Չորրորդ Հայքի Գրադարան . ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ . Չորրորդ Հայքի Գրադարան . ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ . Չորրորդ Հայքի Գրադարան . ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ . Չորրորդ Հայքի Գրադարան . ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ . Չորրորդ Հայքի Գրադար

Հարեմ

ԱՌԱՋԻՆ ՄԱՍՆ

ԳԼՈՒԽ ԺԲ

Հեղինակ՝ Րաֆֆի (1874)

Նոյն աւուր երեկոյեան պահուն, երբ արեգակը տակաւին իւր վերջին ճառագայթները խաղացնում էր Դէմավէնդի գագաթան վերա, Շահ-Աբդուլաիզմի դերվազէից ներս մտան մի խումբ հրացաններով եւ նիզակներով զինւորուած ձիաւորներ: Լղարիկ բարակները, լայնականջեայ գամփռները, փոքրիկ կատւանման թուլայները, յոգնած լեզուները քարշ գցած, վազ էին տալիս նոցա առջեւ: Բազէները, որք անհոգ կերպով նստած էին ձիաւորների ձեռքի վերա, ցոյց էին տալիս, թէ այդ հեծելախումբը դառնումէր որսորդութիւնից: Եվ յիրաւի, զանազան թռչուններով լիքը արիւնոտ տոպրակները եւ մի եղջերու, որ բեռնած էր ջորու վերա, հաստատում էր այդ կարծիքը: Փոշին թանձր սիւներով բարձրանումէր այն փողոցներից, որտեղից անցնումէին նոքա: Նստած մարդիկը կանգնում էին եւ նրանց գլուխ էին տալիս: Անցորդը յետ էր քաշվում, կանգնեցնում էր իւր գըրաստը եւ ճանապարհ էր բաց անում, իսկ կանայքը թաքնվումէին անկիւններում: 

Դա Զէյնաբ-խանումի ամուսինն էր իւր ծառայներով: Նա մի մարդ էր մօտ յիսուն տարեկան, հաստլիկ, հինայով ներկած երկայն մօրուքով եւ ահեղ կերպարանքով: Իշխանը բռնած էր նոյն ժամանակ Շահի դռանը մի մեծ պաշտօնակալի տեղ: 

Նա հասաւ իւր ամրոցն, երբ ճրագները վառուել էին արդէն, իսկոյն վայր իջավ ձիուց եւ սանձը յանձնեց դռան պահապաններից մինին, որք խումբով վազեցին նորա առջեւ: Նորա նժույգը պատած էր սապոնի նման փրփրած քրտինքի մէջ, սկսան ման ածել նորան մինչեւ հովանայ: Իշխանը ներս մտաւ իւր դիւանխանան: Մանկահասակ պատանեակներն, անմազ թշերով, պատեցին նորա շուրջը, մինը սկսաւ իւր տիրոջ կօշիկները դուրս քաշել, միւսը նորա զենքերն էր արձակում, երրորդը լագան—աֆտաֆեն դրաւ նորա առջեւ, որ լուացուի: Երբ նա մաքրեց իւրեան ճանապարհի փոշուց, իսկոյն մատուցին վարդաջուր, նա սրսկեց իւր փառավոր մօրուքը, օծվեցավ եւ անուշահոտուեցավ: Նոյն րոպէին պատրաստ էր նորա առջեւ ոսկեայ գլխով զարդարած ղէյլանը, որից սառը ջուրը կաթկթումէր: 

Այնուհետեւ մինը միւսի յետքից ներկայացան իշխանի դրանիկները՝—նորա ֆերրաշբաշին, նազիրը, միախօռը, նայիբը եւ այլն: Նոցա ամեն մինի դէմքի վերա նկարուած էր երկիւղ եւ ստրկական խոնարհութիւն: Նոքա, խորին կերպով գլուխ խոնարհեցնելով, երկրպագութիւն էին տալիս եւ ամեն մինը զեկուցում էր անում իւր գործավարութեան մասին իշխանի բացակայութեան ժամանակ: Իշխանը մի քանիսին գովեց, մի քանիսին բարկացաւ եւ հայհոյեց ու այնպէս արձակեց բոլորին: 

Ամենից վերջը յայտնուեցավ ծերունի ներքինապետը, երբ նորա տէրը միայնակ ծխումէր:

—Ի՞նչ ունես ասելու, Հեյդար, դարձաւ դէպի նա իշխանը: 

Ծերունին կրկնեց երկրպագութիւնը, պատասխանելով՝

—Թո՜ղ ողջ լինի իմ տէրը եւ Աստուած նորան երկար կեանք պարգեւէ, թող նորա փառքն արեգակից վերեւ բարձրանայ:

—Ի՞նչպէս է իմ հարեմխանան:

—Ձեր աղախինները բոլորն առողջ են եւ աղօթարար իւրեանց տիրոջ թանկագին կենաց համար: 

Իշխանն ընդունեց ինքնաբաւական կերպարանք, բայց Հեյդարի դէմքի վերա նկատում էր նա կասկածաւոր մի երեւույթ, որը ձերունին աշխատում էր թաքցնել: 

—Առանձին ոչինչ չէ՞ պատահել, հարցրուց նա:

—Ձեր մեծութեան հովանավորութեան շնորհն, երբ իւր աղախիններից պակասումէ, անկարելի է, որ մի չարիք չը հանդիպե, տէ՛ր իմ: 

Իշխանի դէմքն այլայլուեցաւ: 

—Ի՞նչ կայ, շուտ ասա՛, ծերուկ, կոչեց նա մի փոքր բարկացոտ ձայնով: 

Ներքինապետն, որ բոլոր մարմնով դողումէր եւ հազիվ էր կարողանում իւրեան ոտքի վերա պահել, ասաց՝— 

—Հարեմներից մինր տանջվումէ ջիններից:

—Յանուն գթած եւ ողորմած Ալլահի…: Նզո՛վք շէյթանին…բացականչեց իշխանը սարսափելով:—Այդ ո՞րն է, անհամբերությամբ հարցրուց նա: 

—Գուրջիստանցի խանումը, տէր իմ: 

—Զեյնաբը: Նըրա տե՜ղն է…պատասխանեց իշխանը լի բարկութեամբ:—Այդ կամակոր գյաւուրի աղջիկը մի անգամ եւս իւր կեանքում նամազ չէ արել: Նորա տե՛ղն է, թո՜ղ այժմ իւր անհավատութեան վարձը ստանայ…թո՜ղ ջինները տանջեն նորան… 

—Ձեր ծառան հրաւիրեց մի պառաւ կին, տէր իմ, յառաջ տարաւ ծերուհին երկչոտ ձայնով.—Նա զօրաւոր կախարդներից մինն է, նա իշխումէ ոգիների վերա: Կախարդը մեծ մասամբ հալածեց ջիններին, այժմ խանում ր փոքր ինչ հանգիստ է: 

Իշխանի վրդովմունքը մի փոքր հանդարտեց:

—Գնա՜, Հէյդար, դու ասա Զէյնաբին ես ուզում եմ նորան տեսնել, հրամայեց նա: 

—Դժբախտաբար ձեր աղախինը չէ կարող վայելել իւր տիրոջ մի այդպիսի շնորհը: 

—Ի՞նչու: 

—Կախարդը հրամայել է նորան իւր սենյակումը փակուած մնալ, մինչեւ քառասուն օր չիլլայ մտնել եւ ադամորդու երես չը տեսնել: Այդ քառասուն օրումը խանումն եօթն անգամ ղորանը պէտք է ծայրէ ի ծայր կարդայ եւ ամեն օր եօթն անգամ նամազ անէ, մինչեւ չար ոգիները բոլորովին հեռանան նորանից: 

—Ուրեմն ես չե՞մ կարող տեսնել նորան:

—Վտանգաւոր է մտնել նորա մօտ, տէ՛ր իմ: 

Սոյն միջոցին Զէյնաբ-խանումի բակից լսելի եղան զանազան սարսափելի ձայներ: 

—Լսեցէք, տէր իմ, լսեցէ՜ք, ահա ջինները սկսեցին իւրեանց դիւական հարսանիքը: 

Իշխանի երեսի գույնը թռավ: Նա իւր մատներով սկսեց անհանգիստ կերպով իւր «տէրողորմեայի» հատիկները դարձնել եւ Ալլահի ու մարգարէի անունները կարդալ: 

Ձայները լռեցին, միայն երբեմն լսելի էր լինում սուր—ձգական ճըլվլոց:

Նոյն ժամուն մանկահասակ սպասավորներից մինն իմացում տուաւ, թէ մի քանի խաներ եւ բէկեր ուզում էին ներկայանալ: Իշխանը հրամայեց, որ գան:

—Դու կարող ես գնալ, Հէյդար, դարձավ նա դէպի ծերունին. միայն Բագիմ-խանումին հայտնիր, որ այս գիշեր նորա մօտ կը լինեմ: 

Ներքինապետը կրկին երկար կեանք եւ առողջութիւն բարեմաղթեց իւր տիրոջը եւ գլուխ տալով հեռացավ: Իշխանի դահլիճը մտան խաները եւ բեկերն, որոնք կառավարութեան մեծամեծ պաշտօններ էին վարում եւ մի եւ նոյն ժամանակ ունէին բարեկամական հարաբերութիւններ նորա հետ: