Չորրորդ Հայքի Գրադարան . ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ . Չորրորդ Հայքի Գրադարան . ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ . Չորրորդ Հայքի Գրադարան . ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ . Չորրորդ Հայքի Գրադարան . ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ . Չորրորդ Հայքի Գրադար

Հարեմ

ԱՌԱՋԻՆ ՄԱՍՆ

ԳԼՈՒԽ ԻԱ

Հեղինակ՝ Րաֆֆի (1874)

Քէրիմ-բէկը շուտով հասաւ քանդուած մզկիթին, ուր աւազակապետը սպասումէր նորան: 

—Բարեկամ, ուշանումենք, ասաց նա, դուք ցած եկեք ձիուց, թո՜ղ սեւերը նստեն, մինչեւ քաղաքից դուրս գանք: 

Քէրիմ-բէկը մտածելով, որ առանց խորհրդի չէր այդ առաջարկութիւնը, ձիաների երկուսն էլ հանձնեց սեւերին: Նոքա ճանապարհ ընկան: Գիշերը հանդարտ էր եւ հովասուն: Շների խառնաձայն հաչելու ձայնը միայն ընդհատում էր տիրող լռութիւնը: 

Դուրս գալով բազարի միջից, նոքա տեսան ուղղակի իւրեանց առաջ էին գալիս մի խումբ գիշերապահ զինվորներ: Զարտուղել ճանապարհը չէր կարելի: 

—Այդ անպիտանների հետ կհարկաւորի ծեծուիլ: Դուք քանի՞ կրակ ունէք, հարցրուց աւազակապետը Քէրիմ-բէկից: 

—Երկու զոյգ ատրճանակներ գօտիումս, երկուսն էլ թամբի վերա, մի հատ կարաբինայ, պատասխանեց նա: 

—Բավական է: 

—Մի զոյգ էլ ես ունեմ, պատասխանեց Սայիդը: 

—Դու քո ընկերուհու հետ միայն պահէք ձիաները, ասաց աւազակապետը: 

Գիշերապահները մօտեցան: 

—Գիշերի անո՞ւնը, հարցրուց նոցանից մինը: 

—Անցէ՜ք, ձայն տուեց աւազակապետը: 

—Դարուղան հրամայել է բռնել, ով կը հանդիպէ: Երեք ժամ առաջ կողոպտեցին բարձրագոյն դռան սեղանաւորի տունը: 

—Մենք ավազակներ չենք:

—Ուղիղ մարդը հիմայ չի ման գայ, այն եւս առանց լապտերի:

—Կնի՛կ էլ ունեն իրանց հետ, ձայն տուեց մի այլը:

—Մէկ խօսքով, ի՞նչ է ձեր միտքը, հարցրուց աւազակապետը յառաջ գնալով: 

—Դուք ընկերիդ հետ եւ այդ խանումի հետ, ցոյց տուեց պահապանների առաջնորդը Մարջանի վերա, շնորհ կը բերէք մոտաւոր ղարավուլխանան, այնտեղ մեզ հիւր կը լինէք, մինչեւ առաւօտը դարուղան կը տեսնէ ձեզ: 

Այդ առաջարկութիւնը մահու խնդիր էր, թէ աւազակապետի եւ թէ նորա ուղեկիցների համար: Այդ պատճառաւ նոքա վճռեցին մինչեւ վերջին շունչն ընդդիմանալ: 

—Պարոն, քո արիւնը կարծեմ ծանրութիւն   է անում, պատասխանեց աւազակապետը սառնութեամբ: 

—Այդ ուղիղ է, այս տարի երակս չեմ կտրել:

Աւազակապետը վերարկուն առեց իւր վրիցը, փաթաթեց ձախ թեւքը, իւր համար վահանակ շինեց, եւ ահագին սուրը մերկացնելով, հրաւէր կարդաց` 

—Հրամայեցէք: 

Գիշերապահները գազանի նման յարձակուեցան: Նոքա թւով ութը հոգի էին: Կռիւը տաքացավ: Սայիդը վայր իջաւ ձիուց, սանձը յանձնեց Մարջանին եւ պատւիրեց, որ հեռու կենայ կռուողներից: Նոյն միջոցին աւազակապետը, իւր սուրը դուրս քաշելով գիշերապահների մեծաւորի կուրծքից ասաց՝—

—Ամենահմուտ դալլաքը այդպէս արիւն չէր կարող առնել քեզանից: 

Նա ձայն չը հանեց եւ թաւալուեցավ գետին: Երկու հոգի յարձակուեցան Քէրիմ-բէկի վերա, նա իւր դաշոյնով ծակեց մինի կողքը եւ ճեղքեց միւսի գըլուխը: Առաջինն ընկավ, բայց վերջինը քիչ էր մնում հարուածէր երիտասարդին, երբ Սայիդի ատրճանակը ծխաց նորա կուրծքի մեջ: 

Քէրիմ-բէկը տեսաւ, աւազակապետը շրջապատուած էր մի քանի հոգիով եւ կատաղի կերպով պաշտպանում էր իւրեան: Նա առիւծի պէս գետին գլորեց մինին, որ պատրաստվումէր իւր հրացանը արձակել աւազակապետի վերա: Նոյն միջոցին թիկունքից ստացաւ մի նոր հարուած, բայց կռուի տաքութեան մեջ ոչինչ չը զգաց: Նա յետ դարձաւ, երբ զարկողը ուզեց կրկնել իւր հարուածը: Քէրիմ-բէկի ատրճանակը որոտաց, հակառակորդը ընկաւ: 

—Ես վերջացրի իմ գործը, մօտենալով ասաց աւազակապետը երիտասարդին: 

—Իսկ դոքա՞, հարցրուց Քէրիմ-բէկը:

—Թող գնան, խեղճ են… 

Եւ իրաւ, գիշերապահներից երեքը տեսնելով իւրեանց ընկերներից հինգն ընկած, թողեցին եւ փախան:

—Այժմ նստի՛ր ձիուդ, խօսեց աւազակապետը, ինքն հեծնելով միւս ձիու վերա:—Սեւերի ամեն մինը առնենք մեր ձիու գավակը: 

Շուտով հասան նոքա քաղաքադռներից մինին, որ փակ էր: Դռնապանը երկար ընդդիմանումէր չը բաց անել, բայց Քէրիմ-բէկը դնելով նրա ձեռքը մի քանի հատ ոսկի, նա յօժարուեցավ կեղծել իւր պարտաւորութիւնը: 

Նոքա բաւականին հեռացել էին քաղաքից, երբ Մարջանը, որ նստած էր Քէրիմ-բէկի հեծած ձիու գաւակին, յանկարծ ձայն արձակեց՝— 

—Արի՞ւն է հոսում…

—Ո՞րտեղից, հարցրուց Քէրիմ-բէկը շփոթուելով եւ ձեռքը տարաւ դէպի մէջքը, տեսաւ, հագուստը թաց էր եղած:

Ավազակապետը մօտեցաւ հարցնելով` — ի՞նչ է:

—Ոչինչ։ Պատասխանեց Քէրիմ-բէկը: Ո՞ւնես քեզ հետ խանզարութ:1

—Ես առանց դորան չեմ լինում։ Ասաց աւազակապետը ձիուցը վայր իջաւ:

Նա վառեց կըծկած մոմպատը, որ գրպանումը ունէր եւ շուտով փաթաթեց Քէրիմ-բէկի վէրքը: 

—Քաջը լա՛ւ է դիպցրել, ասաց աւազակապետը, բայց անվնաս է: 

—Աղան էլ մի լաv գնդակ ուտեցրեց այն քաջին, վերա բերեց Սայիդը: 

Նոքա կրկին հեծան ձիաները եւ շարունակեցին ճանապարհը դէպի Կ… ամրոցի ավերակները: Արշալոյսը դեռ նոր սկսել էր շառագունիլ, երբ նոքա հասան ամրոցին: Աւազակապետը գտաւ իւր ընկերներին բոլորովին պատրաստ: 

Ալմաստը, տեսնելով Քէրիմ-բէկին, վազեց նորա առաջ: Նա ուրախացաւ, երբ տեսաւ Մարջանին եւ Սայիդին: Բայց թէ խափշիկը եւ թէ եթովպացին երկուսն էլ սկզբից չը կարողացան ճանաչել իւրեանց տիրուհին ծպտեալ հագուստով: Խափշիկը տուեց Ալմաստին մի գեղեցիկ արծաթապատ արկղիկ, ասելով՝ — 

—Ձեր աղախինը չը մոռացավ իւր հետ բերել: Ալմաստն ուրախութեամբ առեց արկղիկը: 

—Այդ ի՞նչ է, հարցրուց Քէրիմ-բէկը: 

—Իմ բոլոր հարստութիւնը, իմ գոհարեղէնները: 

Քէրիմ-բէկը, ծիծաղելով առեց արկղիկը, դրեց իւր խուրջինը: 

—Մասլահաթի ժամանակ չէ՛, լսելի եղաւ աւազակապետի ձայնը, գնանք, լուսանումէ: 

—Քէրիմ-բէկն իւր հետ բերած ձին տուեց Ալմաստին, երկու ձիաներ եւս որոշեցին Սայիդի եւ Մարջանի համար: Նոքա ճանապարհ ընկան դէպի իւրեանց բնիկ հայրենիքը՝—դէպի Հայաստան!!

Ծանոթագրություններ

  1. Խանզարութ, խանձած բորթ կամ մազ, որ գործ է դրվում արեան հոսումը դադարեցնելու համար։