Չորրորդ Հայքի Գրադարան . ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ . Չորրորդ Հայքի Գրադարան . ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ . Չորրորդ Հայքի Գրադարան . ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ . Չորրորդ Հայքի Գրադարան . ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ . Չորրորդ Հայքի Գրադար

Հարեմ

ԱՌԱՋԻՆ ՄԱՍՆ

ԳԼՈՒԽ Թ

Հեղինակ՝ Րաֆֆի (1874)

Երբ մի փոքր սթափուեցան նոքա իւրեանց հոգեզմայլութիւնից, նստեցին միմեանց մօտ, տիկինն առաջինը ընդհատեց տիրող լռությունը՝—

—Ո՞վ կը մտածէր, Մեխակ, որ այդքան անցքերից յետոյ մենք կրկին կը տեսնէինք միմեանց: 

—Աստուծոյ ձեռքում ամեն ինչ հնարավոր է, Ալմաստ։ —Պատասխանեց երիտասարդը: —Բայց ի՛նչէս լաւ խօսումես դու հայերէն, դու դեռ չես մոռացել մեր լեզուն: 

—Ես ոչինչ չեմ մոռացել, Մեխակ ջան, ես դեռ յիշումեմ Թիֆլիսն ու մեր Քուռը, ես դեռ յիշումեմ Խոջոնց վանքն ու Համբարձման օրը, երբ աղջիկների հետ այնտեղ ջանգուլումներ էինք երգում ու վիճակով մեր բախտը փորձում: Ես դեռ մտքումս ունեմ մի քանի ջանգուլումներ: Կարծես թէ, հենց այս րոպէիս իմ աչքի առջեւ կանգնած են մեր տունը եւ մեր կտուրն, ուր ճիւղերով ծածկուած չարդախի տակ, յիշումե՞ս Մեխակ, մենք անցուցանում էինք ամբողջ գիշերներ… 

—Յիշում եմ…։—Պատասխանեց երիտասարդը, եւ նորա ձայնը դողաց սրտի յուզմունքից:—Ես ուրախ եմ, Ալմաստ, որ այդ բոլորը չես մոռացել դու: Ես մտածումէի, թէ հարեմական զվարճութիւնների մէջ, դու մտահան կանէիր մեր բախտաւոր անցեալը—մեր սիրոյ եւ մանկութեան քաղցրիկ օրերը… 

—Ի՞նչ զվարճութիւն, իմ սիրելի, դու ինքդ լաւ գիտես, թէ ինչ բան է հարեմխանան եւ հարեմը: Այստեղ ոսկուց, արծաթից եւ թանկագին գոհարներից է կազմվում անբախտ հարեմի գերեզմանը…թիրմայ շալերից է կարվում նորա պատանը…եւ նա թաղվումէ զարդարուած դահլիճների փակուած պատերի մէջ… 

—Եվ նա մխիթարութեւն է գտնում, աւելացրեց երիտասարդը, խօսելով թթուած ներքինիների եւ զզուելի դէմքով՝ սեւամորթ ստրուկների հետ:

—Այդ ուղիղ է, իմ սիրելի, յառաջ տարավ Ալմաստը:—Դու չես կարող երեւակայել, թէ ի՛նչ ցաւերով անցուցել եմ ես այստեղ իմ սեւ օրերը…: Ամբողջ հարեմխանան լցուած է կնիկներով, ամեն ազգից եւ ամեն դասից: Նոցա ամեն մէկի կեանքի հետ կապուած է մի սարսափելի պատմութիւն: Ներքինեպետը մի եւ նոյն կերպով է վարվում իւր տիրոջ կնիկների հետ, ինչ կերպով որ վարվումէ ախոռապետը նորա ձիաների հետ, երբ պատրաստումէր նոցանից մինը, որին նորա տէրը բարեհաճել էր հեծնել եւ կատարել իւր զբօսանքը… 

—Սարսափելի՛ դրութիւն, կոչեց երիտասարդը: 

