ԱՌԱՋԻՆ ՄԱՍՆ
ԳԼՈՒԽ ԺԹ
Հեղինակ՝ Րաֆֆի (1874)
Գիշերի կէսն էր: Լուսնի եղջիւրն անհետացաւ լեռան յետքում, եւ մութը պատեց բոլոր առարկաները: Աւազակապետն իւր նոր ընկերների հետ անցան լայնատարած գերեզմանատնից եւ հասան մի մատուռի, որ կանգնած էր դամբարանների մօտ:
—Քէրիմ-բէկ, այդ մատուռի մէջ մի փոքր սպասեցէք, մինչեւ ես իմ բեռից կը թեթեւանամ:
Այդ ասելով, աւազակապետը, ուսին կրած ընկերը հետը տանելով, աներեւութացաւ խաւարի մէջ: Քէրիմ-բեկն երկու տիկինների հետ թաքնուեցան մատուռի մէջ:
—Հիմայ մենք բախտաւոր ենք, ասաց Ալմաստն ուրախ ձայնով, գրկելով Մեխակի պարանոցը:
Քէրխմ-բէկը պատասխանեց այդ խօսքերին մի տաք համբուրով:
—Երանի՜ այն օրին, երբ այդպէս կը գրկէինք միմեանց Թիֆլիսումը…ասաց նա:
—Ես սպասումէի մի այլ խօսքի…պատասխանեց տիկինը խորհրդական ձայնով:
—Երբ ես ամուսին, իսկ դու իմ կինը կը լինէիր, աւելացրուց երիտասարդը:
Ալմաստը գլուխը դրեց իւր սիրեկանի գրկումը, կարծես, գիշերային խաւարի մէջ նա աշխատումէր թաքցնել իւր վառուած դէմքը:
Սալօմէն ընդհատեց այդ սրբազան լռութիւնը՝— Եւ Ղաֆարը կը լինէր ձեր խաչեղբայրը պսակի ժամանակ:
—Իսկ դո՞ ւ, հարցրուց Ալմաստը:
—Ես էլ ձեզ համար ղէյլան կը պատրաստէի, Թէհրանի բամբասանքներր կանէի:
—Դու աղջիկ ժամանակդ էլ մեզ օգնումէիր, Սալօմէ:
—Մի՞տդ է, Ալմաստ, մի օր Մեխակը խուրմայ էր ուղարկել քեզ, ես բերեցի, թաքուն քեզ տուի:
—Այն, որ կէսը ճանապարհին գողացել էիր, ասաց Ալմաստը ծիծաղելով:
—Հա՜, լաւ միտս եկաւ, դու էլ ծեծեցիր ինձ դորայ համար:
Սոյն միջոցին Սալօմէի երեխան ծըւաց:
—Խե՛ղճ երեխայ, նա չէ իմանում ուր են տանում իրան, թէ չէ, նա էլ մեզ պէս կուրախանար…
Մինչ դոքա մատուռի մէջ իւրեանց ազատութիւնով եւ ապագայ յոյսերով ուրախանումէին, աւազակապետը հասաւ քաղաքից փոքր ինչ հեռու արվարձանին: Այնտեղ կանգնեց նա մի տան առջեւ, որ ուներ փոքրիկ պարտէզ, դռան մուրճը զարկեց, շների հաչելու ձայնից զարթեցավ մի դեռահաս աղջիկ, որ միայնակ քնած էր իւր սենեակում: Չըսպասելով մինչեւ դռան բացուիլը, աւազակապետը ցատկեց պարտէզի շրջապարսպից եւ իւր բեռը իջուց միւս կողմը: Նոյն րոպէին փոքրիկ սենեակի շէմքի վերա երեւան եղավ դեռահաս աղջիկը ճրագը ձեռին, գիշերուայ հագուստով:
—Ո՞վ ես, հարցրուց նա վրդոված ձայնով, որովհետեւ ճրագի լոյսն արգելումէր տեսնել խաւարի մէջ եկւորին:
—Ես եմ, պատասխանեց աւազակապետը:
Այդ ձայնը ծանօթ էր օրիորդին, նա իսկոյն լուսաւորեց իւր կացարանի մուտքը եւ ներս հրաւիրեց ավազակապետին:
—Ռուստամից մի խաբա՞ր…եղավ օրիորդի առաջին խօսքը:
—Ահա՛, բերել եմ նորան…Ասաց աւազակապետը եւ իւր շալակած բեռը դրեց օրիորդի քնաշորերի վերա: —Ա՜ռ, մեկնեց նա դէպի օրիորդը մի քսակ եւ խնամք տա՜ր այն տղամարդին, որին սիրում ես:
Օրիորդը, փոխանակ առնելու քսակը, տեսնելով վիրաւոր երիտասարդի արիւնաքամ եղած եւ դալկացած դէմքը, արձակեց մի ցաւալի հառաչանք եւ գըրկեց նորան:
Աւազակապետը դրեց նորա մօտ արծաթի քսակը եւ ըշտապելով դուրս գնաց, այդպիսի խօսքերով՝ —
—Ջահրա՜, խնամք տար Ռուստամին, դա քո սիրելին է եւ իմ քաշ ընկերներիցս մինը: Մնացեք բարեաւ, գուցէ այլեւս չը տեսնուենք:
Դուրս գալով գեղեցիկ օրիորդի սենեակէն, աւազակապետը քառորդ ժամի մէջ հասաւ մատուռին:
—Գնանք, ասաց Քէրիմ-բէկին:
Գիշերային փախստականները կրկին ճանապարհ ընկան: Կէս մղոն անցել էին, երբ հասան մի հին ամրոցի աւերակներին: Աւազակապետը չը վացրուց, հեռուից պատասխանեցին մի եւ նոյն ձայնով:
—Այստեղ են…ասաց նա եւ յառաջ գնաց:
Մի ստորերկրեայ, գետնափոր խորանի ծակից, որ պատած էր բաղերով եւ մացառներով, աղոտափայլ լոյսը նեղ ժապաւէններով դուրս էր շողացել գիշերային խաւարի մէջ: Աւազակապետը մօտեցաւ ծակին եւ խորհրդաւոր նշանախօսութեամբ ձայն արձակեց եւ իսկոյն դուրս սողացին երեք գլուխներ:
—Ո՞ւր է Հաշիմը, հարցրուց աւազակապետը:
—Այնտեղ ձորի մէջ ձիաներն է արածացնում, պատասխանեց մինը:
—Նա թո՜ղ մնայ այնտեղ, յառաջ տարաւ աւազակապետը, իսկ դուք, Ալի, Սամադ, Ասաղ, այդ երկու հոգին, ցոյց տուեց նա Ալմաստի եւ Սալօմէի վերա—կը պահէք ձեզ մօտ: Ճանաչումէ՞ք ովքեր են, մինն իմ կինն է, իսկ միւսը նորա քոյրը:
—Մեր աչքի լոյսի պէս կը պահենք, պատասխանեցին աւազակները:
—Ես կը դառնամ մէկ ժամից յետոյ, իսկ եթէ ուշացայ, դուք, այդ երկու հոգին ձեզ հետ առնելով, կանցնեք N…ի ձորը, այնտեղ կսպասէք ինձ:
—Դու ո՞ւր ես գնում, հարց արին նորանից:
—Այդ պարոնի հետ պիտի դառնամ քաղաքը, ցոյց տուեց նա Քէրիմ-բէկի վերա:
—Մեզանից ո՜չ մինը քեզ հարկաւոր չի՞ լինի:
—Դա բաւական է:
Երբ աւազակապետը եւ Քէրիմ-բէկը կամենումէին հեռանալ, Ալմաստը մօտեցավ եւ ասաց նորան՝—
—Չուշանաս, Մեխակ ջան, ինձ մենակ չը թողնես. Մարջանին եւ Սայիդին բեր հետդ:
—Նրանց համար ենք գնում, պատասխանեց Քէրիմ-բեկը, շուտով կը դառնանք: