Չորրորդ Հայքի Գրադարան . ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ . Չորրորդ Հայքի Գրադարան . ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ . Չորրորդ Հայքի Գրադարան . ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ . Չորրորդ Հայքի Գրադարան . ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ . Չորրորդ Հայքի Գրադար

Հարեմ

ԱՌԱՋԻՆ ՄԱՍՆ

ԳԼՈՒԽ ԺԵ

Հեղինակ՝ Րաֆֆի (1874)

Բագիմ-խանումը, դառնալով իւր սենեակը, զարդարուեցավ, օծուեցավ, կոկուեցավ եւ նախշուն թիթեռնիկի կերպարանք ստացաւ: Նա իւր օթեակը լեցրած անուշահոտությամբ, սպասումէր իւր տիրոջ գալստեանը: Յանկարծ նորա ականջներին դիպաւ մոգական հնչումները մի երգի: 

—Այդ «նորա» ձայնն է…Ասաց շփոթուելով տիկինը եւ մօտեցավ բաց լուսամուտին, որսկից ներս թռան երգի վերջին տողերը՝— 

«Եվ իսկ այս գիշեր ամրոցի հուրին 
«Զվարճանում էր աշուղի գրկում—
«Որ թռիչք տուեց սրտի դարդերին…
«Որ ձեզի համար այդ երգն է երգում…» 

—«Նա» ինձ է երգում…մտածեց տիկինը լի քաղցրիկ վրդովմունքով եւ թեքուեցաւ փենջարէի հենարանի վերա: 

—Գիտէ՞ք, խանում, ով է երգում, հարցրուց Ֆէրուզը, որ կանգնած հետազօտում էր իւր տիկնոջ երեսի փոփոխական գծերը: 

—Գիտեմ…պատասխանեց տիկինը տխուր ձայնով:

—«Նա» նորա համար է երգում, որ դուք լսէք:

Տիկինը ոչինչ չը պատասխանեց: Նա երկար ականջ էր դնում, բայց երգը լռել էր արդէն:

—Իշխանը այս գիշեր ձեզ մօտ կը լինի, խօսեց աղախինը:

—Գիտեմ:

—Ի՞նչ պատրաստել:  

—Ինչ ուզում ես պատրաստի՜ր, Ֆէրուզ, ինձանից մի՜ հարցրու, իմ գլուխն իմս չէ…

Աղախինը, նկատելով տիկնոջ վշտահար դէմքը, հեռացաւ: 

Բագիմ-խանումը հեռացաւ լուսամուտից, մօտեցավ հայելուն, երկար նայումէր իւր վերա, կարծես սիրահարուած լիներ իրանով: «Եթէ այդպէս տեսնէր ինձ Շաֆին…», ասում էր նա ինքն իրան: 

Նորա մտածութիւնները շփոթեց մի ձայն։—Բախտաւոր, զարդարուի՜ր… ուրախացի՜ր… հիմայ իշխանը կը գայ: 

Տիկինը յետ նայեց, տեսաւ հարեմներից մինը՝ գեղեցիկ Ջէյրան-խանումին: 

—Նախանձումե՞ս, Ջէյրան, դարձաւ նա դէպի իւր այցելուհին ակամայ ժպիտով: 

—Թո՜ղ իմ աչքը կոյր լինի, եթէ նախանձեմ , պաաասխանեց եկւորը մօտենալով: 

—Բա՛ ի՞նչ ես ասում: 

—Հանաք եմ անում, Բագիմ: 

—Նստի՜ր, հոգիս, նստի՜ր, մի քիչ խօսենք, ես այսօր շատ տխուր եմ… 

Նոքա նստեցին միմեանց մօտ: 

—Դու պէտք է ուրախ լինես, Բագիմ, այսօր «նորա» մօտ էիր. պատասխանեց Ջէյրան-խանումը ծիծաղելով: 

—Է՛հ, «տարին մի անգամ բայրամ (զատիկ), այն եւս ախուվախով…» պատասխանեց Բագիմ- խանումը ցաւալի կերպով: 

—Բաս ես սեւ՜ պէտք է հագնեմ, որ ամիսներով նորա երեսը չեմ տեսնում… 

—Դու էլ ինձ պէս անբախտ ես… Ջէյրան: 

—Հա՜, անբախտ եմ, Բագիմ… կրկնեց Ջէյրանը խորին կերպով հոգւոց հանելով: 

Երկու տիկինների խօսքն իւրեանց գաղտնի սիրողների վերա էր: Նոքա միմեանցից ծածուկ ոչինչ չունէին: 

—Այդ ո՞ր սատանան փչեց իշխանի խելքին, որ կամեցել է այս գիշեր քեզ մօտ լինել, Բագիմ: 

—Չեմ գիտում: Դու քանի՞ ժամանակ է չես տեսել իշխանին, Ջէյրան:

—Երեք ամիս: 

—Ամեն գիշեր ընկած է Ղարաչու աղջկայ մօտ: 

Բագիմ-խանումի խօսքը մի բօշայ հարեմի մասին էր, որին շատ էր սիրում իշխանը: 

—Նա գեղեցիկ է, նորա համար, ասաց հեգնորէն Ջէյրան-խանումը: 

—Սատանան տանէ՛ նորա սեւ թշերը։ Պատասխանեց Բագիմ-խանումը զզվանք ձեւացնելով իւր դէմքի վերա:—Թէ ես եւ դու, Ջէյրան, նորա նման ածել, երգել, պարել իմանայինք, իշխանը մեզ էլ կը սիրէր: 

—Մինակ այդ չէ պատճառը, հոգիս, խոսեց Ջէյրանը, Խուրշիդը—այդպէս էր բօշայ հարեմի անունը—որպէս ամեն մութրուֆները, կատարեալ կախարդ է: 

—Ղո՞րդ: 

—Իմ հօր գերեզմանը վկայ: Նա դյութել է իշխանի սէրը: 

—Այն դեւի ծնունդից ոչինչ բան պակաս չէ: 

—Իշխանը կարծումէ, յառաջ տարաւ Ջէյրան-խանումը, թէ Խուրշիդն ամեն հարեմներից աւելի է սիրում նորան: Բայց դու, Բագիմ, գիտե՞ս նորա բաները: 

—Չեմ գիտում: 

—Նա ուրիշին է սիրում: 

—Ո՞ւմը: 

—Չեմ գիտում: Բայց մի անգամ Խուրշիդը ծեծել էր իւր աղախնին՝ Հուսնիին, աղախինը պատմեց ինձ ամենը: 

—Ի՞նչ ասեց: 

—Ասեց իմ տիկնոջ ծնելու օրը հասաւ: Նա հրամայեց ոչ ոքին իւր սենեակը չթողնել, այնտեղ էր միայն պառավ տատմէրը: Խուրշիդն ազատուեցավ: Տղան ծնվեց սեւ ինչպէս ածուխ, հաստ շրթունքներով եւ տափակ քթով: Տատմերը գիշերով վեր առեց երեխան, տարաւ իւր հետ: Միւս օրը բերավ մի այլ տղայ սպիտակ որպէս ձիւն: Այնուհետեւ յայտնեցին, թէ խանումը ազատուեցավ ծնունդից… 

Ջէյրան-խանումն այդ խօսքերը պատմելու միջոցին Բագիմ-Խանումի դէմքը փոփոխվումէր զարմացական ցնցումներով: 

—Ուրեմն Խուրշիդի այժմեան երեխան իրանը չէ՞, հարցրուց նա ծիծաղելով:

—Տատմէրը գտել է նորան մի մէչիդի դռնից, ուր նորան ձգած են եղել:

—Բայց իշխանը գիրկը առած սիրում է, համբուրում է երեխային, կարծելով թէ իւրն է: 

Եվ սիրումէ մօրը, որ այնպիսի գեղեցիկ որդի ծնեց…

Բագիմ-խանումն երկար պաշարուած էր իւր լսածների զարմացումով: 

—Հիմայ իմանումեմ, Ջէյրան, որ իշխանի սէրը գրաւելու համար գեղեցկութիւն պէտք չէ: Պէտք է այնպես «սատանայ» լինել, որպէս Խուրշիդը: 

—Ի՞նչ գեղեցկութիւն, պատասխանեց միւսը, Զէյնաբ-խանումը մեր ամենիցս գեղեցիկ է: Ի՞նչու չէ սիրում նորան իշխանը: Նորա համար, որ նա «սատանայութիւն» չունի: 

—Խե՛ղճ Զէյնաբ, խոսեց Բագիմ-խանումե ցաւակցական ձայնով, կարելի է սրտի դարդերիցը դեւոտեցավ… 

—Դարդը քի՞չ բան է…: Ես մի օր չէի տեսնում նորան, որ աչքերն արտասուքով թաց չը լինեին: Խեղճն ամբողջ օրը իւր սենեակից դուրս չէր գալիս, հէնց ա՛խ էր քաշում ու լաց լինում… 

—Հիմայ մի քիչ լաւ է, ասումեն: 

—Ջինների ձայնը դեռ շատ անգամ լսվումէ: 

—Ես ուզումէի այսօր նորա մոտ գնալ, վախեցայ: 

—Չէ՜, Բագիմ, չէ կարելի նորա մոտ գնալ, ասաց Ջէյրան-խանումը: Կախարդն ամեն գիշեր գալիս է: 

—Շատ բաներ են պատմում կախարդի մասին:

—Ի՞նչ բաներ:

—Ասումեն ամեն բան գիտե:

Լսելով վերջին խօսքերը, Ջեյրան-խանումի գելխում ծագեց մի նոր միտք: Եվ նա հարցրուց՝— 

—«Սիրոյ թիլիսմաններ» էլ կը գիտենայ: Այդպէս չէ՞: 

—Ամեն բան գիտէ:

—Ե՜կ, Բագիմ, մի օր նորան մեզ մոտ կանչենք:

—Ի՞նչու համար:

—Թո՜ղ մեզ համար «սիրոյ թիլիսմաններ» գրէ:

—Առանց այդ էլ սիրում են մեզ…պատասխանեց Բագիմ»խանումը ժպտելով: 

—Իշխանը ո՛ր չէ սիրո՞ւմ… 

—Ի՛նչ պետք է իշխանի սէրը: 

—Նրա համար պէտք է, որ բայրամ (զատիկ) է գալիս, ես ու դու նոր հագուստ չունենք: 

— Մուրդաշուրը1 տանէ նրա առած հագուստը…պատասխանեց Բագի-խանումե արհամարհական կերպով:

—Բայց ես կախարդին կանչել կը տամ:  

—Կանչել տուր, որ նոր հագուստով գնաս սիրականիդ մօտը…դու նորա համար ես զարդարվում…

Երկու հարեմների խօսակցությունը ընդհատուեցավ, երբ նրանք տեսան հարեմխանայի բակը ներս մտաւ իշխանը:  Երկու փոքրիկ սպասաւորներիրանց լապտերներով լուսաւորումէին նորա մուտքը: Ջէյրան-խանումը վազեց դէպի իւր սենեակը:

Ծանոթագրություններ

  1. Մուրդաշուր պարսկերէն նշանակումէ մեռել լուացող, որոյ վարձն է ննջեցալի հագուստը։