Չորրորդ Հայքի Գրադարան . ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ . Չորրորդ Հայքի Գրադարան . ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ . Չորրորդ Հայքի Գրադարան . ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ . Չորրորդ Հայքի Գրադարան . ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ . Չորրորդ Հայքի Գրադար

Հարեմ

ԱՌԱՋԻՆ ՄԱՍՆ

ԳԼՈՒԽ ԺԶ

Հեղինակ՝ Րաֆֆի (1874)

Չը նայելով այն խորին ատելութեանը, որ ունէր Բագիմ-խանումը դէպի իւր բռնակալը, այսուամենայնիւ, երբ նորա գալուստը տեսաւ, ընդունեց խիստ ուրախ եւ հրապուրիչ կերպարանք: Թէեւ այդ ուրախութիւնը բոլորովին ակամայ եւ հրապոյրը ստիպողական էր, բայց դարձեալ գրաւիչ եւ ախորժելի էր: նա դիմեց մինչեւ նախասենեակը, երբ ամուսինն ոտքը դրեց նորա շէմքի վերա, բռնեց նորա ձեռքից եւ գրկելով բերավ իւր օթեակը: 

Այն խօսքերը, որոնցով տիկինն արտասանումէր իւր սերը եւ ուրախությիւնը, կարող է արտասանել մի կեղծաւոր լեզու, որ երկար ժամանակ եղել է թարգման ճնշուած, հաղթահարուած եւ մինչեւ ստրկութեան հասած սրտի… 

Մտնելով իւր հարեմի սենեակը, իշխանն իւր սովորական հպարտութեամբ գնաց, նստեց իւր համար հատուկ պատրաստած փափուկ օթոցի վերա եւ մէջքը տուեց թանկագին բարձերին: Կինը նստեց նորա մօտ եւ նազելով թեքվեց դէպի նա, իւր հինայով ներկած ձեռքը դրեց ամուսնի ափի մէջ: 

—Ի՞նչպէս է քո առողջութիւնը, հարցրուց իշխանը ծանրութեամբ:

—Ձեր շնորհը աղախնիդ համար կեանք է, ձեր ամեն մի ժպիտը նորան յաւիտեան անմահութիւն կը բաշխէ, պատասխանեց կինն ասիական գեղեցկախոսութեամբ: 

—Այդ պատճառաւ էլ ես քեզ մօտ եկայ: 

—Ձեր գալուստն այնքան բերկրալի է, որպէս ամառնային անձրեւն իւր մարգարիտները սփռում է ծարաուած երկրի վերա…1

—Միթէ դու այդքան սիրումես ինձ: 

—Թո՜ղ վկայ լինեն երկնքի հրեշտակները, որ ոչ մի ծաղիկ իւր գեղեցկութեամբ իմ աչքը չէ գրաւում, երբ «սիրականիս» դէմքը չէ այն, եւ ոչ մի թռչուն իւր երգերով ինձ չէ ուրախացնում, երբ «սիրականիս» ձայնը չէ այն: 

Գուցէ Բագիմ-խանումի խօսքը մի այլ «սիրականի» մասին էր, բայց իշխանը, բոլորովին իրան վերաբերելով, ասաց. 

—Միթէ սէրն այդքան քաղցր է քեզ համար: 

—Աւելի քան «կենդանութեան ջուրը:» 

Սոյն միջոցին իշխանը թեւքը փաթաթեց տիկնոջ պարանոցով եւ նորա շրթունքը սեղմուեցան իւր գեղեցիկ հարեմի թշի վէրա:

—Դու աւելի անուշահոտ ես, քան թէ ջէննաթի վարդերն, կոչեց իշխանն իւր հրապուրանքի քաղցրութեան մէջ: 

—Վարդն աւելի զուարթանումէ, երբ վաղորդեան ցողը փայլումէ նորա թերթերի վերա…— այդ քո սէրն է, թանկագին ամուսին, պատասխանեց տիկինը: 

Մի քանի այդպիսի խօսակցութիւններից յետոյ Բագիմ-խանումը վեր կացավ, իւր ձեռքով պատրաստեց մի ղէյլան եւ մատուց ամուսնուն: Ղէյլանի ծխաքարշը բոլորը զարդարած էր գոյնզգոյն ծաղիկներով: 

Իշխանը սկսեց ծխել: Ֆէրուզը ներս մտաւ եւ վար թողեց օթեակի վարագուրները: Քանի րոպէից յետոյ խաւարը ծածկեց իւր պարկեշտ թեւքերի տակ հարեմական իշխանի բոլոր սիրակցութիւնքը… 

Բայց Ջէյրան-խանումը, դուրս գալով Բագիմ-խանումի սենեակէն, նորան հանդիպեց Խուրշիդ-խանումը, որոյ մասին կէս ժամ առաջ խօսումէին երկու տիկինները: Խուրշիդը, կատաղած առիւծի նըման, միայնակ ման էր գալիս հարեմխանայի բակումը: 

—Ջէյրան, Ջեյրան, կանչեց նա հեռուից: 

Ջէյրանը կանգնեց: Նա մօտ եկաւ: 

—Իմամ-Յուսէյնի գերեզմանին երդում լինի, ասաց նա բարկացկոտ ձայնով, թէ առաւոտեան ես Բագիմի ծամերը մէկ մէկ դուրս չը քաշեմ… 

—Ի՞նչու: Գժվե՞լ ես, հարցրուց Ջէյրանը զարմանալով: 

—Նա համարձակվումէ՞ իմ հերթը խլել…

—Ի՞նչ հերթ: 

—Իշխանն այս գիշեր ինձ մօտ պիտի լինէր, թէ նորա՞ մօտ:

—Թող քեզ մօտ լինէր։ Պատասխանեց Ջէյրանը սառնութեամբ:

—Բագիմը խօ զօրով իւր մօտ չէ՜ տարել: 

Խուրշիդն աւելի կատաղեցավ: 

—Զօրով չէ՜, բա ի՞նչ է: Նա չէ՞ր իմանում, որ հերթն իմն է: 

— Նա ինչո՞վ իմանար: Նա էյլմ-ղեյբի2 չը գիտէ, հեգնօրեն ասաց Ջէյրանը:

—Ես նօրան կը հասկացնեմ, թող առաւօտը լուսանայ…: Ես այն թուրքմէնի քածին ցոյց կը տամ… 

—Գնա՜, գնա՜, դու կռիվ ես պտրում։ Ասաց Ջէյրանը հանդիմանական կերպով:

—Եթէ նա թուրքմէն է, դու էլ մութրուֆ (ցիգան) ես…մի շատ ազնիվ ցեղից չես…

Բօշայ հարեմի աչքերը վառուեցան բարկութեան կրակով:

—Դո՜ւ, անզգամ, պաշտպանումե՞ս այն անառակին, կոչեց նա յարձակուելով Ջէյրանի վերա:

—Անզգամն էլ, անառակն էլ դու ես…: 

—Ե՞ս…

—ճըչաց Խուրշիդը եւ երկու ձեռքով ձիգ ընկավ Ջէյրանի ծամերից։

—Վա՛յ…վա՛յ…ձայն արձակեց Ջէյրանը եւ ինքն էլ փոխադարձաբար բռնեց Խուրշիդի ծամերից: 

Երկար նոքա մէկ մէկու քարշ էին տալիս, միմեանց աչքն ու երեսը ծւատումէին, երբ վերա հասավ ներքինապետը: 

—Ամօթ է…խանումներ, այդ ի՞նչ խաբար է…ասաց նա նորանց բաժանելով:

— Թո՛ղ դրան խեղդեմ…ասում էր Խուրշիդը, աշխատելով Հէյդարի ձեռքից դուրս պրծնել: 

Բայց Ջէյրանն այլ եւս ուշադրութիւն չը դարձրաւ եւ խոյս տուեց կոուի դաշտիցը:

Ծանոթագրություններ

  1. Գուցէ ընդերցողին անհաւատալի կը լինի մի այդպիսի փաղաքշական խօսակցութեան ձեւն այր եւ կնոջ մէջ, որ բոլորովին զուրկ է ընտանեկան պարզութիւնից։ Բայց արեւելքի բարձր շրջաններում, ուր կոնը ուրիշ բան չէ, եթէ ոչ ամուսնի զուարճութիւններին մի գործիք, համարեա սովորական է այդ։ Հին շահերից մինը, որ ունէր բանաստեղծական զգացմունքներ, իւր հարեմներից մէկին աւելի էր սիրում, որ խօսումէր նորա հետ ոտանաւորներով։
  2. Էյլմ-զէյբի նշ. դիտութիւն աներեւոյթ բաների, գերբնական ուսումն։