Չորրորդ Հայքի Գրադարան . ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ . Չորրորդ Հայքի Գրադարան . ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ . Չորրորդ Հայքի Գրադարան . ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ . Չորրորդ Հայքի Գրադարան . ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ . Չորրորդ Հայքի Գրադար

Հարեմ

ԱՌԱՋԻՆ ՄԱՍՆ

ԳԼՈՒԽ ԺԳ

Հեղինակ՝ Րաֆֆի (1874)

Գիշերը խիստ մութն էր: 

Ներքինապետը գոհութեամբ եւ ուրախ դուրս եկավ իւր տիրոջ դահլիճից: Նա իսկոյն դիմեց դէպի Բագիմ-խանումի կացարանը: Նորան հանդիպեց մալայեցի Ֆերուզը, որ միայնակ բակումը ման էր գալիս: 

—Ո՞ւր, Հէյդար-ամու, հարցրուց աղջիկը: 

—Խանումիդ մօտ: 

Աղախինը րոպէական շփոթութիւնից յետոյ պատասխանեց՝ 

—Նա քնած է: 

—Դէ՜, գնա Ֆերուզ, շուտ զարթեցրու խանումին, ասա՜, որ իշխանն այս գիշեր նորա մօտ կը լինի: 

—Շատ լաւ, պատասխանեց մալայոլհին եւ հեռացավ: 

Նա գտաւ Սալմանին իւր տիկնոջ նախասենեակում: 

—Սալման, քո հոգուն մատաղ, շուտ վազիր խանումի մոտ, ասա նորան…

—Ի՞նչ ասեմ: 

—Ասա՜, իշխանը դարձել է որսից, Հէյդարը յայտնեց, որ այս գիշեր մեր խանումի մօտ կը լինի: 

—Դու ի՞նչ ասեցիր Հէյդարին:

—Ես խաբեցի նորան, ասեցի խանումը քնած է:

—Ի՜նչ սատանայ ես, Ֆէրուզ: 

—Սո ՜ւս կաց, գնա՛, մի՜ ուշացի՛ր: 

Սալմանն իւր հողաթափները պնդացրեց եւ սկսեց ուղղվել դէպի ճանապարհ: 

—Գիտե՞ս որտեղ է նա, հարցրուց Ֆերուզը: 

—Գիտեմ, պատասխանեց պատանին: 

—Դէ՜, վազի՛ր: 

—Ծտի պէս կը թռչեմ: 

Եվ իրավ, քառորդ ժամից յետոյ թեթեւ պատանին կանգնեց փոքրիկ տնակի հանդէպ, սկսաւ զարկել մուրճը: 

—Ո՞վ ես, հարց արին ներսից: 

—Ես եմ, ձայն տվեց պատանին եւ իսկոյն ներս ընդունուեցավ: 

Այդ տնակի մէջ իւր մի հատիկ սպասաւորի հետ բնակվումէր Միրզայ-Շաֆի անունով մի տղամարդ: Նա եկած էր այս քաղաքը Հաֆեզի հայրենիքից: Լի վառվռուն երեւակայությամբ շիրազցի երիտասարդն իւր ժամանակի երգիծաբան բանաստեղծներից մինն էր: Նա, բացի նորանից, որ զանազան երգերի կտորներ գրելով, նուիրում էր Պարսից մեծամեծներին եւ նրանցից ընծաներ էր ստանում, այլեւ գրպանից փողը պակասած միջոցներում, շատ անգամ մի քաշքուլ քարշ էր տալիս թեւքից, սկսում էր փողոցներում երգել եւ դէրվիշի նման իւր օրական ապրուստը հաւաքել: Միրզայ-Շաֆին հիանալի ձայն ունէր: Նորա կրակոտ երգերից մինն էր, որ Բագիմ-խանումը լսելուց յետոյ հարեմխանայի խորքից ձգեց գեղեցիկ իշխանուհու սիրտը դէպի մանկահասակ բանաստեղծը: Եվ այնուհետեւ հարեմական տարփածուն շաբաթը մի քանի անգամ իւր գաղտնի այցելութիւնները նուիրումէր Միրզայ-Շաֆիի մենաւոր բնակարանին: 

Սալմանը յայտնուեցավ տնակի բակում, փոքրիկ սենեակի լուսամուտից լսեց նուագածութեան ձայներ: Նա գտաւ իւր տիրուհին զվարճութեան ամենասքանչելի դրութեան մէջ: Հարեմական գեղեցկուհին, ոսկեայ չանկերը մատներին անցուցած, արձակ խոպոպինքը մէջքի վերա սփռելով, զընկ-զընկացնումէր եւ շալվարների մրրկածուփ փոթորիկի մէջ պտըտվումէր, պար էր գալիս: Բանաստեղծը, թառն իւր կուրծքին սեղմած, հնչեցնումէր, ներդաշնակելով մի թեթեւ գյաֆ: 

Նոցա մօտ մի կողմում դրած էին զանազան ոգելից ըմպելիքներ եւ նախաճաշելու ուտելիքներ: 

Սալմանի երեւույթը յայտնի վրդովմունք պատճառեց երկուսի վերա եւս, եւ խանումը դադարեց պարելուց: 

—Ի՞նչու եկար, դարձավ նա դէպի պատանին: 

Փոքրաւորը պատմեց բոլորը, ինչ որ լսել էր Ֆէրուզից: Խանումը բոլորովին շփոթուեցաւ: 

—Ի՞նչ անեմ, Աստուա՛ծ, կոչեց նա խորին յուսայատութեամբ:

—Անհոգ կաց, Բագիմ, ասաց երիտասարդը, անփույթ կերպով ծիծաղելով իւր հիւրի խռովութեան վերա:—Այդ առաջին անգամը չէ, որ դու ծուղակի մէջ ես բռնվում:

Իշխանուհին դարձեալ անհանգիստ էր:

—Իշխանն որտե՞ղ էր գտնվում, դարձավ երիտասարդը դէպի Սալմանը:

—Դիվանխանայի մեջ: 

—Ո՞վքեր կային մօտը: 

—Մի քանի խաներ եւ բէկեր, ասաց պատանին, տալով նոցա անունները: 

—Ա՜, այդ դատարկապորտ անպիտանները նորա մօտ կմնան մինչեւ կէս գիշեր: Իշխանը դեռ իւր հիւրերին բերած որսիցն եղջերուի խորոուած կուտացնէ: Յետոյ նրանք կսկսեն լըկել ու լափել, յետոյ խաղալ ու ամբողջ ժամերով իւրեանց յիմարությունները պատմել: 

Սալմանը դուրս գնաց նախասենյակը, սպասում էր իւր տիկնոջը:

—Ինձ ի՞նչ օգուտ դրանցից, հարցրուց խանումը վշտահար ձայնով: 

—Այն օգուտն, որ իշխանը իւր սիրուն հարեմի օթեակը կը մտնէ կէս գիշերից մի քանի ժամ անցած, բայց տակաւին չորս ժամ կայ մինչեւ այդ անբախտ րոպէն: 

—Այսու ամենայնիւ ինձ պէտք է գոնեա երկու ժամ առաջ այնտեղ գտնուիլ, որպէս զի կարողանամ պատրաստուել նորան ընդունելու: 

Երիտասարդի ուրախ դէմքի վըրա վազեց մի հեգնական ծիծաղ: 

—Ա՜, այժմ իմացայ, թէ ինչու ես ըշտապում,—պատրաստուելու համար…երեսդ կոկելու համար…մազերդ անուշհոտցնելու համար…աչերդ սուրմայելու համար…յոնքերդ ներկելու համար…ամենափառավոր հագուստով զարդարուելու համար…: Հա՜, այդպէս չէ՞:

Խանումն այդ խոսքերին պատասխանեց մի քաղցրիկ ժպիտով: 

—Բայց ի՞նչու խեղճ բանաստեղծի խուցը գալու ժամանակ չես պատրաստվում դու։ Յառաջ տարաւ երիտասարդը:—Մի՞թէ մտածումես, որ քո քիշմիրեան լաթերը կաղտոտուի՛ն իմ սենեակի փոշիների մէջ: 

—Նորա համար, որ դու էդպես էլ սիրում ես ինձ, պատասխանեց խանումը եւ իւր ձեռքը նազելով երիտասարդի ուսին դրեց: 

Միրզայ-Շաֆին գրկեց իւր սիրուհին եւ նստեցրուց իւր մօտ: 

—Այդ ուղիղ է, հոգիկս, խօսեց նա, հարեմական բռնակալները,—այդ հոտած, փթած իշխանները միայն,—ախորժումեն իւրեանց անբախտ զոհերը միշտ խայտաճամուկ կեղեւի մէջ տեսնել: Իսկ Շաֆին սիրումէ այդ կրակոտ աչերը, այդ աղեղնաձեւ հոնքերը տեսնել իւրեանց բնական գեղեցկութեան մէջ: 

Այդ խօսքերին յաջորդեց մի ջերմ, սիրաբորբոք համբոյր: 

—Լսի՜ր, Բագիմ, յառաջ տարաւ երիտասարդն աւելի ծանր կերպով, երդվումեմ այդ գանգրահեր զուլֆերովդ (խոպոպիք), որ շուտով այդ անպիտանների դարը կանցնի: Մեծ «Բաբի» վարդապետութիւնը կը տիրէ մեր աշխարհին: Ապագան մերն է: Այն ժամանակ այդ իշխաններն, այդ խաներն, այդ բէկերն, այդ վնասակար արարածներն՝ այլ եւս չեն կարող ժողովրդի արիւնը ծծելով պարարտացնել իրանց փորը: Այլ եւս չեն կարող դիզել իւրեանց պալատներում երկրի հարստութիւնը եւ լցնել իւրեանց հարեմխանան մեր աշխարհի ամենագեղեցիկ աղջիկներով…: 

Այդ խոսքերն արտասանելու միջոցին երիտասարդը այնպէս գրաւվեցավ իւր մտքերով, կարծես թէ մոռացավ իւր սիրուհին, որ գրկումն էր: Նա շարունակեց՝– 

—Թո՜ղ առժամանակ եւս խեղճ Շաֆին, գիշերները քաղցած փորով, իւր վերարկուի տակ կծկուած, իւր սառը ծնկները գրկած, միայնակ քնէ այդ խոնաւ սենեակի մէջ: Բայց կը գայ օրը, երբ մենք կը ցըրվենք այդ անողորմ մեղուների բունը եւ նոցա քաղցրիկ մթերքը մեզ կերակուր կը շինենք… 

—Չէ՛ որ ես քեզ մենակ չեմ թողնում, Շաֆի ջան, երիտասարդի խոսքը կտրեց իշխանուհին հրապուրիչ ձայնով: 

—Գողութիւնը միշտ զզուելի բան է։ Պատասխանեց երիսասարդը:—Ահա՜ սպասումէ Սալմանը, գնա՛, եւ դու մի րոպէից յետոյ իմը չես: Գնա՜, սիրելի Բագիմ, ես չեմ ուշացնի քեզ, գնա՜ պատրաստուիր, զարդարվի՜ր, քո բռնակալն այս գիշեր քեզ մօտ շնորհ ունէ: Բայց երբ կը գաի կնոջ ազատ իրավունքը, դու այլեւս ստիպուած չես լինի շողոքորթել մի «գազանի» անասնական կրքերին… Իսկ առայժմ պէտք է համբերես, Բագիմ, որովհետեւ դու ստրուկ ես… 

Տիկինը լի համակրական զգացմունքով՝ իւր վարդի կոկոնի նման շրթունքը հպեցրուց երիտասարդի ճակատին եւ վեր կացաւ: Նա պատրաստվումէր գնալ, բայց Միրզայ-Շաֆին կանգնեցրեց նորան: 

—Սպասի՛ր, գիշերը շատ մութն է, քաղաքի սրիկաները քաղցած գայլերի նման՝ այժմ պտըտումեն փողոցներում: Սպասիր, ես քեզ հետ գամ: 

—Դու մնա՛ տանը, Շաֆի, մի փոքր հանգստացիր, դու շատ վրդովուած ես, ասաց տիկինը: 

—Ես կը հասցնեմ քեզ մինչեւ ամրոցը: 

Նոքա միասին դուրս ելան, իւրեանց հետ առնելով Սալմանին: Ամրոցի մօտ բաժանուեցան: Բագիմ-խանումն երբ կամենում էր անցնել հարեմխանայի բակը, դռնապանը հարցրուց նորան՝— 

—Ո՞վ ես:

—Բագիմ-խանումի մօտ եմ գնում, նորա քրոջմէն նամակ եմ բերում, եղավ պատասխանը: 

—Գնացէ՛ք: