նա ազգավ հայ էր, իսկ կրոնքով քրիստոնեայ: Բայց շուտով ճանաչեց նա մեծ մարգարէի կրոնքի ճշմարտութիւնը եւ ընդունեց իսլամը: Այժմ նա ամենաբարեպաշտ մուսուլմաններից մինն է: Նա այսքան տարի իւր ծառայութեան մէջ միշտ հաւատարիմ մնաց ինձ, այդ պատճառով ես սիրում եմ նորան որպէս իմ աչքի լույսը: Վերջապես նա ազատեց ինձ մահից… եւ ես իմ կեանքով պարտական եմ նորան: 

—Նա ազատեց քեզ մահի՞ց, — կրկնեց կինն ուրախանալով: 

—Այո՜: Հերաթի կռիւումը մենք յաղթվեցանք, իմ զօրքը ցրվեցավ: Աւղանների եւ Բէլուջների սուրը անխնայ կոտորումէր մեր սարվազներին նորանց հալածելու միջոցին: Ես նոյնպես ստիպուած էի խոյս տալ կռվի դաշտից: Բայց յանկարծ իմ թուրքմենցի ձին գլխիցը գնդակ ընդունելով գլորուեցավ գետին: Ես թաւալուեցայ փոշիների մէջ: Մին էլ այն տեսայ, մի Աւղան արծվի արագութեամբ չոքեց իմ կուրծքի վերա: Նորա դաշնակը փայլեց: Բայց հեռուից ծխաց մի հրացան եւ Աւղանը մի ակնթարթում գլորվեցավ իմ մոտ: Ես տեսայ իմ ազատիչը՝—Քէրիմ-բէկը՝ վերա հասավ, ոտքով գլորեց դիակը դէպի մի կողմ եւ ինձ վեր բարձրացրուց: Նա տուեց ինձ իւր նժույգը, ասելով՝ «դուք փախեք, Սերթիփ, ես կարող եմ ինձ ազատել»: Ես համբուրեցի նորա ճակատը եւ այն րոպէից խոստացայ նորան Մահիին…

—Փառք քեզ, Աստուած։ Բացականչեց կինն իւր աչքերը դէպի երկինք ուղղելով:—Մի՞թէ այդքան քաջ է Քէրիմ-բէկը: 

—Նորա մէջ փըղի ուժ կայ եւ առիւծի սիրտ, պատասխանեց ծերունի զօրապետը. նա իւր թրի մի հարուածքով վայր է գցում մի ահագին գօմէշի գլուխը: 

—Մաշալլա՛յ…կոչեց կինը:—Բայց ո՛րքան ազնիվ է նա որպես տղամարդ, չը նայելով որ Մահին նորա համար հանգստութիւն չունի, նա մինչեւ այսօր ուղղակի աչքով չէ նայել մեր աղջկա երեսին: 

—Քէրիմ-բէկը կատարեալ տղամարդ է. նա արժան է մեր փեսայ լինել եւ մեր բոլոր հարստութեան ժառանգ: 

—Բայց ինչո՞ւ չը յայտնել նորան մեր նպատակը:

—Ես այս րոպէիս գնումեմ դրսի տունը, նորան կը կանչեմ ինձ մօտ եւ բոլորը կասեմ։  Խոսեց Սեր-Ասքերը եւ վեր կացավ, վերարկուն գցեց ուսին եւ դուրս գնաց:

Սոյն միջոցին ներս մտավ մի մանկահասակ աղջիկ հիանալի գեղեցկութեամբ: Նորա սեւ գանգուրները խիտ օղակներով ծփումէին կիսամերկ թիկունքի վերա: Աղեղնաձեւ յոնքերն պատել էին երկայն թերթերունքներով հովանավորուած աչքերը, որոց մէջ մանկական կրակը վառվումէր իւր բոլոր արեւելեան ջերմությամբ: 

Դա Մահին էր: Մայրը պատմեց նորան հոր խօսքերը եւ իւրեանց նպատակը: Օրիորդն ոչինչ չը պատասխանեց: Մի քանի կաթիլ արտասուք երեւացին նորա սեւորակ աչերի մէջ եւ հանդարտ կերպով գլորվեցան մոյգ-վարդագույն թշերի վերա:—Այդ նորա համաձայնութեան արտահայտութիւնն էր: 

—Սէր-Ասքէրը, դուրս գալով հարեմխանայից, առանձնացար դրսի տան սենեակներից մինի մէջ եւ իսկոյն հրամայեց իւր մոտ կանչել Քերիմ-բեկին: 

Քանի րոպեից յետոյ յայտնուեցավ մի տղամարդ վայելուչ կազմուածքով եւ համակրական դեմքով: Նա խորին մեծարանքով գլուխ տուեց ծերունի զօրապետին եւ կանգնեց: 

—Նստի՜ր, Քէրիմ-բէկ, ասաց զօրապետը: Մօտ նստի՜ր: 

Երիտասարդը պահպանելով իւր պատշաճավոր համեստությունը, չոքեց զորապետից փոքր ինչ հեռու խալիների վերա: 

—Լսի՜ր, բարեկամ, խօսեց ծերունին, ես այսօր պէտք է յայտնեմ քեզ մի միտք, որ վաղուց դրած էր իմ սրտի մէջ: Դու տեսնումես, որ ես արդէն հասակս առած եմ, գերեզմանը շատ հեռու չէ ինձանից, մահը կանգնած է իմ վըզի ետնեն: Միակ ճրագն, որ պէտք է վառ պահէ իմ օջախը, է իմ սիրելի աղջիկ—Մահին: Բացի նորանից, դու գիտես, ես ուրիշ զավակ չունեմ: Մահին այժմ տասն եւ վեց տարեկան է, ուրեմն ես կարող եմ կատարել իմ խոսքը, որ տվեցի քեզ Հերաթի կռիւի դաշտումն, երբ դու իմ կեանքն ազատեցիր մահից: Մահին քո կինը կը լինի, Քէրիմ-բէկ, իսկ դու իմ որդին: Եվ իմ բոլոր հարստութիւնը կմնա ձեզ ժառանգություն: 

Այդ երկար մօնոլօգի միջոցին Քէրիմ-բէկի դեմքն աւելի եւ աւելի մռայլվումէր: Կարծես թէ, նա սարսափելով սպասում էր ծերունի զօրապետի վերչին խօսքերին: 

Այժմ իմ որդի,—ես այսուհետեւ այդպէս պէտք է կոչեմ քեզ,—ե՜կ ձեռքս համբուրիր, որ քեզ օրհնեմ: 

Ներքին պատերազմն ամենասաստիկ կերպով խռովումէր երիտասարդի սիրտը: Մի քանի րոպէ նա տարուբերուեցավ անվճռականութեան մէջ: 

—Աստուած երկար կեանք տայ ձեզ, իմ տե՜ր, պատասխանեց նա շփոթվելով.—ես պատրաստ եմ համբուրել ոչ թէ ձեր ձեռքն, այլեւ ձեր հողաթափները: Բայց ինչ որ վերաբերումէ Մահիին, այդպես շուտ չեմ կարող ընդունել մի այդպիսի առաջարկութիւն: 

Զարմացքը ծերունու մէջ սարսափի փոխուեցավ, լսելով մի այդպիսի անսպասելի պատասխանը, նա հարցրուց անհամբերութեամբ՝—

—Երեւի դու չե՞ս սիրում Մահիին: 

Երիտասարդը դարձեալ ընկղմուեցավ դժվարացուցիչ դրութեան մէջ: Նա չը գիտեր, թէ ինչ պատասխանէ: Իսկոյն ծագեցավ նորա գլխում մի միտք եւ նա վճռեց կեղծավորուիլ: 

—Ես սիրումեմ Մահիին, իմ տէր, բայց նորա սէրից աւելի ես պատվումեմ իմ ուխտը: 

—Որպիսի՞ ուխտ, զարհուրելով հարցրուց ծերունին: 

—Հերաթի կռիւի դաշտումն, երբ յայտնեցիք դուք ձեր խոստմունքը Մահիի մասին, մի եւ նոյն րոպէին ես երդուեցայ մեծ մարգարէի առջեւ, որ չը պսակուեմ՝ մինչեւ Մէքքայ ուխտաւորութեան չերթամ: Ես պէտք է գնամ Մեքքայ, ես պէտք է մտնեմ Քաբայի տունը, համբուրեմ Մուհամմէդի գերեզմանը եւ հաջի դառնամ, որպէս զի կարողանամ դոցանով սրբել իմ ձեռքերն այնքան արիւններից, որ թափել եմ ես… 

Այս խոսքերն երիտասարդն արտասանեց այնպիսի մի ջերմեռանդութեամբ, մինչ ծերունու սրտում ամենեւին կասկած չմնաց նրանց ճշտութեան մասին: Նոր իսլամը ընդունող այլակրոն երիտասարդի այդ մուսուլմանական զգացմունքն աւելի բարձր՝, աւելի վսեմ էր, քան թէ Մահիի սէրը եւ ամեն երկրային բան: Այդ պատճառաւ ծերունին խոնարհուեցավ երիտասարդի այդ սուրբ կրոնական պարտավւորութեան առջեւ: 

—Երբ որ այդպես է, խօսեց ծերունին, ես չեմ շտապեցնի քո հարսանիքն, իմ որդի: Ես նախ եւ առաջ մեծ պատրաստութեամբ կուղարկեմ քեզ Մեքքայ, դու քեզ հետ կունենաս մի ամբողջ քարաւան ծառաների եւ ստրուկների եւ կկատարես քո ուխտը: 

—Աստուած թող երկար կեանք պարգեւե քեզ, տէր իմ, պատասխանեց երիտասարդը եւ մօտեցավ համբուրելու ծերունու աջը: 

Բայց զօրապետը բռնեց նրա ձեռքիցշ—Խոստանումե՞ս, որդի, որ հաջի դառնալէդ յետոյ կը կատարես իմ կամքը: 

Երիտասարդը կրկին շփոթուեցավ: 

—Ասա՜, մի՜ ամաչիր:

—Խոստանում եմ… պատասխանեց Քէրիմ-բէկն, իսկ այդ խոսքը կարծես այրեց նրա շրթունքը…