Չորրորդ Հայքի Գրադարան . ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ . Չորրորդ Հայքի Գրադարան . ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ . Չորրորդ Հայքի Գրադարան . ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ . Չորրորդ Հայքի Գրադարան . ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ . Չորրորդ Հայքի Գրադար

Հարեմ

ԱՌԱՋԻՆ ՄԱՍՆ

ԳԼՈՒԽ ԺԴ

Հեղինակ՝ Րաֆֆի (1874)

Միրզայ-Շաֆին, բաժանուելով իւր սիրուհուց, մի քանի րոպէ կանգնեց իշխանի ամրոցի մօտ, նա մտածում էր. «Ո՜րքան անբախտ արարածներ իրանց սիրողների գրկիցը խլուած, բանտարկվել են այդ վանդակի մէջ: Եթէ նոցա բոլորի արտասուքը միախառնվէին, այդ ահագին պարիսպները կխորտակվէին նոցա հոսանքի առջեւ…» 

Նա կամենումէր հեռանալ, երբ մի նոր միտք յետ դարձրուց նրան: «Չէ՜, մտնեմ իշխանի մօտ եւ մի քանի րոպէ նորան զբաղեցնեմ դատարկախոսութեամբ, մինչեւ նորա տիկինը կը պատրաստուէր…» եւ նա ուղղեց իւր քայլերը դէպի ամրոցը: 

Նա գտաւ դիւանխանայի դահլիճներից մինը փառաւոր կերպով զարդարուած լալայներով եւ մարդան-գիներով: Լուսամուտների լայն—ապակեզարդ փենջարէքը վեր էին քաշուած եւ բակի ծաղիկներով անուշահոտուած օդը ներս էր ծավալվում ախորժ թարմութեամբ: 

Փենջարէի մի կողմում ծալապատիկ նստած էր ամրոցի իշխանը, նրանից ներքեւ կարգով շարուած էին հիւրերը եւ լռութեամբ ականջ էին դնում նորա խօսքերին: 

Միրզայ-Շաֆին ներս մտաւ եւ սովորական ողջոյնը տալով, կանգնեց:

—Ա՛, Միրզա, բարով եկար, բարով, հրամայեցէ՛ք նստեցէք, ասաց իշխանը նորան տեղ ցոյց տալով:

Երիտասարդը բոլորին ծանօթ էր, առանց նեղուելու, համարձակ գնաց եւ նստեց ցոյց տուած տեղը:  

Նա լաւ գիտէր իւր երկրի սովորութիւնը, թէ գտնվումէր մի իշխանի մեջլիսում, եւ թէ հարկաւոր էր ամեն նորա հիմար ու խելացի խօսքերին լռութեամբ լսել, «այո՜, այդպես է» ասել, այդ պատճառով Միրզայ-Շաֆին կամեցավ առժամանակ պահպանել պատշաճի կանոնները: 

—Հօրս գերեզմանին երդում լինի, շարունակեց իշխանը ընդհատուած խոսակցութիւնը, իմ որսորդությունն այս անգամին անսպասելի հաջող գնաց: 

—Ձեր մեծութիւնը միշտ բախտ ունէ որսորդութեան մէջ, շողոքորթեց հիւրերից մինը:

—Բացի դրանից, իշխանի շները լաւ վարժուած են, վերա բերեց մի այլը: 

—Իմ ոսկեգոյն բարակը՝ Շէյթանը՝ հրաշալի մի բան է, ես նորան չեմ փոխի ամենաազնիվ արաբական նժոյգի հետ, պատասխանեց իշխանը: 

—Այն որ Ջաֆար-խանը ձերդ մեծութեանը փեշքէ՞շ էր ուղարկել, հարցրուց մինը: 

—Այո՜, հենց այն, պատասխանեց իշխանը, գիտէ՞ք, խան, ո՜րքան թանկ նստեց ինձ այդ բարակը. Ջաֆար-խանը, ձեզ հայտնի է, ամբողջ մի տարի գավառապետ էր Քաշանում, ի՞նչ անիրավութիւններ ասես չէր արել այնտեղ այդ անպիտանը՝—կաշառքներ, տուգանքներ,—բացի դրանցից, դիւանի տուրքից եւս բաւական կուլ էր տուել: Ես կարող էի նրանցից մի քանի հազար դեղին թուման դուրս քաշել, բայց բոլորը բաշխեցի: 

Միրզայ-Շաֆին, որ լռութեամբ լսում էր, կտրեց իշխանի խոսքը՝—Վնաս չունի, բարակը նոյնպես դեղին գույն ունի, իշխան: Բայց ես զարմանում եմ մի բանի վերա, ես գիտէի, որ քավութեան զոհերը մատուցվումեն միայն սուրբ կենդանիներից, իսկ այդ մի նոր վարդապետութիուն է, որ շներից եղած զոհաբերութիւնը դարձեալ կարող էր սրբել մի յանցավորի մեղքերը… 

Միրզայ-Շաֆիի երգիծական սրախոսութիւնը բարձրացրուց ընդհանուր ծիծաղ: Բայց որովհետեւ բոլորը սովոր էին նորա խոսքերին, այդ պատճառու իշխանն ամենեւին չբարկացավ նորա նկատողութեան վըրա եւ շարունակեց իւր խոսակցութիւնը, որ այնքան հետաքրքրական էր նորա հիւրերին: 

—Իսկ այդ անգամին իմ Հադուդը—այդպես էր իշխանի նժոյգի անունը—կատարեալ հրաշք գործեց: 

—Ի՞նչպէս, հարց արին ամեն կողմից: 

—Այս անգամ երկար մենք թափառումէինք Ս……ի դաշտերում եւ ձորերում, մի քանի կաքաւներ եւ տատրակներ միայն գտանք: Նօքարներս ամեն մինը մի կողմ ցրուած էին: Մին էլ հեռուից տեսայ Աքպար սպահանցու հրացանի ծուխը բարձրացաւ: Բայց գնդակը չը դիպավ նպատակին եւ եղջերուն սատանայի արագութեամբ սկսաւ վազել: Ես Հադուդին բաց թողեցի էրէի վերա: Քառորդ ժամու չափ իմ ձին եւ որսը վազումէին մի եւ նոյն ուղղութեամբ: Յանկարծ իմ առջեւ մի խոր ջրանցք, մինչեւ տասն արշին լայնութեամբ: Ես չը կարողացայ Հադուդիս գլուխը դարձնել, որովհետեւ նա չափազանց տաքացած էր: Իմ աչքերիս առջեւը սեւացաւ: Մին էլ այն տեսայ, ձին արծուի պէս թռաւ, եւ ես գտնվումէի ջրանցքի միւս ափումը: 

—Մաշա՛լլայ, մաշա՛լլայ, կոչեցին հիւրերը:

—Եղջերուն ընկավ ջրանցքի մէջ եւ մինչեւ կէսը թաղվեցավ լիլի մէջ: Ես արձակեցի իմ կարաբինան, եւ խոշոր կոտորակները անցան որսի ուղեղի միջից:

—Բայց դուք էլ մեծ քաջութիւն եք արել, իշխան, գովաբանեցին հիւրերը: 

—Ես այդ դէպքում աւելի պարտական եմ Հադուդին, յառաջ տարաւ իշխանը.  ճշմարիտ նա արժէր փրկանք լինել, այն գեղեցիկ օրիորդին… որ… 

—Ի՞նչ օրիորդ, հարցրուց հիւրերից մինը, ձեր մեծությունը, կարծեմ, Հադուդին հինգ հարիւր թումանով գնեց: 

—Դուք սխալվումէք, խան, պատասխանեց իշխանը, ձեր ասածը Ջէյրանն է, որ գնեցի բադդաղցի Արաբից: Հադուդը ինձ բերեց ծերունի Խալաֆ-բէկը՝ Մաւրի թուրքմենների ցեղապետը: Երբ վերջին արշաւանքներում մենք թուրքմեններից այնքան գերիներ եւ կողոպուտ խլեցինք, նոցա թւում գտնվումէր եւ Խալաֆ-բէկի աղջիկը: Խեղճ ծերունին առաջարկեց հազար թուման փրկանք իւր դստեր համար, ես չընդունեցի, այլ պահանջեցի նորա ձին, որ բոլոր Թուրքիստանի մէջ հռչակուած էր: Նա ստիպուած եղավ տալ Հադուդին, որ իւր երկու աչքի լոյսի հետ չէր փոխի: Ձին բերեցին, հրամայեցի տանել ախոռը, իսկ աղջիկը մինչեւ այսօր էլ իմ հարեմխանայումն է…

Վերջին խօսքերը Խալաֆ-բէկի դստեր մասին վերաբերումէին Բագիմ-խանումին, Միրզայ-Շաֆիի սրտին ամենամօտ առարկային: Նորա հպարտ աչքերը վառուեցան այդ լսելու ժամանակ եւ շրթունքը սկսեցին դողալ: 

—Ի՛նչ լաւ էք արել, գովեցին ամեն կողմից իշխանի նենգությունը:

—Շա՛տ լաւ է արել, վերա բերեց Միրզայ-Շաֆին հեգնորեն կերպով,  խաբեբայութիւնը պատերազմական գործերում թոյլ է տուած մինչեւ անգամ ղորանով…

Խօսակցութիւնը ընդհատուեցաւ, երբ ներս բերվեցան ղէյլանները: Նոքա սկսեցին ծխել: 

—Դուք բոլոր ժամանակը Ս……ումը անցուցիք, իշխան, հարցրուց խաներից մինը: 

—Երեք օր միայն: Այնտեղից ես եկա Յուսէին-խանի մօտ, ճաշին հիւր եղայ նօրա գյուղումը: Ճշմարիտն ասած, շատ ուրախ անցուցինք: Խանն ինձ զվարճացնելու համար կանչել տուեց իւր հրեայ րայեաթներից մի քանի պատանիներ եւ աղջիկներ, նրանք «ջիհուդի» պար բռնեցին: Ա՛խ, ի՞նչ ծիծաղելի էր այդ նզովեալների խաղը: Յետոյ մի քանիսին ծերերից փայտի կապել տուաւ խանը. սկսեցին ծեծել. նրանց լացը ու գոռոցն աւելի ծիծաղեցրուց ինձ, կատարեալ «ջիհուդի շիւան…» 

Այդ խօսքերը այնպիսի մի եռանդով պատմեց իշխանը, որ շարժեց բոլոր հիւրերի ծիծաղը, բացի Միրզայ-Շաֆիից: 

—Ես էլ տեսել եմ այդ անիծուածների խաղերն, ասաց խաներից մինը, ճշմարիտ շատ ծիծաղելի է: Երբ առաջին անգամ գնացի Համադան որպէս կուսակալ, երբ քաղաքին մօտեցանք, բոլոր ժողովուրդը ընդառաջ ելաւ: Մուսուլմաններն ամեն մի տասը քայլափոխում մատաղ էին մորթում ձիուս ոտքերի տակ: Ջիհուդները պար էին գալիս: Նրանք հագել էին ծաղրական հագուստներ, գլխներին դրած էին երկայն, զանազան գուներով ներկուած թղթէ գդակներ: Այնպէս թռչկոտումէին, չըրթիկ էին զարկում եւ պէսպէս մասխարութիւններ էին անում: Իսկ աւելի ծիծաղելի էին հայերը: Նրանք դուրս էին բերել իւրեանց քահանաներին եկեղեցւոյ հագուստով եւ բոլոր պատկերներով ու խաչերով, որ այդ անօրէնները գործ են ածում իրանց եկեղեցիներում: Ես չը կարողացայ իմ ծիծաղը պահել, երբ տեսնում էի պարսիկ լամուկները մօտենումէին պատկերներին, ու սկսում էին նոցա առջեւ իւրեանց բերանը ծռմռել ու զանազան ծաղրական խօսքեր ասել, եւ կամ քէշիշներից (տէրտէրներից) հարցնումէին՝—«քեշի՜շ, ի՞նչու ես խաչի ետեւում փայտ անցուցել:»1

—Այդ շատ ծիծաղելի է, ձայն տուեցին ամենքը հըռհռալով եւ յայտնեցին, որ իրանցից շատերը ներկայ եղած են այդպիսի հանդէսների: 

—Բայց օտար ազգերի կրօնական սրբութիւնները ծաղրածութեան առարկա շինել, այդ ո՛չ միայն խըղճմըտանքի ընդդէմ է, այլ եւ Աստծոյ, մեջ մտավ Միրզայ-Շաֆին: 

Բայց իշխանը նորան փոխանակ ուղղակի պատասխանելու, ասաց՝—

—Աւելի հաճելի կը լինի մեզ, եթէ այդ ունայն քարոզների տեղ դու երգես մի երգ: 

—Բոլորովին ուղիղ նկատեցիք, իշխան, աւելացրեց խաներից մինը, ուրեմն հրամայեցէք բերեն թառը, ես խնդրումեմ, որ Միրզայ-Շաֆին ածէ եւս: 

Սոյն միջոցին իշխանի մանկլավիկները ներս բերեցին արծաթեայ մատուցարանների վերա դրած նախաճաշելիքներ, որոնց ընթրիքից առաջ սովորութիւն ունեն պարսիկները ուտելու եւ նոցա մօտ դրուեցան զանազան ղօրանից արգելուած ըմպելիքները: Հիւրերը սկսեցին խմել եւ ուտել:2 Իսկ Միրզայ-Շաֆին հնչեցրուց թառը եւ հանպատրաստից երգեց այս երգը.

«Մթին անտառով պատած էր սարը, 
«Այն սարի գլխին գմբէթի նման՝
«Կապոյտ երկինքը իւր լայն կամարը՝ 
«Գրած էր այնպես պայծառ, անսահման:  

«Այն սարի վերա ամրոց էր կանգնած, 
«Թշնամի վըհուկ կախարդեց նորան. 
«Ամրոցի միջում աղջիկ էր նստած, 
«Նորան կապել էր գերութեան շղթան: 

«Միայնակ, տխուր նազելի կոյսը 
«Փակուած էր մթին իւր նեղ սենեակում, 
«Կեանքից եւ բախտից կտրած էր յոյսը, 
«Սրտամաշ ցավերը կըրումէր հոգում: 

«Ամրոցի մօտէն մի աշուղ անցաւ, 
«Երգեց աշուղը իւր երգը անուշ, 
«Վըհուկի այն չար թիլիսմը լուծվեցաւ, 
«Փշրեց իւր շղթան աղջիկը քնքուշ: 

«Վազեց դէպի դուրս, աշուղին կանչեց, 
«Ասաց՝—«Դու ես իմ սրտի ուզածը, 
«Սեղմեց գրկի մէջ, երեսից պաչեց,
«Ասաց՝—«Ինձ փրկիչ ճամփեց Աստուածը: 

«Երբ որ լուսինը բլուրի ծայրէն 
«Շողում էր լոյսը՝ ուրախ եւ պայծառ, 
«Երբ որ աստղերը երկնի կամարէն՝ 
«Պզպղին տալով՝ թափէին գոհար,— 

«Ամրոցի միջէն աշուղի նազելին, 
«Ծածուկ դուրս գալով, մթին անտառում՝՝ 
«Լի ցնորքներով` սրտի սիրելին` 
«Կանչումէր, կանչում…նորան պըտրում… 

«Այն անտառի մէջ կար մի տաղաւար, 
«Կարծես, դէրվիշի էր նա բնակարան, 
«Թփերով պատած՝ ճիւղերը հիւսած 
«Ցրտից, անձրեւից պահումէր նորան:

«Այնտեղ աշուղը միայնակ՝ լռին 
«Առանձնութեան մէջ երգում էր երգը, 
«Նորան կենակից էին՝ Հաֆիս, Սաադին 
«Եվ մեծ թուսեցու հրաշալիք գիրքը:3

«Այն տաղաւարում ամրոցի հուրին 
«Անցուցանումէր անուշ գիշերներ.— 
«Ջեննաթը երբէ՜ք իւր անմահներին 
«Չէ՜, չէ՛ շնորհում այնպիսի օրեր… 

—«Թափումէր ցավը վշտահար սրտից , 
«Սրբումէր աչքից դառն արտասուքը, 
«Որպէս մի անմեղ՝ ազատուած բանտից` 
«Մոռանում էր իւր ողբն ու սուգը:  

«Ամրոցի տէրն էր բռնակալ—իշխան, 
«Որ խլեց նորան հայրենի երկրից,
«Իսկ աղջկայ հայրն—էր ծերուկ մի խան, 
«Որ շատ արտասուք քամեց աչերից: 

«Իշխանը ունէր պաշտոն արքունի 
«Եվ գեղեցկուհի կանայք բազմաթիւ, 
«Նորա հարեմում ստրուկ, ներքինի 
«Չունէին բնաւ համար եւ հաշիւ: 

«Նորա կանայքը փակուած են ողջուն 
«Երկաթով պատած՝ ամուր վանդակում, 
«Բայց «սէրը» հզոր է քան բռնութիւն, 
«Նա իւր վանդակը է միշտ խորտակում…

Ծանոթագրություններ

  1. Պարսկաստանում այդ անպատիւ լրբութիւնը շարունակվումէ մինչեւ այսօր։ Քաղաքների մահմետական ժողովուրդն իւրեանց նորեկ գաւառապետների զուարճութիւնը յագեցնելու համար ծաղրածութեան գործիք են ընտրում հրէաներին եւ քրիստոնեաներին։ Խ. Աբովեանը նկարագրումէ իւր Վէրք Հայաստանի մէջ հայ կղերի մի այդպիսի եկեղեցական հանդիսակատարութիւնը Երեւանի խաների առջեւ։ Երեւումէ այդ սովորիւթիւնը շատ հին ժամանակներից Պարսից կրօնական հալաղասիրութեան ղնունդն է։
  2. Պարսիկները սովիրութիւն ունեն ընթրիքից առաջ հասարակ նախաճաշելիքներով խմել ոգելից ըմպելիքներ, որպիսի են՝ գինի, արաղ եւ այլն, յետոյ բերանները լուանումեն եւ ուտումեն ընթրիքը։
  3. Թուսեցի էր պարսից երեւելի բանաստեղծ Ֆրիդովսին։ Նիրա նշանաւոր պատմական վէպը կոչվումէ Շահ-նամէ։