Չորրորդ Հայքի Գրադարան . ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ . Չորրորդ Հայքի Գրադարան . ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ . Չորրորդ Հայքի Գրադարան . ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ . Չորրորդ Հայքի Գրադարան . ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ . Չորրորդ Հայքի Գրադար

Հարեմ

ԱՌԱՋԻՆ ՄԱՍՆ

ԳԼՈՒԽ ԺԱ

Հեղինակ՝ Րաֆֆի (1874)

Քաղաքի խուլ եւ խեղդուած թաղերից մեկի անկիւնում, կեցած էր մենաւոր տուն, որ ագռաւի բոյնի նման տխրութեամբ նայումէր խոր խրամատի վերա, որով շրջապատած էր ամբողջ քազաքը: Գիշերուայ մթության մեջ ոչ ոք չէ համարձակվի մոտենալ այդ փոքրիկ տնակին, որն արտաքուստ թէեւ կրումէր ողորմելի կերպարանք, այսուամենայնիվ միշտ սարսափ էր ձգում իւր շրջակայքի վերա: 

Այդ տնակն ոչ սակաւ անգամ եղած էր տեսարան զարհուրելի չարագործությունների… 

Նա բաղկացած էր մի քանի սենեակներից, որոնք ոլոր-մոլոր մուտքերով բացվումէին միմեանց մէջ: Այդ սենեակներից մէկի մէջ միայնակ նստած էր մանկահասակ կին: Նեղ բակի չինարի ծառերին փաթաթուած խաղողենիները հովանաւորումէին նորա լուսամուտները նոյն ժամուն արեւի այրող ճառագայթներից: 

Կինը տխուր-յուսայատական ձայնով նանիկ էր կարդում իւր մանուկին, որը, մօր կրծքին կպած, անյագ կերպով ծծում էր իւր սնունդը նորա ստինքից, եւ երբեմն ժպտելով իւր լուսափայլ աչքերը դարձնումէր մօր երեսին, կարծես, նրանցով աշխատում էր ցույց տալ, թէ նա արդեն գո՜հ էր իւր վիճակէն: Բայց ո՛րքան հոյս եւ կեանք էր տեսնում այն պարզ եւ անմեղ աչիկներում քնքուշ մայրը… 

Այդ կինն իւր միջին հասակումն էր՝ լղարիկ եւ ցամաք կազմուածքով: Բայց նորա վշտահար դէմքը կրում էր իւր վերա տխրութեան բոլոր գծերը: Նորա նշաձեւ սեւորակ աչքերը՝ խիտ թերթերունքներով, որոնց մէջ կար այնքան կեանք եւ կիրք, նվաղած էին: Երեւումէր, որ նոքա շատ անգամ վկայ էին եղել ցավալի տեսարանների, եւ արտասուքը խիստ հազիւ ցամաքել էր նոցա միջէն… 

Դռան թխկոցը խլեց մօր ուշադրութիւնն իւր սիրելի մանուկից: Նա դրեց տղան օրորոցի մէջ: Երեխայի փոքրիկ մատիկները սկսան զբաղվիլ իւր օթյակի դաստակից քարշ ընկած խաղալիքների հետ: Մայրը վազեց դեպի դուռը: Աստուած տար, որ «նա» լիներ, ասաց իւր մտքի մէջ: 

—Ո՞վ էք, հարցրուց ներսից: 

—Աստուծոյ հիւրեր, լսելի եղաւ դրսից: 

Դուռը բացուեցավ: Տանտիրուհու առջեւ յայտնվեցան երկու դիմակավորուած կանայք: Նրանցից մեկի արտաքին օտարոտի կերպարանքն իւր վերա դարձրուց նորա ուշադրութիւնը: Նա նմանումէր բօշայ մուրացկանի, որ կարծես եկէլ էր մի բան խնդրելու: Այդ միտքն առիթ տուեց տանտիկնոջը հանել իւր գրպանից մի քանի սեւ փող, որն առաջարկելով բօշային, ասաց՝—

—Ա՛ռ այդ արծաթը, աւելին Աստուած տայ: 

—Մենք չենք եկել ողորմութիւն խնդրելու, ասաց բօշային նմանող կինը. միայն թէ կարելի է մի քանի րոպէ մեզ հանգստութիւն շնորհեցէք ձեր տան ծածկի տակ, մինչեւ տօթը կանցնէր, մենք հեռու ճանապարհից ենք գալիս: 

—Հրամայեցեք, ասաց տանտիկինը, ներս հրաւիրելով: 

Հիւրերը ներս մտան: Դուռը կրկին կողպվեցաւ: Նոքա անցան սենեակը, բայց եկւորներից եւ ոչ մինը տակաւին չէր բարձրացրել երեսից դիմակը: 

—Այստեղ դուք մինակ է՞ք, հարցրուց բօշային նմանող կինը:

—Այստեղ ես եմ եւ իմ տղան, իսկ միւս սենեակում պառկած է մի հիվանդ: 

—Մի հիվա՞նդ, կրկնեց եկւորը: Նա արգելք չէ՞ կարող լինել մեզ: 

—Նա վիրաւորուած է, շարժուել անգամ անկարելի է նորան: 

Եկւորները բարձրացրին դիմակները: Երկու պատկեր, մինը` գեղեցիկ որպէս բոլորուած լուսնեակ, մյոսը՝ սեւուկ բոված ղահվէի գունով, երեւան եղան տանտիկնոջ աչքին: Նորա հիացմունքն աւելի սաստկացաւ, երբ նոքա ձգեցին իւրեանց հնոտի չարսաւները: Գեղեցիկ կինը զուգուած էր բոլոր այն շքեղութիւններով, որով արեւելքը գիտէ զարդարել իւր սիրոյ առարկաները: 

Րոպէական ապշութիւնից յետոյ, շփոթուած տանտիկինը՝ գեղեցկուհուn վերա ընկավ, գրկեց նորան, «Ալմաստ» անունը թռաւ նորա բերնից, եւ թուլացած, անմռունչ մնաց իւր հիւրի կուրծքի վերա…: 

Դա Զեյնաբ-խանումն էր, իսկ նորա ընկերուհին՝ Մարջանը:

—Դու ճանաչեցիր ինձ, Սալոմէ, ասաց նա, չը թողնելով իւր վաղեմի՛ բարեկամին գրկիցը: 

—Իմ աչքերը պէտք է կոյր լինէին, որ չճանաչէին քեզ, Ալմաստ: Ա՛խ, Աստուած, ի՛նչպես մենք կրկին տեսանք մէկմէկու: 

Երկար երկու ընկերուհիներն, որպէս մի զոյգ հարազատ քոյրեր, չէին դադարում միմեանց գրկելուց, միմեանց համբուրելուց եւ մէկմէկու վերա նայելուց: Ուրախութեան բորբոքումը թաց արեց երկուսի էլ աչքերը արտասուքով: 

Մարջանը լռութեամբ նայումէր այդ հոգեշարժ տեսարանին: Երբ նոքա բաժանուեցան, նա մօտեցաւ իւր տիկնոջը, հարցնելով՝— 

—Ձեր աղախինն այժմ կարո՞ղ է գնալ:

—Գնա՜, Մարջան, պատասխանեց Զեյնաբ-խանումը. անցի՛ր «նորա» մօտ, ասա՜, որ ես այստեղ եմ: Յետոյ ամրոցը կերթաս, այնտեղ քո գործը դու ինքդ լաւ ես իմանում…

Խափշիկը գլուխ տալով կամենումէր հեռանալ, երբ Սալօմեն հարցրուց՝—

—Դա քո աղախի՞նն է, Մարջա՛ն ի՜նչ գեղեցիկ անուն է:

—Իմ հավատարիմն է, ճանաչի՛ր, Սալօմէ, այսուհետեւ դորա հետ գործ շատ կունենաս: 

—Եկ համբուրեմ քեզ, դու իմ ընկերուհուս բարեկամն ես։ Ասաց Սալոմէն գրկելով Մարջանին:—Թո՛ղ չը գնա այդպես շուտ, դարձավ նա դէպի Զէյնաբ-խանումը, մի փոքր սառը միրգ ուտէ, սիրտը հովացնէ, արեգակն այրումէ դրսումը: 

—Կուշանայ, Սալոմէ, պատասխանեց աղախնի տիրուհին: 

—Թող խմէ գոնեա՛ մի փոքր ցուրտ շերբեթ: 

Սալօմէն դուրս եկաւ սենյակից, քանի րոպէից յետոյ նա դարձավ մի մեծ գաւաթ ձեռքին, որ լիքն էր շաքարով եւ նարնջի ջրով շինած ըմպելիքով: Գաւաթի մակերեւույթի վերա լեղ էր տալիս մի կտոր սառուց: 

Խափշիկը ծծեց գավաթը մինչեւ հատակը եւ շնորհակալութիւն անելով հեռացաւ:

—Հիմայ նստենք, իմ սիրեկան, դարձավ Սալօմէն դէպի իւր հիւրը: Նստենք ու խոսենք: Ա՛խ, ի՜նչքան խօսելու բաներ ունենք… 

—Շա՛տ…որքան ասես, շա՛տ…Պատասխանեց Զէյնաբ-խանումը տխրալի ձայնով: Բայց մի եւ նույն րոպէին նորա աչքն ընկավ օրօրոցին:—Այդ քո երեխա՞ն է, ի՜նչ սիրուն երեխայ է, շատ նման է քեզ, Սալօմէ: 

Եվ նա մօտեցավ, սկսաւ համբուրել տղեկի լիքը թշերը: 

—Դու դեռ երեխայ չունե՞ս, Ալմաստ:

—Չունեմ, Սալօմէ, եւ չէի ցանկանայ ունենալ:

—Ինչո՞ւ: 

—Մենք ախա՜ր քրիստոնեայ ենք, Սալօմէ, բայց մեր որդիքն այստեղ պարսիկներ կը ծնուէին:

—Այդ ուղիղ է, իմ սիրեկան, պատասխանեց Սալօմէն հոգւոց հանելով:—Դէ՛ նստի՜ր, Ալմաստ, ինչո՞ւ չես նստում, դու ինձ անհանգիստ ես երեւում: 

—Ես սպասում եմ Քէրիմ-բէկին: 

—Ինչո՞ւ չես ասում Մեխակին: Միթէ նա գալո՞ւ է այստեղ: 

—Գալու է: Մարջանը գնաց նորան իմացում տայ: 

Երկու վաղեմի ընկերուհիքը նստեցին միմեանց մօտ մի խալիչայի վերա, որ փռած էր լուսամուտի հանդէպ, որ բացուած էր դէպի կանաչազարդ բակը: 

—Դու ի՞նչպէս գտար Մեխակին, Ալմաստ ջան, հարցրուց Սալօմէն. ա՛խ, ես որքան ուրախ եմ, որ դուք էլի ռաստ էկաք մէկմէկու: 

—Նա ինձ գտաւ, Սալօմէ ջան, պատասխանեց Զեյնաբ-խանումը: 

Եվ տիկինը պատմեց՝ ամառանոցի այգու դեպէն սկսեալ՝ մինչեւ «կախարդի» երեւնալն ամրոցում: Մարջանի այդ խորամանկութիւնը մինչեւ այն աստիճան շարժեց Սալօմէի ծիծաղն, որ նորա աչքերը բոլորովին թաց էլան արտասուքով: 

—Էդ լա՜վ բան էք սարքի…—ընդհատեց նա իւր ընկերուհու պատմութիւնը:

—Ի՜նչ անենք, Սալօմէ ջան, «կատուի բերանն երբ մսին չէ հասնում, սկսում է գողութիւն անել:» 

—Էդ լա՛վ է, շատ լա՛վ եք մօգօնի…կրկնեց Սալօմէն, չը դադարելով ծիծաղելուց:—Ա՜խ, ես մոռացայ քեզ համար ղեյլան պատրաստել, խօսքը փոխեց նա վեր թռչելով նստած տեղիցը: 

—Նա անցաւ նախասենեակը:

«Խե՛ղճ Սալօմէ, ասաց Զեյնաբ-խանումն իւր մտքի մեջ, ո՛րքան փոխուել է նա…ո՛րքան մաշուել է նա»:

Սալոմէն ներս բերաւ ղէյլանը, տուեց իւր հիւրին: Նոքա սկսեցին ծխել։ 

—Հիմայ էս ղէյլանով ու էս շորերով, Ալմաստ ջան, ես ու դու Թիֆլիսում նստած ըլէինք ձեր դռանը՝ Տափի-թաղում, ա՛խ, ի՛նչքան կը ծիծաղէին մեր թաղի աղջիկները: 

—Էլ չենք տեսնի ո՛չ Թիֆլիսը եւ ոչ Սօլօլակը, Սալօմէ ջան…: Մի՞տդ է գալիս, որ կիրակիները գնումէինք խէվումը բուրթի (գնդակ) էիսք խաղում: Ո՞ւր է էն օրերը…: Կէկէլի աղջիկը՝ Սօփօն, յիշումե՞ս, Սալօմէ, ի՜նչ լաւ էր խաղում էն ծամ կտրածը: 

Հայրենիքի հիշողությունները ցավալի տպաւորութիւն ունեցան երկու գերիների վերա եւս: Եւ նոքա երկուսն էլ չը կարողացան զսպել իւրեանց արտասուքը: 

—Իմ մասին բոլորը լսած կըլինես Քէրիմ-բէկից, պատմիր, Սալօմէ ջան, դու ի՛նչպէս ընկար այստեղ: 

—Լաւ է, որ չիմանաս, Ալմաստ ջան:

— Չէ՛, քո հուգուն մատաղ, ես ուզում եմ գիտենալ: 

Սալոմէն սկսեց պատմել: 

—Երբ Մահմատ-խանի սարվազները լեցուան մեր քաղաքը, հէրս տանը չէր, նա գնացել էր Կախէթ գինի բերելու: Տան մէջ մնացել էինք ես, մէրս, մէկ էլ իմ աղբէր Սօսիկօն: Միտդ գալի՞ս է Ալմաստ, էն պստիկ երեխէն, որ ջէր ծիծ էր ծծում: Յանկարծ ողջ քաղաքը ծուխի մէջ կորաւ, լաց ու շիւանը բարձրացաւ եւ ամեն կողմից խաբար դուրս եկաւ, թե քաղաքը թալանումեն, աղջիկները ու ջէհիլ տղէրքը գերի են տանում: Մայրս ինձ թաքցրուց մեր սարդապումն ու ինքը նստաւ դռանը: Մէկ էլ տեսանք երկու Պարսիկ մտան մեր բակը: Մօրս լեզուն կապուեցավ: Նրանք սկսան մեր տունը կողոպտել, ինչ լաւ բան որ գտան՝ արծաթեղէն, պղնձեղէն՝ ամենը լեցրին իրենց խուրջիններում: Յետոյ մօրս սկսեցին տանջել, թէ պահած փող կունենայ, հանէ տայ: Խեղճ մայրս աղաչում էր, լաց էր լինում, բոլոր սուրբերի անունով երդում էր ուտում, թէ փող չունի: Նրանք չէին հաւատում: Յետոյ Սօսիկօին խլեցին մօրս գըրկիցը: «Տե՛ս, էդ երեխէդ կը մորթենք, թէ փողերի տեղը ցոյց չը տաս:» Մէրս էլի սկսեց աղաչել, որ երեխին ձեռք չը տան: «Աստուած է վկայ, ասում էր, մենք աղքատ ենք, փող չունենք:»—«Դու խաբում ես, անզգամ, գոռաց մինը, տե՛ս:» Ու էդ խօսքի հետ Սօսիկօին զարկեց գետինը: Խեղճ երեխի գլուխը դիպաւ քարին, մի ծպտուն էլ չը հանեց, հոգին տուաւ: Մայրս հենց էս որ տեսաւ, ուշքից գնաց, վեր ընկավ: Անողորմները տեսան նրա մատների մատանիքներն, ուզեցին հանել, բայց դժվար էին դուրս գալիս: Նրանցից մինը խանչարը հանեց եւ մատները կտրեց: Ա՛խ, ինչպիսի սարսափով էդ բոլորը տեսնումէի ես սարդապի պատուհանիցը… 

Զէյնաբ-խանումը խորին տխրութեամբ լսումէր այդ բոլորը, սրտի կրակիցը կարծես ցամաքել էին աչքերի արտասուքը: Սալօմէի պատմութիւնը յիշեցնում էր նորան այն անբախտ դէպքն, որին ինքն էլ վիճակակից էր: Նա ընդհատեց նորա խոսքը, հարցնելով՝– 

—Բա՛, դու ի՞նչպես ընկար նրանց ձեռքում: 

—Յետոյ նրանց աչքն ընկավ սարդապի դրանը: «էստեղ մի բան կըլնի թաքցրած,» ասացին մէկմէկու: Սարդապի դուռը կոտրելն ու ներս մտնելն մէկ րոպէի գործ եղաւ: «Ա՛յ, ղանջըղ, տես ո՜րտեղ է մտել» ասացին ու ինձ դուրս քաշեցին: Ես ոչինչ չը հասկացայ, թէ ինչ պատահեց ինձ հետ, ո՛ւր տարան ինձ, բայց հենց որ ուշքի եկայ, տեսայ, որ ես կապուած եմ մի էշի վերա եւ գտնվումեմ գերիների ահագին քարավանի մէջ: Հիմայ էլ մարմինս սարսռումէ, մազերս փուշ փուշ են դառնում, երբ միտս եմ բերում էն ցավալի րոպէն: Ես տեսայ, սիրուն աղջիկներն ու տղերքը, որ ղօշունի (զօրքի) աստիճանաւորներին էին պատկանում, կապուած էին ուղտերի եւ ձիաների վերա, բայց հասարակ սարվազների գերիները բոբլիկ ոտքով, ամեն մի զինվոր թօկը նրանց թեւքերիցը կապած, քարշ էր տալիս իւր ետեւից: Բայց իրանց չորքոտանիների վերա նրանք բարձել էին այն թալանը, որ կողոպտել էին մեր քաղաքից: Գերիների լացը, սուգը, նրանց ողորմելի աղաղակը, սարվազների անգութ շալլախի (մտրակի) ձայնն, այդ բոլորը խառնվումէին գրաստների հարա–հրոցի հետ: 

— Բայց ի՞նչպես ես չը տեսայ քեզ, Սալօմէ:

—Դու շատ բան չը տեսար, սիրելի Ալմաստ, դու բախտաւոր էիր մեզանից: Քեզ տանում էին մի ջորու վերա կապած քաջաֆէի (պատգարակի) մէջ: Որովհետեւ դու գնդապետի գերին էիր: 

—Մին էլ մենք անցանք հետեւակ զորքից մի քանի օրով առաջ: 

—Էդպես է, իմ սիրեկան։ Յառաջ տարավ Սալօմեն իւր պատմութիւնը:—Երբ գիշերը վերա հասավ (էդ առաջին գիշերն էր, որ մենք դուրս էինք եկել քաղաքից), ղօշունը իջեւանեց մէկ նեղ դաշտի մեջ, որ մօտ էր Քռի ափին ու մէկ կողմը սարեր կային: Ի՛նչ սարսափելի գիշեր էր այն…: Երբ մութը պատեց, երբ զինուորների կրակները վառուեցան, ամեն ձորի միջից, ամեն քարի տակից, ամեն թուփի միջից լսվում էին ողորմելի ձայներ: Դրանք անմեղ կոյսերի մրմունջներն էին, որոնց անողորմ գազանները բաժանում էին իրանց մէջ: Հերթը հասավ ինձ: Դու յիշումե՞ս, Ալմաստ, որ ես ասեցի, թէ ինձ գերի անողներն երկու հոգի էին, նրանց մէջ վէճ բացուեցաւ իմ մասին ու վճռեցին իմ վերա վիճակ ձգել: Վիճակը դուրս եկավ նրան, որ սպանեց Սօսիկօյին ու մօրս մատները կտրեց: Ա՛խ, որքան ատում էի ես այդ գազանին: Բայց էն միւսն, որ ավելի բարեսիրտ էր երեւում, չը բաւականացավ վիճակով: Նրանց մէջ սկսուեց կռիւը: Խենջարները շողացին, իմ ատելին գլորուեցավ գետին: Ես մնացի զոհ մէկէլին: Դա իմ այժմեան ամուսինն է, սիրելի Ալմաստ: 

—Քո այժմեան ամուսի՞նը, կրկնեց Զէյնաբ-խանումը շփոթուելով: 

—Այո՛, պատասխանեց Սալօմէն տխուր ձայնով: 

—Ի՞նչով է պարապվում: 

—Նա աւազակ է: 

Զէյնաբ-խանումը սոսկաց, նորա ամբողջ մարմնի մեջ դող ընկավ: 

—Աւազա՛կ…անբա՛խտ Սալօմէ, ուրեմն դու աւազակի կի՞ն ես եւ ես այս րոպէիս աւազակի՞ տան մէջն եմ… 

Սալօմէն սկսեց հանգստացնել նորան ասելով՝–

—Մի՜ վախիր, Ալմաստ ջան, այդ տնակն, ոի միշտ վառօդի հոտ է փչում, աւելի ապահով է քան մեծ մուշտեէդի ապարանքը, որ միշտ ղօրանի ձայնն է լսվում: 

—Բայց դու ասացիր նա աւազակ է: 

—Այո՛, աւազակ է: Նա սպանումէ, կողոպտում է, նա այս րոպէիս էլ գնացել է իւր որսն որսալու: Բայց երբեք նա աղքատի հացը չէ խլել եւ խեղճի աչքերէն արտասուք չէ քամել: 

Եվ դու սիրումե՞ս նորան:

— Սիրումեմ, Ալմաստ ջան, որովհետեւ նա իմ աչքի առջեւ մորթեց այն գազանին, որ սպանեց իմ եղբայրը եւ կտրեց մօրս մատները: 

Զէյնաբ-խանումը տակաւին մտատանջութեան մէջ էր: Նա երեւակայել անգամ չէր կարողանում, թէ մի աւազակ կարող էր լաւ յատկութիւններ ունենալ: Իսկ Սալօմէն բոլորովին դուրս բերավ նորան այդ երկբայութիւնից: 

—Նա իւրեան ապաստանած կնկան քոյր է կոչում, Ալմաստ ջան, իսկ իւր ձեռքը բռնող թշնամուն՝—եղբայր: Նա իւր սուրը եւ ձեռքը չէ խնայում օգնել նորանց, որք ապաւինում են նորան: 

Այդ խօսքերի միջոցին մերձակայ սենյակից լսելի եղավ.—«Ջո՜ւր, այրվումեմ…»

—Խեղճը ծարավ է, ասաց Սալօմէն եւ վազեց դուրս: 

Երբ նա դարձավ, Զէյնաբ-խանումը հարցրուց.

—Ո՞վ է նա: 

—Ամուսնիս ընկերներից մինն, ողորմելին սաստիկ վէրք է ստացած գլխից եւ կուրծքիցը: 

Դռան ձայն լսուեց: Սալօմէն գնաց բաց արաւ: 

Հայտնվեցավ Քէրիմ-բէկը:

Դռան ձայն լսուեց: Սալօմէն գնաց բաց արաւ: 

Հայտնվեցավ Քէրիմ-բէկը: