Չորրորդ Հայքի Գրադարան . ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ . Չորրորդ Հայքի Գրադարան . ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ . Չորրորդ Հայքի Գրադարան . ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ . Չորրորդ Հայքի Գրադարան . ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ . Չորրորդ Հայքի Գրադար

Հարեմ

ԱՌԱՋԻՆ ՄԱՍՆ

ԳԼՈՒԽ ԺԷ

Հեղինակ՝ Րաֆֆի (1874)

Մինչ ամրոցում անց էին կենում նախընթաց դեպքերը, Զեյնաբ-խանումը եւ Քերիմ-բեկը, Սալոմեի տան մեջ, նստած միմյանց մոտ, իրենց սրտի գեղազվարճ բերկրության մեջ, ճաշակում էին սիրո քաղցրությունները… 

Սալոմեն նրանց մոտ չէր, նա մյուս սենյակում յուր ամուսնու հիվանդ ընկերի վերքերին սպեղանիք էր դնում: 

— Լսի՜ր, Ալմաստ, — հառաջ տարավ Քերիմ-բեկը ընդհատված խոսակցությունը, — մեր գերությունից հետո մեր հայրենիքում պատահել են մեծամեծ փոփոխություններ: Վրաստանը վաղուց միացել է Ռուսաստանի հետ: Այժմ վրացիք թագավորություն չունեն: Հիմա մեր Թիֆլիսը ռուսաց քաղաք է: Ռուսներն ուզում են տիրել բոլոր Կավկազին, այժմ այնտեղ պատերազմ կա: 

— Պատերա՛զմ… — կրկնեց սարսափելով Ալմաստը: — Էլի կոտորո՛ւմ են…: Այդ դու ո՞րտեղից գիտես, Մեխակ: 

— Այսօր վազ առավոտյան Նաիբ-ուլ-Սալթանեի սուրհանդակը Թավրիզից այստեղ հասավ: Նա եկել էր չորս օրում եւ բոլոր Պարսկաստանի համար բերել էր տխուր լուրեր: Ռուսները հաղթում են եւ տիրում են պարսից խանություններին: Բոլոր հայերն ոտքի են կանգնած, ուզում են ազատվիլ պարսից լծից: 

Դեռ գտնվելով պատերազմական սարսափելի տպավորությունների տակ, Ալմաստը, լսելով այդ խոսքերը, բոլոր մարմնով դողում էր: Նա հարցրուց անհամբերությամբ. 

— Ռուսներն ո՞վքեր են: Ա՛խ, ով գիտե նրանք էլ Մահմեդ-խանի նման թալանում են… գերի են տանում… 

—Չէ՜, Ալմաստ, հանգստացրուց նորան Քերիմ-բէկը, Ռուսները մեզ նման քրիստոնյաներ են, նրանք գերի չեն առնում եւ պարսիկների նման չեն թալանում… 

Նրանք մեր խաչը եւ պատկերները պաշտո՞ւմ են: 

—Պաշտումեն:

Ալմաստը մի փոքր սիրտ առավ, հանգստացավ: 

—Ամբողջ Թեհրանն այսօր խռովության մեջ է, շարունակեց Քէրիմ-բէկը, Շահը հրամայել է բոլոր զորապետներին հավաքել յուրյանց ղոշունը: Մեծ Մուշտեիդն առավոտյան դուրս եկավ մեչիդից քաղաքի հրապարակը, քարոզեց ջըհաթ1 անել իւրեանց կրօնակիցներին օգնելու համար:

—Այդ լաւ չէլավ մեզ համար…ասաց Ալմաստը յուսահատ կերպով: 

—Դու չես հասկանում, Ալմաստ, շատ լաւ էլավ: 

—Ի՞նչպէս: 

—Որպէս քո ամուսին իշխանը, նոյնպես իմ տէրը՝—Սէր-Ասքէրը` երկուքն էլ մեծ զօրապետներ են, նրանց հրամայած է գնալ պատերազմ: Մենք երկուքս էլ ազատուած կը լինենք: 

—Որպէ՞ս:

—Այնպէս որ, եթէ մենք թողնենք այդ քաղաքը եւ հեռանանք այստեղից, էլ նրանք չեն կարող մեր ետեւից ընկնել: 

—Ի՞նչու: 

—Նրա համար որ, նրանք զբաղուած կլինեն իւրեանց պատերազմական գործերով: Նրանք այստեղ չեն լինի: 

Ալմաստի յուսահատ դէմքը զուարթացավ ուրախութեան լուսով, եւ նա հարցրուց անհամբերութեամբ՝ — 

—Բա՜, ի՞նչու ենք ուշանում:

—Գնանք, Ալմաստ, չուշանանք, ամեն մի րոպէն թանկ է մեզ համար, խոսեց Քէրիմ-բէկն ոգեւորուած կերպով: —Գնա՜նք, մեր վրէժն առնենք այն ազգից, որոնք թափեցին մեր հօր, մեր մօր ու մեր ազգականների արիւնը… 

—Եւ այդքան տանջեցին մեզ… յարեց Ալմաստը:

Սոյն միջոցին երիտասարդի դէմքն ընդունեց խիստ վշտահար արտայայտութիւն, եւ նա, խորին կերպով հոգւոց հանելով, ասաց՝— 

—Այո՜, տանջեցին… իմ սիրեկան: Արդէն տասն տարի է այս քաղաքումս ես լսում եմ Պարսիկը Հայի հաւատքը հայհոյելիս եւ լռում եմ…: Ես տեսնում եմ պարսիկը Հայի գլխին ծեծելիս, աչքերէս խփումեմ եւ անց եմ կենում…: Սիրտս կրակ է կտրում, աչքերէս արտասուքը վազում է… Բայց ոչինչ չեմ կարողանում անել… որովհետեւ այստեղ թէ լեզուս եւ թէ ձեռքս՝—երկուսն էլ կապուած են… 

Ալմաստը լսում էր վերջին խօսքերը բոլորովին համակրութեամբ:—Ինձ հետ էլ միշտ մի եւ նոյնն է պատահել, Մեխակ ջան, տիկինն ընդմիջեց նորա խօսքը, թէեւ ես մինչեւ այսօր ձեւացրել եմ ինձ որպէս ճշմարիտ մահմետական, բայց դարձեալ երբ իշխանը կը բարկանար ինձ վերա, իսկոյն կսկսէր խաչին հայհոյել: 

—Այդպէս են վարվում այդ բարբարոսները հայերի հետ։ Պատասխանեց Քէրիմ-բէկը կրկին ախ քաշելով:—Անցեալ օր հայերի թաղովն անցայ, մի քանի պարսիկներ ցերեկով մտել էին մի գինեվաճառ հայի տուն՝ խմելու համար: Այնտեղ միայնակ գտնումեն մի մանկահասակ հարս, որը, պարսիկներին տեսնելով, փախչում է դրացու տունը: Գազանները, տեսնելով մի ութը տարեկան աղջիկ, որ քնած է լինում սենեակումը, անմեղ կուսին անգթութեամբ բռնաբարում են…եւ նա սրտապատառ է լինում ու մեռնումէ: Ես տեսայ նորա անբախտ հօրը, որ դստեր անպատուած դիակը դրել էր մեծ վեզիրի դռանը եւ արդարութիւն էր խնդրում: Պարսիկները անցնում էին, նայումէին անմեղ զոհի վերա եւ ծիծաղումէին… 

—Խե՛ղճ աղջիկ… հառաչեց Ալմաստը եւ նորա աչքերը թաց ելան արտասուքով: 

—Ա՛խ, այնքան շա՜տ է այդ ազգի կրակն իմ սրտի մէջ, յառաջ տարաւ երիտասարդը ցավալի ձայնով, որ հազարաւոր պարսիկների արիւնով դարձեալ չեմ կարող մարել նորան…: Ես դեռ չեմ պատմել քեզ, սիրելի Ալմաստ, թէ ինչպէս գերի արեցին ինձ: Առաւոտեան ժամն էր: Հայրս մի սայլ էր վարձել, ուզումէր մեզ փախցնել Կախէթ: Մին էլ տեսանք պարսիկները թափուեցան մեր տունը: Հայրս նրանց աղաչեց, թէ «ինչ որ ունեմ, չունեմ ձեզ ըլի, տարէք, բայց երեխերքիս ձեռը մի տաք:» Նրանք մեր տունը թալանելուց յետոյ ուզումէին տանել ինձ ու իմ քոյր Նինօին: Դու յիշումե՞ս, Ալմաստ, ի՜նչ սիրուն աղջիկ էր նա: Մայրս մեր երկուսին խտըտել էր իւր գրկում, չէր կամենում բաց թողնել: Հայրս աղաչումէր, պաղատումէր, որ մեզ չը տանեն: Նրանք չէին լսում: Երբ տեսաւ ուրիշ ճար չը կայ, հայրս առավ խէնջարը: «Քանի կենդանի եմ, ասաց նա, երեխերքս ձեզ չեմ տայ:» Դու գիտես, Ալմաստ, հայրս քաջ մարդ էր: Էրէկլէ պարոնը շատ էր սիրում նրան: Նա պարոնի առաջին որսորդն էր: Պարսիկների սուրերը փայլեցին: Հայրս կռվումէր ինչպէս մի առիւծ, որի բունից խլում են ձագերը…: Պարսիկներից երեքն ընկած էին, երբ հայրս տասը տեղից վէրք ստանալով թուլացաւ…: Ա՛խ, ի՜նչ բան է սիրելի հօր եւ մօր սիրտը…: Դու գիտես, Ալմաստ, թէ ո՜րքան փափկասիրտ եւ բարի կին էր իմ մայրը: Բայց այն սարսափելի րոպէին, երբ նորա աչքի առջեւ ընկած էր իւր տղամարդի արիւնով ներկուած դիակը, նորա սիրտը կարծես երկաթի պնդութիւն էր ստացել: Կատաղած առիւծի նման, նա երկար կռվումէր պարսիկների հետ եւ իւր թեւքերի տակից չէր ուզում բաց թողնել իւր զավակները…Մինչեւ խենջարը ցցվեցաւ նորա սրտում, աչքերը փակեց եւ մեզ խլեցին մայրական գրկից… 

Տխրութեան ամպերը կուտակուեցաւ Քէրիմ-բէկի վշտահար դէմքի վերա, արտասուքը խեղդեց նորան եւ ձայնը սկսեց դողալ: Նա ընդհատեց իւր պատմութիւնը: Ալմաստը բոլոր ժամանակը լաց էր լինում: 

Երբ երիտասարդը մի փոքր հանգստացաւ իւր ցավալի վրդովմունքից, շարունակեց՝ — 

—Այդ դեռ բոլորը չէ, սիրելի Ալմաստ, քրոջս վերա կռիւ եղավ, երկու զինւորներից ամեն մինն ուզում էր նորան ինքը վեր առնել: Մինը, որ աստիճանով ավելի մեծ էր, գործ դրեց իւր բռնութիւնը եւ խլեց միւսի ձեռքից: Բայց այդ վերջինը կատաղած գազանի նման քաշեց սուրը եւ խրեց քրոջս կողքը…«Թո՜ղ մեռնի՛ այդ գեղեցիկ աղջիկը, ոչ իմր լինի եւ ոչ քոնը…»ասաց նա դիՒական հրճուանքով: 

—Եւ նա մեռա՞ւ…կոչեց Ալմաստը սոսկալով: 

—Մեռա՛ւ… սիրելի Ալմաստ: 

—Խե՛ղճ Նինօ, ես կարծում էի թէ նա Թիֆլիսումն է մնացել: Բայց ի՞նչպես ընկար դու Սէր-Ասքէրի ձեռքը, հարցրուց Ալմաստը արտասուքը սրբելով: 

—Երբ ղօշունը Թիֆլիսից դուրս եկավ, բաժանուեցավ զանազան գունդերի: Ես գերի էի մի ծեր զինուորի, որ գտնվումէր Սէր-Ասքէրի մօտ մնացած զօրախումբի մէջ: Դու չը գիտես, Ալմաստ ջան, թէ ի՜նչ մարդկերից կազմուած էր Աղայ-Մամադ-խանի ղօշունի մեծ մասը: Պարսկաստանի ամեն կողմերից բախտախնդիր աւազակներ հաւաքուել էին նորա մօտ: Առանց ռօճիկի եւ առանց թօշակի նոքա հոյս էին գրել միայն կողոպուտների վերա: Ճանապարհին նոքա ուտելու հաց անգամ չունէին, յարձակվումէին հանդիպած հայաբնակ գիւղերի վերա եւ ինչ որ գտանումէին, բոլորը թալանումէին: Այդպէս նոքա մտան Պարսկաստան: Այնուհետեւ, Աղայ-Մամատ-խանը հրամայեց, որ պարսից գյուղորայքին չը դիպչեն: Բայց մինչեւ Թէհրան հասնելը դեռ երկար ճանապարհ կար: Զինւորները սկսեցին վաճառել իիրեանց կողոպուտը եւ գերիները: Մի հատ ոչխարն աւելի բարձր գին ունէր, քան թէ մի վրացի կամ հայի աղջիկը: Նոքա ծախում էին պարսիկներին, այնպէս որ, մինչեւ Թէհրան հասնելը գերիների կէսը չը մնաց: Իմ գերեվար զինւորը սպառեց իւր իրեղենները, միակ վաճառքի ապրանքը մնացել էի ես: Բայց նա չէր ուզում ինձանից զրկուիլ, զավակ չուներ: «Քեզ կը թուրքացնեմ, ինձ որդի կը շինեմ, ասումէր նա:» Մի օր նա գնաց Սէր-Ասքէրի մօտ, «ուտելու հաց չունեմ, ասաց, աւանակս, մինչեւ անգամ հրացանս ծախեցի, մընումէ գերիս:» Սէր-Ասքէրի աչքին դիւր եկայ ես, նա տուեց զինվորին տասը կրան2 եւ գնեց ինձ:

—Տասը կրա՛ն…կրկնեց Ալմաստը եւ նորա տխուր աչքերը շողացին աղոտափայլ լուսով:

Ծանոթագրություններ

  1. Ջըհաթ նշանակումէ ընդհանրական զինւորութիւն։ Կրօնական պարտաւորութիւն է մուսուլմաններին Ջըհաթ կազմել, երբ վտանք կայ կրօնքի կամ պետութեան դէմ։
  2. Տասը կրանն է մօտաւորապէս երեք րուբլի։