—Ներքինապետը հերթով է բաժանում հարեմխանայի իշխանի սէրը նորա կնիկների մէջ։—Շարունակեց Ալմաստը ցավալի ձայնով:— Կնիկները ստիպուած են կամ կաշառել իւրեանց անգութ պահապանին եւ կամ հաճոյամոլություններով գրաւել ամուսնի սիրտը: 

Երիտասարդը բոլոր ժամանակը լսումէր, թոյլ տալով իւր սիրուհուն թափել սրտի ցաւերը: 

—Շատ անգամ հուսահատութիւնը մինչ այն աստիճան տիրում էր ինձ, որ ես պատրաստվումէի ինձ խեղդեի կամ որեւիցե թոյնով հանգստացնել սրտիս դարդերը: Բայց միշտ մի աներեւույթ ձեռք կարծես արգելումէր ինձ, երբ մտածում էի, թէ ես քրիստոնեայ եմ, թէ իմ դիակը կը դրվի մահմեդական գերեզմանատնում… 

—Բայց դու չէի՞ր մտածում իմ վերա, ընդհատեց երիտասարդը նորա խօսքը: 

—Մտածումէի, Մեխակ ջան, ի՛նչպէս չէի մտածում: Ես կարծում էի, թէ երկնքումը կը գտնեմ քեզ եւ այնտեղ էլի կը սիրենք մեկմեկու: 

Վերջին խոսքերն արտասանելու միջոցին Ալմաստի աչքերը լեցուեցան արտասուքով: 

—Ուրեմն դու չը գիտէի՞ր, որ ես կենդանի եմ: 

—Ո՜չ, մինչեւ այն օրն, երբ քեզ առաջին անգամ տեսայ մեր այգումը, երբ դու ասացիր թէ «դեռ սիրումես ինձ:» 

—Սիրումեմ, Ալմաստ, պատասխանեց երիտասարդը: 

Այնուհետեւ մի ըստ միոջե պատմեց նա, թէ ինչ նշանակութեւն էր ստացել ինքը Սէր-Ասքէրի տան մէջ: Յայտնեց նոցա դստեր Մահիի սիրահարուիլն իւր վերա եւ նրա ծնողաց նպատակն իւրեան փեսայացնելու եւ ամբողջ հարստութեան ժառանգ շինելու: Պատմեց, թէ ինչպէս նորանց առժամանակ հանգստացնելու համար ստիպուած էր ինքը կեղծաւորվիլ, պատճառ բերելով Մեքքայի ուխտագնացութիւնը եւ այլն: 

Երիտասարդի պատմութեան ժամանակ Ալմաստի դէմքը յետզհետէ պայծառանումէր, նորա աչքերը լի հոգեկան կրակով` փայլումէին քնքուշ սրտի բոլոր զգացումներով: Երբ վերջացրեց նա իւր պատմութիւնը, տիկինը գրկեց նորան ասելով՝—

—Այդ րոլորը ղու զոհեցի՛ր իմ համար…

—Ես զոհել եմ քեզ, սիրելի Ալմաստ, ոչ միայն իմ սիրտը, այլեւ իմ կեանքը եւ իմ ձեռքը. պատասխանեց Քէրիմ-բէկը, համբուրելով նորա թշերից: 

—Ուրեմն ազատի՛ր ինձ, Մեխակ ջան, ազատի՛ր այդ բանդէն: 

—Ես կազատեմ քեզ, Ալմաստ, ես վաղուց մտածում եմ դորա վերա: Դեռ դու իմ գոյութեան մասին ոչինչ տեղեկութիւն չունէիր, դեռ դու չը գիտէիր, թէ ուր է Մեխակը, ես մտածումէի քո ազատութեան համար: Ես միշտ կարող էի թողնե՛լ այդ քաղաքը եւ փախչել դէպի իմ հայրենիքը: Սեր-Ասքերի բոլոր հարստութիւնը չէր կարող կապել իմ սիրտն ինձ համար մի ատելի երկրի հետ, որտեղ ես բերուած էի որպես գերի: Բայց մի բան ստիպեց ինձ այսքան երկար ժամանակ այս քաղաքումս մնալ, երբ մտածումէի, թէ այստեղ կը թողնեմ մի սիրտ, որ գուցէ դեռ զարկումէր իմ համար…—Այդ քո սիրտն էր, սիրելի Ալմաստ: 

—Ա՛խ, ո՛րքան բարի ես դու, Մեխակ: Ազատի՛ր ինձ, ազատի՛ր, կրկնեց Զեյնաբ-խանումն արտասուելով: 

—Նպատակն արդէն վճռուած է, սիրելի Ալմաստ, մնումէ նորա գործադրութիւնը: 

—Ի՞նչու չը պիտի շուտ լինի այդ:

—Հարկաւոր է մտածել, թէ ի՞նչ հնար պէտք էր գործ դնել: 

—Ա՛խ, այդ շատ ուշ կլինի…կոչեց յուսահատութեամբ Զէյնաբ-խանումը: 

—Մի՛ շտապիր, իմ հոգիս, պատասխանեց երիտասարդը ծանրութեամբ:—Գիտե՞ս մենք որտեղ ենք գտնվում,—Պարսկաստանի սրտումը եւ մեզանից ամեն մինն ամենահզոր իշխանի տան մէջ: Երկրի սահմանները հազարաւոր մղոններով հեռի են դրած մեզանից: Մի փոքր անզգուշութիւնը կարող էր մեզ յաւիտեան ղրկել միմեանցից… 

—Ա՛խ, Աստուած, բացականչեց տիկինը տխուր ձայնով:

—Լսի՛ր, Ալմաստ, այստեղ չէ կարելի մեզ երկար խորհրդակցիլ միմեանց հետ: Այդ անշունչ պատերը կարող են ականջ ունենալ։ Հարկաւոր է նշանակել փոքր ի շատ է ապահով տեղ:

—Ես ոչ մի տեղ չեմ ճանաչում, սիրելի Մեխակ, մինչեւ այսօր այս չորս պատերն են եղել իմ աշխարհը: 

—Դու յիշումե՞ս ձեր հարեւան Սալոմէին: 

—Այո՛, յիշումեմ, կախէթցի Գիորգիի աղջիկը, նա իմ լաւ բարեկամս էր: 

—Սալոմէն այժմ այս քաղաքումն է: Մի պարսիկ տասնապետ գերի բերաւ նորան այստեղ, յետոյ ամուսնացաւ նորա հետ: Սալոմէն ունի մի զավակ միայն իւր տղամարդից: Նա շատ բարի կին է: 

—Առաջ էլ բարի աղջիկ էր, կտրեց Զէյնաբ-խանումը Քէրիմ-բէկի խոսքը: 

—Այո՜, բարի աղջիկ էր: Ես նորա միջնորդութեամբ էի միշտ քեզ զանազան խաբարներ ուղարկում…Սալոմէն մեր գաղտնիքն այնպէս ծածուկ պահումէր: Ես տակաւին չեմ մոռացել նորան: Ես քեզ հետ տեսնուելէս առաջ շատ անգամ գնումէի նորա տունը, միշտ քեզ վերա էինք խօսում եւ նորոգումէինք վաղեմի յիշողութիւնները…: Նա դեռ սիրում է քեզ, Ալմաստ, դու կարող ես նորա տունը քեզ ապահով օթեւան ընտրել, երբ կը կամենայիր ինձ հետ տեսնուիլ: 

—Բայց ես չեմ գիտում նա որտեղ է բնակվում: 

—Այս գիշեր Մարջանին ես ցույց տուի նորա տունը, խափշիկը քեզ ուղղակի այնտեղ կը բերէ: 

—Շատ լաւ, այսուհետեւ մեր տեսությունների համար կը նշանակենք Սալոմէի տունը: Ես շատ ցանկանում եմ նորան տեսնել, ես չը գիտէի, թէ նա էլ գերի է առնուած: Ա՛խ, ի՛նչքան կուրախանայ Սալոմէն, երբ ինձ տեսնէ: 

—Շատ կուրախանայ, Ալմաստ, նա դեռ սիրում է քեզ։—Յառաջ տարավ երիտասարդը:—Մարջանը կը լինի մեր միջնորդն, երբ պէտք էր տեսութեան ժամերը նշանակել. այդ խափշիկը շատ խելացի աղջիկ է երեւում: 

—Մի եւ նոյն ժամանակ նա չափից դուրս հավատարիմ է: 

—Իսկ այդ եթովպացի պատանի՞ն: 

—Սայի՞դը, նա նոյնպես հավատարիմ է ինձ: 

—Շատ լաւ, մենք կարող ենք օգուտ քաղել դոցա հավատարմութիւնից: Այդ սեւերը խիստ յարմար գործիք են լինում գաղտնի յարաբերություններում: Մի եւ նոյն ժամանակ նոքա խորամանկ են, որպես սատանայ: 

Սոյն միջոցին նախասենեակից լսելի եղան զանազան ձայների սարսափելի հնչումներ: Կարծես թէ գիշատող գազանների ահարկու մռնչիւնները կազմումէին մի ընդհանուր վայրենի ներդաշնակութիւն: 

Երիտասարդը ձեռքը տարավ դէպի դաշնակը:

— Մի՜ վրդովիք, Մեխակ, դրանք խափշիկը եւ եթովպացին ներկայացնում են չար ոգիները: 

—Կրո՛ղը տանէ նրանց, կատարեալ սատանաներ են, ասաց երիտասարդը ծիծաղելով:

—«Կախարդը» սարդէն սկսել է իւր գործողութիւնը…պատասխանեց հեգնորէն Ջլեյնաբ-խանումը: 

—Ի՛նչ ծիծաղելի դեր եմ խաղում ես:

—Այդ ուղիղ է, դու վաղուց կախարդել ես իմ սիրտը…

Ահարկու մռնչիւնները կրկնուեցան: 

—Չար ոգիների պատերազմը սկսուեցաւ, ասաց ներքինապետ Հեյդարը, որը կանգնած հարեմխանայի դռանը լսումէր այդ ձայները: Նա զարհուրելով փախավ, փակուեցավ իւր սենեակում, սկսավ աղօթել եւ «բ’իսմուլլահ» կարդալ: 

—Սալման, լսի՛ր, ի՛նչ սարսափելի ձայներ են հանում դեւերը, ասաց վազելով պատանի շիրազցու մօտ Ֆերուզը.—փախչենք, սիրեկան, փախչենք այստեղից: 

Նոքա վազեցին դէպի իւրեանց տիրուհու սենեակը:

Մի րոպէում երկյուղը եւ սոսկումը տիրեց ամբողջ ամրոցի վերա: «Խե՛ղճ Զէյնաբ-խանում, ասումէին հարեմներից շատերը, հիմայ դեւերը կը խեղդեն նորան…:»

—«Կախարդը նորա մօտ է, պատասխանումէին միւսները:

—«Ի՞նչ կարող է անել կախարդն այդքան դեւերին, լսի՛ր, Հուրի, ի՛նչ շատ են նոքա:

—«Կախարդը կարողութիւն ունի հալածել բոլորին:

—«Խե՛ղճ Զեյնաբ-խանում, ի՛նչպես չէ տրաքում նորա սիրտը…

—«Ես այստեղ դողումեմ…կրկնեց մի սեւաչեայ հարեմ:

—«Ձայները լռեցին, խօսեց Հուրին: 

Այդպէս խոսումէին միմեանց մէջ հարեմները: Իսկ Զէյնաբ-խանումի սենեակում «կախարդն» իւր դիւթական գործողութեան մէջն էր… 

Գիշերն աննկատելի կերպով անցաւ: Արշալոյսը սկսել էր շառագունիլ, երբ «կախարդը» հեռացաւ ամրոցէն, առանց ոչ ոքին տեսանելի լինելու: 

Սայիդը եւ Մարջանն, որք ամբողջ գիշեր անքուն էին մնացած, նոր գնացին հանգստանալու: