Չորրորդ Հայքի Գրադարան . ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ . Չորրորդ Հայքի Գրադարան . ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ . Չորրորդ Հայքի Գրադարան . ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ . Չորրորդ Հայքի Գրադարան . ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ . Չորրորդ Հայքի Գրադար

Հարեմ

ԱՌԱՋԻՆ ՄԱՍՆ

ԳԼՈՒԽ ԺԸ

Հեղինակ՝ Րաֆֆի (1874)

Արեւը վաղուց մտել էր: Դեռ Ալմաստը եւ Քէրիմ-բէկը, մտաբերելով իւրեանց տխուր անցեալը, խօսումէին: Մութը սենեակի մէջ բաւականին թանձրացել էր, երբ Սալօմէն, աւարտելով իւր բժշկական գործողութիւնն ամուսնի ընկերի մօտ, ճրագը ձեռին ներս մտաւ: 

—Ա՛խ, աչքերս քօռանայ, ես ձեզ բոլորովին խաւարի մէջ եմ թողել, կոչեց նա ափսոսելով:

—Մութի մէջ նստելն աւելի լաւ էր, խօսեց Քէրիմ-բէկը, մենք չէինք ուզում տեսնել մէկմէկու արտասուքը…

—Դուք լա՞ց էիք լինում…: Ա՛խ Ալմաստ, քանի անգամ քեզ ասել եմ` հերի՜ք խօսես անցած բաների վերա: 

—Ալմաստը չէր խօսում, ես էի խօսում…պատասխանեց Քէրիմ-բէկը: 

—Անցածն անցել է, Մեխակ ջան, յառաջ տարաւ Սալօմէն, հիմայ փառք տուէք Աստծուն, որ դու եւ Ալմաստը կրկին մէկ մէկու հանդիպեցաք: Մտածեցէք Թիֆլիսի վերա, որ մէկէլ նորան տեսնէք, մէկէլ մեր Քուռի ջուրը խմէք: 

—Մենք արդէն վճռեցինք այդ: 

—Ա՛խ, ի՛նչ լաւ կը լիներ ինձ էլ ձեզ հետ տանէիք: 

—Դու կը թողնե՞ս քո ամուսինը: 

—Չեմ թողնի, Մեխակ ջան, ես նորան շատ եմ սիրում: 

—Դու Թիֆլիսն էլ շատ ես սիրում: 

—Սիրումեմ…Իսկի մտքիցս չէ գնում: 

—Մարդդ էլ կը տանենք, այնտեղ վանքումը կը մկրտենք, նա քեզ չը կարողացաւ մահմետական շինել, մենք նորան քրիստոնեայ կանենք: Մարդդ իմ խօսքիցը չի դուրս գալ: 

—Ի՛նչ լաւ կը լինի: էրնէ՛կ էն աւուրը…: Երեխես էլ մկրտել կը տամ: 

Քանի ժամից յետ լսելի եղաւ դռան թխկոցը: 

—Ով գիտէ նա է: Եկաւ։ Ասաց Սալոմէն եւ դուրս վազեց: 

Եվ իրաւ, նոյն միջոցին բակի դռնից ներս մտաւ մի հսկայաձեւ տղամարդ, փաթաթուած մէշէդեան լայն վերարկուի մէջ: Նորա մոյգ-դեղնագոյն դէմքը ստանում էր աւելի ահեղ արտահայտութիւն աջ թշի վերա խոր ընկած սպիով, որ ձգվումէր յօնքի ծայրից մինչեւ ծնոտքի վերջը: 

Ղաֆար-բէկը — այդպես էր Սալօմեի ամուսնու անունը — իւր երկրի սովորութիւններին յարմար չուզեց Քէրիմ-բէկի մօտ մտնել, երբ Սալօմէից իմացաւ, թէ այնտեղ կար օտար կին: Նա ըշտապեց դէպի այն սենյակը, ուր պառկած էր իւր հիւանդ ընկերը: 

—Դու նամահրամ1 չես, լուսամուտից ձայն տըվեց նորան Քէրիմ-բէկը, ինձ մօտ գտնվող տիկինը Սալօմէի քոյրացուն է:

—Այս րոպէիս ձեր սպասումը կլինեմ, պատասխանեց աւազակապետը եւ մտաւ մի այլ սենեակ: 

Կինը գնաց նորա հետ: Նա ձգեց վերարկուն եւ երեւեցավ զինվորուած ատրճանակներով, լայնաբերան կարաբինայով եւ ահագին խենջարով: Սալօմէն սկսեց արձակել նորա զէնքերը: 

—Էլի արի՛ւն…կոչեց կինը սարսափելով:

—Սուս կա՜ց, կապի՜ր թեւքս, ասաց ամուսինը:

—Էլի կռուել ես դու: 

—Դու չե՞ս լռի:

Սալոմէն դողումէր ամբողջ մարմնով, տեսնելով, որ ամուսնի հագուստը բոլորը թաթախուած է արիւնով:

—Էդ ո՞ր տեղ էլավ, հարցրուց նա անհամբերութեամբ: 

—Ամեն բա՞ն պէտք է գիտենաս:

—Ախա՜ր ի՞նչու չես ասում: 

—Գլուխս մի՜ տար, կապի՜ր թեւքս: Սալօմէն փաթաթեց վերքը, եւ աւազակապետը, հագուստը փոխելով, հանգիստ եւ զուարթ դէմքով գնաց հիւրերի մօտ: Նորան անծանոթ չէին ո՜չ Քէրիմ-բէկը եւ ո՜չ Զէյնաբ-խանումը: Երկուքի պատմութիւնը եւս նորան յայտնի էր: Նա՝ իւր հիւրերի հետ բարեւելու սովորական ծեսը կատարելէն յետոյ՝ նստեց Քէրիմ-բէկի մօտ: Սալօմէն մատուց նորան ծխել ղէյլան, տեսնելով ամուսինը վրդոված է: 

Ղաֆար-բէկն այն քաջ տղամարդերից մինն էր, որոնք նշանաւոր են իւրեանց յանդուգն, աներկիւղ եւ վեհ բնաւորութեամբ: Նա ծառայումէր Սէր-Ասքէրի մօտ որպէս նորա թիկնապահ զինուոր: Զանազան արշաւանքներում նա ցոյց տուեց իւր արիութիւնը, որով ոչ միայն գրավեց զորապետի շնորհը, այլեւ Քէրիմ-բէկի բարեկամութիւնը: Թէհրանում միանգամ նա առեւանգեց մի իշխանի կին, որոյ հետ ուներ գաղտնի յարաբերութիւններ: Իշխանուհին քոյր լինելով նշանաւոր պաշտօնակալի, Ղաֆար-բէկը դատապարտուեցաւ գլխատման: Այն ժամանակ Քէրիմ-բէկը Սէր-Ասքէրի միջնորդութեամբ գործ դըրեց ո՜չ միայն իւր ջանքը, այլ եւ իւր արծաթը նորան ազատելու: Աւազակապետն այն օրից իւր կեանքը պարտական է համարում Քէրիմ-բէկին, որպէս իւր փրկչին: 

—Ի՞նչպես նասիբը2 հասնումէ իւր նշանակ-ութեանը, խօսեց աւազակապետը, ակնարկելով երկու վաղուցուայ սիրողներին` Ալմաստի եւ Մեխակի վերա:

—Ճակատագիրը ջնջել ոչ ոք կարող չէ, պատասխանեց Քէրիմ-բէկը:

—Քէրիմ-բէկը եւ Զէյնաբ-խանումը ուզումեն Թիֆլիս գնալ, մեջ մտաւ Սալօմէն ծիծաղելով, ինձ էլ պիտի իւրեանց հետ տանեն: Դու էլ կը գաս, այդպէս չէ՞, Ղաֆար: 

—Անպատճառ։ Պատասխանեց նա ծանր կերպով: 

—Դու հանա՞ք ես անում, հարցրուց Քէրիմ-բէկը: 

—Հանաք չէ՜: Ես պէտք է Թէհրանից հեռանամ… 

Սալոմեն բոլորովին շփոթուեցաւ ուրախութիւնից: 

—Ի՞նչ կայ, հարցրուց Քէրիմ-բէկը, նկատելով աւազակապետի անհանգիստ դէմքը:

—Լօթիների (սրիկաների) ծախսի փողը հատել էր, էս գիշեր Մաշադի-Սամադ սեղանաւորի սնդուկներին մի փառավոր այցելութիւն արեցինք…

—Ի՞նչ պատահեցաւ, անհամբերութեամբ հարցրուց Սալօմէն: 

—Ոչինչ: Մենք վեր առանք սեղանաւորի թթուած ոսկիներիդ որքան մեզ պէտք էր: Միայն ընկերոջիցս մինը բռնուեցաւ: 

—Բռնուեցա ՛ւ…զարհուրելով կոչեց Սալօմէն:

— Նա քեզ կը մատնէ: 

—Նա չի մատնի, եթէ կտոր կտոր եւս անեն: Բայց ինձ ճանաչեցին:

—Վա՛յ իմ գլխին… հառաչեց Սալօմէն եւ քիչ էր մնում, որ ուշքից գնայ: 

—Հանգստացի՜ր, կին, ձայն տուեց աւազակապետը բոլորովին սառնութեամբ:

—Բայց իմ յիմար ընկերները վատ վարուեցան, դարձաւ նա դէպի Քէրիմ-բէկը, ծառաներից ոչ մինը կենդանի չը մնաց եւ սեղանաւորին առաւօտեան գուցէ կը թաղեն: 

—Այդ վատ է…պատասխանեց Քէրիմ-բէկը, Մաշադի-Սամադը բարձրագոյն դռան սեղանաւորն է, էգուց շահը Թէհրանի բոլոր ծակումուտները խուզարկութիւն անել կը տայ: Բայց ո՞վ ճանաչեց քեզ: 

—Կինը քնարանից ծածուկ դուրս էր պրծել եւ դէպի փողոցը ձայն էր ձգել. գիշերապահ զինւորները վերա հասան, նոքա ճանաչեցին ինձ կռվի մէջ: 

Ալմաստը բոլոր մարմնով դողում էր: Սալօմէն դարձեալ չէր դադարում ախուվախ քաշելուց: Բայց ամուսինը մի կողմնակի հայեացք ձգեց նորա վերա եւ կինը լռեց: 

—Եթէ սեղանաւորը լիներ մի այլ մարդ հեշտ էր բանն ուղղել, յառաջ տարաւ ավազակապետը, նորա ոսկիներից մի մասը կը նուիրէինք մեծ վէզիրին, նա գործը կը ծածկեր: Բայց այժմ անհնարին է…։ 

—Այդ ճշմարիտ է, պատասխանեց Քէրիմ-բէկը: Բայց ի՞նչ պէտք է անել: 

—Ուրիշ հնար չըկայ, պետք է հեռանալ Թէհրանից: Այս րոպէիս կարող են պաշարել մեզ: 

Վերջին խօսքը Քէրիմ-բէկին նոյնպէս քցեց խռովութեան մէջ: 

—Ե՞րբ հեռանալ, հարցրուց նա վրդոված ձայնով: 

—Այս րոպէիս, ուշանալ պէտք չէ, պատասխանեց աւազակապետը նստած տեղից վեր կենալով: 

—Գնա՛նք…խօսեց Ալմաստը, որ բոլոր ժամանակ լսումէր: 

—Փախչե՛նք…յարեց Սալօմէն:

—Այդպէս անպատրաստ, ասաց Քէրիմ-բէկը շվարուած կերպով: 

—Ոչինչ պատրաստութիւն հարկավոր չէ, Քէրիմ-բէկ, պատասխանեց աւազակապետը, ինչ որ ուզում ես` իմ տանը կայ: Քաղաքի պարսպից դուրս մէկ մղոն հեռու սպասումեն իմ ընկերները, նոքա ունեն իւրեանց հետ աւելորդ ձիաներ, դու եւ քո ընկերուհին կարող էք նստել: 

—Տանդ իրեոենները պիտի թողնե՞ս, մէջ մտաւ Սալօմէն:

—Ինձ պէտք է միայն մեկ բան վեր առնել, այն է այստեղ պառկած ընկերս:

—Բաս երեխա՛ս…կոչեց արտասուելով Սալօմէն:

—Այդ քո գործն է: Թող նա էլ գայ մեզ հետ եւ սովորի հօր արհեստը:

—Ապա Մարջա՜նը…եւ Սայիդը՜…մէջ մտաւ Ալմաստը: Նրանց կը մորթեն մեր գնալուց յետոյ: 

—Նրանք ո՞վ են, հարցրուց աւազակապետը:

—Զեյնաբ-խանումի սպասաւորը եւ սպասուհին, պատասխանեց Քէրիմ-բէկը:

—Նրանք էլ կարող են մեզ հետ լինել:

—Ի՞նչպէս դուրս բերել նրանց ամրոցէն: 

—Այդ ճանապարհին կը խոսենք։ Պատասխանեց աւազակապետն շտապելով:

—Սալօմէ, դարձավ նա դէպի կինը, դու առժամանակ պէտք է այդ բարակ լաթերէդ զրկուիս, գնա՜, փոխի՜ր հագուստդ, ծպտվիր որպէս աւազակ, եթէ ուզում ես մեր խմբի մեջ մտնել: 

—Կարծեմ, մի եւ նոյնը կը յոժարուի անել եւ Զէյնաբ-խանումը, ասաց Քէրիմ-բէկը, նայելով իւր սիրուհու երեսին հարցական հայացքով: 

—Ո՞րտեղից գտնել հագուստ, հարցրուց Ալմաստը:

—Այդ սենեակի տակում դուք կը գտանեք մի ամբողջ հանդերձատուն,  պատասխանեց աւազակապետը:

—Սալոմէ, տա՛ր տիկինը այնտեղ: 

Սալօմէն ճրագը վառեց, տարաւ Զեյնաբ-խանումին մի այլ սենեակ, այնտեղ բարձրացրուց հյտակի վերա սփռած գորգը: Երեւան եղաւ մի տախտակամած, Սալօմէն ձեռքը մեկնեց նշմարուող դռնակին, տախտակամածը բարձրացաւ: Նոցա առջեւ բաց եղավ մի փոս ստորերկրեայ սանդուղտներով: Սալօմէն նախ իջավ ցած եւ ճրագով լուսաւորումէր մուտքը: Քանի րոպէից յետոյ նոքա յայտնուեցան ստորերկրեայ սենեակում: Բորբոսահոտ խոնաւութիւնն իսկոյն զարկեց նոցա քթին: Այնտեղ թափուած էին ժանգոտած զանազան մետալեղէն տնային կարասիք: Այնտեղ խառնիխուռն միմեանց վերա դիզուած էին զանազան կանացի եւ այրացի թանգագին հագուստներ: Այնտեղ կային զենքերի ամեն տեսակները: Այնտեղ դրած էին թօփերով պէսպէս աբրեշումեղէն, բրթեղէն եւ բամբակեղէն ապրանք: Մի խօսքով ամեն բան կարելի էր գտնել այնտեղ: 

—Այդ ի՞նչ է…զարմանալով հարցրուց Ալմաստը:

—Ամուսնիս հարստութիւնը, պատասխանեց Սալօմէն ծիծաղելով: 

—Ով գիտէ, բոլորր գողացել է: 

—Չէ՜, փող է տուել…հեգնորէն պատասխանեց Սալօմէն: 

Երկու տիկինները փոխեցին իւրեանց հագուստը, զինվորուեցան ատրճանակներով եւ խէնջարներով եւ այնպէս ծպտեալ կերպով դուրս եկան, ամեն մինը ձգած ունելով իւր բազուկի վերա մի վերարկու: 

—Հիմայ ձեզ չէ կարելի որոշել նորահաս սրիկայներից։ Ասաց աւազակապետը, հետաքրքիր աչքերով չափելով երկու տիկինները, որոնք նոյն հագուստով աւելի գեղեցիկ էին: 

—Հիմայ դրանց հետ կարելի է ամեն տեղ գնալ, աւելացրուց Քէրիմ-բէկը:

—Ուրեմն դէպի ճանապարհ, պատասխանեցին տիկինները, որոնք կարծես մի նոր քաջազնական հոգի էին ստացել:

Սալօմէն մօտեցավ իւր երեխայի օրօրոցին, առեց քնած երեխան, փաթաթեց նորան շալով ծածկուեցաւ իւր վերարկուի մէջ եւ նորա տակով, սեղմեց երեխան իւր կուրծքին: 

—Դուք ձեր տան իրեղենները բոլորը թողնումէք, դարձաւ Քէրիմ-բէկը դէպի աւազակապետը:

—Բոլորը։ Պատասխանեց նա:

—Կավկազում պատերազմ կայ, Քէրիմ-բեկ, Ռուսները կռվումեն պարսիկների հետ, այնտեղ իմ մանգաղին առատ հունձք է սպասում…: 

—«Գայլը միշտ թըղպած օրն է սիրում…:» 

—«Իսկ գողը—մթին գիշերներ…» պատասխանեց աւազակապետը: նոքա դուրս գնացին: 

Նոքա արդէն դռանն էին, երբ աւազակապետը դարձավ դէպի տնակը. մի րոպէում սատանայի պէս անցաւ բոլոր սենեակները, յետոյ մտաւ հիվանդի մօտ, կրեց նորան ուիսի վերա եւ հանեց դուրս: 

—Բարեկամ, ասաց նա վիրաւորին, քեզ ստիպուած եմ տեղափոխել մի այլ տուն:

—Ո՞րտեղ, հարցրուց վիրաւորը թոյլ ձայնով:

—Քո սիրուհու Ջահրայի տունը, նա կը խնամէ քեզ:

—Իսկ դո՞ւ: 

—Ես առժամանակ քեզանից բաժանվելու եմ…

Աւազակապետի տունը գտնուելով քաղաքի պարըսպի մօտ, խրամատի վերա, նոքա իսկոյն իջան փոսը եւ անցան միւս կողմը:

Քառորդ ժամ չէր անցել, երբ Սալօմէն յետ նայեց դէպի քաղաքը, տեսաւ ահագին հրդեհ: 

—Էդ ի՜նչ կրակ է, Աստուած, կոչեց նա սարսափելով:

—Մեր տնակը, պատասխանեց աւազակապետը:

—Ի՞նչ արիր…։

—Այրեցի…

Ծանոթագրություններ

  1. Նամահրամ, այն տղամարդիկը, որոնց կրօնքով արգելուած է օտար կանաց երեսը տեսնել։
  2. Նասիբ նախասահմանեալ հասոյթ, որ նախախնանութիւնը տնօրինումէ մարդու համար։