Չորրորդ Հայքի Գրադարան . ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ . Չորրորդ Հայքի Գրադարան . ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ . Չորրորդ Հայքի Գրադարան . ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ . Չորրորդ Հայքի Գրադարան . ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ . Չորրորդ Հայքի Գրադար

Հարեմ

ԱՌԱՋԻՆ ՄԱՍՆ

ԳԼՈՒԽ Ժ

Հեղինակ՝ Րաֆֆի (1874)

Արեգակը բաւականին բարձրացել էր հորիզօնի վերա: Վաղորդեան զեփիւռը փչում էր ջերմ—կուսական շնչով եւ ծառերի տերեւները թրթռում էին, գըրկախառնվումէին եւ պաչպչվումէին միմեանց հետ: 

Մարջանը միայնակ դուրս եկաւ իւր սենեակից, մօտեցավ ջրի ավազանին եւ լուացվումէր: Նոյն ժամուն ծերունի Հէյդարը կատուի նման պտտում էր հարեմխանայի ամեն ծակումուտքը: Նա անցաւ խափշիկի մօտից: 

—Ի՞նչպէս է քո խանումի քէփը, հարցրուց Մարջանից: 

—Հիմայ մի քիչ լաւ է: Երեւումէ, դեւերը հեռանալու վրա են: 

—Հրամայումէ՞ արդեոք խանումը բաղնիքի պատրաստութիւն տեսնել, այսօր ջումայ է: 

—Ո՛չ բարի Հէյդար, իմ խանումը չէ կարող իւր սենեակից դուրս գալ: 

—Ինչո՞ւ, հարցրուց ներքինապետը, աչքերը լայն բացելով: 

—Կախարդը հրամայեց նորան քառասուն օր չիլայ1 մտնել:

—Ղ՞որդ: 

—Այո՛, քառասուն օր նա փակուած կը մնայ իւր սենեակում եւ արեւի երեսը չի տեսնի: Ադամորդու հետ պիտի չը խոսի եւ ոչ ոքին իւր մոտ չընդունի: 

—Այդ շատ ծանր բան է, ասաց ներքինապետը զարմանալով:—Այդ կատարեալ ճգնութիւն է:

—Այդ քառասուն օրումը, յառաջ տարավ խափշիկը, իմ խանումն եօթն անգամ ղօրանը պէտք է ծայրէ ի ծայր կարդայ եւ ամեն օր եօթն անգամ նամազ պէտք է անի եւ միայն աղուհաց պիտի ուտի: 

—Կախարդը դարձեալ կը գա՞յ:

—Շաբաթը մի անգամ: Նա դեռ այստեղ է: 

—Թո՜ղ Աստուած ողորմութիւն անի Զեյնաբ-խանումին ի սէր մեծ մարգարէին,  բարեմաղթեց ներքինեպետը եւ մտաւ մի այլ բակ: 

Մարջանը դարձավ իւր տիկնոջ սենեակը, գտավ նորան բոլորովին չը հանուած պառկել էր իւր մահճի վերա: Նա սովորական ողջոյնը տալուց յետոյ, հարցրուց՝ 

—Իմ տիկինը երեւի ամենեւին չը քնեց: 

—Ոչ «նորա» գնալուց յետոյ քունս չը տարավ: 

—Ի՞նչի: Իմ տիկնոջ սրտիկը կարծեմ այժմ գո՞հ է: 

—«Չափազանց ուրախութիւնը նոյնպէս անհանգիստ է անում մարդուն, որպես տրտմութիւնը:» Գիտե՞ս այդ առածը: 

—Այդ իրաւ է։ Պատասխանեց խափշիկը եւ պատմեց բոլորն, ինչ որ խոսացել էր քանի րոպէ առաջ ներքինապետի հետ չիլայի մասին:

Տիկնոջ գիշերուայ անքնութիւնից նուաղած աչքերը կրկին զվարթացան նոր յույսերով:

—Սատանան ինքը չէր կարող մտածել այդ, Մարջան, դու կատարեալ մարգարէուհի ես: 

Աղախնին այդ փաղաքշող խոսքերը խիստ ուրախութիւն պատճառեցին: Իսկ տիկինը փոխեց իւր խօսքը հարցնելով՝ 

—Քէրիմ-բէկը քեզ ցոյց տուեց մի տուն, այնպէս չէ՞, Մարջան: 

—Հրամեր եք, Սալօմեի տունը:

—Դու լաւ յիշումե՞ս այն տունը:

—Աչքերս խփած կարող եմ գտնել: 

—Շատ լաւ։—Յառաջ տարաւ Զեյնաբ-խանումը: —Ինձ կարո՞ղ ես այսօր այնտեղ տանել, որ ամրոցում ոչ ոք չը հասկանայ: 

Խափշիկը փոքր ինչ մտածելուց յետոյ պատասխանեց՝ 

—Կարող եմ:

—Ի՞նչպէս: 

—Շատ հեշտ կերպով: Ամրոցում ոչ ոք չը գիտէ, թէ կախարդը հեռացել է: Ես առավօտեան ներքինապետին ասեցի, թէ դեռ այստեղ է: Դուք կը հագնէք կախարդի շորերը եւ այնպէս դուրս կերթանք: 

—Մի՞թէ նա շորերը այստեղ թողեց: 

—Եվ հարկավորութիւն չը կար «նորան» կախարդի շորերը հագնելու: «Նա» գնաց լուսաբացից կես ժամ առաջ: Ամենքը քնած էին: Ես «նորան» դուրս տարայ հարեմխանայի յետքի դռնով բաղնիքների բակը. դռնապանը մեռելի նման ընկած էր. ինքս դուռը բաց արի, «նա» հեռացավ: Դորանից յետոյ «կախարդի» դերը կը կատարեք դուք: 

—Որպէ՞ս:

—Երեւակայալ Զեյնաբ-խանումը, չիլայ մտած` մինչեւ քառասուն օր փակուած կը մնայ իւր սենեակումն, իսկ տիկինն որպէս կախարդ գնալ եւ գալ կունենայ նորա մօտ: 

—Հասկանումեմ…Մարջան, այդ գեղեցիկ միտք է: 

— Եթէ իմ տիկինը հավան է այդ մտքին, կրկնեց Մարջանը, կարող ենք կատարել իսկոյն: 

—Իսկ դու, Մարջան, կարծումես կասկածելու այստեղ ո՞չինչ չը կայ, հարցրուց Զեյնաբ-խանումը երկբայութեամբ: 

—Ամենեւին: Իշխանը մի շաբաթով՝ որսի է գնացած, կարելի է ավելի տեւէ: Հարեմներից ամեն մինը ձեզ նման մի «սրտացաւ» ունի…նոքա իւրեանց զվարճութիւնների ետեւիցն են ընկած: Իսկ ներքինապետն անդադար աղօթք է կարդում, որովհետեւ վախենում է ամրոցում գոյացած դեւերն իւրեան չը խեղդեն: 

Զէյնաբ-խանումը բոլորովին համոզուեցավ խափշիկի խօսքերից: Նա հարցրուց՝—Ես կարող եմ մի քանի օր մնալ Սալօմեի տանը: Այդպէս չէ՞, Մարջան: 

—Իմ տիկինը մինչեւ քառասուն օր ազատ է:

—Ուրեմն դու կարգադրէ Սայիդի հետ, որ նա հարկաւոր զգուշութիւնները գործի դնէ մինչեւ քո վերադառնալը: 

—Բայց պէտք է առաջ հագցնել ձեզ: 

—Այդ ուղիղ է: 

Աղախինը սկսաւ կախարդի հագուստով զգեստաւորել իւր տիկնոջը: Քանի րոպէից յետոյ Զէյնաբ-խանումը նայեց իւր վերա եւ ասաց՝— 

—Բաղդադի կախարդներն երբէք չեն ունեցել մի այդպիսի կերպարանք…

—Եւ ոչ Սուլէյմանն իւր բոլոր զորութեամբ…կցեց խափշիկը: 

Մարջանը դուրս գնաց նախասենդակը Սայիդին հարկաւորուած պատուերները տալու: Նախ եւ յառաջ համառոտ կերպով պատմեց իւր առաւօտեան խօսակցությունը ներքինապետի հետ: Յետոյ յայտնեց իւր նոր կարգադրութիւնը Զեյնաբ-խանումի մասին: 

—Հիմա ականջ դի՛ր, Սայիդ: 

—Սայիդի ականջները քո խոնարհ ծառաներն են, պատասխանեց եթովպացին: 

—Այդ նախասենյակումը կանգնած կը մնաս որպէս քարէ արձան: 

—Կանգնեցայ, պատասխանեց Սայիդը եւ ձգուեց փայտի պէս: 

—Թո՛ղ հանաքը: Լսի՛ր, ոչ ոքին չես թողնի խանումիդ սենեակը մտնի: 

—Ճանճն էլ չի համարձակվի մտնել: 

—Շատ լաւ: Ես այս րոպէիս տանում եմ «կախարդին» ճանապարհ դնելու: Մի՛ մոռացիր, որ նրա չարսավի տակ ծածկուած է մեր տիրուհին: 

—Հասկանում եմ…։ Յետո՞յ: 

—Ես կը վերադառնամ կէս ժամից յետոյ: 

—Այդ գեղեցիկ բան է: Կնշանակե դու եւ ես կը լինենք այդ փառավոր դահլիճի տէրը եւ տիրուհին: 

Խափշիկը ժպտեցավ: 

—Որչափ կամենում ես ուրախացիր, Սայիդ: Խանումը մի քանի օրով բացակայ կը լինի ամրոցից: 

—Իսկ առ այժմ ավելորդ չէր լինի մի բան: 

—Ի՞նչ բան: 

—Իմ սիրուհին մի թեթեւ վարձատրութիւն աներ այդ բոլոր հրամանների փոխարէն: 

Մարջանը մօտեցուց Սայիդի շրթունքին իւր կոկ, շագանակի կեղեւի գունով թշերը: 

Քանի րոպէից յետոյ երկու դիմակաւորուած կանայք, ծածկուած չարսավներով, դուրս գնացին ամրոցէն: 

—Կախա՛րդը…լսելի եղան մի քանի ձայներ, գնումէ Մարջանի հետ: 

Ծանոթագրություններ

  1. Չիլայ պարսից չըհիլ բառից է, որ նշանակումէ քառասուն կամ քառասնեակ։ Դա խորհրդական օրերի մի թիւ է, որ գործ են դնում կախարդներն իւրեանց Հըմայքների մէջ եւ դէրվիշները իւրեանց ճգնութիւնների օրերը այդ Թւով են որոշում։ Այդ սնահաւատութիւնն երեւումէ Հայաստանի եւ Պարսկաստանի Հայերի մէջ. կանայքը ծնունդից յետոյ քառասունք են պահում, այսինքն մինչեւ քառասուն օր փակուած են մնում իւրենց օթեակում։