Չորրորդ Հայքի Գրադարան . ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ . Չորրորդ Հայքի Գրադարան . ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ . Չորրորդ Հայքի Գրադարան . ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ . Չորրորդ Հայքի Գրադարան . ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ . Չորրորդ Հայքի Գրադար

Հարեմ

ԱՌԱՋԻՆ ՄԱՍՆ

ԳԼՈՒԽ Է

Հեղինակ՝ Րաֆֆի (1874)

Մի քանի օր միայն անցել էր այդ խոսակցութիւնից:

Երեկոյեան ժամն էր: Մեչիդների բարձր մինարէթների գլխից լսելի էին լինում հարիւրավոր մուազինների (քարոզների) ազանի ձայներ, մինը գոռումէր, միւսը կլկլացնումէր իւր ձայնը: Այդ հնչումների ընդհանուր խռովութեան հետ` միախառնվելով քարանէյխանայի երեկոյեան խօռօտօտօի զռզռոցը, այգիներից իւրեանց բեռնով դարձող աւանակների անուշ մեղեդին՝—կազմում էին մի անախորժ ներդաշնակութիւն: 

Խանութպանները բազարից ըշտապումէին դէպի տուն: Նրանցից ոմանք իւրեանց թեւքի տակին տանումէին մի քանի սանգակ, որը մի կտոր սառուց խոտով քարշ էր տուած իւր ձեռքից, որն իւր քթի թաշկինակի մէջ կանաչի կամ միրգ էր տանում իւր երեխաներին: 

Նոյն ժամուն մի կին, ոտքից գլուխ փաթաթուած կապոյտ չարսաւի մէջ, սպիտակ երեսկալով, մի մեծ կապոց թեւքի տակին բռնած, միայնակ դիմում էր դէպի Ղազվինի—Դարվազէն: նա անցաւ բազարից եւ կես ժամից յետոյ հասավ Սար-Ասքէրի տանը: 

—Ո՞վ ես դու, հարցրուց դռնապանը խռպոտ ձայնով, երբ կամենում էր կինը ներս մտնել:

—Քէրիմ-բէկի համար լուացք եմ տանում, պատասխանեց անծանոթը, ցոյց տալով թեւքի տակի կապոցը: 

—Անցե՜ք, Բէկը այժմ իւր սենեակումն է, ասաց դռնապանը: 

Կինը ներս մտաւ: Փոքրիկ սպասաւորից, որ հանդիպեց նորան սրահակի մէջ, տեղեկացաւ նա Քէրիմ-բէկի կացարանի մասին եւ ուղղակի դիմեց այնտեղ: Կինը գտաւ նորան միայնակ, իւր սենեակում թէյ էր խմում եւ ծխումէր: Նա առանց բարձրացնելու երեսկալը, մօտեցաւ երիտասարդին, բարեւեց՝— 

—Խաղաղություն լինի քեզ: 

Երիտասարդը սովորական կերպով ընդունեց ողջոյնը, հրաւիրելով նորան նստել: Կինը մօտեցաւ նորան եւ հազիւ լսելի ձայնով ասաց՝— 

—Իմ տէ՜ր, ձեզ հետ գաղտնի խօսելիք ունեմ: 

Այդպիսի անակնկալ հիւրերը, մանաւանդ անծանօթ կնիկներից ամուրի երիտասարդների մօտ, այն քաղաքում սովորական լինելով Քէրիմ-բեկն ամենեւին չը կասկածեց իւր այցելուի մասին, եւ խիստ քաղաքավարի կերպով պատասխանեց նորան՝—

—Այստեղ չեն արգելի ձեզ, միայն դուք յետ քաշեք ձեր երեսկալը: 

Անծանօթն երեսից առեց դիմակը եւ յայտնվեցաւ մի խափշիկի դեմք բաւականին նուրբ գծագրութեամբ: Երիտասարդը մտածեց, թէ նա տարփաւոր խանումների աղախիններից մինը պէտք է լինի: 

—Ի՞նչպէս թողեցին ձեզ ինձ մօտ:

—Ես խաբեցի դռնապանին, ասեցի թէ ձեզ համար լուացք եմ բերում, պատասխանեց խափշիկը, ցոյց տալով իւր կապոցը:

Օրիորդը նստեց երիտասարդից ոչ այնքան հեռու:

—Բարի՜ լինի ձեր գալուստը… հարցրուց Քերիմ-բեկը հետաքրքրութեամբ: 

—Փա՜ռք Աստուծոյ բարի է։ Ասաց աղախինը եւ, ավելի մօտենալով երիտասարդին, խօսեց նորա ականջին՝—ինձ ձեզ մօտ ուղարկեց Զէյնաբ-խանումը: 

Զարմացքը, հրճուանքը եւ սոսկումը փոփոխակի կերպով՝ մի րոպէում նկարուեցան Քէրիմ-բէկի դէմքի վերա: Նա չը կարողացաւ իսկոյն հաւատալ խափշիկի խոսքին: 

—Ո՞վ է Զէյնաբ-խանումը, հարցրուց նա փորձելու մտքով: 

—Իմ տէրը լաւ է ճանաչում նորան: Զէյնաբ-խանումն իմ տիկինն է, իսկ ձեր՝— սիրուհին: Դեռ Գուրջիստանի Թիֆլիս քաղաքում Մեխակը եւ Ալմաստը սիրում էին միմեանց: Այդպէս կոչվումէր այնտեղ ձեր երկուքի անունները: Ներքինի թագավորը ձեզ այստեղ գերի բերաւ եւ դուք բաժանվեցաք միմեանցից… 

Մի երկբայական սարսուռ ցնցեց Քէրիմ-բէկի բոլոր մարմինն այդ խօսքերը լսելու միջոցին: 

—Դո՜ւք, յառաջ տարաւ խափշիկը, ձեր հայրենիքից զրկվելէն յետոյ մէկմէկից բնաւ տեղեկութիւն չունէիք, մինչեւ քանի շաբաթ առաջ հանդիպեցաք միմեանց իմ տիկնոջ ամառանոցումը… 

—Նզո՛վք շէյթանին, բացականչեց երիտասարդը սարսափելով,—մեր գաղտնիքը յայտնուած է…

—Հանգստացէք, իմ տէր, ես լրտես չեմ: Հաւատացնումեմ ձեզ եօթն իմամների անունու, որ իմ խօսքերի մէջ կեղծաւորութիւն չը կայ: Ձեր եւ Զէյնաբ-խանումի կեանքի պատմութիւնը բոլորն ինձ յայտնի է: Իմ տիրուհին Մարջանից գաղտնիք չունի,—այդպէս է ձեր աղախնի անունը: 

Խափշիկը, դուրս բերելով իւր ծոցից մի ոսկեայ խաչ, ցոյց տուեց երիտասարդին: 

—ճանաչո՞ւմէք այդ բանը: 

—Տէ՛ր Աստուա՜ծ, այդ «նորանն» է…։ Բացականչեց Քէրիմ-բէկն, իւր ձեռքը առնելով փոքրիկ խաչը: 

—Լսեցէք, իմ տէր, շարունակեց խափշիկը, Զէյնաբ-խանումն այդ նշանը տուաւ ինձ, ձեզ ցոյց տալու համար, որ դուք հավատաք իմ բոլոր ասածներին: 

—Ես այժմ հաւատում եմ ձեզ:

—Ուրեմն ականջ դրեցէ՛ք: Զէյնաբ-խանումը սպասում է այս գիշեր տասներկու ժամին ձեզ իւր մօտ ընդունելու:

—Ո՞րպես ես կարող եմ մտնել հարեմխանան: 

—Դուք կը հագնէք այդ շորերն, որ ես բերել եմ հետս եւ կը մտնեք հարեմխանան որպէս մի կախարդ պառաւ: 

Խափշիկը ցոյց տուեց նորան իւր բերած կապոցը եւ յայտնեց այն բոլորն, ինչ որ խոսեցել էր ներքինապետի հետ, եւ որպես կարգադրել էր նրա դերը հարեմխանան մտնելու համար: Քէրիմ- բէկը լսելով այղ խօսքերը, չը կարողացավ զսպել իւր ծիծաղը: 

—Մարջա՛ն, ասաց նա, դուք ուզումէք ինձ կախա՞րդ շինել: 

—Ուրիշ հնար չը կայ: Ժամանակը թանգ է մեզ համար: Իմ տիրուհին կսկիծից կը մեռնի, եթէ այս գիշեր ձեզ չը տեսնէ: Ամրոցում ամեն ինչ կարգի գրած է ձեզ ընդունելու համար: Այդ մասին միամիտ կացէք: Ահա ես գնում եմ եւ ձեզ մօտ եմ թողնում այդ հագուստը: 

—Ես ո՞րտեղ կարող եմ գտնել ձեզ:

—Հա՜, մոռացայ: Դուք կը գտնեք ինձ Ջումայ-Մէչիդի մօտ: Այնտեղից մենք միասին ամրոցը կերթանք:

—Շատ լաւ, պատասխանեց երիտասարդն ուրախութեամբ, երկու ժամից հետոյ ես այնտեղ կը լինեմ:

Խափշիկը վեր կացաւ եւ, մնաք բարով ասելով, հեռացավ: