Չորրորդ Հայքի Գրադարան . ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ . Չորրորդ Հայքի Գրադարան . ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ . Չորրորդ Հայքի Գրադարան . ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ . Չորրորդ Հայքի Գրադարան . ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ . Չորրորդ Հայքի Գրադար

Հարեմ

ԱՌԱՋԻՆ ՄԱՍՆ

ԳԼՈՒԽ Ի

Հեղինակ՝ Րաֆֆի (1874)

Աւազակապետը Քէրիմ-բէկի հետ, դառնալով դէպի քաղաքը, գտան դարվազաները կողպուած: 

—Ո՞րտեղից մտնենք, յուսահատութեամբ հարցրուց Քէրիմ-բէկը: 

—Հեշտ է, ե՜կ։ Ասաց աւազակապետը, եւ մինչեւ յիսուն քայլ բոլորեց շրջապարիսպը եւ կանգնեց պատի մօտ: 

Նա արձակեց իւր մէջքից երկայն մետաքսեայ պարանը, որի գլխին ամրացուցած էր արճիճից մի գնդակ: Ձգեց գնդակը դէպի վեր, պարանը բռնեց պարսպի ատամնաւոր բարձրութիւնից, իսկ արճիճն իջաւ ցած: Աւազակապետը պարանի երկու ծայրերը ձեռքին բռնելով, սարդի արագութեամբ վեր բարձրացաւ պարսպի վերա: Այնուհետեւ նա կրկին իջեցրեց պարանը եւ Քէրիմ-բէկը հետեւեց նորա օրինակին: Մի րոպէից յետոյ երկուքն էլ պարսպի վերա էին: Այնուհետեւ նոյն մետաքսեայ սանդուղքի միջոցով նոքա իջան պարսպի միւս կողմը: 

Անցնելով նեղ, ոլոր-մոլոր շուկաներից, շուտով նոքա յայտնուեցան իշխանի ամրոցի մօտ: 

—Այժմ ի՞նչպէս դուրս կանչել այդ սեւերին, բոլոր դռները փակ են, ասաց Քէրիմ-բէկը:

—Թէ քնած չը լինեն հեշտ է, պատասխանեց աւազակապետը:

—Ի՞նչպես:

—Ես նրանց լեզուն գիտեմ…: Եկե՜ք: 

Նոքա անցան հարեմխանայի պատի կողմը, որտեղից մօտ էր Զէյնաբ-խանումի կացարանը: Աւազակապետը սագի սուր — ձգական ձայնով երեք անգամ նշան տուեց: Ամրոցի խորքից պատասխանեցին մի եւ նոյն ձայնով: 

—Հասկացան, ասաց աւազակապետը հազիւ լսելի ձայնով: 

—Այստեղ սպասե՞նք: 

—Մի՜ շարժվի՛ր: 

Քանի րոպէից յետոյ խաւարի միջից երեւան եղավ մի ստուեր: Դա Սայիդն էր: Քէրիմ-բէկը յայտնեց նորան բոլորը: Եթովպացին ուրախութիւնից արձակեց մի տեսակ հառաչանք, որ աւելի նման էր թռչունների ծըվծըվոցին: 

—Դուք այդ դռանը սպասեցէք, ցոյց տուեց նա եւ հեռացաւ:

Նոքա մօտեցան այն դռանը, որ ուղիղ բացվումէր հարեմխանայի մէջ: Իսկ Սայիդը ներս գնաց այն մուտքով, որտեղից որ եկել էր: 

Քանի րոպէից յետոյ նոքա լսեցին դռան յետքից մի այդպիսի խոսակցութիւն՝— 

—Բաց արա՜ դուռը: 

—Ի՞նչու: 

—Կախարդը գալիս է: 

—Ա՛խ, այդ անիծուած կախարդը հանգստութիւն չէ տալիս…։ Ասաց քնաթաթախ դռնապանը եւ դժգոհութեամբ սկսաւ դարձնել բանալիները: 

Դռները բացուեցան: Աւազակապետը եւ իւր ընկերը հետ քաշուեցան:

—Ո՞ւր է կախարդը, հարցրուց դռնապանը:

—Մենք գնումենք նորան կանչենք, ասաց Սայիդը:

—Հրամայած է ոչ ոքին դուրս չը թողնել, մինչեւ ներքինապետն ինքը թոյլ չը տայ: 

—Զէյնաբ-խանումն ինքն ուղարկեց մեզ: 

—Չեմ կարող:

Մինչ նոքա այդ վիճաբանութեան մէջ էին, աւազակապետը վերա հասաւ: Նա մի կողմ հրելով դռնապանին, — Դուք գնացեք, ասաց Սայիդին ու Մարջանին:

Խափշիկը եւ եթովպացին դուրս վազեցին: Դռնապանը փորձ փորձեց հարայ տալ, բայց իսկոյն աւազակապետի դաշույնր ցցուեցաւ նորա կոկորդի մէջ, եւ ներքինին գետին գլորուեցաւ: 

—Հիմայ նա կը պոռայ եւ բոլոր ամրոցը մեր գըլխին կը հաւաքէ, ասաց Մարջանը դողալով: 

—Նա էլ ձայն չի հանի…Գնա՜նք, պատասխանեց ավազակապետը:

Երբ բավականին հեռացան ամրոցից, նոքա պէտք է անցնէին Սէր-Ասքէրի դռնէն: 

—Ես պէտք է գոնեա վերջին անգամ մտնեմ, այստեղ, ասաց Քէրիմ-բէկը: 

—Ի՞նչ կայ, հարցրուց աւազակապետը:

—Ժամանակ ենք կորցնում:

—Շուտով դուրս կը գամ: Պէտք է վեր առնել մի քանի բաներ:

—Թէ փողի համար է, մեզ մոտ կայ, որքան ուզես: 

—Չէ՜, ես չեմ կարող թողնել զէնքերս եւ ձիս: 

—Գնա՜: Քեզ կսպասենք քանդուած մզկիթի մօտ: 

Քէրիմ-բէկը, մօտենալով Սէր-Ասքէրի դռանը, պահապանները ճանաչեցին նորան, իսկոյն բաց արին մուտքը: Նա դիմեց դէպի իւր կացարանը, ո՜րքան մեծ եղավ նորա զարմանքը, երբ գտաւ իւր սենեակը ներսից կողպուած: Նա հեզիկ զարկեց դուռը, լսելի եղաւ մի քնքուշ ձայն, որ աւելի նման էր մետալական հնչումի: Դուռը բացուեցաւ, երիտասարդը ներս մտաւ: Խավարի մէջ երկու ձեռք փաթաթուեցան նորա պարանոցով…ջերմ շրթունքները սեղմուեցան նորա թշին եւ մի էակ ընկավ նորա գիրկը… 

Երկար նոքա մնացին այդ անբարբառ հոգեզմայլութեան մէջ, մինչեւ երիտասարդը ազատուելով նորա գրկից, վառեց Ճրագը: 

Քէրիմ-բէկի սենեակում գիշերային հսկողը Սէր-Ասքէրի դուստրն՝ — օրիորդ Մահին էր: 

—Ա՛խ, Մահի, դո՜ւ, այս կեսգիշերի՞ն…ա՞յստեղ…ձայն արձակեց երիտասարդը: 

—Ամբողջ օրը քեզ չէի տեսել, միշտ աչքս քեզ էր պտրում…պատասխանեց օրիորդը վշտալի ձայնով: 

—Ի՞նչպէս եկար այստեղ:

—Հայրս, մայրս քնեցին, իմ քունը չէր տանում, կամաց սենեակից դուրս եկայ, կտուրի վերայից անցնելով` մտայ այստեղ: 

—Բայց եթէ ես չը գայի՞: 

—Ես կմնայի այստեղ եւ մինչեւ առաւօտ լաց կը լինէի: 

Եւ իրաւ, երիաասարդը նկատեց, որ արտասուքը դեռ չէր չորացել օրիորդի աչքերից: 

Երիտասարդն ընկաւ սարսափելի խռովութեան մէջ: Երկու հակառակ վրդովմունք սկսան յուզուիլ նորա սրտում: —Այղ սիրոյ փոթորիկն էր… 

Նոյն րոպէին երկու պատկերներ նկատուեցան երիտասարդի աչքի առջեւ, մինը՝—դեռահաս եւ կրակոտ Մահին, միւսը՝—վշտալի եւ անբախտ Ալմաստը, որ աւազակների խումբի մէջ սպասումէր նորան: Որի՞ն տալ գերազանցութիւնը: Քէրիմ-բէկը ընտրել էր վերջինը եւ հաստատ մնաց իւր ընտրութեան մէջ: Բայց մի միտք միայն տանջումէր նորան, թէ ի՞նչպէս հեռացնել Մահիին, որ ինքը կարողանայ դուրս գնալ: Նա սկսեց կրել իւր զէնքերը: 

Օրիորդը, տեսնելով նորա անհանգիստ դէմքը, հարցրուց՝ — 

—Դու տխուր ես, Քէրիմ, դու մի տեղ ուզումես գնալ: 

—Հա՜, Մահի ջան, այս րոպէիս վատ լուր հասաւ ինձ, ավազակները յարձակուել են մեր մօտակայ գիւղի վերա, շտապում եմ օգնութեան հասնել խեղճ գիւղացիներին: 

Այդ խօսքերը ցաւալի կերպով ազդեցին օրիորդի սրտին: 

—Ո՜վ գիտէ, կսպանեն նրանց…ասաց նա դողալով: 

—Կսպանեն եւ ամեն ինչ կը կողոպտեն:

—Հօրս չե՞ս յայտնում: 

—Չեմ ուզում նրան անհանգստացնել: 

—Հա, այդպես, մի նեղացրու հօրս, առաւօտեան նա ճանապարհ պիտի գնայ: 

Վերջին խօսքը շարժեց երիտասարդի հետաքրքրութիւնը: 

—Ո՞ւր պիտի գնայ, հարցրուց նա: 

—Չեմ իմանում, մայրս ասում էր պատերազմ կայ, պիտի գնայ իւր ղօշունի հետ: 

Երիտասարդը հասկացաւ Սէր-Ասքէրի Թէհրանից հեռանալու պատճառը: Նա արդէն պատրաստ էր: 

—Դու գնա՛, Մահի ջան, թող քեզ չը տեսնեն, ես ուզումեմ կանչել ծառային, ասաց նա, օրիորդի փոքրիկ ձեռները առնելով իւր ափի մեջ: 

—Էգուց գիշեր էլի կը գամ, խօսեց օրիորդը ժըպտելով: 

—Եկ, ես այստեղ կը լինեմ:

—Տե՜ս, չը խաբե՜ս:

—Չեմ խաբի՜… 

Օրիորդը կրկին ընկավ երիտասարդի գիրկը: Քէրիմ-բէկը քաղեց նորա թշերէն իւր վերջին համբոյրները… 

Մահին հեռացավ:

—Տե՜ս, կը գամ ես, հենց էս ժամուն, ասաց նա դռնից կրկին անգամ նայելով երիտասարդի վերա: 

«Խե՛ղճ աղջիկ…» խոսեց իւր մտքում երիտասարդը, եւ նորա դէմքը պատեցին տխրութեան ամպերը… 

Քէրիմ-բէկը կանչեց իւր ծառային, որ քնած էր նախասենեակում: 

—Գնա, շուտով իմ ձիերը երկուսն էլ թամքիր, հրամայեց նորան: 

Քնահարամ ծառան աչքերը տրորելով վազեց դէպի ախոռատունը: Քէրիմ-բէկը առեց իւր փոքրիկ խուրջինը, մօտեցաւ մի արկղի, հանեց նորանից մի քանի ծանր քսակներ. —Սեւ օրուայ համար հարկաւոր կլինի, ասաց եւ դրեց խուրջինում: 

Շուտով դարձավ ծառան եւ յայտնեց, թէ ձիերը պատրաստ են: 

—Վե՜ր առ այդ խուրջինը: 

Երկուքը միասին դուրս գնացին: Խուրջինը կապեցին ձիու մեջքի վերա, երիտասարդը հեծաւ: Իսկ ծառան հարցրուց՝ — 

—Հրամայումէք, այդ միւս ձին ես նստեմ եւ ձեզ հետ գամ: 

—Չէ՜, պատասխանեց երիտասարդը:

—Տո՜ւր ինձ սանձը: 

Նա առեց միւս ձիու սանձը, եւ յետքից քարշ տալով, աներեւութացաւ խաւարի մէջ: